Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-9-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է՝

ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու և հաջողության հասնելու, առողջության պահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրականացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.

դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետևանքների մասին՝ սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ.

ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ.

է) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց.

ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառումը, որը պետք է լինի հստակ և ընթեռնելի:».

2) 3-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով.

3) 4-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով.

4) 5-րդ մասի «բ» կետը «ծավալային միավոր)» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով.

5) 5.1-ին մասի «բ» կետը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-9-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան