Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հռչակագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.03/23(436).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1991

Ա Լ Մ Ա  Ա Թ Ա Յ Ի  Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

 

Անկախ պետությունները` Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌՍԴԽՀ), Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքմենստանը, Ուզբեկստանի Հանրապետությունը և Ուկրաինան,

ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա,

ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,

համարելով, որ բարեկամության պատմական խորը արմատներ ունեցող հարաբերությունների, բարիդրացիական և փոխշահավետ համագործակցության ամրապնդումը համապատասխանում է ժողովուրդների արմատական շահերին և ծառայում խաղաղության և անվտանգության գործին,

գիտակցելով իր պատասխանատվությունը քաղաքացիական խաղաղության և միջազգային համաձայնության պահպանման համար,

հավատարիմ լինելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին,

 

հայտարարեցին ներքոհիշյալի մասին.

 

Համագործակցության մասնակիցների փոխգործունեությունն իրականացվելու է իրավահավասարության սկզբունքի, համակարգող ինստիտուտների միջոցով ձևավորված պարիտետային հիմքի վրա և գործող համագործակցության մասնակիցների միջև համաձայնագրերով որոշվող կարգով, որը ոչ պետություն է, ոչ վերպետական կազմավորում:

Միջազգային ռազմավարական կայունության և անվտանգության ապահովման նպատակներով պահպանվելու է միջուկային զենքի նկատմամբ միասնական հսկողությունը և ռազմաստրատեգիական ուժերի միացյալ հրամանատարությունը: Կողմերը կհարգեն ոչ միջուկային և (կամ) չեզոք պետության կարգավիճակի հասնելու միմյանց ձգտումը:

Անկախ Պետությունների Համագործակցությունը բաց է նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ նախկին ԽՍՀ Միության անդամների, ինչպես նաև Համագործակցության նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների, դրան միանալու համար:

Հաստատվում է կողմնակցությունը ընդհանուր տնտեսական տարածության, համաեվրոպական և եվրասիական շուկաների ձևավորման ու զարգացման համագործակցությանը:

Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծմամբ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը:

Համագործակցության մասնակից պետությունները երաշխավորում են իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը:

Համագործակցության մասնակից պետությունները պարտավորվում են անվերապահորեն պահպանել սույն Հռչակագրի սկզբունքները:

 

*Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան