Ոչ պաշտոնական թարգմանություն
հանցագործությունների եվ իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների
հ ռ չ ա կ ա գ ի ր
ընդունվել է 1985 թվականի նոյեմբերի 29-ին մակ-ի գլխավոր ասամբլեայի 40/34 բանաձեվով
Գլխավոր ասամբլեան`
հիշեցնելով, որ հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ կոնգրեսը Միավորված ազգերի կազմակերպությանը հանձնարարել էր շարունակել այն ուղեցույց սկզբունքների և նորմերի մշակման իր գործունեության իրականացումը, որոնք վերաբերում են տնտեսական ու քաղաքական իշխանության չարաշահմանը, գիտակցելով, որ հանցագործությունների և իշխանության չարաշահման հետևանքով ամբողջ աշխարհում վնաս է հասցվում միլիոնավոր մարդկանց և որ այդ զոհերի իրավունքները պատշաճ կերպով չեն ճանաչվում,
ընդունելով, որ հանցագործությունների զոհերին և իշխանության չարաշահման զոհերին, ինչպես նաև հաճախ` նրանց ընտանիքներին, վկաներին և նրանց օգնություն ցույց տվող մյուս անձանց անարդարացիորեն վնաս է հասցվում, մարմնական վնասվածքներ պատճառվում կամ վնաս է հասցվում նրանց սեփականությանը, և որ, դրանից բացի, նրանք կարող են զրկանքների ենթարկվել իրավախախտների դատական հետապնդմանը օժանդակություն ցույց տալիս,
1. հաստատում է հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի իրավունքների ընդհանուր ու արդյունավետ ճանաչումն ու հարգումն ապահովելու ազգային և միջազգային միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը.
2. ընդգծում է, որ անհրաժեշտ է նպաստել, որպեսզի բոլոր պետություններն առաջընթացի հասնեն այդ նպատակներով ձեռնարկվող իրենց ջանքերում, ընդ որում` վնաս չհասցնելով կասկածվող անձանց կամ իրավախախտների իրավունքներին.
3. ընդունում է սույն բանաձևից կցվող հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների հռչակագիրը, որի նպատակն է օժանդակել կառավարություններին ու միջազգային հանրությանը` արդարությունը պահպանելու և հանցագործությունների զոհերին օգնություն ցույց տալու նրանց ջանքերում.
4. կոչ է անում անդամ պետություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հռչակագրի բովանդակած դրույթներն իրականացնելու համար, և ներքոհիշյալ վիկտիմացիայի (տանջամահության) սահմանափակման նպատակով անդամ պետությունները պետք է ջանքեր գործադրեն`
ա) իրականացնել սոցիալական միջոցառումներ, առողջապահության բնագավառի, ներառյալ հոգեկան առողջության պահպանման, կրթության, տնտեսության բնագավառի միջոցառումներ, ինչպես նաև հանցագործությունների կանխման կոնկրետ միջոցներ` վիկտիմացիաներ սահմանափակելու և թշվառ վիճակի մեջ գտնվող զոհերին օգնություն տրամադրելուն նպաստելու նպատակով.
բ) օժանդակել համայնքի ջանքերին և հասարակայնության մասնակցությանը` հանցագործությունների կանխման գործում.
գ) պարբերաբար վերանայել գոյություն ունեցող օրենսդրական դրույթներն ու գործելակերպը, որպեսզի ապահովվի փոփոխվող պայմաններին արձագանքելու դրանց ընդունակությունը, ինչպես նաև ընդունել և ապահովել այնպիսի դրույթների կիրառումը, որոնցով անօրինական են հայտարարվում մարդու իրավունքների և իրավաբանական անձանց վարքագծի բնագավառի միջազգայնորեն ճանաչված նորմերը խախտող գործողությունները և իշխանության չարաշահման մյուս դեպքերը.
դ) ստեղծել և ամրապնդել հանցագործությունների կատարման համար մեղավորներին բացահայտելու, դատական հետապնդման ենթարկելու և պատժելու միջոցներ.
ե) նպաստել համապատասխան տեղեկատվության հրապարակմանը, որպեսզի ապահովվի հասարակայնության վերահսկողությունը պաշտոնատար անձանց և հիմնարկների գործունեության նկատմամբ, ինչպես նաև հասարակության խնդիրներին արձագանքելու ընդունակության բարձրացման մյուս միջոցներին.
զ) օժանդակել վարքի և բարոյական նորմերի կանոնագրքերի, մասնավորապես միջազգային ստանդարտների պահպանմանը պետական ծառայողների կողմից, ներառյալ իրավապահ մարմինների, ուղղիչ հիմնարկների աշխատակիցները, բուժանձնակազմը, սոցիալական ապահովության համակարգի աշխատողներն ու զինծառայողները, ինչպես նաև տնտեսական ձեռնարկությունների անձնակազմը.
է) արգելք մտցնել չարաշահումներին նպաստող գործելակերպի և ընթացակարգերի վրա, ինչպիսիք են գաղտնի կալանավայրերի ստեղծումը և նամակագրության ու շփման իրավունքի զրկումով կալանքը.
ը) զարգացնել համագործակցությունը այլ պետությունների հետ այնպիսի հարցերում փոխադարձ դատական և վարչական օգնություն ցույց տալու հիման վրա, ինչպես իրավախախտների բացահայտումն ու հետապնդումը, նրանց հանձնումն ու նրանց ունեցվածքի բռնագրավումը զոհերի իրավունքների վերականգնման (ռեստիտուցիայի) նպատակով.
5. հանձնարարում է միջազգային և տարածաշրջանային մակարդակներով բոլոր պատշաճ միջոցները ձեռնարկել`
ա) զարգացնելու կադրերի պատրաստման գործունեությունը Միավորված ազգերի կազմակերպության ստանդարտների ու նորմերի կիրառմանը և չարաշահման հնարավոր դեպքերի քանակի կրճատմանը նպաստելու նպատակով.
բ) կազմակերպելու վիկտիմացիայի սահմանափակման և զոհերին օգնություն ցույց տալու հնարավոր ուղիների համատեղ գործնական հետազոտություններ, ինչպես նաև օժանդակելու տեղեկատվության փոխանակմանը` այդ բնագավառի առավել արդյունավետ միջոցների մասին.
գ) պետությունների խնդրանքով նրանց անմիջական օգնություն ցույց տալու` վիկտիմացիայի սահմանափակման և զոհերի վիճակի թեթևացման խնդրում. դ) մշակելու այն դեպքերում զոհերին իրավական պաշտպանության տրամադրման ուղիներ ու միջոցներ, երբ ազգային կարելիություններն անբավարար են.
6. Գլխավոր քարտուղարին խնդրում է, որ անդամ պետություններին առաջարկի Գլխավոր ասամբլեային պարբերաբար զեկուցագրեր ներկայացնել Հռչակագրի իրականացման, ինչպես նաև այն միջոցառումների մասին, որ ձեռնարկվում են այդ նպատակով.
7. Գլխավոր քարտուղարին նաև խնդրում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի բոլոր համապատասխան մարմինների ու կազմակերպությունների ընձեռած հնարավորություններն օգտագործել, որպեսզի անհրաժեշտ դեպքերում անդամ պետություններին օգնություն ցույց տրվի ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ միջազգային համագործակցության հիման վրա զոհերի պաշտպանության ուղիների ու միջոցների կատարելագործման խնդրում.
8. Գլխավոր քարտուղարին այնուհետև խնդրում է օժանդակել Հռչակագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես նրա հնարավորին չափ լայն տարածումն ապահովելու միջոցով.
9. Հաստատակամորեն կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մասնագիտացված հիմնարկներին և մյուս կազմակերպություններին ու մարմիններին, մյուս համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, ինչպես նաև հասարակայնությանը` համագործակցել սույն Հռչակագրի դրույթներն իրականացնելու ասպարեզում:
96-րդ լիագումար նիստ, 29 նոյեմբերի, 1985 թվական
Հ ա վ ե լ վ ա ծ |
Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների հռչակագիր
ա. հանցագործությունների զոհերը
1. «Զոհեր» տերմինի տակ հասկացվում են անձինք, որոնց անհատապես կամ կոլեկտիվ կերպով անդամ պետությունների գործող ազգային քրեական օրենքների, ներառյալ իշխանության հանցավոր չարաշահումը արգելող օրենքների խախտմանը հանգեցնող գործողության կամ գործողության բացակայության հետևանքով վնաս է հասցվել, ներառյալ մարմնական վնասվածքները, բարոյական և նյութական վնասները, հոգեկան տանջանքները կամ նրանց հիմնարար իրավունքների էական կրճատումը:
2. Սույն Հռչակագրին համապատասխան, այս կամ այն անձը կարող է ,«զոհ» համարվել անկախ նրանից, թե իրավախախտը եղել է բացահայտված, բանտարկված, դատի հանձնված կամ դատապարտված, նաև անկախ իրավախախտի և զոհի միջև եղած բարեկամական հարաբերություններից: «Զոհ» տերմինը համապատասխան դեպքերում ներառում է նաև մերձավոր բարեկամներին, զոհի անմիջական խնամակալներին, նաև անձանց, որոնց վնաս է հասցվել աղետալի վիճակում գտնվող զոհերին պաշտպանելու կամ վիկտիմիզացիան կանխելու փորձ կատարելիս:
3. Սույն Հռչակագրում զետեղված դրույթները, առանց որևէ տարբերության, կիրառելի են բոլոր անձանց նկատմամբ, անկախ հասակից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնական հավատալիքներից, ազգությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, մշակութային արժեքներից կամ պրակտիկայից, ունեցվածքից, դասակարգային, ընտանեկան դրությունից, էթնիկական կամ սոցիալական ծագումից և աշխատունակությունից:
Արդարադատությունից օգտվելու թույլտվություն և արդար վերաբերմունք 4. Զոհերի
5. Անհրաժեշտ դեպքերում պետք է ստեղծել և ամրապնդել դատական և վարչական լծակներ, որպեսզի օպերատիվ բնույթ կրող պաշտոնական կամ ոչ պաշտոնական ընթացակարգի օգնությամբ, արդարացի, ոչ թանկարժեք և դյուրամատչելի ապահովվի զոհերի փոխհատուցում ստանալու հնարավորությունը:
Զոհերը, որոնք կձգտեն փոխհատուցում ստանալ այդ լծակների օգնությամբ, պետք է տեղյակ պահվեն իրենց իրավունքների մասին:
6. Պետք է աջակցել նրան, որպեսզի դատական և վարչական ընթացակարգերը մեծամասամբ պատասխանեն զոհերի պահանջմունքներին` հետևյալ միջոցներով.
ա) զոհերին ինֆորմացիա տալ իրենց դերի և դատական քննարկումների անցկացման ժամկետի, ծավալի և ընթացքի, նրանց գործերի քննության արդյունքների մասին, հատկապես ծանր հանցագործությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ նրանք այդպիսի ինֆորմացիա են պահանջել,
բ) այն դեպքերում, երբ շոշափվում են զոհերի անձնական շահերը, դատաքննության համապատասխան փուլերում ապահովել նրանց կարծիքի և ցանկությունների ներկայացնելը և քննարկումը, առանց մեղադրյալներին վնաս հասցնելու և քրեական արդարադատության ազգային համակարգին համապատասխան,
գ) դատաքննության ամբողջ ընթացքում զոհերին պատշաճ օգնություն տրամադրելը,
դ) զոհերի համար անհարմարությունները նվազագույնի հասցնելու, անհրաժեշտության դեպքում` նրանց անձնական կյանքի հսկողությունը, նրանց և նրանց ընտանիքի, նրանց կողմի վկաների անվտանգությունը ապահովելու միջոցների ձեռնարկումը,
ե) զոհերին փոխհատուցելու գործերի քննությունը, այդ հարցի վերաբերյալ վճիռների կամ որոշումների կատարման չարդարացված ձգձգումները կանխելը:
7. Այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է պետք է օգտագործել վեճերի հարթման ոչ պաշտոնական լծակներ, ներառելով միջնորդությունը, արբիտրաժը, սովորական իրավունքի դատարանները կամ տեղական փորձը` հաշտեցմանը և զոհերին փոխհատուցում տալուն աջակցելու նպատակով:
ռեստիտուցիա (վերականգնում)
8. Համապատասխան հանգամանքներում իրավախախտները կամ նրանց վարքագծի համար պատասխանատվություն կրող երրորդ կողմը զոհերին, նրանց ընտանիքներին կամ խնամակալներին պետք է տան արդարացի ռեստիտուցիա: Այդպիսի ռեստիտուցիան պետք է ներառի սեփականության վերադարձնելը, հասցված վնասի կամ կորստի արժեքի վճարումը, վիկտիմիզացիայի հետևանքով հասցված ծախսերի հատուցումը, ծառայությունների տրամադրումը և իրավունքների վերականգնումը:
9. Կառավարությունները պետք է քննարկեն ռեստիտուցիան իրենց գործառնությունում, օրենքներում ու դրույթներում ներառելու հնարավորությունը` ի հավելումն ուրիշ քրեական սանկցիաների, որպես քրեական գործերով պատժամիջոցներից մեկը:
10. Շրջապատող միջավայրին հասցված լուրջ վնասի դեպքում, եթե պետք է կայացվի համապատասխան որոշում, ռեստիտուցիան պետք է ներառի, ինչքանով դա հնարավոր է, շրջապատող միջավայրի և ինֆրակառուցվածքի վերականգնումը, համայնքի ունեցվածքի փոխարինումը և ծախսերի հատուցումը վերաբնակվելու կապակցությամբ այն դեպքերում, եթե այդպիսի վնասը համայնքին մղում է տեղափոխվելու անհրաժեշտության:
11. Երբ կառավարության պաշտոնատար անձինք կամ այլ` պաշտոնական կամ կիսապաշտոնական կարգավիճակով գործող ներկայացուցիչներ խախտում են ազգային քրեական օրենքները, զոհերը ռեստիտուցիա պետք է ստանան պետությունից, պաշտոնական անձանցից կամ ներկայացուցիչներից, որոնք կրում են հասցված վնասի պատասխանատվությունը: Այն դեպքում երբ արդեն գոյություն չունի կառավարությունը, որտեղ տեղի ունեցած գործողությունը կամ գործողության բացակայությունը հանգեցրել է վիկտիմիզացիայի, զոհերի ռեստիտուցիան պետք է ապահովվի ժառանգորդ պետության կամ կառավարության կողմից:
փոխհատուցում
12. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրավախախտից կամ այլ աղբյուրներից փոխհատուցումը ամբողջ ծավալով ստանալ, պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն դրամական փոխհատուցում տրամադրելու.
ա) այն զոհերին, որոնք ծանր հանցագործությունների հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ կամ էականորեն քայքայել են ֆիզիկական ու հոգեկան առողջությունը,
բ) ընտանիքներին, մասնավորապես խնամակալ անձանց, որոնք մահացել են կամ դարձել են ֆիզիկապես կամ հոգեպես անգործունակ այդպիսի վիկտիմիզացիայի հետևանքով:
13. Պետք է աջակցել զոհերի փոխհատուցման ազգային ֆոնդերի ստեղծմանը, ամրապնդմանը, ընդլայնմանը: Անհրաժեշտության դեպքում այդ նպատակներով կարող են ստեղծվել ուրիշ ֆոնդեր ևս, այդ թվում այն դեպքերում, երբ պետությունը, որի քաղաքացին է զոհը, ի վիճակի չէ փոխհատուցելու նրան հասցված վնասը:
Սոցիալական օգնություն
14. Կառավարական, կամավորական, համայնքային և տեղական ուղիներով զոհերին հարկավոր է ցուցաբերել նյութական, բժշկական, հոգեբանական և սոցիալական անհրաժեշտ օգնություն:
15. Զոհերին պետք է տեղեկացնել բժշկական, սոցիալական ծառայությունների, համապատասխան այլ օգնության առկայության մասին և նրանց համար դրանցից լրիվ օգտվելու հնարավորություն ապահովել:
16. Ոստիկանության աշխատողները, արդարադատության համակարգի, առողջապահության, սոցիալական և համապատասխան այլ ծառայությունների անձնակազմերը պետք է պատրաստություն անցնեն, որը հնարավորություն կտա ըմբռնելու զոհերի պահանջմունքները և հարկավոր օպերատիվ օգնություն ցուցաբերելու ղեկավար սկզբունքները:
17. Զոհերին ծառայություններ և օգնություն տրամադրելիս պետք է ուշադրություն դարձնել նրանց, ովքեր հասցված վնասի բնույթից կամ վերևը` 3-րդ կետում հիշատակված գործոններից ելնելով, դրա հատուկ կարիքն են զգում:
բ. իշխանության չարաշահման զոհերը
18. «Զոհ» տերմինի տակ հասկացվում են այն անձինք, որոնց անհատապես կամ կոլեկտիվ ձևով վնաս է հասցվել, ներառյալ մարմնական վնասվածքը, բարոյական կամ նյութական վնասը, զգացմունքային տառապանքները, դեռևս մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ընդունված նորմերի խախտում չհանդիսացող գործողության կամ գործողության բացակայության հետևանքով հիմնական իրավունքների էական սահմանափակումները:
19. Պետությունները պետք է քննարկեն ազգային օրենքների նորմերի մեջ իշխանության չարաշահումը արգելող և այդպիսի չարաշահումների զոհերի համար պաշտպանություն նախատեսող միջոցներ մտցնելու հարց: Այդ միջոցների թվում պետք է մասնավորապես մտցնել ռեստիտուցիայի և (կամ) փոխհատուցման, անհրաժեշտ նյութական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օգնության և օժանդակության իրավունքը:
20. Պետությունները պետք է քննարկեն 18-րդ կետում բնութագրված զոհերին վերաբերող միջազգային բազմակողմանի պայմանագրերի կնքման հնարավորությունը:
21. Պետությունները, պայմանների փոփոխություններին արձագանքելու իրենց ունակությունները ապահովելու համար, պետք է պարբերաբար վերանայեն գոյություն ունեցող օրենքներն ու պրակտիկան, անհրաժեշտության դեպքում ընդունելով և գործողության մեջ դնելով օրենսդրական որոշումներ, որոնք իրենցից ներկայացնում են քաղաքական կամ տնտեսական իշխանությունը լրջորեն չարաշահելն արգելող, այդպիսի արարքների կանխմանը համագործակցող միջոցներ և մեխանիզմներ, նաև այդպիսի արարքների զոհերի համար լայնորեն ապահովել և զարգացնել համապատասխան իրավունքներ և իրավական պաշտպանության միջոցներ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|