ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69-րդ կետով.
«69) Հայաստանի Հանրապետության արագ արձագանքման բժշկական խումբ` արտակարգ իրավիճակներում գործող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինքնաբավ և հատուկ պատրաստություն անցած մասնագիտական խումբ:»:
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը՝
ա. «Հիվանդանոցային» բառից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերով, իսկ «հնարավորությունները» բառից հետո՝ «, ինչպես նաև, բժշկական օգնության և սպասարկման որոշ տեսակների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված, լիազոր մարմնի սահմանած պահանջները» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում լիազոր մարմնի սահմանած տեսակների բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանում է լիազոր մարմինը:».
2) 6-րդ մասը «ինչպես նաև հիվանդանոցային» բառերից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերով:
Հոդված 3․ Օրենքի 35.1-ին հոդվածում՝
1) 3-րդ և 4-րդ մասերի «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով․
2) 4-րդ մասից հանել «լիազոր մարմնի ձևավորած» բառերը։
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.3-րդ հոդվածով.
«Հոդված 42.3. | Արագ արձագանքման բժշկական խումբը |
1. Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը և մարդասիրական առաքելության շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական խմբերը:
2. Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը կարող է ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին՝ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, քանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:»:
Հոդված 5. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-479-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: