ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4․2-րդ մասերով.
«4.1. Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ և միջին բուժաշխատողները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող իրենց կողմից ընտրված միջոցառումներին և Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված բոլոր միջոցառումներին մասնակցելով։
4.2. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության դեպքում դրանց համար նախատեսված վճարի փոխհատուցման կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված միջոցառումներին մասնակցության համար շնորհված կրեդիտները համարվում են հաջորդ հնգամյա շրջափուլի համար հաշվարկվող կրեդիտներ։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-451-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական: