Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 228-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի իմաստով պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելու հետևանքով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի և Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի գնահատման կարգերով հաշվարկվող բանաձևերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում: Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ հարկման բազան որոշելու համար:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված հիմքերով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետևանքով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչև տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերով առաջացած՝ անշարժ գույքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-20-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: