ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «հավաքական թիմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հավաքական» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» կետերով.
«ի) ֆիթնես՝ սպորտային վարժությունների համալիր, որը նպատակաուղղված է անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձևությանը.
իա) ֆիթնես կենտրոն կամ մարզասրահ՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող, վճարովի ֆիթնես ծառայություններ մատուցող կամ վճարովի ֆիթնես ծառայություններ և մարզական այլ գործունեություն, այդ թվում՝ յոգա, պիլատես, ստրետչինգ իրականացնող կազմակերպություն:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.18» ենթակետով.
«դ.18) ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ.»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1», «զ.1» և «ժ.8» կետերով.
«գ.1) «մարզական ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.».
«զ.1) իրականացնում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) ֆիթնեսի մարզիչների հավաստագրումը.».
«ժ.8) սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները.»:
Հոդված 5. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.
«Հոդված 9.2. | Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությունը |
1. Որպես ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական կազմակերպություններ՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության նպատակն է անձանց առողջության ամրապնդմանը և մարմնի բարեձևությանն ուղղված ծառայությունների մատուցումը:
2. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը ծանուցում է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմին իր գործունեության իրականացման մասին՝ գործունեության իրականացման ծանուցման մասին օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր ֆիթնես կենտրոնից կամ մարզասրահից գործունեության իրականացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը ծանուցում ստացած լինելու մասին պաշտոնական տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «դրամաշնորհների ձևով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքների մարզական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 18.5-րդ հոդվածի 1-ին մասում «(ՕՀԹԹ)» հապավումը փոխարինել «(ՕՀԹ)» հապավումով:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները համապատասխանեցնում են իրենց գործունեությունը չափորոշիչներին:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-14-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: