Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-14
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-10.10.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/6(1010) 31.03.92
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ

 

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 փետրվարի 1992 թ. Հ.Ն-0533-1

 

ԲԱԺԻՆ I.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հիմնական սահմանումներ և հասկացություններ ջրային տնտեսության բնագավառում

 

Ջրային օբյեկտներ - երկրի մակերեսի և ստորերկրյա ջրեր: Լինում են բնական (գետեր, լճեր, առվակներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ) և արհեստական (ջրամբարներ, արհեստական լճակներ և այլն):

Ջրերի աղտոտում - մարդու գործունեության հետևանքով ջրերի որակական կազմի և հատկությունների փոփոխման պրոցես, որն առաջացնում է ջրի որակի վատացում` օգտագործման համար:

Ջրի աղբակալում (աղբոտում) - ջրային օբյեկտներում կողմնակի առարկաների կուտակում:

Ջրօգտագործում - ջրային օբյեկտի օգտագործում` բնակչության և տնտեսության պահանջները բավարարելու համար:

Ջրսպառում - ջրի սպառում ջրային օբյեկտներից:

Ստորերկրյա ջրային պաշարներ - երկրի կեղևի վերին շերտում եղած ջրերի քանակություն:

Ջրատնտեսական հաշվեկշիռ - ժամանակի ընտրված հատվածում տվյալ ջրային օբյեկտի ջրի մուտքի և ելքի հարաբերակցություն` հաշվի առնելով օգտագործման աստիճանը և պաշարների փոփոխությունը:

Ջրերի պահպանում - ջրերի աղտոտումը, աղբոտումը և սպառումը կանխող ու վերացնող միջոցառումների համակարգ:

Պետական ջրային կադաստր - ջրային ռեսուրսների մասին տեղեկությունների համակարգված հավաքածու:

Շրջանառու ջրամատակարարում - տեխնոլոգիական պրոցեսներում կամ սառեցման համար օգտագործված ջրի` նույն նպատակով կրկնական մատակարարում` նախնական մաքրման կամ սառեցման ենթարկվելուց հետո:

Ջրամատակարարման համակարգ - ինժեներային կառուցվածքների համալիր, որի միջոցով ջուրը վերցվում է, մշակվում, տեղափոխվում և տրվում սպառողներին:

Ջրի ազգային ծրագիր - Հայաստանի Հանրապետության տնտեսական համալիր ծրագրի բաղկացուցիչ մաս, որը կոչված է լուծելու ջրային ֆոնդի և դրա օգտագործման, բաշխման, պահպանության և ռեսուրսաապահովման խնդիրները:

 

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի խնդիրներն են` բնակչության և տնտեսության կարիքների համար ջրային հարաբերությունների կարգավորումը` ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու, ջրերը աղտոտումից, աղբակալումից և սպառվելուց պահպանելու, ջրերի վրա վնասակար ներգործությունը կանխելու և վերացնելու, ջրային օբյեկտների վիճակը բարելավելու նպատակով, ինչպես նաև պետական կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, օրինականության ամրապնդումը ջրային հարաբերությունների բնագավառում:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությունը և ջուրը որպես պետական սեփականություն

 

Հայաստանի Հանրապետության ջրային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Ջրերը պետության սեփականությունն են և տրվում են միայն օգտագործման:

Ջրերի տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 4. Պետական միասնական ջրային ֆոնդը

 

Հայաստանի Հանրապետության բոլոր ջրերը (ջրային օբյեկտները) կազմում են պետական միասնական ջրային ֆոնդ:

 

ԳԼՈՒԽ 2.

 

 ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում

 

Ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն են պատկանում`

1) պետական միասնական ջրային ֆոնդի տնօրինումը.

2) ջրերն օգտագործելու, դրանք աղտոտումից, աղբակալումից և սպառումից պահպանելու, ջրերի վրա վնասակար ներգործությունը կանխելու և վերացնելու կանոնների սահմանումը.

3) ջրօգտագործման, ջրերի որակի և դրա գնահատման մեթոդների, նորմատիվների սահմանումը.

4) ջրերի պետական հաշվառման, ջրօգտագործումների տոմարագրման և պետական ջրային կադաստրի սահմանումը.

5) ջրերի համալիր օգտագործման ու պահպանության սխեմաների, ինչպես նաև ջրատնտեսական հաշվեկշիռների հաստատումը.

6) ջրերի օգտագործման, պահպանության, դրանց վնասակար ներգործության կանխման միջոցառումների պլանավորումը.

7) ջրերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողությունը և դրա իրականացման կարգի սահմանումը:

Վերոհիշյալ դրույթները ձևավորվում և սահմանվում են ջրի ազգային ծրագրով:

 

Հոդված 6.  Ջրերի օգտագործման ու պահպանության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմինները

 

Հայաստանի Հանրապետությունում ջրերի օգտագործման ու պահպանության բնագավառում պետական կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված` ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող պետական մարմինները:

 

Հոդված 7. Պետական վերահսկողությունը ջրերի օգտագործման ու պահպանության նկատմամբ

 

 Ջրերի օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է` ապահովել, որ բոլոր ջրօգտագործողները պահպանեն ջրերի օգտագործման սահմանված կարգը, կատարեն ջրերի պահպանության, դրանց վրա վնասակար ներգործության կանխման և վերացման պարտականությունները, ջրերի հաշվառումը վարելու կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված մյուս կանոնները:

 

Հոդված 8. Ջրերի օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Ջրերի օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման տեղական մարմինները և դրա համար լիազորված պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3.

 

ՋՐԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Հոդված 9. Ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծմանը, տեղաբաշխմանը, շինարարությանը և շահագործման հանձնմանը ներկայացվող պահանջները

 

Ջրերի վիճակի վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծման, տեղաբաշխման, շինարարության և շահագործման հանձնման, ինչպես նաև նոր տեխնոլոգիական պրոցեսների արմատավորման ժամանակ պետք է ապահովվի ջրերի արդյունավետ օգտագործումը, առաջին հերթին բնակչությանը խմելու և կենցաղային կարիքների համար ջրով բավարարելու պայմանով:

Նախատեսված միջոցառումներով պետք է ապահովվեն ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ վերադարձվող ջրի հաշվառումը, ջրերի պահպանումն աղտոտումից, աղբակալումից և սպառումից, ջրերի վրա վնասակար ներգործության կանխումը, հողերի ջրածածկման սահմանափակումը` այն հասցնելով նվազագույն չափերի, հողերի պահպանումն աղակալումից, ողողումից կամ ցամաքեցումից, ինչպես նաև բնական բարենպաստ պայմանների ու լանդշաֆտների պահպանությունը:

Ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծման, տեղաբաշխման և շինարարության ժամանակ, ելնելով բնական և տնտեսական պայմաններից, հաշվի են առնվում ջրային օբյեկտները հանգստի և սպորտի համար օգտագործելու հնարավորությունները:

 

Հոդված 10. Ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծման, տեղաբաշխման, շինարարության և շահագործման հանձնման պայմանները ձկնատնտեսական ջրավազաններում

 

Ձկնատնտեսական ջրավազաններում նոր և վերակառուցվող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծման, տեղաբաշխման, շինարարության և շահագործման հանձնման ժամանակ, բացի սույն օրենսգրքի 9 հոդվածի պահանջները կատարելուց, պետք է ժամանակին իրագործվեն այնպիսի միջոցառումներ, որոնք ապահովեն ձկան, ջրային մյուս կենդանիների ու բույսերի պահպանությունը և դրանց վերարտադրության պայմանները:

 

Հոդված 11. Ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների շինարարության տեղը որոշելը և նախագծելը

 

Ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների շինարարության տեղը որոշելը և նախագծելը համաձայնեցվում է ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, պետական սանիտարական հսկողության, ձկան պաշարների պահպանությունն իրականացնող և այլ մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 12. Ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների շահագործման հանձնումն արգելելու պայմանները

 

Արգելվում է շահագործման հանձնել`

1) նոր և վերակառուցված ձեռնարկությունները, կառուցվածքները և այլ օբյեկտները, եթե դրանք ապահովված չեն ջրերի աղտոտումն ու աղբակալումը կամ դրանց վրա վնասակար ներգործությունը կանխող սարքավորումներով.

2) ոռոգման և ջրարբիացման համակարգերը, ջրամբարներն ու ջրանցքները, եթե իրագործված չեն հողերի ջրածածկումը, ողողումը, ճահճակալումը, աղակալումը ու էրոզիան կանխող միջոցառումները.

3) չորացման համակարգերը, եթե պատրաստ չեն հաստատված նախագծերին համապատասխան ջրընդունիչներն ու մյուս կառուցվածքները.

4) ջրընդունիչ կառուցվածքները` առանց հաստատված նախագծերին համապատասխանող ձկնապաշտպան հարմարանքների.

5) հիդրոտեխնիկական կառուցվածքները, եթե պատրաստ չեն հաստատված նախագծերին համապատասխան հեղեղաջրերի բացթողնման հարմարանքները և ձկնաելարանները.

6) ջրհան հորատանցքերը` առանց ջրակարգավորիչ սարքավորումների ապահովման և, համապատասխան դեպքերում, առանց սանիտարական պահպանության գոտիներ սահմանելու.

7) ջրամբարները, եթե իրականացված չեն թասի պատրաստման նախագծային միջոցառումները:

 

ԳԼՈՒԽ 4.

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՓՆՅԱ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

Հոդված 13.

Առափնյա գոտիներ

Առափնյա գոտիներ են համարվում`

1) մակերեսային և ստորերկրյա ջրային օբյեկտների սանիտարական պահպանության,

2) ներքին ջրային ուղիների,

3) ջրամբարների ջրապահպան,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս առափնյա գոտիները:

 

Հոդված 14. Ջրային օբյեկտներում և առափնյա գոտիներում աշխատանքներ կատարելու կարգը

 

Ջրային օբյեկտներում և առափնյա գոտիներում ջրերի վիճակի վրա ազդող շինարարական, հատակի խորացման ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների և ջրային բույսերի օգտագործումը, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացումը, անտառահատումը, հորատման, գյուղատնտեսական և մյուս աշխատանքները կատարվում են համաձայնեցնելով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների և լիազորված այլ մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԲԱԺԻՆ II.

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

 ԳԼՈՒԽ 5.

 

 ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 15. Ջրօգտագործողներ

 

Հայաստանի Հանրապետությունում ջրօգտագործողներ կարող են լինել պետական կառավարման տեղական մարմինները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները և քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ջրօգտագործողներ կարող են լինել նաև այլ կազմակերպություններ և անձինք:

 

Հոդված 16. Ջրօգտագործման տեսակները

 

Ջրային օբյեկտներն օգտագործման են տրվում բնակչության խմելու, կենցաղային, բուժական, առողջարարական և այլ կարիքների, գյուղատնտեսական, արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտային, ձկնատնտեսական և պետական ու հասարակական այլ կարիքների բավարարման համար: Ջրային օբյեկտները կարող են օգտագործման տրվել մեկ կամ մի քանի նպատակներով:

Կեղտաջրեր թափելու համար ջրային օբյեկտների օգտագործումը կարող է թույլատրվել սույն օրենսգրքի 61-63 հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

 

Հոդված 17. Ընդհանուր և հատուկ ջրօգտագործում

 

Ընդհանուր ջրօգտագործումն իրականացվում է առանց ջրերի վիճակի վրա ազդող կառուցվածքների կամ տեխնիկական հարմարանքների կիրառման, իսկ հատուկ ջրօգտագործումը` այդպիսի կառուցվածքների կամ հարմարանքների կիրառմամբ:

Առանձին դեպքերում հատուկ ջրօգտագործման շարքը կարող է դասվել նաև ջրային օբյեկտների այնպիսի օգտագործումը, որի դեպքում չեն կիրառվում կառուցվածքներ կամ տեխնիկական հարմարանքներ, բայց որն ազդում է ջրերի վիճակի վրա:

Հատուկ ջրօգտագործման տեսակների ցանկը սահմանում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինները:

 

Հոդված 18. Անջատ և համատեղ ջրօգտագործում

 

Ջրային օբյեկտները կարող են օգտագործվել անջատ կամ համատեղ:

Անջատ օգտագործվում են այն ջրային օբյեկտները (ջրային օբյեկտների մասերը), որոնք պետական իրավասու մարմինների որոշմամբ օգտագործման են տրված պետական կառավարման տեղական մարմնին, ձեռնարկությանը, կազմակերպությանը, հիմնարկին, քաղաքացուն:

Համատեղ օգտագործվում են այն ջրային օբյեկտները (ջրային օբյեկտների մասերը), որոնք տրված չեն անջատ օգտագործման:

 

Հոդված 19. Առաջնային և երկրորդային ջրօգտագործում

 

Առաջնային ջրօգտագործողները` պետական կառավարման տեղական մարմինները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները, քաղաքացիները, որոնց անջատ օգտագործման են տրված ջրային օբյեկտներ, իրավունք ունեն թույլատրել երկրորդային ջրօգտագործում` համաձայնեցնելով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների հետ:

Երկրորդային ջրօգտագործման թույլտվություններում նշվում են ջրային օբյեկտներից օգտվելու նպատակը և հիմնական պայմանները:

 

ԳԼՈՒԽ 6.

 

 ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 20. Ջրային օբյեկտները բնակչության կարիքների բավարարման համար տրամադրելու նախապատվությունը

 

Ջրային օբյեկտներն օգտագործման են տրվում ամենից առաջ բնակչությանը` խմելու և կենցաղային կարիքների բավարարման համար:

Ջրային օբյեկտները միաժամանակ մի քանի նպատակով օգտագործման տալու դեպքում, բնակչության խմելու և կենցաղային կարիքների համար ջրօգտագործումը չի կարող սահմանափակվել` հօգուտ այլ նպատակներով ջրօգտագործման:

 

Հոդված 21. Ջրային օբյեկտներն անջատ օգտագործման տալու կարգը

 

Ջրային օբյեկտները (լրիվ կամ մասամբ) անջատ օգտագործման են տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորությամբ` ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմնի կողմից:

Ջրային օբյեկտի անջատ օգտագործման իրավունքը հաստատվում է ջրօգտագործման իրավունքի պետական ակտով, որտեղ նշվում են օգտագործման տալու նպատակը և ջրային օբյեկտներից օգտվելու հիմնական պայմանները:

 

Հոդված 22. Հատուկ ջրօգտագործման թույլտվությունը

 

Հատուկ ջրօգտագործման թույլտվություն տրվում է ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմնի կողմից` համաձայնեցնելով պետական կառավարման տեղական մարմնի, պետական սանիտարական հսկողություն, բնության պահպանություն, ստորերկրյա ջրերի պահպանություն իրականացնող, ինչպես նաև շահագրգռված մյուս մարմինների հետ:

 

Հոդված 23. Ընդհանուր ջրօգտագործումն իրականացնելու կարգը

 

Ընդհանուր ջրօգտագործումն իրականացվում է առանց թույլտվության:

Ընդհանուր ջրօգտագործման դեպքում պարտադիր է ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող, պետական սանիտարական հսկողությունը, բնության պահպանությունը, ձկան պաշարների պահպանությունն իրականացնող, նավագնացությունը կարգավորող մարմինների պահանջների, ինչպես նաև ջրերում մարդկանց կյանքի պաշտպանության, ջրերի արդյունավետ օգտագործման և պահպանության կանոնների կատարումը:

Ընդհանուր ջրօգտագործում իրականացնելու դեպքում պետական կառավարման տեղական մարմինները համապատասխան տարածքում որոշում են այն տեղերը, որտեղ արգելվում է լողանալ, նավակներով զբոսնել, խմելու և կենցաղային կարիքների համար ջուր վերցնել, անասուններ ջրել և այլն:

Ընդհանուր ջրօգտագործմանը վերաբերող առաջարկությունները ներկայացնում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինները, ջրերում խեղդվողների փրկության ընկերությունները, պետական սանիտարական հսկողություն, կենդանական աշխարհի պահպանություն իրականացնող մարմինները և շահագրգռված այլ մարմիններ:

Պետական կառավարման տեղական մարմինը պարտավոր է ջրօգտագործողներին ծանուցել ընդհանուր ջրօգտագործման վերաբերյալ իր կողմից սահմանված պայմանների մասին:

 

Հոդված 24. Անջատ ջրօգտագործման տրված ջրային օբյեկտների ընդհանուր օգտագործումը

 

Անջատ ջրօգտագործման տրված ջրային օբյեկտների ընդհանուր օգտագործում թույլատրվում է առաջնային ջրօգտագործողի կողմից սահմանված պայմաններով` համաձայնեցնելով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների հետ:

Եթե առաջնային ջրօգտագործողը և պետական կառավարման տեղական մարմինը անջատ օգտագործման տրված ջրային օբյեկտի ընդհանուր օգտագործման պայմանների կամ ջրօգտագործումը արգելելու մասին չեն հայտնել, ապա ընդհանուր ջրօգտագործումը համարվում է թույլատրված առանց սահմանափակման` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 25. Ջրօգտագործման վճարովիությունը

 

Հայաստանի Հանրապետությունում հատուկ ջրօգտագործումը վճարովի է:

Ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների և ջրօգտագործողների ջրային հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրերով, որոնցում նշվում են ջրօգտագործման ծավալները, ժամկետները, վարձաչափերը և այլ պայմաններ:

Բոլոր ջրօգտագործողները պարտավոր են վճարել ստացված ջրի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով և սակագներով:

 

Հոդված 26. Ջրօգտագործման ժամկետները

 

Ջրային օբյեկտները տրվում են անժամկետ կամ ժամանակավոր օգտագործման:

Անժամկետ է համարվում այն ջրօգտագործումը, որի համար ժամկետ չի սահմանված:

Ժամանակավոր օգտագործումը կարող է լինել կարճատև` մինչև երեք տարի, և երկարատև` երեքից մինչև քսանհինգ տարի: Անհրաժեշտության դեպքում ջրօգտագործման ժամկետները կարող են երկարացվել` համապատասխանաբար կարճատև կամ երկարատև ժամանակավոր օգտագործման ժամկետները չգերազանցող ժամանակով:

Ընդհանուր ջրօգտագործման համար ժամկետ չի սահմանվում:

 

Հոդված 27. Ժամանակավոր ջրօգտագործման ժամկետները հաշվելու կարգը

 

Ջրային օբյեկտների ժամանակավոր օգտագործման ժամկետները հաշվվում են ջրային օբյեկտն անջատ օգտագործման տալու մասին որոշում ընդունելու կամ հատուկ ջրօգտագործում թույլատրելու օրվանից, եթե որոշման կամ թույլատվության մեջ այլ ժամկետ չի նշված:

 

Հոդված 28. Ժամանակավոր ջրօգտագործման ժամկետները երկարացնելու կարգը

 

Ջրային օբյեկտների ժամանակավոր օգտագործման ժամկետները կարող են երկարացնել ջրային օբյեկտն անջատ օգտագործման տալու մասին որոշում ընդունած կամ հատուկ ջրօգտագործում թույլատրած պետական մարմինները` շահագրգռված ջրօգտագործողների միջնորդությամբ:

 

ԳԼՈՒԽ 7.

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 29. Ջրօգտագործողների իրավունքները

 

Օգտագործման տրված ջրային օբյեկտի նպատակային նշանակությանը համապատասխան ջրօգտագործողներն իրավունք ունեն սահմանված կարգով`

1) ջրային պաշարներ ստեղծել հետագա օգտագործման համար.

2) կառուցել ջրատնտեսական կառուցվածքներ, իրականացնել դրանց վերակառուցումը և լուծարումը.

3) ջրային օբյեկտները շահագործել բնակչության խմելու, կոմունալ-կենցաղային, գյուղատնտեսության, արդյունաբերության, հիդրոէներգետիկայի, տրանսպորտի, ձկնային և որսորդական տնտեսությունների կարիքների համար.

4) ջրային օբյեկտներն օգտագործել հանգստի, մարզական և առողջարարական միջոցառումների իրականացման, բնական համալիրները նպաստավոր վիճակում պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ իրականացնելու համար:

 

Հոդված 30. Ջրօգտագործողների իրավունքների սահմանափակումը

 

 Բացառիկ ջրասակավության, ջրային օբյեկտներում վթարային իրադրություն ստեղծվելու, մարդկանց ու կենդանիների համաճարակների վտանգ առաջանալու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում ջրօգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել:

Ջրերի վրա վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետները կանխելու և վերացնելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ իրականացնելիս ջրօգտագործողների իրավունքների սահմանափակումը կարգավորվում է սույն օրենսգրքի 86 հոդվածով:

Ջրային օբյեկտի անջատ օգտագործման ջրօգտագործողների իրավունքները կարող է սահմանափակել տվյալ ջրային օբյեկտն անջատ օգտագործման տված մարմինը, հատուկ ջրօգտագործման իրավունքները` հատուկ ջրօգտագործման թույլտվություն տված մարմինը, երկրորդային ջրօգտագործման իրավունքները` առաջնային ջրօգտագործողը` ջրերի օգտագործումը և պահպանությունը կարգավորող մարմնի համաձայնությամբ:

 

Հոդված 31. Ջրօգտագործողների պարտականությունները

 

Ջրօգտագործողները պարտավոր են`

1) արդյունավետ օգտագործել ջրային օբյեկտները, հոգ տանել ջրի խնայողաբար ծախսման, որակի բարելավման մասին.

2) միջոցներ ձեռնարկել ջրային օբյեկտների մեջ թափվող կեղտաջրերում աղտոտող նյութերի պարունակությունը նորմատիվների սահմաններում պահելու համար.

3) չխախտել մյուս ջրօգտագործողների իրավունքները, ինչպես նաև վնաս չհասցնել տնտեսական ու բնական օբյեկտներին (հողերին, անտառներին, կենդանական աշխարհին, օգտակար հանածոներին և այլն).

4) սարքին վիճակում պահել մաքրման ու ջրատնտեսական մյուս կառուցվածքները և ջրերի վիճակի վրա ազդող տեխնիկական հարմարանքները, բարելավել դրանց շահագործողական հատկությունները, կատարել ջրերի օգտագործման հաշվառում.

5) ջրային օբյեկտներն օգտագործել միայն այն նպատակով, որի համար դրանք տրված են:

 

ԳԼՈՒԽ 8.

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 32. Ջրօգտագործման իրավունքի դադարման հիմքերը

 

Ջրօգտագործման իրավունքը դադարում է, եթե`

1) վերացել է ջրօգտագործման անհրաժեշտությունը կամ ջրօգտագործողը հրաժարվել է դրանից.

2) լրացել է ջրօգտագործման ժամկետը.

3) լուծարվել է ջրօգտագործող ձեռնարկությունը, կազմակերպությունը, հիմնարկը.

4) ջրատնտեսական կառուցվածքները հանձնվել են ուրիշ ջրօգտագործողների.

5) անհրաժեշտություն է առաջացել ջրային օբյեկտները հանել անջատ օգտագործումից.

6) խախտվել են ջրերի օգտագործման ու դրանց պահպանության կանոնները.

7) ջրային օբյեկտը չի օգտագործվել նպատակային նշանակությամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել ջրօգտագործման իրավունքի դադարման նաև այլ հիմքեր:

 

Հոդված 33. Ջրօգտագործման իրավունքի դադարման կարգը

 

Ջրօգտագործման իրավունքը դադարում է հատուկ, ինչպես նաև երկրորդային ջրօգտագործման թույլտվությունը չեղյալ հայտարարելու և անջատ օգտագործման տրված ջրային օբյեկտները վերացնելու միջոցով:

Հատուկ ջրօգտագործման իրավունքը դադարում է այն թույլատրած մարմնի որոշմամբ:

Երկրորդային ջրօգտագործման իրավունքը դադարում է առաջնային ջրօգտագործողի որոշմամբ, որը պետք է համաձայնեցված լինի ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմնի հետ:

 

Հոդված 34. Ջրային օբյեկտներն անջատ օգտագործումից հանելը

 

Ջրային օբյեկտներն անջատ օգտագործումից հանվում են պետական այն մարմինների որոշումներով, որոնք իրավասու են տվյալ ջրային օբյեկտները տալու անջատ օգտագործման:

 

Հոդված 35. Ջրատնտեսական միջոցառումներն իրականացնելու, ջրօգտագործումը դադարելու կամ դրա պայմանները փոխվելու հետևանքով պատճառված վնասի հատուցումը

 

Ջրատնտեսական միջոցառումների (հիդրոտեխնիկական և այլ աշխատանքների) իրականացման, ինչպես նաև ջրօգտագործումը դադարելու կամ դրա պայմանները փոխվելու հետևանքով ջրօգտագործողներին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9.

 

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԵԼՈՒ, ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 36. Բնակչության խմելու, կոմունալ-կենցաղային և այլ կարիքների համար տրվող ջրային օբյեկտները

 

 Բնակչության խմելու, կոմունալ-կենցաղային և այլ կարիքների համար տրամադրվում են այնպիսի ջրային օբյեկտներ, որոնց ջրի որակը համապատասխանում է սահմանված պետական նորմաներին: Այդ նպատակի համար կարող են տրվել նաև այլ ջրային օբյեկտներ` համաձայնեցնելով պետական սանիտարական հսկողության մարմինների հետ:

 

Հոդված 37. Բնակչության ջրամատակարարումը

 

Բնակչության խմելու, կոմունալ-կենցաղային և այլ կարիքների համար ջրային օբյեկտները օգտագործելու դեպքում բոլոր ջրօգտագործողները, որոնց կառավարման կամ օգտագործման տակ են գտնվում տնտեսական և խմելու ջրի մատակարարման համակարգերը, իրավունք ունեն սահմանված կարգով, հատուկ ջրօգտագործման թույլտվություններին համապատասխան, ջուր վերցնել ջրամատակարարման աղբյուրներից` խմելու որակի ջուր մշակելու և սպառողներին մատակարարելու համար:

Սույն հոդվածի առաջին մասում թվարկված ջրօգտագործողները պարտավոր են կազմակերպել վերցվող ջրի հաշվառում, կանոնավոր հսկողություն սահմանել ջրամատակարարման աղբյուրներում ջրի վիճակի նկատմամբ և ջրի որակի սահմանված նորմատիվներից կատարվող շեղումների մասին հայտնել ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող, պետական սանիտարական հսկողություն իրականացնող և պետական կառավարման տեղական մարմիններին:

 

Հոդված 38. Խմելու որակի ստորերկրյա ջրերի օգտագործումը խմելու և կենցաղային ջրամատակարարման հետ չկապված կարիքների համար

 

Խմելու որակի ստորերկրյա ջրերի օգտագործումը խմելու և կենցաղային ջրամատակարարման հետ չկապված կարիքների համար, որպես կանոն, չի թույլատրվում:

Այն շրջաններում, որտեղ չկան մակերեսային անհրաժեշտ ջրային աղբյուրներ, բայց կան խմելու որակի ստորերկրյա ջրերի բավարար պաշարներ, ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող պետական մարմինները ժամանակավորապես թույլատրում են այդ ջրերի օգտագործումը խմելու և կենցաղային ջրամատակարարման հետ չկապված նպատակներով:

 

ԳԼՈՒԽ 10.

 

 ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՈՒԺԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Հոդված 39. Բուժիչ ջրերի կատեգորիային դասված ջրային օբյեկտների առաջնահերթ օգտագործումը բուժական և առողջարարական նպատակներով

 

Բուժիչ ջրերի կատեգորիային դասված ջրային օբյեկտներն առաջին հերթին օգտագործվում են բուժական և առողջարարական նպատակներով: Ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինները, բացառիկ դեպքերում, կարող են թույլատրել բուժիչ ջրերի կատեգորիային դասված ջրային օբյեկտների օգտագործումը այլ նպատակների համար` դա համաձայնեցնելով առողջապահության և առողջարանային համապատասխան պետական մարմինների հետ:

Արգելվում է կեղտաջրերը թափել բուժիչ ջրերի կատեգորիային դասված ջրային օբյեկտների մեջ:

 

Հոդված 40. Ջրային օբյեկտների օգտագործումը սիրողական և սպորտային ձկնորսության համար

 

Սիրողական և սպորտային ձկնորսության համար ջրային օբյեկտների (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների, ձկնաբուծական տնտեսությունների ջրերի, ինչպես նաև ձկնորսությունն արգելված այլ ջրերի) օգտագործումը թույլատրվում է ձկնորսության կանոնների պահպանմամբ:

 

Հոդված 41. Ջրային օբյեկտների օգտագործումը հանգստի և սպորտի համար

 

Հանգստի և սպորտի համար ջրային օբյեկտների օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 42. Ջրային օբյեկտների օգտագործումը փոքրաչափս նավերով լողալու համար

 

Փոքրաչափս նավերով (թիավոր և շարժիչավոր նավակներով, կատերներով, առագաստային զբոսանավերով և այլն) լողալու համար ջրային օբյեկտների օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Փոքրաչափս նավերը սահմանված կարգով պետք է գրանցվեն և ունենան կողանշաններ:

 

ԳԼՈՒԽ 11.

 

 ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 43. Ջրօգտագործումը գյուղատնտեսական կարիքների համար

 

Գյուղատնտեսության կարիքների համար ջրային օբյեկտների օգտագործումն իրականացվում է հատուկ ջրօգտագործման կարգով:

Գյուղատնտեսական ջրօգտագործումն իրականացվում է հողերում առավել բարենպաստ ջրային ռեժիմ ստեղծելու, ինչպես նաև գյուղատնտեսական ջրամատակարարման պահանջմունքներն ապահովելու համար:

 

Հոդված 44. Գյուղատնտեսական ջրօգտագործման պլանավորումը և պլանների հաստատումը

 

 Ոռոգման, ջրարբիացման և այլ ջրատնտեսական օբյեկտներում ջրօգտագործումն իրականացվում է ջրօգտագործման ներտնտեսային և համակարգային պլանների հիման վրա:

Ջրօգտագործման պլաններին համապատասխան, ոռոգման, ջրարբիացման և այլ ջրատնտեսական օբյեկտներ շահագործող մարմինները պարտավոր են ջրօգտագործողների հետ պայմանագրեր կնքել ըստ գործող ջրօգտագործման նորմաների` նշելով ջրօգտագործման պայմանները, ինչպես նաև կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները:

Պետական կառավարման տեղական մարմինների, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և ջրօգտագործող մյուս ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ու քաղաքացիների կողմից կազմված ջրօգտագործման ներտնտեսային պլանները համաձայնեցվում են ջրատնտեսական օբյեկտները շահագործող ձեռնարկությունների հետ և հաստատվում`

տեղական նշանակության համակարգերի գծով` պետական կառավարման տեղական մարմինների կողմից,

հանրապետական նշանակության համակարգերի գծով` ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների կողմից` համաձայնեցնելով գյուղատնտեսական մարմինների հետ:

 

Հոդված 45. Գյուղատնտեսության կարիքների համար ջրային օբյեկտներից օգտվող ջրօգտագործողների պարտականությունները

 

Գյուղատնտեսական կարիքների համար ջրային օբյեկտներից օգտվող պետական կառավարման տեղական մարմինները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկներն ու քաղաքացիները պարտավոր են պահպանել ջրօգտագործման սահմանված պլանները, կանոնները, նորմաները և ռեժիմը` իրականացնելով անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ:

 

Հոդված 46. Ոռոգումը մաքրված հոսքաջրերով

 

  Գյուղատնտեսական հողերի ոռոգումը մաքրված հոսքաջրերով թույլատրվում է ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների կողմից` համաձայնեցնելով պետական սանիտարական և անասնաբուժական հսկողություն իրականացնող մարմինների հետ:

Ոռոգման համար արգելվում է տրամադրել այնպիսի կեղտաջրեր, որոնք վնասակար ներգործություն են ունենում գյուղատնտեսական արտադրանքի վրա:

 

Հոդված 47. Գյուղատնտեսական օբյեկտների ջրամատակարարումը

 

Գյուղատնտեսության օբյեկտների ջրամատակարարումը ստորաբաժանվում է կենտրոնացվածի և ոչ կենտրոնացվածի: Գյուղատնտեսության օբյեկտների կենտրոնացված ջրամատակարարման վրա տարածվում են սույն օրենսգրքի 37 հոդվածի կանոնները:

 

Հոդված 48. Անտառներով, անտառաշերտերով և անտառատնկարաններով զբաղեցված հողերի ոռոգումը

 

Սույն օրենսգրքի 43-47 հոդվածների դրույթները տարածվում են նաև անտառներով, անտառաշերտերով ու անտառատնկարաններով զբաղեցված հողերի ոռոգման վրա:

 

ԳԼՈՒԽ 12.

 

 ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 49. Արդյունաբերական նպատակներով ջրային օբյեկտներից օգտվող ջրօգտագործողների պարտականությունները

 

Արդյունաբերական նպատակներով ջրային օբյեկտներից օգտվող ջրօգտագործողները պարտավոր են պահպանել ջրօգտագործման սահմանված պլանները, տեխնոլոգիական նորմաներն ու կանոնները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել արտադրության տեխնոլոգիայի և ջրամատակարարման սխեմաների կատարելագործման միջոցով (անջուր տեխնոլոգիական պրոցեսների, օդային հովացման, շրջանառու ջրամատակարարման և տեխնոլոգիական այլ եղանակների կիրառում) կրճատելու ջրի ծախսը և դադարեցնելու կեղտաջրեր թափելը:

 

Հոդված 50. Արդյունաբերական նպատակներով խմելու ջրի օգտագործումը սահմանափակելը կամ արգելելը

 

Տարերային աղետի, վթարի և բացառիկ այլ դեպքերում, ինչպես նաև ջրմուղից ջրի օգտագործման սահմանված լիմիտը ձեռնարկության կողմից գերծախսվելու դեպքում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները իրավասու են ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել արդյունաբերական նպատակներով խմելու ջրի օգտագործումը:

 

Հոդված 51. Ստորերկրյա ջրերի օգտագործումը տեխնիկական ջրամատակարարման և արտադրական այլ կարիքների համար

 

Խմելու կամ բուժիչ ջրերի կատեգորիային չդասված ստորերկրյա ջրերը (քաղցրահամ, հանքային, տաք) սահմանված կարգով կարող են օգտագործվել տեխնիկական ջրամատակարարման, դրանցում պարունակվող քիմիական տարրերի արտակորզման, ջերմային էներգիա ստանալու և արտադրական այլ կարիքների համար` պահպանելով ջրերի արդյունավետ օգտագործման ու պահպանության կանոնները:

 

Հոդված 52. Ջրային օբյեկտների օգտագործումը հիդրոէներգետիկայի կարիքների համար

 

Հիդրոէներգետիկայի կարիքների համար ջրային օբյեկտներն օգտագործվում են հաշվի առնելով տնտեսության մյուս ճյուղերի շահերը, ինչպես նաև պահպանելով ջրերի համալիր օգտագործման պահանջները:

 

Հոդված 53. Ընդհանուր օգտագործման ջրային ուղիները

 

Գետերը, լճերը, ջրամբարները, ջրանցքները համարվում են ընդհանուր օգտագործման ջրային ուղիներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նպատակով դրանց օգտագործումը լրիվ կամ մասամբ արգելված է, կամ դրանք տրված են անջատ օգտագործման:

 

ԳԼՈՒԽ 13.

 

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 54. Ձկնատնտեսական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ջրօգտագործման իրավունքներն ու պարտականությունները

 

Ձկնատնտեսական ջրավազաններից կամ ձկնորսական տեղամասերից օգտվող ձեռնարկությունները և կազմակերպությունները, սահմանված կարգով հաստատված արտադրական ծրագրերին համապատասխան, այդ ջրավազաններում ու տեղամասերում ձկնային տնտեսություն վարելու համար կատարում են անհրաժեշտ աշխատանք, ինչպես նաև արդյունահանում են ձուկ, ջրային այլ կենդանիներ և բույսեր:

Ձկան պաշարների պահպանությունն իրականացնող մարմինների պահանջով նրանք պարտավոր են կիրառել ձկնաբուծական և մելիորատիվ տեխնիկական միջոցառումներ ջրավազանների սանիտարական վիճակի ու ձկնային պաշարների վերարտադրության պայմանների բարելավումն ապահովելու համար:

 

Հոդված 55. Ջրօգտագործման սահմանափակումը ձկնատնտեսական ջրավազաններում

 

Ձկնատնտեսական ջրավազաններում (դրանց առանձին հատվածներում), որոնք առանձնապես կարևոր նշանակություն ունեն արժեքավոր տեսակի ձկների պահպանության ու վերարտադրության և ջրային արդյունահանության այլ օբյեկտների համար, ելնելով ձկնային տնտեսության շահերից, ջրօգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել:

Այդպիսի ջրավազանների (դրանց հատվածների) ցանկը և ջրօգտագործման սահմանափակումների տեսակները որոշվում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների կողմից` ձկան պաշարների պահպանությունն իրականացնող մարմինների առաջարկությամբ:

 

ԳԼՈՒԽ 14.

 

 ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 56. Որսորդական տնտեսության ձեռնարկությունների և կազմակերպությունների ջրօգտագործման իրավունքը

 

Այն ջրային օբյեկտներում, որոնք համարվում են վայրի ջրային թռչունների ու արժեքավոր մուշտակամորթ գազանների (կուղբ, օնդատրա, մշկամուկ, ճահճակուղբ և այլն) ապրելավայրը, ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինները կարող են ջրօգտագործման նախապատվության իրավունք վերապահել որսորդական տնտեսության ձեռնարկություններին և կազմակերպություններին` հաշվի առնելով ջրերի համալիր օգտագործման պահանջները:

 

Հոդված 57. Որսորդական տնտեսության կարիքների համար ջրային օբյեկտների օգտագործման կարգը

 

Ջրային օբյեկտները որսորդական տնտեսության կարիքների համար (ջրային թռչունների ու մուշտակամորթ գազանների բուծումը, բույսերի աճեցումը և որսորդական տնտեսություն վարելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացումը) օգտագործվում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների և շահագրգռված այլ մարմինների հետ համաձայնեցնելով:

Որսորդական տնտեսության կարիքների համար ջրային օբյեկտների օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 15.

 

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 58. Ջրային օբյեկտների օգտագործումը արգելանոցների կարիքների համար

 

Հայաստանի Հանրապետությունում ջրային օբյեկտներն արգելված են հայտարարվում և արգելանոցների օգտագործմանն են տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հատուկ գիտական, մշակութային արժեք ներկայացնող ջրային օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում են արգելված և տրվում են արգելանոցներին անժամկետ, անջատ օգտագործման` բնության պահպանության ու գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:

Արգելանոցների ջրերի օգտագործման կարգը որոշվում է արգելանոցների վերաբերյալ կանոնադրություններով:

 

Հոդված 59. Ջրային օբյեկտներն արգելանոցների օգտագործումից հանելը

 

 Ջրային օբյեկտներն արգելանոցների օգտագործումից հանել թույլատրվում է միայն հատուկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 60. Ջրային օբյեկտներն որպես բնության կամ մշակույթի հուշարձաններ ճանաչելը

 

Այն ջրային օբյեկտները, որոնք ունեն գիտական կամ մշակութային արժեք և հայտարարված չեն որպես արգելանոցային, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ճանաչվում են բնության կամ մշակույթի հուշարձաններ: Ջրային օբյեկտները բնության կամ մշակույթի հուշարձաններ ճանաչելու և դրանցից օգտվելու հիմնական պայմաններ սահմանելու վերաբերյալ որոշումները հայտնվում են ի գիտություն բնակչության և շահագրգռված կազմակերպությունների:

 

ԳԼՈՒԽ 16.

 

 ԿԵՂՏԱՋՐԵՐ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 61. Կեղտաջրեր թափելու համար ջրային օբյեկտներից օգտվելու կարգը

 

Արդյունաբերական, կոմունալ-կենցաղային, դրենաժային և այլ կեղտաջրեր թափելու համար ջրային օբյեկտներից կարելի է օգտվել միայն ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների թույլտվությամբ` պետական սանիտարական հսկողության, ձկան պաշարների պահպանությունը իրականացնող մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

Հայաստանի Հանրապետության տարածքում կլանող հորատանցքերի և ջրհորների կառուցումը արդյունաբերական, կոմունալ-կենցաղային, դրենաժային և այլ կեղտաջրեր թափելու համար արգելվում է:

 

Հոդված 62. Կեղտաջրերը ջրային օբյեկտներ թափելու թույլատրելի դեպքերը

 

Կեղտաջրերը ջրային օբյեկտներ թափել թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրա հետևանքով աղտոտող նյութերի պարունակությունը դրանցում չի գերազանցի թույլատրելի սահմանային նորմերը և պայմանով, եթե ջրօգտագործողը կեղտաջրերը կմաքրի` հասցնելով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների որոշած սահմաններին:

Նշված պահանջները խախտելու դեպքում կեղտաջրերի թափումը սահմանափակվում, դադարեցվում կամ արգելվում է ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների կողմից` ընդհուպ մինչև առանձին արդյունաբերական կայանքների, արտադրամասերի, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների գործունեության դադարեցումը:

Բնակչության առողջությանը սպառնացող դեպքերում պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները դադարեցնում են կեղտաջրերի թափումը, արտադրական և մյուս օբյեկտների շահագործումը` այդ մասին ծանուցելով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմիններին:

 

Հոդված 63. Կեղտաջրեր թափելու համար ջրային օբյեկտների օգտագործման պայմանները

 

Կեղտաջրեր թափելու համար ջրային օբյեկտներն օգտագործվում են հատուկ ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված պահանջներին համապատասխան, պայմանով, որ նոր կառուցվող ու վերակառուցվող արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական ձեռնարկությունների` ջրային օբյեկտներ թափող կեղտաջրերի մաքրումը և վնասազերծումն ապահովող բոլոր միջոցառումները իրականացվեն մինչև նշված ձեռնարկությունների արտադրական կարողությունների գործարկումը:

Կեղտաջրերը թափելու համար ջրային օբյեկտների օգտագործման կարգն ու պայմանները սահմանվում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների կողմից:

 

ԳԼՈՒԽ 17.

 

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 64. Ջրային օբյեկտների օգտագործումը հակահրդեհային նպատակների համար

 

Հակահրդեհային նպատակների համար թույլատրվում է անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնել ցանկացած ջրային օբյեկտից, առանց դրա համար հատուկ թույլտվության:

Արգելվում է հատկապես հակահրդեհային նպատակների համար նախատեսված ջրային օբյեկտների ջրի օգտագործումը այլ նպատակով:

 

 ԳԼՈՒԽ 18.

 

ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 65. Ջրամբարները լցնելու և օգտագործելու ռեժիմը

 

Ջրամբարներում դիմհարային, ջրթող կամ ջրընդունիչ կառուցվածքներ շահագործող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու մյուս ջրօգտագործողները պարտավոր են պահպանել ջրամբարների լցման և օգտագործման այն ռեժիմը, որը սահմանված է հաշվի առնելով ջրամբարների ազդեցության գոտիներում գտնվող ջրօգտագործողների և հողօգտագործողների շահերը:

 

Հոդված 66. Ջրամբարների շահագործման կարգը

 

Ջրամբարների շահագործման կարգը որոշվում է այն կանոններով, որոնք հաստատվում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների կողմից` ամեն մի ջրամբարի, կասկադի կամ ջրամբարների համակարգի համար` համաձայնեցնելով պետական սանիտարական հսկողության, ձկան պաշարների պահպանությունն իրականացնող և շահագրգռված այլ մարմինների հետ:

 

Հոդված 67. Ջրամբարների տեխնիկական պատշաճ վիճակը և բարեկարգումն ապահովող միջոցառումների կազմակերպումն ու կոորդինացումը

 

Ջրամբարների տեխնիկական պատշաճ վիճակը և բարեկարգումն ապահովող միջոցառումների կազմակերպումն ու կոորդինացումը, ինչպես նաև դրանց շահագործման կանոնների պահպանման վերահսկողությունն իրականացնում են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 68. Որպես ջրամբարներ օգտագործվող լճերը և մյուս ջրավազանները

 

Սույն օրենսգրքի 65-67 հոդվածների դրույթները տարածվում են նաև որպես ջրամբարներ օգտագործվող լճերի և մյուս ջրավազանների շահագործման վրա:

 

ԳԼՈՒԽ 19.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 69. Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքում գտնվող ջրային օբյեկտների օգտագործման կարգավորումը

 

Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքում գտնվող ջրային օբյեկտների օգտագործման կարգավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների իրավասու մարմինների համաձայնությամբ,

Հայաստանի Հանրապետության սահմանային ջրերում ջրօգտագործման կարգը սահմանում են իրավասու մարմինները` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի հրամանատարության հետ:

Հայաստանի Հանրապետության սահմանային ջրերում ջրօգտագործումն իրականացվում է միջազգային համաձայնագրերի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 20.

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 70. Ջրօգտագործման վերաբերյալ վեճերը լուծող մարմինները

 

Ջրօգտագործման վերաբերյալ վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման տեղական մարմինների, ինչպես նաև ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող և դրա համար լիազորված պետական այլ մարմինների կողմից` սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 71. Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների մերձսահմանային տարածքում գտնվող ջրերի օգտագործման և տնօրինման կարգը

 

Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների մերձսահմանային տարածքում գտնվող ջրերի օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և այդ պետությունների փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 72. Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների ջրօգտագործողների միջև ծագած վեճերի լուծումը

 

Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների ջրօգտագործողների միջև ջրերի օգտագործման վերաբերյալ ծագած վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 73. Ջրօգտագործման վերաբերյալ այլ վեճերի լուծումը

 

 Ջրօգտագործման վերաբերյալ վեճերը (բացի սույն օրենսգրքի 72 հոդվածով նախատեսված վեճերից) լուծվում են`

1) տվյալ ջրային օբյեկտը օգտագործման տված մարմինը (սույն օրենսգրքի 21 հոդված) այն դեպքում, երբ վիճելի է համարվում անջատ օգտագործման տրված ջրային օբյեկտի ջրօգտագործման հարցը.

2) հատուկ ջրօգտագործում թույլատրած մարմինը (սույն օրենսգրքի 22 հոդված) այն դեպքում, երբ վիճելի է համարվում հատուկ ջրօգտագործման կարգով օգտագործվող ջրային օբյեկտի օգտագործման հարցը.

3) մյուս բոլոր դեպքերում` այն պետական կառավարման տեղական մարմինները, որոնց տարածքում գտնվում է ջրային օբյեկտը կամ դրա մի մասը:

 

Հոդված 74. Ջրօգտագործման վերաբերյալ վեճեր քննարկելու կարգը

 

Ջրօգտագործման վերաբերյալ վեճերը լուծում է ջրերի օգտագործման և պահպանության լիազորված մարմինը` կողմերից մեկի դիմումի հիման վրա:

Ջրօգտագործման վերաբերյալ վեճը լուծելու կապակցությամբ նյութեր նախապատրաստելու համար պետական կառավարման տեղական մարմինները, անհրաժեշտության դեպքում, կարող են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների, շահագրգռված այլ մարմինների ներկայացուցիչներից, ջրային տնտեսության, գյուղատնտեսության մասնագետներից և այլ մասնագետներից կազմել հանձնաժողովներ:

Ջրօգտագործման վերաբերյալ վեճը քննող մարմինը ընդունում է որոշում, որի մեջ նախատեսվում են որոշումը կատարելու կարգը և ջրօգտագործողի խախտված իրավունքները վերականգնելու միջոցառումները:

 

Հոդված 75. Ջրային հարաբերությունների հետ կապված գույքային վեճերի լուծումը

 

Ջրային հարաբերությունների հետ կապված գույքային վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ III.

 

ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 21.

 

ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 76. Ջրերի պահպանումն աղտոտումից և աղբակալումից

 

Բոլոր ջրային օբյեկտները պետք է պահպանվեն աղտոտումից, աղբակալումից և սպառումից, որոնք կարող են վնաս պատճառել բնակչության առողջությանը, ինչպես նաև նվազեցնել ձկան պաշարները, վատացնել ջրամատակարարման պայմանները և առաջ բերել անբարենպաստ այլ երևույթներ` ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախտման հետևանքով:

 

Հոդված 77. Ջրերի պահպանությունն ապահովող միջոցառումների իրականացումը

 

Այն ձեռնարկությունները, կազմակերպությունները և մյուս ջրօգտագործողները, որոնց գործունեությունն ազդում է ջրերի վիճակի վրա, պարտավոր են իրականացնել ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների, պետական կառավարման տեղական մարմինների, պետական սանիտարական հսկողություն, ձկան պաշարների պահպանությունն իրականացնող մարմինների և շահագրգռված պետական այլ մարմինների հետ համաձայնեցված կամ դրա համար լիազորված պետական մարմինների որոշումներից բխող տեխնոլոգիական, անտառամելիորատիվ, ագրոտեխնիկական, հիդրոտեխնիկական, սանիտարական և այլ միջոցառումներ, որոնք ապահովում են ջրերի պահպանումը աղտոտումից, աղբակալումից ու սպառումից, ինչպես նաև ջրերի վիճակի ու ռեժիմի բարելավումը:

 

Հոդված 78. Ջրերի պահպանումը թափոններով, մնացուկներով ու կեղտաջրերով աղտոտվելուց և աղբակալվելուց

 

Արգելվում է ջրային օբյեկտներ արտանետել արտադրական, կենցաղային և այլ տեսակի թափոններ, մնացուկներ ու կեղտաջրեր:

Ջրային օբյեկտներում ջրային տրանսպորտի միջոցների, խողովակաշարերի, լողացող և այլ կառուցվածքների տնօրինողները, ինչպես նաև մյուս ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկներն ու քաղաքացիները պարտավոր են թույլ չտալ ջրերի աղտոտում և աղբակալում յուղերով, բնափայտով, քիմիական, նավթային և այլ նյութերով:

 

Հոդված 79. Ջրհավաքի մակերեսների, ջրավազանների սառցածածկույթի պահպանումն աղտոտումից

 

Ձեռնարկությունները, կազմակերպությունները և մյուս ջրօգտագործողները պարտավոր են թույլ չտալ ջրհավաքի մակերեսների, ջրավազանների սառցածածկույթի մակերևույթի աղտոտում ու աղբակալում արտադրական, կենցաղային և այլ մնացուկներով, թափոններով և նստվածքներով, ինչպես նաև նավթային և քիմիական նյութերով:

 

Հոդված 80. Պարարտանյութերով և թունաքիմիկատներով ջրերի աղտոտման արգելումը

 

Արգելվում է պետական կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների և քաղաքացիների կողմից ջրերի աղտոտումը պարարտանյութերով և թունաքիմիկատներով:

 

Հոդված 81. Սանիտարական պահպանության գոտիներ

 

Բնակչությանը խմելու և կենցաղային ջուր մատակարարելու, բուժական ու առողջարարական կարիքների համար օգտագործվող ջրերը պահպանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ:

 

Հոդված 82. Ջրերը սպառումից պահպանող անտառամելիորատիվ և այլ միջոցառումներ

 

Գետերի, լճերի, ջրամբարների, ստորերկրյա ջրերի և ջրային մյուս օբյեկտների բարենպաստ ռեժիմը պահպանելու, հողերի ջրային էրոզիան, ջրավազանների տղմակալումը, ջրային կենդանիների գոյության պայմանների վատթարացումը կանխելու, ջրհոսքի տատանումները նվազեցնելու և այլ նպատակներով կիրառվում են անտառամելիորատիվ, հակաէրոզիոն, հիդրոտեխնիկական և այլ միջոցառումներ:

 

Հոդված 83. Ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների ու այլ օբյեկտների տեղաբաշխումը և շինարարությունը

 

Ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինները ջրերի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների տեղաբաշխման ու շինարարության հարցերը համաձայնեցնելիս, ինչպես նաև հատուկ ջրօգտագործում թույլատրելիս պարտավոր են ղեկավարվել ջրերի համալիր օգտագործման ու պահպանության սխեմաներով և ջրատնտեսական հաշվեկշիռներով` հաշվի առնելով ջրօգտագործողների և հողօգտագործողների շահերը:

 

Հոդված 84. Ստորերկրյա ջրերի պահպանության միջոցները

 

 Հանքահետախուզման ժամանակ ստորերկրյա ջրապարունակ շերտեր հայտնաբերելիս լեռնային աշխատանքներ կատարող կազմակերպությունները պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմիններին և սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել ստորերկրյա ջրերը պահպանելու համար:

 

ԳԼՈՒԽ 22.

 

ՋՐԵՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Հոդված 85. Ջրօգտագործողների պարտականությունները ջրերի վրա վնասակար ներգործությունը կանխելու և վերացնելու ուղղությամբ

 

Ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները և մյուս ջրօգտագործողները պարտավոր են ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների, պետական կառավարման տեղական մարմինների և շահագրգռված պետական այլ մարմինների հետ համաձայնեցված կամ դրա համար լիազորված պետական մարմինների որոշումներից բխող միջոցառումներ իրականացնել` կանխելու և վերացնելու ջրերի վրա հետևյալ վնասակար ներգործությունները`

1) հեղեղումները, ջրածածկումները և ողողումները.

2) ափերի, պաշտպանական պատնեշների և այլ կառուցվածքների ավերումը.

3) հողերի ճահճացումը և աղակալումը.

4) հողերի էրոզիան, ձորակների առաջացումը, սողանքները, հեղեղատները և մյուս վնասակար երևույթները:

 

Հոդված 86. Ջրերի վրա վնասակար ներգործության հետևանքով առաջացած տարերային աղետները կանխելու անհետաձգելի միջոցառումները

 

Ջրերի վրա վնասակար ներգործության հետևանքով առաջացած տարերային աղետների կանխման և վերացման անհետաձգելի միջոցառումներն իրագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման տեղական մարմինների կողմից ստեղծվող հակահեղեղային և այլ հատուկ հանձնաժողովների միջոցով:

Այդ հանձնաժողովների ցուցումները պարտադիր են բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների և քաղաքացիների համար:

 

ԲԱԺԻՆ IY.

 

 ՋՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 87. Ջրերի և դրանց օգտագործման պետական հաշվառման և պլանավորման խնդիրները

 

Ջրերի և դրանց օգտագործման պետական հաշվառման խնդիրն է որոշել ջրերի քանակը և որակը, բնակչության և տնտեսության կարիքների համար ջրերի օգտագործման տվյալները:

Ջրերի օգտագործման պլանավորումը պետք է ապահովի ջրօգտագործողների միջև ջրերի գիտականորեն հիմնավորված բաշխումը` հաշվի առնելով բնակչության խմելու և կենցաղային կարիքների առաջնահերթ բավարարումը, ջրերի պահպանությունն ու դրանց վրա վնասակար ներգործության կանխումը:

Ջրերի օգտագործումը պլանավորելիս հաշվի են առնվում պետական ջրային կադաստրի տվյալները, ջրատնտեսական հաշվեկշիռները, ջրերի համալիր օգտագործման և պահպանման սխեմաները:

 

Հոդված 88. Պետական ջրային կադաստրը

 

 Պետական ջրային կադաստրն ընդգրկում է ջրերի հաշվառման տվյալներն ըստ քանակական և որակական ցուցանիշների, ջրօգտագործման տոմարագրությունը, ինչպես նաև ջրերի օգտագործման հաշվառման տվյալները:

 

Հոդված 89. Ջրատնտեսական հաշվեկշիռները

 

Ջրերի առկայությունը և օգտագործման աստիճանը գնահատող ջրատնտեսական հաշվեկշիռները կազմվում են ավազանների, տնտեսական շրջանների և հանրապետության մասշտաբով:

 

Հոդված 90. Ջրերի համալիր օգտագործման ու պահպանության սխեմաները

 

Ջրերի համալիր օգտագործման ու պահպանության գլխավոր և ավազանային (տարածքային) սխեմաները որոշում են հիմնական ջրատնտեսական և մյուս այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն բնակչության և տնտեսության` ջրի հեռանկարային պահանջները բավարարելու, ինչպես նաև ջրերը պահպանելու և դրանց վրա վնասակար ներգործությունը կանխելու համար:

Ջրերի և դրանց օգտագործման պետական հաշվառումը, պետական ջրային կադաստրի վարումը, ջրատնտեսական հաշվեկշիռների կազմումը, ջրերի համալիր օգտագործման և պահպանության սխեմաների մշակումը իրականացվում են պետության հաշվին:

 

 ԲԱԺԻՆ Y.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 91.  Ջրերի պետական սեփականության իրավունքը խախտող գործարքների անվավերությունը

 

 Ջրօգտագործման իրավունքի զիջումը և ջրերի պետական սեփականության իրավունքը ցանկացած ձևով խախտող մյուս գործարքներն անվավեր են:

 

Հոդված 92. Քրեական և վարչական պատասխանատվությունը ջրային օրենսդրությունը խախտելու համար

 

Սույն օրենսգրքի 91 հոդվածում նշված գործարքները կատարելու համար, ինչպես նաև`

1) ջրային օբյեկտներն ինքնագլուխ առգրավելու կամ ջուրն ինքնագլուխ և ոչ նպատակային օգտագործելու,

2) ջրօգտագործման պլանների խախտմամբ ջուր վերցնելու,

3) ջրերն աղտոտելու և աղբոտելու,

4) առանց ջրերի աղտոտումը և աղբակալումը կամ դրանց վրա վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքների ու հարմարանքների ձեռնարկություններ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելու,

5) ջուրը (արդյունահանված կամ ջրային օբյեկտներից հատկացված) անտնտեսվար օգտագործելու և ջրերի պետական հաշվառում չկատարելու,

6) ջրհավաքներում ջրապահպան ռեժիմը խախտելու համար, որն առաջ է բերում ջրերի աղտոտում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ,

7) ինքնագլուխ կերպով ջրատնտեսական և ջրերի վիճակի վրա ազդող աշխատանքներ կատարելու,

8) ջրատնտեսական կառուցվածքները և հարմարանքները վնասելու և շահագործման կանոնները խախտելու,

9) ստացված ջրի համար սահմանված վարձը չմուծելու,

10) հանգստի և սպորտի համար ջրային օբյեկտներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մեղավոր անձինք կրում են քրեական կամ վարչական պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել ջրային օրենսդրության նաև այլ խախտումների համար:

 

Հոդված 93. Կարգապահական և հասարակական ներգործության միջոցների կիրառումը

 

Ջրերի արդյունավետ օգտագործման ու պահպանության կանոնները չպահպանողների կամ մյուս ջրօգտագործողների իրավունքները խախտողների նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են կարգապահական և հասարակական ներգործության միջոցներ, եթե այդ խախտումները չեն առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն:

 

Հոդված 94. Ինքնագլուխ գրաված ջրային օբյեկտները վերադարձնելը

 

Ինքնագլուխ գրաված ջրային օբյեկտները վերադարձվում են ըստ պատկանելության` առանց հատուցելու ապօրինի օգտագործման ժամանակ կատարված ծախսերը:

 

Հոդված 95. Ջրային օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասների հատուցումը

 

Պետական կառավարման տեղական մարմինները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկներն ու քաղաքացիները պարտավոր են ջրային օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասները հատուցել սահմանված չափերով ու կարգով:

Այն պաշտոնատար անձինք, որոնց մեղքով ձեռնարկությունները, կազմակերպությունները և մյուս ջրօգտագործողները վնասների հատուցման հետ կապված ծախսեր են կատարել, սահմանված կարգով կրում են նյութական պատասխանատվություն:

 

ԲԱԺԻՆ YI.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 96. Միջազգային պայմանագրեր

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

23 մարտի 1992 թ.

ՀՕ-14