ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
(Ընդունված է Հայաստանի Հանրապետության Ազգային |
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի և քանակի ջրեր, որոնք պահանջվում են մարդկանց հիմնական կարիքները ներկայում և ապագայում բավարարելու, ինչպես նաև ջրային էկոհամակարգերը պահպանելու և տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու համար.
օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարող է բաշխվել սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը.
ջրային ռեսուրսներ՝ բոլոր մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրերը, այդ թվում՝ առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, լճակները, ձնածածկույթները, սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը և ջրային որևէ այլ մարմինները, ներառյալ՝ կարճատև ջրային ռեսուրսները.
ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները, սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման, արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման կամ տեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերը կարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը.
ջրային հարաբերություններ՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի, այդ թվում՝ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի և ՀՏԿ-ների կամ դրանց մասի տնօրինման, տիրապետման, օգտագործման և պահպանման ոլորտում ծագող հարաբերությունները.
անձ՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ.
հասարակայնության ծանուցում՝ առաջարկվող գործունեության ազդեցության վերաբերյալ շահագրգիռ կողմերի տեղեկացում, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում: Ծանուցումը պարունակում է առաջարկվող գործունեության կամ հարցի վերաբերյալ որոշման ներկայացումը և դրանց հավանական ազդեցությունների համառոտ նկարագիրը, այն վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ առաջարկվող գործունեությանը կամ որոշմանը, առաջարկվող գործունեության կամ որոշման վերաբերյալ գրավոր դիտողությունները, այն վայրը, որտեղ կարող են հանձնվել դիտողությունները, դրանց ներկայացման իրատեսական ժամկետները, ինչպես նաև դիտողությունների հասարակական լսման ժամկետները և վայրը.
հասարակական շահ՝ ջրային հարաբերություններում այնպիսի գործողություն, որի հիմնական նպատակն է օգտակար լինել հասարակությանը.
Ջրի ազգային խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջբնագավառային խորհրդատվական մարմին.
վեճերը լուծող հանձնաժողով՝ Ջրի ազգային խորհրդի կազմում գործող հանձնաժողով, որը լուծում է ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերը.
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության համար.
Ջրային համակարգերի կառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման, ջրային համակարգերի կառավարման, դրանց անվտանգության ապահովման և պահպանության համար.
ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմին.
Կարգավորող հանձնաժողով՝ ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականություն սահմանող և ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ տվող անկախ հանձնաժողով.
ջրի ազգային քաղաքականություն` ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի ռազմավարական օգտագործման և պահպանության հեռանկարային զարգացման հայեցակարգ.
ջրի ազգային ծրագիր՝ ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման և պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթ, որով իրականացվում են սույն օրենսգրքով սահմանված խնդիրները.
ջրավազանային կառավարման պլան` ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացման համար.
պետական ջրային կադաստր՝ մշտապես գործող համակարգ, որը համապարփակ տվյալներ է գրանցում ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների, ջրհավաք ավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսառեսուրսների կազմի ու չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների մասին.
ջրային ռեսուրսների մոնիտորինգ՝ հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական ցուցանիշների նկատմամբ կանոնակարգված (և տարածման ենթակա) դիտարկումների համակարգ, որն ապահովում է դրանց հավաքումը և մշակումը.
ջրօգտագործում` ջրային ռեսուրսից ջուր վերցնելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը.
ջրօգտագործման թույլտվություն՝ փաստաթուղթ, որը ներառում է ջրային ռեսուրսից ջրառի և ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն.
ոչ մրցակցային ջրամատակարար՝ խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման կամ ոռոգման ծառայությունների մատուցման առևտրային սեփականատեր, որը չունի մրցակից.
ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որի առաջնային նպատակը ջրերի ամբարումն է, խմելու ջրի մատակարարումը, կեղտաջրերի մաքրումը և ոռոգման ծառայությունների մատուցումը բնակչությանը, և որի միջոցով մատուցվող ծառայությունները միակն են.
ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ, որը հաստատում է որոշակի ՀՏԿ-ների օգտագործմամբ ոչ մրցակցային գործունեություն ծավալելու և ծառայություններ մատուցող անձի իրավունքներն ու պարտականությունները, որով սահմանվում են սպառողներից գանձվող սակագները, և կարգավորվում է ջրամատակարարների կողմից մատուցվող ծառայությունների որակը.
ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուրն ամբարող և (կամ) այն ջրօգտագործողներին մատակարարող անձ.
պետական կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող իրավաբանական անձանց.
մասնավոր կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն անհատ ձեռնարկատերերին և (կամ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) չունեցող իրավաբանական անձանց.
ոռոգման ջրամատակարարման կառավարում` ոռոգման ջրի պահանջարկի, պլանավորման, մատակարարման և բաշխման ոլորտում ջրամատակարարներին ներկայացվող պահանջներ.
կոնցեսիայի պայմանագիր՝ ջրային համակարգի կամ դրա մասի նկատմամբ օգտագործման իրավունքների փոխանցման գրավոր պայմանագիր.
ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված հողեր.
ջրային համակարգի կառավարիչ՝ անձ, որին սահմանված կարգով տրված են ջրային համակարգի օգտագործման իրավունքը և պահպանման պարտավորությունը.
կշռային գործակից՝ տոկոսային կամ բացարձակ մեծություն, որի միջոցով որոշվում է մրցույթի հաղթողը.
անդրսահմանային ջրային ռեսուրսներ՝ պետական սահմանը հատող, պետական սահմանը նշող կամ նրա վրա գտնվող մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսներ, որոնց սահմանաբաժան (դեմարկացիոն) գծի կողմերից մեկում ընկած հատվածի հատակը և ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը.
ջրերի ստանդարտներ` ջրերի որակական և քանակական չափանիշներ և պահանջներ, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների (ներառյալ՝ ազգային ջրային պաշարի) քանակի պահպանության և ջրային ռեսուրսների որակի բարելավման համար.
կարգավորվող սակագին՝ արդյունահանված, առաքված, մշակված և (կամ) տեղափոխված ջրի միավորի համար Կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գին կամ գների համակարգ.
հաշվարկային սակագին՝ արդյունահանված, առաքված, մշակված և (կամ) տեղափոխված ջրի միավորի համար փաստացի կատարված ծախսերով և ողջամիտ շահույթով հաշվարկված գին.
ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշներ` ՀՏԿ-ների և դրանց օգտագործման պայմանների վթարային վիճակի ռիսկային արժեքներ.
աղտոտում՝ ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների ուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է՝
1) նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էր ակնկալել դրա օգտագործմամբ, կամ՝
2) վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջության կամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ հատկությունների համար: Աղտոտումը ներառում է նաև տվյալ էկոհամակարգի համար օտար մարմինների կուտակումը ջրային ռեսուրսում (աղբոտում).
ջրային ռեսուրսի հյուծում՝ ջրի ծավալի կամ հոսքի այնպիսի կրճատում և (կամ) որակի փոփոխություն, որի դեպքում առաջանում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում.
ջրերի պահպանում՝ ջրերի աղտոտումը և հյուծումը կանխարգելող ու վերացնող միջոցառումներ.
կեղտաջրեր՝ ջրային ռեսուրս թափվող աղտոտված ջրեր.
սահմանային թույլատրելի կոնցենտրացիա՝ վնասակար նյութի այն քանակը, որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա և չի առաջացնում անբարենպաստ հետևանքներ.
թույլատրելի սահմանային արտահոսք՝ վնասակար նյութի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար՝ հաշվի առնելով արտահոսքի տեխնոլոգիական նորմավորման և ջրային ռեսուրսների ֆոնային աղտոտվածությունը բնութագրող մեծությունները.
ջրերի վնասակար ներգործություն՝ ողողումներ, էրոզիա, հեղեղումներ, սելավներ, ջրածածկումներ, ափերի պաշտպանական պատնեշների և պատվարների փլուզումներ, գրունտային ջրերի հորիզոնների բարձրացումներ, հողերի ճահճացումներ և աղակալումներ, նոր ձորակների առաջացում, հների հուների խորացում, սողանքային երևույթների ակտիվացում, սակավաջրություն, երաշտ.
գումարային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա հավաքական ազդեցություն, որն առաջանում է ջրային ռեսուրսի վիճակի փոփոխությունից և դիտարկվում է այլ գործողությունների ազդեցությունների հետ համատեղ.
անդրսահմանային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա վնասակար հետևանքներ, որոնք առաջանում են անդրսահմանային ջրային ռեսուրսների վիճակի փոփոխությունից, եթե փոփոխության աղբյուրը մարդածին է և գտնվում է անդրսահմանային ջրային ռեսուրսի սահմանակից երկրներից մեկում, իսկ դրա ազդեցությունը տարածվում է նաև մյուս երկրների շրջակա միջավայրի վրա.
հատուկ պահպանվող ջրհավաք ավազաններ և գերխոնավ տարածքներ` ջրհավաք ավազաններ և գերխոնավ տարածքներ կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից համարվում են կարևոր և պահանջում են համապատասխան կառավարում, ներառյալ՝ ջրհավաք ավազանները և գերխոնավ տարածքները, կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից ունեն միջազգային նշանակություն.
ջրաէկոհամակարգ` ջրային համակարգի և (կամ) դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի միջև փոխհարաբերությունների ամբողջականություն.
ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ`
- սանիտարական պահպանման գոտի` բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ, կենցաղային սպասարկման, բուժիչ, կուրորտային և առողջարարական կարիքների պահանջների բավարարման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների պահպանման գոտի,
- հոսքի ձևավորման գոտի` տարածք, որտեղ ձևավորվում է գետը,
- ստորերկրյա ջրերի պահպանման գոտի` տարածքներ, որոնք խոցելի են ստորերկրյա ջրերի համար,
- ջրապահպան գոտի` ջրային ռեսուրսների աղտոտումը և հյուծումը կանխելու, ինչպես նաև բարենպաստ ջրային ռեժիմ ապահովելու նպատակով սահմանված տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման և առգրավման,
- էկոտոն՝ ջրային և ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի, որը ներառում է ափամերձ և ջրամերձ տարածքները,
- ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի գոտի` ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի տարածք,
- անօտարելի գոտի` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի և ՀՏԿ-ների օգտագործման, վերականգնման և պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացված տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման կամ առգրավման.
էկոլոգիական թողք` ջրի նվազագույն ելք, որն ապահովում է ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը և ինքնավերականգնումը.
ջրային ռեսուրսների օգտագործման նորմավորում` ջրային ռեսուրսի օգտագործման կանոնների, ՀՏԿ-ների օգտագործման կանոնների, ինչպես նաև ջրավազաններից, դրանց հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի և կենսառեսուրսների չափաքանակների սահմանում.
ջրային ռեսուրսների պահպանության նորմավորում` սահմանային թույլատրելի մարդածին բեռնվածությունների սահմանում, ջրային ռեսուրսներ վերադարձվող կեղտաջրերի և դրանցում գտնվող նյութերի կազմի սահմանային քանակների սահմանում, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակների սահմանում, ջրային ռեսուրսի պահպանման կանոնների սահմանում, ժամանակային կտրվածքով ջրային ռեսուրսներից առավելագույն ջրառի և նվազագույն բնապահպանական հոսքերի չափաքանակների սահմանում:
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով:
Սևանա լճի կառավարման և պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է սույն օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլոր անձանց անվտանգության։
Հոդված 4. | Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի նկատմամբ պետական սեփականությունը |
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:
Մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:
Հոդված 5. | Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները |
Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքներն են՝
1) ներկա և ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը.
2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը և ավելացումը.
3) ջրային և հարակից էկոհամակարգերի և դրանց կենսաբանական բազմազանության պաշտպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբանական բազմազանության ամբողջական և կապակցված հարաբերությունների ճանաչումը.
4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը.
5) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարումը և սակագների կարգավորման իրականացումը՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների միջոցով.
6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքների խթանումը.
7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության.
8) ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածության և համալիր կառավարման ընդունումը.
9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության և տնտեսության աճող պահանջարկի պլանավորումը և բավարարումը.
10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման և պահպանության գործընթացներում ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների.
11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական և տնտեսական արժեք ոչ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաև, երբ չի օգտագործվում: Ջրի տնտեսական արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական, էներգետիկ ներուժի և գյուղատնտեսական արժեքների գումարից.
12) ջրի այլընտրանքային արժեքը կազմվում է այն առավելագույն օգուտից, որը կարող էր բերել, եթե օգտագործվեր որևէ այլընտրանքային ծրագրով և նպատակով.
13) սպառողի համար նվազագույն բավարար քանակության և անհրաժեշտ որակի ջրի օգտագործումը մատչելի դարձնելու նպատակով ջրի կարգավորվող սակագինը սահմանվում է` ելնելով ջրի սակավության նվազեցված արժեքից.
14) կարգավորվող սակագնի սահմանված չափը հաշվարկային սակագնի արժեքից փոքր լինելու դեպքում ջրօգտագործումից առաջացող դրամամուտքի դեֆիցիտի նախատեսում պետական բյուջեում՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների տեսքով: Ջրօգտագործողների վճարունակության բարձրացմանը զուգընթաց լրավճարները պետք է նվազեցվեն, և կարգավորվող սակագնի չափը պետք է մոտեցվի հաշվարկային սակագնի արժեքին.
15) ջրային ռեսուրսների օգտագործում և տրամադրում վճարովի հիմունքներով՝ ջրօգտագործման երաշխավորված վճարների կիրառմամբ: Օգտագործելի ջրային ռեսուրսներն ազատ ջրօգտագործման են տրամադրվում սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ կառավարության սահմանած կարգով.
16) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացում հասարակության մասնակցության և իրազեկության կարևորության ճանաչումը.
17) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետության բարձրացումը.
18) ՀՏԿ-ների անվտանգության և օգտագործման արդյունավետության խթանումը.
19) ջրային հարաբերություններում պարենային և ազգային անվտանգության ապահովումը.
20) ջրային ռեսուրսները, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը համարվում են կենսաապահովման օբյեկտներ և պահպանվում են օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով.
21) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր հետևանքները կառավարելու, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու համար հնարավորությունների ստեղծումը.
22) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցումն ու կանխարգելումը.
23) աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն աղտոտողի կողմից.
24) էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարման արգելումը:
Հոդված 6. | Սույն օրենսգրքի նպատակը |
Սույն օրենսգրքի նպատակն ազգային ջրային պաշարի պահպանությունն է, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը:
Հոդված 7. | Սույն օրենսգրքի խնդիրները |
Սույն օրենսգրքի խնդիրներն են՝
1) ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.
2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը և վերահսկողության իրականացումը.
3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը.
4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը.
5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակի և որակի ջրով ապահովումը.
6) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը և դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը.
7) ՀՏԿ-ների անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը.
8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը և զարգացումը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 8. | Ջրի ազգային խորհուրդը |
Ջրի ազգային խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի և բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:
Ջրի ազգային խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Ի պաշտոնե Ջրի ազգային խորհրդի անդամներ են տարածքային կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը, Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը և Կարգավորող հանձնաժողովի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում ներկայացուցիչներ են ընդգրկվում բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, պետական գույքի կառավարման, առողջապահության, ֆինանսների և էկոնոմիկայի պետական կառավարման լիազորված մարմիններից և բնագավառի մասնագետներից: Ջրի ազգային խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացուցիչներ:
Ջրի ազգային խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգի հիման վրա:
Ջրի ազգային խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
Ջրի ազգային խորհուրդը՝
1) քննարկումներ է կազմակերպում ջրային ռեսուրսների տնօրինման, տիրապետման և օգտագործման բնագավառում ծագած հարցերի,
2) առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի և դրանցում առաջարկվող փոփոխությունների նախագծերի, ջրային հարաբերություններին առնչվող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի, ջրի ազգային ծրագրի կատարման տարեկան հաղորդումների, Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման մարմինների գործողություններում առաջացող տարաձայնությունների վերաբերյալ:
Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծվում է վեճերը լուծող հանձնաժողով:
Հոդված 9. | Վեճերը լուծող հանձնաժողովը |
Վեճերը լուծող հանձնաժողովը կարող է լուծել ջրային հարաբերություններում ծագած ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերը: Վեճերի լուծման համար հանձնաժողովը կարող է օգտագործել միջնորդությունը և բոլոր կողմերի համաձայնությամբ ծառայել որպես վեճերի վերջնական լուծում տվող միջնորդ: Վեճերը լուծող հանձնաժողովի որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, և դրա չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Վեճերը լուծող հանձնաժողովի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Վեճերը լուծող հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգի հիման վրա:
Հոդված 10. | Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը |
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝
1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները.
2) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարումը և պահպանությունը.
3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները և նորմերը.
4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի.
5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը և վերահսկում է դրանց կիրառումը.
6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը և հաստատում է կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշները.
7) հաստատում է մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները.
8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը և դրանց իրականացումը.
9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը.
10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները.
11) մասնակցում է ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.
12) աջակցում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացմանը, պլանավորման և կառավարման գործընթացում ներառում է դրանց արդյունքները.
13) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման գործընթացը.
14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները և մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար.
16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը և հասարակայնության ծանուցումը.
17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար.
18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը.
19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների և սահմանափակումների կատարման նկատմամբ:
Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված և ապակենտրոնացված կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանային կառավարման մարմիններ:
Հոդված 11. | Ջրավազանային կառավարման մարմինները |
Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները:
Ջրավազանային կառավարման մարմինները՝
1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի և հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները.
2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի և ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ.
3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները.
4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը.
5) ապահովում են, որպեսզի օգտագործվող ջրային հոսքերի մակարդակը չգերազանցի ջրօգտագործման թույլտվությամբ նշված թույլատրելի սահմանը, որի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին.
6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատմամբ սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաև իրականացնում ու վերահսկում են ջրառի հաշվառումը.
7) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման սահմանային չափաքանակների և ջրամատակարարման ռեժիմի կազմմանը.
8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից:
Հոդված 12. | Ջրային համակարգերի կառավարման մարմինը |
Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝
1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար.
2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին.
3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.
4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին.
5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.
7) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.
8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություններ.
9) կառավարության հաստատած կարգով կարգավորում և վերահսկում է ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.
10) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների, վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը.
11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.
12) մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.
13) Կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ կարգավորվող սակագների վերաբերյալ.
14) Կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ:
Հոդված 13. | Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդը |
Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնակարգող խորհրդի կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 14. | Կարգավորող հանձնաժողովը |
Կարգավորող հանձնաժողովն իրականացնում է ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականությունը և ոչ մրցակցային ջրամատակարարներին տալիս է ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները:
Կարգավորող հանձնաժողովը պետական կառավարման գործառույթներ իրականացնող անկախ մարմին է, որի ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Կարգավորող հանձնաժողովը մշակում և իրականացնում է սակագնային քաղաքականությունը, ինչպես նաև ոչ մրցակցային ջրամատակարարներին ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները տրամադրում է օրենքով սահմանված կարգով` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 15. | Ջրի ազգային քաղաքականությունը |
Ջրի ազգային քաղաքականությունը՝
1) սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ռազմավարական զարգացման հեռանկարային նպատակները և հիմնախնդիրները, որոնց հիման վրա սահմանվում են ջրօգտագործման գերակայական սկզբունքները.
2) սույն օրենսգրքի նպատակների և սկզբունքների իրականացման համար դրույթներ է պարունակում ջրային հարաբերությունների բնագավառում իրականացվող քաղաքականության, ներառյալ՝ այդ ոլորտում ջրավազանային ռազմավարությունների և պլանների մշակման վերաբերյալ, առաջիկա 10-15 տարիների համար.
3) տալիս է բաշխման ենթակա ջրերի քանակի և որակի նախնական գնահատականը, ուրվագծում է բնակչության և տնտեսության ներկա և ապագա պահանջարկը՝ լուծելու համապատասխան քանակի և որակի ջրային ռեսուրսների հետ կապված հիմնախնդիրները:
Կառավարության ներկայացմամբ ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները սահմանվում են օրենքով:
Հոդված 16. | Ջրի ազգային ծրագիրը |
Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է`
1) ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը և ավելացմանը.
2) բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները.
3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները և այդ համակարգերի ցանկը.
4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը.
5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները և իրականացման ժամանակացույցը.
6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.
7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները.
8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող իրավական և նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաև առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.
9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.
10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար:
Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային կառավարման տարածքների՝
1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը և ջրային ռեսուրսների դասակարգումը.
2) ջրային համակարգերի դասակարգումը.
3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումները.
4) ոլորտների ջրօգտագործումը և դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային ռեսուրսների բաշխման վրա.
5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների.
6) ջրի պահպանության և կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման և ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները և ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալները.
7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ռազմավարությունը.
8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը.
9) ջրերի ստանդարտները.
10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրությունը և դրանց համակարգումը.
11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը և ստացվելիք դրամամուտքերը.
12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները.
13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնց մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական և (կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգի կիրառում.
14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիները.
15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները:
Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաև դրանում առաջարկվող փոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 15-ը:
Հոդված 17. | Ջրավազանային կառավարման պլանները |
Ջրի ազգային ծրագրից ելնելով` Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրավազանային կառավարման պլաններ, որոնք հաստատում է կառավարությունը:
Ջրավազանային կառավարման պլանավորման միջոցով հավասարակշռվում են ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Հոդված 18. | Ազգային ջրային պաշարը |
Ազգային ջրային պաշարի մեծությունը սահմանվում է ջրի ազգային ծրագրով՝ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ջրային ռեսուրսների:
Ջրային ռեսուրսները չեն կարող արդյունահանվել, բաշխվել, ինչպես նաև տրամադրվել ջրօգտագործման այնպես, որ նախատեսվի ազգային ջրային պաշարի ծավալի նվազում:
Հոդված 19. | Ջրային ռեսուրսների մոնիտորինգը և տեղեկատվական համակարգերը |
Ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինը պատասխանատու է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման համար՝ օրենքով սահմանված կարգով:
Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգերի միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Ջրային կադաստր ներառելու համար մոնիտորինգն ապահովում է տվյալներ՝
1) ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների, այդ թվում՝ ձնածածկույթների,
2) ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների,
3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության,
4) ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցությունների հետևանքների, ներառյալ՝ աղտոտման,
5) կեղտաջրերի և դրանցում գտնվող նյութերի կազմի ու քանակների,
6) ջրային ռեսուրսների վերականգնման,
7) ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների,
8) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների և դրանց վիճակի,
9) մթնոլորտային տեղումների և մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,
10) ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների,
11) ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Պետական ջրային կադաստրի տվյալները համարվում են պաշտոնական:
Ջրային ռեսուրսների համապատասխան կառավարումը և պահպանությունն ապահովելու նպատակով պետական ջրային կադաստրի տեղեկատվությունը մատչելի է:
Պետական ջրային կադաստրը հաշվառում է ջրային ռեսուրսների հաշվեկշիռը՝ ըստ առանձին ջրավազանների և գումարային:
Ստորերկրյա ջրերի երկրաբանական ուսումնասիրություն և պաշարների գնահատում կատարելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալները պետական ջրային կադաստր ներկայացնելու կարգերը սահմանվում են օրենքով:
Յուրաքանչյուր տարի ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինը ջրային ռեսուրսների մոնիտորինգի մասին Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համալիր հաշվետվություն, որը ներառվում է ջրի ազգային ծրագրի կատարման մասին կառավարության ամենամյա հաղորդման մեջ:
Մատակարարվող ջրերի հաշվառումն իրականացվում է ջրաչափերի միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում կիրառվում է կառավարության հաստատած ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը:
Ջրաչափերի հավաստագրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Բաց հուներում հավաստագրման են ենթակա նաև ջրաչափական դիտակետերը:
Ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունները և վթարները վերացվում են ջրամատակարարման պայմանագրով սահմանված կարգով: Մինչև ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունների և վթարների վերացումը ջրի հաշվառումը կատարվում է կառավարության սահմանած հաշվարկային կարգով, որը հիմնվում է ջրօգտագործողի կողմից ջրի հնարավոր առավելագույն քանակի օգտագործման և ջրամատակարարի ծախսերի նվազագույն փոխհատուցման սկզբունքի վրա:
Հոդված 20. | Հանրային մասնակցությունը |
Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝
1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.
2) ջրի ազգային ծրագրի նախագիծը.
3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը.
4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները.
5) ջրային համակարգերին օգտագործման տրվելիք թույլտվությունները.
6) ջրերի ստանդարտների նախագծերը.
7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը:
Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի և դրա տեղանքի մասին ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը և տեղեկացնում հնարավոր հետևանքների մասին:
Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել համապատասխան մարմին և 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. | Ջրօգտագործման թույլտվությունը |
Ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Հոդված 22. | Ազատ ջրօգտագործումը |
Ազատ ջրօգտագործում է համարվում`
1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.
2) հանգստի, լողալու, ջրային մարզաձևերով (այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով) զբաղվելը.
3) կարթով ձկնորսությունը և սպորտային որսորդությունը.
4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում.
5) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.
6) էկոլոգիական նպատակներով սանիտարական ելքերի համար ջուր վերցնելը:
Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաև ապահովի այլ կանխարգելող միջոցառումներ՝ ջրային ռեսուրսները պահպանելու համար:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կառավարության սահմանած կարգով կարող է որոշակի ջրօգտագործողների ազատել ջրօգտագործման թույլտվություն ստանալու պահանջից՝
1) եթե այդպիսի ջրօգտագործումն էական չէ.
2) այնքան ժամանակով, մինչև այդպիսի գործունեությունը չի խախտում կամ չի սպառնում խախտել ջրերի ստանդարտները:
Հոդված 23. |
Լճափերի, գետափերի և այլ ջրափերի մատչելիությունը |
Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն և անվճար օգտագործել բնական մակերևութային ջրային ռեսուրսները և դրան հարակից տարածքները, քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության համար կամ հակասում է հասարակական շահերին:
Հոդված 24. | Ջրերի հատկացումը հակահրդեհային նպատակներով |
Հակահրդեհային նպատակների համար օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնել ցանկացած ջրային ռեսուրսից և ջրամատակարարման համակարգից:
Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 25. | Ստորերկրյա ջրերի օգտագործումը |
Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք:
Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը: Եթե որևէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից համարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր համաձայնությունը, ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝ դրա նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով հարկադիր սերվիտուտի կիրառմամբ:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է ստորերկրյա ջրային աղբյուրներից ջրառի առավելագույն սահմանաքանակը՝ հաշվի առնելով ազգային ջրային պաշարը:
Հոդված 26. | Ոռոգելի աղակալված հողերի լվացումը |
Ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով վաղ գարնանային և ուշ աշնանային ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում են անվճար:
Հոդված 27. | Ջրօգտագործման թույլտվության վավերությունը |
Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի և ջրօգտագործման թույլտվություն ստացած անձի կողմից, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կնիքով և գրանցված է պետական ջրային կադաստրում:
Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները:
Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի սահմանած ձևաթղթին համապատասխան:
Հոդված 28. | Ջրօգտագործման թույլտվության համար կիրառվող ընդհանուր նախապայմանները |
Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է համապատասխանի.
1) սույն օրենսգրքի պահանջներին.
2) ջրի ազգային քաղաքականությանը.
3) ջրի ազգային ծրագրին.
4) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին.
6) ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին.
7) ջրերի ստանդարտներին.
8) սույն օրենսգրքի համաձայն ընդունված համապատասխան այլ իրավական ակտերի պահանջներին:
Հոդված 29. | Ջրօգտագործման թույլտվության հայտը |
Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝
1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին և դրանց առնչվող իրավական այլ ակտերին.
2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների և համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը և գտնվելու վայրը:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ և Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը:
Հոդված 30. | Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը |
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ հայտ է ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին կամ ջրավազանային կառավարման մարմին:
Ջրօգտագործման թույլտվության հայտը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը նախնական կարծիք է տալիս հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ՝ ուղարկելով հայտի նախնական քննարկման արդյունքները հայտը ներկայացնող անձին՝ ուղղակիորեն կամ լիազորված մարմնի (անձի) միջոցով:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից հայտի նախնական գնահատումը ներառում է սույն օրենսգրքով նախատեսված ջրօգտագործմանը ներկայացվող հատուկ պայմանների սահմանումը, պահանջվող լրացուցիչ տեղեկությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության նշումը:
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի նախնական գնահատումը կատարելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:
Օրենքով նախատեսված դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացը կարող է երկարաձգվել, սակայն 60 օրից ոչ ավելի ժամկետով:
Վերը նշված նախնական քննարկումներն իրականացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն իրականացնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական քննարկումը:
Վերջնական քննարկումը ներառում է ջրօգտագործման թույլտվություն տալուն առնչվող բոլոր հարցերի դիտարկումը, ներառյալ՝ հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները, ջրօգտագործման թույլտվության հատուկ պայմանների սահմանումը, որոնք վերաբերում են ջրի քանակի ու որակի պահպանությանը և կցվում են ջրօգտագործման թույլտվությանը:
Վերջնական քննարկումն ավարտելուց հետո Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական որոշումը և, ըստ անհրաժեշտության, լրացված և ստորագրված ջրօգտագործման թույլտվության պատճենները կարծիքների, պայմանների և հրահանգների հետ՝ ուղղակիորեն կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է հայտատուին:
Եթե պայմանները չեն բավարարում ջրօգտագործման թույլտվության հայտատուին, ապա նա իրավունք ունի բողոքարկել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի որոշումը՝ օրենքով սահմանված կարգով:
Ջրօգտագործման թույլտվությունը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտը ներկայացնողը պետք է ստորագրված թույլտվությունը վերադարձնի Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:
Հայտ ներկայացնողի կողմից ստորագրված ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին ներկայացնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները:
Հոդված 31. | Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները |
Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարող է նվազեցնել ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները:
Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կիրառում է հետևյալ չափանիշները՝
1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի, ջրավազանային կառավարման պլանների և այլ իրավական ակտերի պահանջները.
2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցություններն ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա.
3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին և նշանակությանը.
4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա.
5) սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.
6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները.
7) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին:
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջև բաշխելու գերակայությունները սահմանող հետևյալ չափանիշներով`
1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը.
2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող ավանդական ջրօգտագործումներին.
3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույն օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին.
4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված որոշակի միջոցառումներ:
Հոդված 32. | Ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը |
Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն պետք է ներառի՝
1) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը և հասցեն.
2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.
3) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.
4) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը.
5) ջրառի և ջրօգտագործման վայրերը.
6) ջրօգտագործման նպատակները.
7) օգտագործվող ջրի քանակը.
8) ջրօգտագործման ժամանակահատվածը.
9) ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողության մեխանիզմները.
10) ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.
11) հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և ջրի որակը բարելավելու, գերխոնավ և առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար.
12) համապատասխան պահանջներ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար.
13) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.
14) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը:
Առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու և սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններն ապահովելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կարող է կցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ: Այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը և սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:
Ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձևափոխել կամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը փոփոխելու, ձևափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:
Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:
Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ ձևով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:
Հոդված 33. | Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը |
Մինչև ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի:
Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:
Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել:
Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:
Ջրօգտագործման թույլտվություն ունեցողը թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ կարող է դիմել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, և դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին և ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձևակերպման` նույն ժամկետով և պայմաններով:
Հոդված 34. | Ջրօգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և չեղյալ համարելը |
Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրօգտագործման թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սահմանված պարտավորությունները չկատարելը դիտվում է որպես ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտում՝ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության նորմերի կիրառմամբ:
Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձն այլևս դրա կարիքը չունի կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին, վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:
Հասարակական շահերը պաշտպանելու, ջրերի ստանդարտները և շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ջրօգտագործման թույլտվությունը կարող է կասեցվել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից: Եթե կասեցման պատճառն էկոլոգիական արտակարգ իրավիճակը չէ, ինչպիսիք են երաշտը, աղտոտումը կամ այլ աղետները, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը պետք է համարժեք փոխհատուցում ստանա հասցված վնասի դիմաց, ներառյալ` կորցված շահույթները:
Ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձի համար սահմանում է ողջամիտ ժամկետ՝ նրա հետագա գործունեությունը թույլտվության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորություններն ապացուցելու համար:
Հոդված 35. | Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը և պայմանագրով տրամադրելը |
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության պայմաններով:
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝
1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.
2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝
1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման թույլտվության պահանջները.
2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման համար պատասխանատվությունները.
3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորությունները և իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ:
Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբ փոխանցվող սեփականություն:
Հոդված 36. | Ջրօգտագործման թույլտվության դադարեցումը |
Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը 3 տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքերի, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է դադարեցված և ճանաչվում է առ ոչինչ:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պահանջվում է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն, սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է առ ոչինչ:
Հոդված 37. | Ջրի նպատակային օգտագործումը |
Ջուրը պետք է վերցվի և օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով և չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հիմնավորած և սահմանած չափաքանակները:
Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը:
Գ Լ ՈՒ Խ 5.
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 38. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը |
Յուրաքանչյուր ոչ մրցակցային ջրամատակարար պարտավոր է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը ներառում է այն ջրային համակարգի նկարագրությունը, որի միջոցով իրականացվում է ոչ մրցակցային ջրամատակարարումը և համարվում է տվյալ ջրային համակարգի անբաժանելի մասը:
Յուրաքանչյուր ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ սահմանվում և ամրագրվում է՝
1) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման իրավունքը.
2) մատուցվող ծառայությունների սակագները.
3) մատուցվող ծառայությունների որակին ներկայացվող պահանջները։
Նոր ջրային համակարգի շինարարության կամ գոյություն ունեցող ջրային համակարգի վերակառուցման դեպքում տվյալ ջրային համակարգի սեփականատերը պետք է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն:
Հոդված 39. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վավերությունը |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է դիմող անձի և Կարգավորող հանձնաժողովի կողմից, հաստատված է վերջինիս կնիքով և գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի Կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևաթղթին։
Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը համարվում է չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում Կարգավորող հանձնաժողովն իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն անձին իրավունք չի վերապահում ունենալ այդ թույլտվության հետ առնչվող գետի, աղբյուրի, լճի կամ այլ ջրային ռեսուրսի նկատմամբ տիրապետման և օգտագործման իրավունք, ձևափոխել, խախտել այդ ջրերի հունը, ափերն ու եզրերը, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսված է իրականացնել նման գործողություններ: Այդ դեպքերում ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 40. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվության նախապայմանները |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի՝
1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի պահանջներին.
2) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին.
4) կարգավորող (ներառյալ՝ ջրերի) ստանդարտներին.
5) սույն օրենսգրքի համաձայն ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին:
Հոդված 41. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրային համակարգի օգտագործումը և կառավարումը՝
1) չի համապատասխանում սույն օրենսգրքին, ջրօգտագործման պլաններին և ռազմավարությանը, ինչպես նաև դրանց առնչվող իրավական այլ ակտերին.
2) ունի վնասակար ազդեցություն ջրային ռեսուրսների որակի կամ քանակի վրա:
Եթե ջրային համակարգից օգտվելու համար ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմած անձին անհրաժեշտ է սերվիտուտ՝ մեկ այլ անձի սեփականության նկատմամբ, ապա դիմողն այդ մասին պետք է համապատասխան նշում կատարի իր հայտում։
Կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձից պահանջում է նկարագրել անհրաժեշտ սերվիտուտի բնույթը, նշել հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ինչպես նաև դիտարկվող գույքի տեղակայությունները։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձը ներկայացնում է ապացույցներ, որ հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատերերը նախազգուշացվել են ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասին և համաձայն են ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձին տրամադրել անհրաժեշտ սերվիտուտ։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի մեջ պետք է նշվեն դիմողի կողմից ջրային համակարգի օգտագործման նախկին թույլտվությունների, ինչպես նաև ջրային համակարգի օգտագործման ու կառավարման նախկին փորձի մասին։
Հոդված 42. | Ջրօգտագործման թույլտվությունը` որպես նախապայման |
Որպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու նախապայման, օգտագործման թույլտվության համար դիմող յուրաքանչյուր անձ պետք է ունենա ջրօգտագործման թույլտվություն, որը պետք է համապատասխանի առաջարկվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման ու կառավարման պահանջներին, իսկ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտ պետք է պարունակի սույն օրենսգրքով սահմանված փաստաթղթերը։
Հոդված 43. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող անձը սույն օրենսգրքով սահմանված կարգով հայտ է ներկայացնում Կարգավորող հանձնաժողով:
Հայտն ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովը քննարկում և ընթացք է տալիս այդ հայտին:
Հայտերը քննարկելու և ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու ընթացակարգն ու պայմանները սահմանվում են Կարգավորող հանձնաժողովի կողմից՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովն ապահովում է հասարակայնության ծանուցումը և տալիս տեղեկատվություն՝ ջրային համակարգի հայցվող օգտագործման թույլտվության վերաբերյալ։
Առանձին դեպքերում ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար Կարգավորող հանձնաժողովը խորհրդակցում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հետ:
Կարգավորող հանձնաժողովը համապատասխան պետական կառավարման մարմիններին հնգօրյա ժամկետում ծանուցում է քննարկվող ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասին։ Ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տվյալ պետական կառավարման մարմիններն ապահովում են հայտի քննարկումն ու կարծիքների տրամադրումը:
Օրենքով նախատեսված դեպքում ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:
Հասարակական քննարկումը և օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովը վերջնական քննության է առնում ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը՝ որոշելով և կցելով վերջնական հատուկ պայմանները, որոնք պահանջվում են ջրի որակը և քանակը պահպանելու համար, ներկայացնում է առաջարկություններ և ապահովում է համապատասխան պետական կառավարման մարմնի ստորագրությունը: Անհրաժեշտության դեպքում Կարգավորող հանձնաժողովը կարող է երկարաձգել որոշում ընդունելու ժամկետը, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս:
Կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության մասին որոշումը կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում, օգտագործման թույլտվությունը և որոշման պատճենն ուղարկում է հայտ ներկայացնողին, իսկ օգտագործման թույլտվության պատճենը՝ պետական ջրային կադաստր՝ գրանցման համար:
Հոդված 44. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի քննարկման ընթացքում Կարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվությանը կցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ՝ հավաստիանալու համար, որ առաջարկված գործունեությունը համապատասխանում է սույն օրենսգրքի պահանջներին և չի խախտում սոցիալական և էկոլոգիական կայունությունը: Նման պայմանները համարվում են ջրային համակարգի օգտագործման թույլտվության անբաժանելի մասը և սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է ներառի՝
1) թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը և հասցեն.
2) թույլտվության գործողության ժամկետը.
3) գործունեության իրականացման տարածքների նկարագրությունը.
4) տվյալ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի գործունեության նպատակը և նկարագրությունը.
5) թույլտվության հետ կապված ջրօգտագործման թույլտվության նկարագիրը.
6) այն հատուկ պայմանները և ստանդարտները, որոնք անհրաժեշտ են տվյալ ոչ մրցակցային ջրային համակարգի հուսալի օգտագործման և պահպանության համար, ինչպես նաև անձնակազմի որակավորման վերաբերյալ պահանջները.
7) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործմանն առնչվող գույքային պահանջներն ու իրավունքները.
8) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման ընթացքում կիրառվելիք միջոցառումները և կարգավորվող սակագները՝ ուղղված ջրի արդյունավետ օգտագործման խթանմանը և ջրի որակի պահպանմանը.
9) գրանցումների և հաշվետվության կարգը, ջրային համակարգի օգտագործման թույլտվության իրավասության սահմաններում ջրային համակարգերի օգտագործումը վերահսկելու ձևերը.
10) թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո տարածքի վերականգնման պահանջները.
11) համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, եթե վնաս կհասցվի ջրային ռեսուրսներին և ջրային համակարգերին.
12) թույլտվության հետ առնչվող` սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում օգտագործել երրորդ անձի սեփականությունը, մուտք գործել այնտեղ կամ օգտվել դրանից, նույնիսկ եթե դա անհրաժեշտ է ջրային համակարգի օգտագործման կամ ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված իրավունքներն իրականացնելու համար, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող յուրաքանչյուր անձ բանակցում է այն սեփականատերերի հետ, որոնց գույքի վրա հնարավոր է նրա գործունեության ազդեցությունը: Վերջիններս կարող են ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձին թույլ տալ օգտագործելու իր սեփականություն հանդիսացող գույքը՝ անվճար կամ վճարովի հիմունքներով, ինչպես նաև բանակցել այլ պայմանների վերաբերյալ, թույլ չտալ սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ սահմանված է հարկադիր սերվիտուտի պահանջը։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ ձևով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:
Հոդված 45. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տևողությունը և վերաձևակերպումը |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության առավելագույն ժամկետը 25 տարի է։ Եթե ներդրումային սկզբնական ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի թույլտվության գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ դիմել Կարգավորող հանձնաժողով` թույլտվության ժամկետը երկարաձգելու համար։ Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվության դրույթներն ու պայմանները պահպանվել են, և թույլտվության վերաձևակերպումը չի հակասում գործող օրենսդրությանն ու ծրագրերին, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է վերաձևակերպել թույլտվությունը։
Հոդված 46. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը դիտվում է որպես պայմանագիր՝ թույլտվություն ստացած անձի և Կարգավորող հանձնաժողովի միջև, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտականությունները։
Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները, ապա դա դիտվում է որպես պայմանագրի խախտում՝ դրանից բխող հետևանքներով։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների փոփոխման համար թույլտվություն ունեցող անձը պետք է հայտ ներկայացնի։
Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցողը դրա կարիքը չունի կամ չի ցանկանում ունենալ օգտագործման թույլտվությունը, ապա նա պարտավոր է գրավոր տեղյակ պահել Կարգավորող հանձնաժողովին և վերջինիս ներկայացնել ջրային համակարգի օգտագործման թույլտվության ստորագրված պատճենը, ինչը հիմք է օգտագործման թույլտվության գործողությունը դադարեցնելու համար:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունից զրկելը կամ ջրային համակարգի օգտագործումը կասեցնող ցանկացած որոշում թույլտվություն ունեցող անձին չի ազատում օգտագործման թույլտվության պայմանների կամ այլ օրենքների ու իրավական այլ ակտերի խախտման համար պատասխանատվությունից։
Հոդված 47. | Ջրային համակարգի օգտագործման թույլտվության փոխանցելը կամ պայմանագրային կարգով այլ անձանց հանձնելը |
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը և դրան առնչվող իրավունքներն ու պարտականությունները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակիորեն կամ ամբողջովին վաճառվել կամ այլ կերպ փոխանցվել մեկ այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օգտագործման թույլտվության պայմաններով։
Թույլտվության փոխանցումը կատարվում է պայմանագրով, որը սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է գրանցման:
Գ Լ ՈՒ Խ 6.
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 48. | Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները |
Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվել պետական և (կամ) մասնավոր կառավարումներ:
Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնության ծանուցումը և մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետք է ապահովի ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների սահմանված կարգով ձևակերպումները:
Ջրային համակարգի օգտագործման և ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձանց ջրային համակարգի օգտագործման իրավունքը ծագում է օգտագործման պայմանագիրը կնքելու և անշարժ գույքի պետական լիազորված մարմնում այն գրանցելու պահից:
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝ սույն օրենսգրքով սահմանված ձևերով և կարգով:
Ջրային համակարգերի օգտագործման վճարը սահմանվում է դրանց օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով:
Կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ նախապատվությունը տրվում է մասնագիտական գործունեության փորձ և գիտելիքներ ունեցող անձանց:
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը չի կարող գերազանցել դրա օգտագործման թույլտվությամբ սահմանված ժամկետը:
Հոդված 49. | Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ձևերը |
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել հետևյալ ձևերով՝
1) հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով.
2) կոնցեսիայի պայմանագրով.
3) առևտրային կազմակերպության ստեղծումով.
4) վարձակալությամբ:
Փոխանցման ձևերի կարգերը սահմանվում են օրենսդրությամբ:
Հոդված 50. | Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը |
Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է տրամադրվում մրցութային եղանակով:
Հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ջրային համակարգը (այդ թվում՝ մրցույթի պայմանները կատարելու համար հավատարմագրային կառավարչի կողմից ձեռք բերված գույքը) մնում է պետական սեփականություն:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման տրամադրելու մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ նշվում են հավատարմագրային կառավարման ժամկետները, պահանջվող ներդրումների մեծությունը, հավատարմագրային կառավարչին հասանելիք վարձատրության մեկնարկային չափը, ջրային համակարգի օգտագործման, ինչպես նաև տվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները:
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիր, որը պետք է ներառի՝
1) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ.
2) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը.
3) հավատարմագրային կառավարման կատարումն ապահովող գրավի չափը.
4) ջրապահպան միջոցառումների իրականացման ծրագիրը.
5) օրենսդրությամբ սահմանված` մրցույթի այլ պայմաններին վերաբերող առաջարկներ:
Հոդված 51. | Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման ծրագիրը |
Հավատարմագրային կառավարման ծրագիրը ջրային համակարգի կառավարչի գործառույթներն ստանձնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի ծրագիրն է, որը պետք է բովանդակի՝
1) հավատարմագրային կառավարման տնտեսական նպատակահարմարության հիմնավորումը.
2) հավատարմագրային կառավարման նպատակներին հասնելու համար դրված խնդիրները, դրանց լուծման ուղիների նկարագրությունը.
3) տեղեկություններ անձի տեխնիկական և մասնագիտական ապահովվածության մասին.
4) ջրային համակարգի արդյունավետ օգտագործման և զարգացման համար առաջարկվող (իրականացվելիք) միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվող ֆինանսական միջոցները և աղբյուրները.
5) այլ տեղեկություններ և դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարվեն հայտ ներկայացնող անձի կողմից:
Հոդված 52. | Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման չափանիշները |
Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման համար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով:
Հավատարմագրային կառավարման ծրագրի տեխնիկական, մասնագիտական ապահովվածությունը, ֆինանսական միջոցների առկայությունը բնութագրող ցուցանիշները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավը ենթակա են պարտադիր գնահատման:
Մրցութային առաջարկների գնահատման սանդղակում հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման համար սահմանված կշռային գործակիցը չի կարող գերազանցել 0,25-ը:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը կարող է անցկացվել մասնակիցների նախնական որակավորմամբ՝ կառավարության սահմանած կարգով:
Հոդված 53. | Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը |
Կոնցեսիայի պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը:
Կոնցեսիայի պայմանագրով ջրային համակարգի կառավարումն ստանձնող անձի և Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջև կնքվում է պայմանագիր:
Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման դեպքում Ջրային համակարգերի կառավարման մարմինը կարող է՝
1) որոշում կայացնել որոշակի ջրային համակարգի նկատմամբ մրցութային կարգով կոնցեսիայի պայմանագրի տրամադրման մասին.
2) կոնցեսիայի պայմանագիր շնորհել առաջին հայտատուին կամ, եթե միևնույն ջրային համակարգը կոնցեսիայի պայմանագրով ստանալու համար միաժամանակ դիմել են մի քանի հայտատուներ, ընտրել այն հայտը, որով առաջարկվում են լավագույն պայմանները:
Հոդված 54. | Առևտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը |
Առևտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: Հայաստանի Հանրապետության և առևտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների) միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունքի փոխանցում տվյալ կազմակերպության այլ՝ պետության կողմից ընտրված հիմնադրին (մասնակցին):
Ստեղծվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, պետական սեփականություն մնացող բաժնեմասի (բաժնետոմսերի) և ոչ պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) հարաբերակցությունը սահմանում է կառավարությունը` ելնելով ջրային համակարգի՝
1) արժեքից, որը հաշվարկվում է կառավարության սահմանած կարգով.
2) հետագա զարգացման հեռանկարներից և դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից:
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տվյալ ջրային համակարգի գույքի ներդրմամբ ստեղծված առևտրային կազմակերպությանը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ:
Հոդված 55. | Վարձակալությամբ ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը |
Ջրային համակարգը վարձակալության է տրամադրում Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Վարձակալության իրավունքը տրամադրվում է աճուրդով, եթե վարձակալից չի պահանջվում կատարել որևէ պայման: Աճուրդի քննարկման առարկա է հանդիսանում վարձակալական վճարի չափը:
Վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով, եթե վարձակալից պահանջվում է իրականացնել նաև ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված որոշակի պայմաններ:
Վարձակալի և Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջև կնքվում է ջրային համակարգի վարձակալության պայմանագիր:
Ջրային համակարգը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելիս վարձավճարի հաշվարկային չափը համարվում է մեկնարկային: Ջրային համակարգի վարձակալական վճարի հաշվարկային չափը որոշում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ կառավարության սահմանած կարգով: Վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի հաշվարկային չափը պետք է հնարավորություն ստեղծի տվյալ բնագավառում իրականացնել շահութաբեր տնտեսական գործունեություն:
Ջրային համակարգի վարձակալն իրավունք չունի վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել այլ անձի, վարձակալած գույքը հանձնել անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքը գրավ դնել կամ որպես ավանդ ներդնել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում:
Հոդված 56. | Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետի երկարաձգումը |
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով, սակայն ոչ ավելի ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսվածից, եթե կողմերը, սույն օրենսգրքի և ջրային համակարգի օգտագործման պայմանագրի համաձայն, օգտագործման իրավունքի դադարման մասին չեն հայտարարել պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ:
Հոդված 57. | Ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը |
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը դադարում է, եթե՝
1) ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված կարգով լուծվել է պայմանագիրը.
2) լրացել է ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված ժամկետը և այն չի երկարաձգվել.
3) լուծարվել է ջրային համակարգի կառավարիչ իրավաբանական անձը.
4) մահացել է ջրային համակարգի կառավարիչ ֆիզիկական անձը.
5) օրենսդրությամբ սահմանված կարգով արգելվել է ջրային համակարգի օգտագործումը.
6) խախտվել են ջրօգտագործման թույլտվության և ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները:
Սույն հոդվածի 5-րդ կետի հիմքով ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարումը կարող է իրականացվել միայն ջրային համակարգի կառավարչին հասցված վնասը և կորցված շահույթն օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելուց հետո:
Հոդված 58. | Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները |
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝
1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները և պայմանները չեն փոխվում, իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում գրանցման համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով.
2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխանցված ջրային համակարգի օգտագործման իրավունքն ազդում է երրորդ անձանց իրավունքների վրա, կամ դրա արդյունքում կարող են փոփոխվել ջրային համակարգը բնութագրող մեծությունները, կարող են սահմանվել ջրային համակարգի օգտագործման նոր պայմաններ՝ առանց խախտելու գործող ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների պայմանները:
Հոդված 59. | Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները |
Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝
1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի և ջրօգտագործման թույլտվության պահանջներին համապատասխան.
2) ջրամատակարարներից և (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարված ջրի վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների.
3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն իրականացնելու համար նախատեսված հողատարածքներ.
4) հրաժարվել ջրային համակարգի օգտագործման և դրանից բխող այլ իրավունքներից՝ առնվազն վեց ամիս առաջ տեղեկացնելով այդ մասին Ջրային համակարգերի կառավարման մարմնին.
5) ջրային համակարգի օգտագործման պայմանագրում առաջարկել փոփոխություններ և լրացումներ.
6) առաջարկել երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետները՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով.
7) ջրային համակարգին վնաս պատճառած անձանց նկատմամբ վնասների հատուցման հայցեր ներկայացնել դատարան.
8) իրականացնել սույն օրենսգրքից բխող ցանկացած գործունեություն, եթե ջրային համակարգի օգտագործման պայմանագրով այլ բան սահմանված չէ.
9) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:
Հոդված 60. | Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները |
Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝
1) ջրամատակարարներին և (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի և քանակի ջրով.
2) ապահովել ստացվող և հատկացվող ջրի հաշվառումը.
3) վճարել օրենսդրությամբ նախատեսված և պայմանագրով սահմանված վճարները.
4) կատարել ջրային համակարգի օգտագործման և պահպանման անվտանգությանն ուղղված պայմանագրային պահանջները.
5) գործել բնապահպանական սահմանված չափանիշներին և ընդհանուր դրույթներին համապատասխան.
6) ապահովել ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 61. | Ոռոգման ջրամատակարարման կառավարման առանձնահատկությունները |
Ոռոգման ջրամատակարարման կառավարումն իրականացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը կամ ջրօգտագործողների ընկերությունը (ջրօգտագործողների ընկերությունների միությունը)՝ օրենքով սահմանված կարգով:
Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման կառավարման դեպքում ոռոգման ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել մրցույթով, սույն օրենսգրքով նախատեսված կարգով, մինչև 5 տարի ժամկետով:
Հոդված 62. | Ջրային հողերի օգտագործման իրավունքը |
Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն օգտագործման տրամադրել այլ անձանց՝ սանիտարական և ջրապահպան գոտիների համար՝ ջրօգտագործման և (կամ) ջրային համակարգի օգտագործման թույլտվություններով սահմանված պահանջների պահպանմամբ: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողը գետերի ողողահուների ու ջրային հողերի օգտագործման պայմանագիր այլ անձանց հետ կարող է կնքել ոչ ավելի, քան ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսված ժամկետը: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ գետերի ողողահուների ու ջրային ֆոնդի հողերի օգտագործման պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
Ջրային հողերի օգտագործումը ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով կարող է սահմանափակվել կամ արգելվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7.
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 63. | Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պայմանները |
Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող անդրսահմանային ջրային ռեսուրսների նկատմամբ, մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը, կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված նորմերը:
Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պայմանները պետական սահմանի վրա սահմանվում են Հայաստանի Հանրապետության և սահմանակից երկրների միջպետական համաձայնագրերով և (կամ) պայմանագրերով:
Անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման և պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնում են մշտական գործող միջպետական հանձնաժողովները:
Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հոդված 64. | Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները և պարտականությունները |
Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը, սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնելիս ունի հետևյալ լիազորությունները և պարտականությունները՝
1) մշակում և կառավարություն է ներկայացնում միջպետական համաձայնագրերի նախագծեր.
2) մշակում և կառավարություն է ներկայացնում առաջարկություններ՝ անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովներ ստեղծելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին սահմանված կարգով տեղեկացնում է անդրսահմանային ազդեցությունների մասին.
4) Ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մշտական գործող միջպետական հանձնաժողովի որոշումները.
5) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում բարձրացված այն հարցերը, որոնք չեն կանոնակարգվում միջպետական համաձայնագրերով և (կամ) պայմանագրերով և պահանջում են համապատասխան լուծումներ.
6) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում առաջացած տարաձայնությունները:
Հոդված 65. | Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության հրապարակայնության ապահովումը |
Հայաստանի Հանրապետությունն անդրսահմանային ջրային ռեսուրսներում ապահովում է ջրերի որակական և քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների և դրանց վերաբերյալ սահմանակից կողմերի միջև բանակցությունների արդյունքների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման և կրճատման միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակայնությունը:
Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 8.
ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Հոդված 66. | Ջրերի որակի ստանդարտները |
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նախագծերը:
Ջրերի որակի ստանդարտները ներառվում են ջրի ազգային ծրագրում և պետք է համապատասխանեն սահմանված դասակարգման համակարգին:
Ջրերի որակի ստանդարտները կարող են տատանվել՝ կախված տեղանքի առանձնահատկություններից: Օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք կարող են սահմանվել յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար: Կարող են սահմանվել նաև ջրի օգտագործման վրա հիմնված ստանդարտներ, ներառյալ՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային: Ջրերի ստանդարտները պետք է արտացոլեն ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, ինչպես նաև բնապահպանական նվազագույն հոսքերը որոշելու պայմանները:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը տարեկան առնվազն երկու անգամ վերահսկման միջոցով ապահովում է ջրերի փաստացի որակական չափանիշների համապատասխանությունն օգտագործման համար սահմանված ստանդարտներին:
Ջրերի ստանդարտներն ուղենիշ են ծառայում բոլոր հավանական աղտոտող նյութերի ընդունելի սահմանների վերաբերյալ և պարունակում են ցուցանիշներ՝ ըստ տարիների դրանք նվազեցնելու ուղղությամբ:
Խորհրդակցելով Ջրի ազգային խորհրդի հետ՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը տարին առնվազն երկու անգամ իրականացնում է ստանդարտների մանրակրկիտ ստուգում (վերանայում), ներառյալ՝ սոցիալական և բնապահպանական ազդեցությունները, առաջարկում է դրանցում փոփոխություններ և այդ տեղեկատվությունը ներկայացնում է կառավարություն՝ որպես Ջրի ազգային ծրագրի մաս: Ջրերի ստանդարտների գրանցման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 67. | Ջրերի ստանդարտների պահպանումը |
Ջրերի ստանդարտները խախտելու դեպքում ջրօգտագործումը համարվում է անօրինական և դրա նկատմամբ կիրառվում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են դրույթներ, որոնք թույլատրում են ջրերի ստանդարտներից շեղումներ և կարող են հանգեցնել գումարային ազդեցության, ապա այդ թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանական բարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը:
Հոդված 68. | Սահմանային թույլատրելի չափանիշները |
Սահմանային թույլատրելի չափանիշները սահմանվում են, ելնելով՝
1) անտրոպոգեն սահմանային թույլատրելի մակարդակից, որի երկարատև ազդեցությունը չի բերում ջրաէկոհամակարգի բնական հատկությունների և կազմի փոփոխության՝ բնական սեզոնային և բազմամյա տատանումների սահմաններից դուրս.
2) աղտոտող նյութերի զանգվածից, որը ջրհավաք ավազան է հասնում կազմակերպված և չկազմակերպված արտահոսքերի տեսքով:
Կեղտաջրերում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտահոսքերի չափանիշները յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար սահմանվում են՝ ելնելով ջրհավաք ավազանի սահմաններում ջուրն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման և հատակային նստվածքագոյացումներում ու ջրակենսածիններում դրանց մնացորդային քանակների կուտակման անթույլատրելիության պահանջներից:
Հոդված 69. | Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը |
Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման, օգտագործման և պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետները և փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով:
Հոդված 70. | Խմելու ջրի ստանդարտները |
Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին:
Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրի որակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համապատասխանության նկատմամբ:
Խմելու ջրի մատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման կարևորագույն ջրային համակարգերի շարքին:
Խմելու ջրի ստանդարտների պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել որպես բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար ջրային աղբյուր, եթե կառավարության սահմանած կարգին համապատասխան հնարավոր է այդտեղ ապահովել սանիտարական գոտիներ և հատուկ պահպանման տեղամասեր:
Ջրամատակարարումից առաջ խմելու ջրի վերամշակում և ջրապատրաստում կարող է իրականացվել միայն կառավարության սահմանած կարգին համապատասխան մշակված ու հաստատված եղանակներով:
Գ Լ ՈՒ Խ 9.
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 71. | Ջրօգտագործողների միությունները |
Ջրօգտագործողները կարող են միավորվել՝ օրենքով սահմանված կարգով կազմավորելով ջրօգտագործողների ընկերություններ, ջրօգտագործողների ընկերությունների միություններ կամ այլ կազմակերպություններ ու միավորումներ:
Հոդված 72. | Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները |
Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության շահերով, իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու պահպանումը: Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներին ջուր են մատակարարում իրենց սպասարկման տարածքում, իսկ ջրօգտագործողների ընկերությունների միությունները՝ ջրօգտագործողների ընկերություններին՝ իրենց սպասարկման տարածքում: Ջրօգտագործողների ընկերությունների միությունները ջրօգտագործողների ընկերությունների կամավորության հիման վրա ստեղծված միություններ են, որոնց նպատակն է միևնույն ջրի աղբյուրի օգտագործումը: Դրանք գործում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրենց տրված լիազորությունների սահմաններում: Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 73. | Ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերը |
Ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը և օրինակելի ձևերը սահմանում է կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 10.
ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 74. | Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը |
Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝
1) ջրօգտագործման թույլտվությունները.
2) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները.
3) սերվիտուտները.
4) ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները.
5) ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերը ենթակա են պետական գրանցման պետական ջրային կադաստրում, իսկ 3-5-րդ կետերում նշվածները` անշարժ գույքի գրանցման պետական լիազորված մարմնում: Գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի բնագրերի մեկական օրինակները պահպանվում են գրանցում իրականացնող մարմիններում: Նշված փաստաթղթերի պատճենների տրամադրումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն հոդվածում նշված փաստաթղթերին հասարակայնության ծանուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն հոդվածում նշված փաստաթղթերի գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 75. | ՀՏԿ-ների հաշվառումը |
ՀՏԿ-ները հաշվառվում են պետական ջրային կադաստրում:
ՀՏԿ-ների և դրանց օգտագործման պայմանների քանակական և որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում:
Գ Լ ՈՒ Խ 11.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոդված 76. | Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական կարգավորման սկզբունքները |
Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական կարգավորման հիմնական սկզբունքը ջրօգտագործման վճարելիությունն է:
Ջրի համար գանձվող վարձավճարները պետք է խթանեն ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերականգնումն ու պահպանությունը: Դրանք պետք է սահմանվեն պատշաճ մակարդակով ապահովելու համար՝
1) ջրային ռեսուրսների օգտագործման դիմաց վճարումների,
2) ջրային ռեսուրսների վերականգնման և պահպանման ֆինանսավորման, ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման ու պահպանման ծախսածածկման,
4) ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման (ներառյալ՝ վարչարարության, հասարակայնության ծանուցման, մոնիտորինգի, պլանավորման և կիրարկման միջոցառումների համար) ծախսածածկման,
5) ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման և ջրերի որակի պահպանմանն ու բարելավմանը նպաստող տնտեսական խթանների համակարգերի ստեղծումը:
Ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման և պահպանման տնտեսական խթանները սահմանվում են օրենքով:
Ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման ու պահպանման համար հարկային, վարկային և այլ արտոնությունների տրամադրման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
Հոդված 77. | Ջրօգտագործման թույլտվության համար վճարները |
Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝
1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը.
2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու.
3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը.
4) ջրերի որակական և քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսի նպատակային կամ ոչ նպատակային օգտագործումը.
5) ջրերի մեջ թափվող կեղտաջրերի ծավալը և որակը:
Ջրօգտագործման արդյունավետության և ջրերի որակի բարձրացման համար շահագրգռվածություն առաջացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ունեցող առանձին անձանցից գանձվող ջրօգտագործման թույլտվության վճարները կարող են լինել տարբեր` նկատի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
1) ջրային ռեսուրսից վերցված և բաց թողնված ջրի որակը՝ համեմատած այն ջրային ռեսուրսների որակի հետ, որի մեջ է թափվում այդ ջուրը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ստացվող օգուտը.
2) մոնիտորինգի ծախսերը.
3) վերցված ջրի քանակությունը.
4) ջրի քանակի ու որակի վրա հնարավոր ազդեցությունը և դրան առնչվող ռիսկերն ու վերականգնման ծախսերը:
Եթե ջրօգտագործումը համապատասխանում է հասարակական շահերին և սույն օրենսգրքի պահանջներին, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նվազեցնել ջրօգտագործման թույլտվությունների վճարները կամ տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները խթանելու համար։
Սույն օրենսգրքով նախատեսված բնապահպանական վճարների սահմանման հիմքերն են՝
1) թափվող կեղտաջրերի կազմը, քանակը, որակը և դրանց բնութագիրը.
2) կեղտաջրերի տեսակը և ազդեցության աստիճանը ջրային ռեսուրսների վրա.
3) արտահոսող կեղտաջրերն ընդունող ջրային ռեսուրսի էկոլոգիական վիճակը.
4) ջրօգտագործման մոնիտորինգի պահանջվող մակարդակը:
Հոդված 78. |
Ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման վճարները |
Ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման համար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափերով:
Հոդված 79. | Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար |
Կարգավորվող սակագների ձևավորման սկզբունքներն են՝
1) ծառայության արժեքի սահմանումը (ներառյալ՝ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված օգտագործման և պահպանման ծախսերը), հիմնական միջոցների մաշվածության փոխհատուցման ապահովումը.
2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
3) վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
4) պահանջվող ծառայության նվազագույն չափանիշների սահմանումը.
5) սակագնային կարգավորման միջոցով մատուցվող ծառայությունների որակի ապահովման և սպառողների վճարունակության հաշվի առնելը.
6) սպառման ծավալով, տարվա եղանակով, օրվա ժամերով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.
7) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
8) ջրի ազգային ծրագրի պահանջների պահպանումը.
9) հիմնավորված տեխնոլոգիական կորուստների ներառումը.
10) օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը.
11) արդյունավետ ջրօգտագործման և ջրերի ստանդարտների պահպանման խթանների ստեղծումը.
12) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը:
Սակագները կարող են լինել տարբեր՝
1) ըստ ավազանային բաժանումների՝ կախված ջրամատակարարման եղանակից.
2) ըստ ջրօգտագործողների տարբեր խմբերի (ենթախմբերի).
3) ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից:
Ջրի վարձերը կարող են վճարել՝
1) ջրային համակարգերը կամ դրանց մասն օգտագործող համապատասխան անձինք.
2) ուղղակի ջրօգտագործողները:
Սակագները կարող են կրել խրախուսական բնույթ՝ կախված ջրօգտագործման արդյունավետությունից:
Սակագների կառուցվածքը և դրանց ձևավորման հիմնական սկզբունքները սահմանվում են ջրի ազգային ծրագրով:
Կարգավորվող սակագների սահմանման և վերանայման կարգը սահմանվում է օրենքով, իսկ այդ առնչությամբ ջրամատակարարների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:
Կարգավորող հանձնաժողովը սակագինը հաստատելուց առաջ պարտավոր է՝
1) 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող թերթում հրապարակել ծանուցում, որը նկարագրում է առաջարկվող սակագնի ձևավորման սկզբունքները.
2) առաջարկել հրապարակման պահից 30-օրյա ժամկետում ուղարկել գրավոր դիտողություններ և առաջարկություններ՝ ներկայացված սակագնի վերաբերյալ:
Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունելուց առնվազն 60 օր հետո: Սակագների գործողության ժամկետը չի կարող լինել մեկ տարուց պակաս:
Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրամատակարարի և (կամ) ջրահեռացնողի գործունեության երկարաժամկետ սակագին:
Սահմանված կարգավորվող սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի պարամետրերից կախված հաշվարկային բանաձև:
Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին: Ջրամատակարարը և (կամ) ջրահեռացնողը կարող են ջուրը վաճառել դրանից ցածր սակագնով այն պայմանով, որ նույն խմբի ջրօգտագործողներին ջուրը մատակարարվի միևնույն սակագնով:
Սահմանվածից ցածր սակագին կիրառելու դեպքում, ջրօգտագործողների և (կամ) ջրահեռացնողների շահերը պաշտպանելու նպատակով, ջրամատակարարը և (կամ) ջրահեռացնողը պահպանում են առավելագույնից ցածր ընդունված սակագինը մինչև Կարգավորող հանձնաժողովի կողմից նոր սակագնի սահմանումը:
Հոդված 80. | Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների առաջացման առանձնահատկությունները և ջրային վճարների արտոնությունները |
Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների առաջացման առանձնահատկությունները և ջրային վճարների արտոնությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 81. | Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում |
Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ ձևից:
Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին և ջրօգտագործողներին պետական բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների չափերը:
Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրային համակարգերի պահպանման և տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը:
Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներին կամ ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով:
Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝
1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը.
2) հավասարության ապահովումը և խտրականության բացառումը.
3) թափանցիկության ապահովումը.
4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը.
5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը:
Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը սույն օրենսգրքով նախատեսված ֆինանսական օգնություն ստանալու իրավունք չունի:
Կառավարությունը սահմանում է ֆինանսական օգնության տրամադրման կարգը, որը պետք է ներառի՝
1) ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը.
2) ֆինանսական օգնություն ստանալու համար հայտերի (դիմումների) ներկայացման կարգը.
3) ֆինանսական օգնության օգտագործման պայմանները և կանոնները:
Գ Լ ՈՒ Խ 12.
ՀՏԿ-ՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 82. | ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները |
Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների և անվտանգության համար։ Կառավարությունն ապահովում է, որպեսզի հավաքվեն այդ գործունեության իրականացման համար պահանջվող բոլոր միջոցները, ավարտին հասցվեն առնչվող աշխատանքները, ջրամբարները շարունակաբար աշխատեն հուսալի և անվտանգ՝ ջրօգտագործման թույլտվության ամբողջ ընթացքում։
ՀՏԿ-ների անվտանգության ապահովման հիմքերն են դրանց՝
1) վթարի թույլատրելի ռիսկի աստիճանի ապահովումը.
2) անվտանգության մասին ներկայացվող հայտարարագիրը.
3) գործունեության իրականացման թույլտվության կարգը.
4) օգտագործման անընդհատության ապահովումը.
5) անվտանգությունն ապահովող միջոցառումները, այդ թվում՝
ա) անվտանգության չափանիշների հաստատումը,
բ) ՀՏԿ-ների հագեցումը այնպիսի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս մշտապես հսկել դրանց տեխնիկական վիճակը,
գ) ՀՏԿ-ների օգտագործումը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով.
6) ՀՏԿ-ում նախապես իրականացվող համալիր այն միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնս նվազեցնելու արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը.
7) անձանց պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք, թույլատրելի աստիճանի համեմատությամբ, նվազեցրել են ՀՏԿ-ների անվտանգությունը:
Հոդված 83. | ՀՏԿ-ի սեփականատիրոջ և օգտագործող անձանց պարտականությունները |
ՀՏԿ-ի սեփականատերը և օգտագործող անձինք պարտավոր են՝
1) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության նորմերը և կանոնները՝ դրանց կառուցման, օգտագործման, վերանորոգման, վերակառուցման, կոնսերվացման, օգտագործումից հանելու և լուծարելու ժամանակ.
2) ապահովել ՀՏԿ-ի վիճակի ցուցանիշների մոնիտորինգը և ստացված տվյալների հիման վրա կատարել անվտանգության գնահատում: Պարզաբանել անվտանգության ցուցանիշների փոփոխման պատճառները, հաշվի առնելով ՀՏԿ-ի աշխատանքը հիդրոհամակարգում, ՀՏԿ-ի վրա վնասակար բնական և տեխնոգեն նյութերի ազդեցությունը, տնտեսական և այլ գործունեության հետևանքները, գետի հունում և ՀՏԿ-ի շրջակայքում տարբեր օբյեկտների տեղակայումը.
3) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության ճշտված չափանիշների մշակումը.
4) զարգացնել ՀՏԿ-ի վիճակի հսկողության համակարգը.
5) պարբերաբար վերլուծության ենթարկել ՀՏԿ-ի անվտանգության նվազեցման պատճառները:
Հոդված 84. | ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները |
ՀՏԿ-ն անվտանգ և տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաև վթարները կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝
1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը.
2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան.
3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման պահանջների բավարարումը.
4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը մշտապես պատրաստի վիճակում պահելը.
5) ՀՏԿ-ում հնարավոր վթարի դեպքում համագործակցությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմնի հետ.
6) ՀՏԿ-ի վթարի վտանգի դեպքում անհապաղ իրազեկումը Ջրային համակարգերի կառավարման մարմնին.
7) անհրաժեշտ պայմաններ ՀՏԿ-ի անվտանգությունը վերահսկող մարմնի աշխատանքները կազմակերպելու համար.
8) ՀՏԿ-ի օգտագործման միջոցառումների ֆինանսավորումը.
9) ՀՏԿ-ի վթարի հետևանքների վերացմանը և կանխմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը:
Պատվարի պատռման վտանգի դեպքում սեփականատերը կամ նրա լիազորություններն իրականացնող անձը սահմանված կարգով անհապաղ իրազեկում է վարչապետին: Հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով այդ մասին տեղյակ են պահվում հնարավոր ջրածածկման ալիքի տակ հայտնվող տարածքների բնակչությունը և կազմակերպությունները:
ՀՏԿ-ի անվտանգության համար պատասխանատվություն է կրում դրա սեփականատերը և օգտագործող կազմակերպությունը:
Հոդված 85. | ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը |
ՀՏԿ-ի նախագծման, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման ընթացքում, օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ կապիտալ վերանորոգումից հետո, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքերում դրա սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը կազմում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիր, որը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների համապատասխանության մասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական փաստաթուղթն է:
Հայտարարագրի բովանդակությունը և մշակման կարգը, ըստ ՀՏԿ-ի կարևորության և առանձնահատկությունների, սահմանում է կառավարությունը:
ՀՏԿ-ի սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը հայտարարագիրը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը: Հայտարարագիրը հիմք է ՀՏԿ-ն պետական ջրային կադաստրում հաշվառելու համար:
Հոդված 86. | ՀՏԿ-ների զննումը |
Ջրային համակարգերի կառավարման մարմինը ՀՏԿ-ի զննման նպատակով, խորհրդակցելով պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ, ձևավորում է տեխնիկական հանձնաժողով:
Զննման ժամանակ իրականացվում է՝
1) հսկողություն ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունների, ինչպես նաև դրանց օգտագործման ընթացքում կապալառու կազմակերպությունների գործունեության նկատմամբ՝ շինարարության, վերակառուցման, կապիտալ վերանորոգման, վերականգնման կամ կոնսերվացիայի ժամանակ անվտանգության կանոնների և նորմերի պահպանության ապահովման մասով.
2) ՀՏԿ-ների տեխնիկական վիճակի գնահատում:
Տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է նաև ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման և պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, իրականացվող միջոցառումների վերաբերյալ վերլուծություններ և տալիս է մասնագիտական եզրակացություններ:
Հոդված 87. | ՀՏԿ-ի փլուզման հետևանքով առաջացող ջրհեղեղների տարածքների և ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգի վարման կարգը |
ՀՏԿ-ի փլուզման հետևանքով առաջացող ջրհեղեղների և տարածքների ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգը բնակչությանն ապահովում է օպերատիվ տեղեկատվությամբ՝ պատվարների պատռման հետևանքով առաջացող հնարավոր ալիքի տարածման, ինչպես նաև հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների փլուզման հետևանքով առաջացող հնարավոր ջրհեղեղների ու տարածքների ջրածածկումների սահմանների և վտանգների մակարդակի մասին:
Հոդված 88. | ՀՏԿ-ի վթարի հետևանքով առաջացած աղետները կանխելու միջոցառումները |
ՀՏԿ-ի վթարի հետևանքով առաջացող աղետները կանխելու նպատակով`
1) արգելվում է ջրային համակարգերն օգտագործման հանձնելը և օգտագործելը՝ առանց նախագծերով նախատեսված հողերի խորտակումը, ջրաողողումը, ճահճացումը, աղակալումը և հողատարումը (էրոզիան) կանխող միջոցառումների անցկացման.
2) արգելվում է ջրամբարները լցնել մինչև դրանց թասում նախագծերով նախատեսված նախապատրաստական միջոցառումներ իրականացնելը.
3) արգելվում է ՀՏԿ-ն օգտագործման հանձնելը և օգտագործելը՝ առանց՝
ա) հեղեղաջրերի ջրհեռ կառուցվածքների ավարտման՝ համաձայն հաստատված նախագծերի.
բ) պատվարներում և կարևորագույն հիդրոտեխնիկական այլ կառուցվածքներում հսկիչ-չափիչ սարքերի և նախագծով նախատեսված դիտակետերի ցանցի ներդրման:
Հոդված 89. | ՀՏԿ-ի վթարի պատճառով առաջացած աղետների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը |
ՀՏԿ-ի վթարի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց ունեցվածքին, ֆիզիկական անձանց կյանքին և առողջությանը հասցրած վնասը ենթակա է հատուցման ՀՏԿ-ի սեփականատիրոջ կամ պայմանագրով նախատեսված դեպքում՝ օգտագործող կազմակերպության հաշվին:
ՀՏԿ-ների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 90. | Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության երաշխավորը |
Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության համար միջոցառումների իրականացման երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:
Գ Լ ՈՒ Խ 13.
ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 91. | Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը |
Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետևանքով առաջացած վնասը ժամանակին հնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետների դեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ:
Հեղեղումների, սելավների, սողանքների և երաշտի մասին տեղեկատվական համակարգի գործունեությունն ընդգրկում է ընթացիկ տեղեկատվություն և կանխատեսումներ՝
1) տեղի ունեցած կամ հնարավոր հեղեղումների, սելավների և սողանքների,
2) տեղի ունեցած կամ սպասվող երաշտի,
3) բնական ջրային ռեսուրսների վիճակի և կայունության,
4) կարևոր ջրային համակարգերի (այդ թվում՝ ջրամբարների պատվարների, գետերի ափապաշտպան ամբարտակների) վիճակի և կայունության,
5) բնակչության առողջությանն սպառնացող վտանգների մասին:
Վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար պետական ջրային կադաստրում հաշվառվում են վարարումների, սելավների և սողանքների ռիսկի տարածքները:
Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են անձանց գործունեության այն տեսակները, որոնք պետք է արգելվեն կամ սահմանափակվեն որոշակի տարածքների վրա, որպեսզի կանխվեն կամ նվազագույնի հասցվեն նշված աղետների հետևանքով առաջացող վնասները: Այդ տարածքներում շինարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:
Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և ազգաբնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը սահմանվում են ջրի ազգային ծրագրով, որտեղ պետք է ներառվեն՝
1) համալիր միջոցառումներ՝ վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար.
2) վարարումների, սելավների և սողանքների դեպքում՝ պետական մարմինների պատասխանատվությունը և անհրաժեշտ միջոցառումների ցանկը.
3) համալիր միջոցառումներ և դրանց իրականացման մեխանիզմները՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարահանումը (էվակուացիա) կազմակերպելու և մարդկանց բնակատեղով ու սննդով ապահովելու համար:
Հոդված 92. | Սակավաջրությունը և երաշտը |
Ջրերի և տեղումների խիստ անբավարարություն առաջանալիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում սակավաջրության և երաշտի մասին: Նման որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կամ դրա մի մասի համար:
Սակավաջրության և երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝
1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում.
2) սակավաջրության և երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորում կամ սահմանափակում.
3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար:
Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների հետևանքներով պատճառված վնասների հաշվառման և դրանց վերացման միջոցառումների մշակման նպատակով կառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում է դրանց գործունեության կարգը:
Գ Լ ՈՒ Խ 14.
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 93. | Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմը |
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում՝
1) Ազգային ժողովի կողմից պատերազմ և (կամ) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում.
2) կառավարության կողմից ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ արտակարգ էկոլոգիական իրավիճակ հայտարարելու դեպքում:
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու կարգը հաստատում է կառավարությունը:
Հոդված 94. | Ջրային համակարգերի օգտագործումը և պահպանությունը պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում |
Հայաստանի Հանրապետությունում պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում երկրի բոլոր ջրային համակարգերում:
Հայաստանի Հանրապետությունում պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում ջրային համակարգերում օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմի հայտարարման պահից ջրային համակարգի կառավարիչը գործում է այդ իրավիճակի համար կառավարության սահմանած հրահանգով:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմինն ապահովում է անվտանգ խորություններից ստորերկրյա ջրեր արդյունահանող շարժական կայանքների համալրումը և պատրաստվածությունը, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում քիմիական, կենսաբանական և այլ հնարավոր վարակումների դեպքում պետք է պատրաստ լինեն բնակչությանն ապահովելու անհրաժեշտ որակի և քանակի ջրով:
Հոդված 95. | Խմելու ջրի աղբյուրների պահուստավորումը |
Արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար աղտոտումից և աղբոտումից պաշտպանված ստորերկրյա ջրային ռեսուրսների բազայի վրա կատարվում է աղբյուրների պահուստավորում, որի կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 96. | Ջրային համակարգերի օգտագործումը և պահպանությունն արտակարգ էկոլոգիական իրավիճակում |
Ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ հայտարարվում է արտակարգ էկոլոգիական իրավիճակ, եթե տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են վտանգել մարդկանց առողջությունը և (կամ) բնական միջավայրի կայունությունը:
Ջրային համակարգի կառավարիչը, կառավարության հաստատած հրահանգի համաձայն, գործողություններ է իրականացնում՝
1) արտակարգ իրավիճակի տարածքը տեղայնացնելու,
2) ջրերը մաքրելու,
3) արտակարգ իրավիճակի հետևանքները նվազագույնի հասցնելու և վերացնելու ուղղությամբ:
Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացող տարերային աղետների հետևանքների վերացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
Հոդված 97. | Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության հետևանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցումը |
Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության հետևանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասները փոխհատուցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 15.
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 98. | Փոխկապակցված էկոլոգիական համակարգերի և լանդշաֆտների պահպանությունը |
Ջրերի քանակի և որակի բարելավման, ինչպես նաև հողի, օդի, կենսաբազմազանության և ջրերի միջև փոխհարաբերությունները պահպանելու նպատակով փոխկապակցված էկոլոգիական համակարգերը և լանդշաֆտները ենթակա են պահպանման:
Ջրային ռեսուրսներին հարակից հողերի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու ջրային ռեսուրսի հետ կապված էկոլոգիական համակարգին սպառնացող վտանգը:
Հոդված 99. | Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները |
Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության:
Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝
1) ջրային ռեսուրսի օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության և վերարտադրության պայմաններում.
2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի և բնական լանդշաֆտների բաղկացուցիչ մասն է, և դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ.
3) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության ինչպես օգտագործման, այնպես էլ չօգտագործման դեպքերում.
4) ջրային ռեսուրսի չօգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովի տվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը և բարեկեցությունը ջրերի մասով՝ ամբողջությամբ.
5) ջրային ռեսուրսի օգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովի տվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը.
6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումից և հյուծումից.
7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում.
8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որևէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվում են գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերական կամ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեության ընթացքում առաջացող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլ արտադրանքների և մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրումը.
10) հետախուզական, օգտագործման համար ոչ պիտանի, ճնշումային, ընդհատված օգտագործմամբ հորատանցքերը ենթակա են կոնսերվացման կամ վերացման.
11) արգելվում է ռադիոակտիվ և թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքը և թաղումը ջրային ռեսուրսում, ինչպես նաև պայթեցման աշխատանքների իրականացումը միջուկային և այլ տիպի տեխնոլոգիաներով, որոնք ընթանում են ռադիոակտիվ և թունավոր նյութերի արտանետմամբ:
Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում սահմանափակվում, դադարեցվում կամ արգելվում է ջրային ռեսուրսի օգտագործումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 100. | Ջրային ռեսուրսների պահպանության նորմավորումը |
Ջրային ռեսուրսների պահպանության նորմավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:
Հոդված 101. | Գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը կեղտաջրերով |
Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է կառավարության սահմանած կարգով:
Հոդված 102. | Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսները |
Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսների ցանկը և կարգավիճակը սահմանում է կառավարությունը:
Միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային ռեսուրսների կարգավիճակը և պահպանման ռեժիմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով:
Հոդված 103. | Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները |
Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարզում է դրանց համապատասխանությունը ելակետային տվյալներին, տեխնիկական պայմաններին, նախագծման, հաշվարկների և շինարարության նկատմամբ սահմանված պահանջներին:
ՀՏԿ-ների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել միայն դրանց հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքների առկայության դեպքում կամ այդպիսի հետազոտությունների ավելորդության հիմնավորումով:
Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
Շինարարական և այլ օբյեկտի նախագծման, շինարարության, վերակառուցման, օգտագործման հանձնման և օգտագործման ընթացքում պետք է հաշվի առնվի դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես անմիջական տեղադրման գոտում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ:
Ջրային ռեսուրսի վիճակի վրա ազդող նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում պետք է հաշվի առնվի դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես տեղադրման վայրում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ:
Արգելվում է բնակավայրերում աղբավայրերը շահագործման հանձնելն առանց ֆիլտրող կուտակիչների:
Արգելվում է ջրային համակարգի օգտագործման հանձնելը և օգտագործումը, որը ապահովված չէ՝
1) ջրերի աղբոտումը և աղտոտումը կամ դրանց վնասակար ազդեցությունը կանխող սարքերով.
2) վերցվող և թափվող ջրերի հաշվառման միջոցներով.
3) անհրաժեշտ ձկնապաշտպան հարմարանքներով.
4) ջրային ռեսուրսները և ջրհավաք ավազաններն աղտոտումից պահպանող կառուցվածքներով.
5) գյուղացիական անասնապահական գործունեության ոլորտի համար նախատեսված սանիտարական գոտիներով:
Արգելվում է կեղտաջրերով ոռոգվող հողերն օգտագործման հանձնել և օգտագործել առանց ստորգետնյա ջրերի ռեժիմի դիտարկման համակարգի:
Հոդված 104. | Ջրային ռեսուրսների օգտագործումը կեղտաջրեր և ցամաքուրդային ջրեր ընդունելու համար |
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործել ջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝
1) պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ.
2) գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում.
3) գտնվում է առողջարանների, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող վայրերի հարևանությամբ.
4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման և ձմեռման վայր.
5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է կլանող հորատանցքերի և ջրհորների կառուցումը:
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերը հանձնվում են ջրահեռացման համակարգ՝ ջրահեռացման պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 105. | Արգելոցների, բնության հուշարձաններ համարվող ջրային օբյեկտների պահպանությունը |
Ջրային օբյեկտ-բնության հուշարձանները կարող են հայտարարվել արգելոցներ կամ տրվել արգելոցներին՝ անժամկետ օգտագործման:
Ջրային օբյեկտ-բնության հուշարձանների պահպանության մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը:
Ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակը և օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները սահմանում է կառավարությունը:
Հոդված 106. | Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանությանը |
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները կարող են մասնակցել ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի հետ կապված հարցերի քննարկմանը և ներկայացնել առաջարկություններ:
Պետական կառավարման լիազորված մարմինները ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության միջոցառումներ իրականացնելիս իրավունք ունեն քննարկել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկությունները:
Հոդված 107. | Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը |
Ջրային ռեսուրսների պահպանության հսկողություն իրականացնող մարմինները՝
1) հսկողություն են իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության նկատմամբ.
2) ամենամյա հաղորդում են ներկայացնում Ջրի ազգային խորհուրդ՝ ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական հսկողությունն իրականացնում են օրենքով նախատեսված լիազորված մարմինները:
Հոդված 108. | Ջրհավաք ավազանները |
Ջրհավաք ավազաններում արգելվում է՝
1) սառցածածկույթների, սառույցների, ձնածածկույթների և հարող տարածքների աղբոտումն արտադրական, կենցաղային կամ այլ թափոններով, ինչպես նաև դրանց աղտոտումը նավթամթերքով, թունաքիմիկատներով և վնասակար այլ նյութերով.
2) ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրումը.
3) ջրապահպան գոտիների անտառներում փայտանյութի պատրաստումը, բացառությամբ ծառերի սանիտարական հատումների, ինչպես նաև անտառային գործունեության իրականացման և ջրային ռեսուրսների պահպանության դեպքերի:
Ջրհավաք ավազանների մասին Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի մշակած փաստաթղթերը ենթակա են հասարակայնության ծանուցման:
Գ Լ ՈՒ Խ 16.
ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 109. | Ջրային հարաբերություններում վեճեր լուծող մարմինները |
Ջրային հարաբերություններում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վերաբերյալ վեճերը լուծում են օրենքով սահմանված և կառավարության կողմից լիազորված ջրային հարաբերությունները կարգավորող լիազորված մարմինները՝ օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հոդված 110. | Ջրային հարաբերություններում ծագած վեճերի լուծումը |
Սույն օրենսգրքի կիրառմանը վերաբերող լիազորված մարմինների որոշումները կարող են բողոքարկվել շահագրգիռ անձանց կողմից՝ օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Ջրային հարաբերություններում ծագած վեճերը, բացառությամբ այն դեպքերի, երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, կարող են լուծվել վեճերը լուծող հանձնաժողովի կողմից: Վեճերը լուծող հանձնաժողովում կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 111. | Ջրային հարաբերություններում ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների վեճերի լուծումը |
Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհրդի կողմից:
Կանոնակարգող խորհրդում կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 112. | Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության շուրջ ծագած վեճերի լուծումը |
Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության շուրջ ծագած վեճերը լուծվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան։
Հոդված 113. | Սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող գործարքների անվավերությունը |
Ջրային ռեսուրսների նկատմամբ պետական սեփականության իրավունքի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սեփականության, ջրային հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ջրային հարաբերություններում վճարների սկզբունքների խախտմամբ կնքված գործարքներն անվավեր են։
Սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունքի ձեռքբերման, դրա փոխանցման, օգտագործման հանձնման կամ այլ ձևով փոխանցման, ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման և պահպանման, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման, ջրերի վրա վնասակար ներգործություն առաջացնող, ՀՏԿ-ների անվտանգությանը վնասող, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ կնքված այլ գործարքներն անվավեր են։
Սույն օրենսգրքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 114. | Քրեական և վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար |
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված գործարքները կատարելու համար, ինչպես նաև՝
1) ջրային համակարգերն ինքնակամ զբաղեցնելու կամ ջուրն ինքնակամ և ոչ նպատակային օգտագործելու,
2) առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու և (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու,
3) օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավելի ջրերն աղտոտելու,
4) առանց ջրերի աղտոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող (նվազեցնող) կառուցվածքների կոմունալ և այլ օբյեկտներ օգտագործման հանձնելու,
5) ջրային համակարգերն առանց սույն օրենսգրքով սահմանված ջրային համակարգի օգտագործման թույլտվության կամ դրա պայմանների խախտմամբ օգտագործելու և ջրերի պետական հաշվառում չկատարելու,
6) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու,
7) ջրերի աղտոտում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ առաջացնող՝ ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելու,
8) ջրերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու,
9) ջրային համակարգերը վնասելու և դրանց օգտագործման կանոնները խախտելու,
10) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու համար՝
մեղավոր անձինք կրում են քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել նաև սույն օրենսգրքի այլ պահանջները խախտելու համար։
Հոդված 115. | Ինքնակամ օգտագործվող ջրային ռեսուրսի կամ ջրային համակարգի հետ վերադարձնելը |
Ինքնակամ օգտագործվող ջրային ռեսուրսը կամ ջրային համակարգը վերադարձվում է ըստ պատկանելության՝ առանց ինքնակամ օգտագործման ժամանակ կատարված ծախսերը հատուցելու։
Հոդված 116. | Սույն օրենսգրքի պահանջների խախտման հետևանքով պատճառված վնասների հատուցումը |
Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձինք պարտավոր են հատուցել իրենց գործունեության հետևանքով պատճառված վնասները՝ օրենքով սահմանված կարգով։
Պաշտոնատար անձինք, որոնց մեղքով ջրօգտագործողները կրել են վնասներ, պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 117. | Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը |
Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա այդ մարմնի ղեկավարը պետք է տվյալ անձին ծանուցի այդ մասին:
Ծանուցագրով կարող է պահանջվել վնաս հասցնող գործունեության անհապաղ դադարեցում` մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով հարցի լուծումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:
Ծանուցագրի պահանջները չկատարելու համար տույժերը կիրառվում են ծանուցումը տրվելու պահից մինչև ծանուցագրում ներկայացված պահանջների կատարումն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար: Տուժանքը կարող է սահմանվել աճող տույժերի տեսքով:
Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե ջրային ռեսուրսներն աղտոտող անձը ողջամիտ ժամկետում չի կատարում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի տված՝ խախտման ծանուցման մեջ պարունակվող հրահանգը, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կարող է ապահովել հրահանգում նշված միջոցառումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսներին հասցրած վնասը նվազեցնելու, ներառյալ՝ ազգային ջրային պաշարի մեծությունը և (կամ) ջրերի որակի ստանդարտները պահպանելու համար: Այդ դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարած ծախսերը փոխհատուցելու համար հետևյալ անձանցից՝
1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են կամ ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստել են աղտոտմանը.
2) հողի սեփականատիրոջից, որի օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել աղտոտումը կամ առաջացել է աղտոտման հնարավորությունը.
3) որոնք իրավունք են ունեցել օգտագործել հողն այն պահին, երբ տեղի է ունեցել աղտոտումը կամ առաջացել է աղտոտման հնարավորությունը.
4) որոնց անփութության հետևանքով չի կանխվել ջրային ռեսուրսների աղտոտումը:
Հոդված 118. | Հուսալիության երաշխիքները |
Սույն օրենսգրքի պահանջներն ապահովելու, ջրօգտագործման թույլտվության կամ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների կատարումը երաշխավորելու համար ջրօգտագործման թույլտվություն կամ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու համար սույն օրենսգրքով լիազորված մարմինները կարող են պահանջել պատշաճ հուսալիության երաշխիք՝ որպես ջրօգտագործման թույլտվության կամ ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրման պայման: Հուսալիության երաշխիքը կարող է լինել որևէ բանկից վարկի տրամադրման մասին երաշխավորագրի, բանկային երաշխիքի, ապահովագրության կամ հուսալիության ապահովման որևէ այլ ընդունված փաստաթղթի տեսքով:
Գ Լ ՈՒ Խ 17.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 119. | Եզրափակիչ դրույթներ |
Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 3 ամիս հետո:
Սույն օրենսգիրքը գործողության մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի մարտի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը»:
Հոդված 120. | Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման առանձնահատկությունները |
Մինչև խմելու ջրի մասին օրենքի ընդունումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բնագավառում՝
- խմելու ջրի ստանդարտին համապատասխանող ջրային ռեսուրսների օգտագործումը բնակչության` խմելու, կոմունալ և կենցաղային, առողջապահական կարիքների համար համարվում է առաջնային.
- խմելու, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման կարևորագույն օբյեկտների շարքին.
- խմելու ջրի որակական չափանիշների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 121. | Անցումային դրույթներ |
1. Մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենսգրքին:
Մինչև ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը սույն օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, նախարարությունների և պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն օրենքներով, գործում են մինչև համապատասխան օրենքը գործողության մեջ դնելը:
Սույն օրենսգիրքը կիրառվում է ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը պայմանագրային և ջրային հարաբերություններում ծագած իրավունքի նորմեր պարունակող իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք առաջացել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:
Գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին սույն օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի կողմից կքննվեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:
Սույն օրենսգրքի 14-րդ, 38-47-րդ, 79-րդ և 118-րդ հոդվածներով սահմանված իրավասություններն ու պարտականությունները վերապահել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին:
2. Գործող ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը:
Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահը տրված ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերը ենթակա են համապատասխանեցման սույն օրենսգրքի պահանջներին:
Մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը ջրօգտագործման թույլտվություններով, պայմանագրերով կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերով ամրագրված՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձինք դիմում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություններ ստանալու համար:
Գործող ջրօգտագործման թույլտվությունը նորացման դեպքում ներկայացվում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:
3. Ջրային համակարգերի օգտագործման գործող թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը:
Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում անձինք, որոնք ունեն գործող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգն օգտագործելու իրավունքներ, պարտավոր են ստանալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Սույն հոդվածով սահմանված ժամկետում գործող ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն չստանալու դեպքում ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ոչ մրցակցային ջրամատակարարման իրավունքի փաստաթղթերը համարվում են չեղյալ:
4. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մշակում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում`
- ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքի նախագիծը` մեկ ամսվա ընթացքում.
- ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի նախագիծը` վեց ամսվա ընթացքում.
(պարբերությունն ուժը կորցրել է 31.03.03 ՀՕ-527-Ն)
- ջրի ազգային ծրագրի մասին օրենքի նախագիծը` մեկ տարվա ընթացքում.
- խմելու ջրի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում.
- հիդրոէներգետիկայի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում.
- ոռոգման ջրի և մելիորատիվ հողերի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում:
5. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո՝
1) հաստատում է հակահրդեհային նպատակների համար ջուր վերցնելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
2) հաստատում է ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում.
3) հաստատում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում.
4) Ջրային համակարգերի կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ներկայացմամբ հաստատում է ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման (բացառությամբ առևտրային կազմակերպության ստեղծման) ձևերի մասին կարգերը՝ երեք ամսվա ընթացքում.
5) հաստատում է ջրատնտեսական հաշվեկշռի կազմման, ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգերը՝ մեկ տարվա ընթացքում.
6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ներկայացմամբ հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը՝ մեկ տարվա ընթացքում.
7) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշները՝ երկու տարվա ընթացքում.
8) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների դասակարգումը՝ վեց ամսվա ընթացքում.
9) սահմանում է ՀՏԿ-ների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.
10) սահմանում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, մշակման և դրա փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.
11) սահմանում է ջրային համակարգերի շինարարության և դրանց վերակառուցման նախագծերի փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.
12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքները՝ երկու տարվա ընթացքում.
13) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո`
- հաստատում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում հողերի օգտագործման տրամադրման և հողերի օգտագործման կարգը՝ երեք ամսվա ընթացքում,
- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում շինարարական, հորատման, հատակի խորացման և պայթեցման, խողովակաշարերի և այլ հաղորդակցության ցանցերի անցկացման, լարանցումների աշխատանքների, ինչպես նաև կենսառեսուրսների և նյութերի արդյունահանման կատարման կարգը՝ վեց ամսվա ընթացքում,
- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում անտառների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
14) հաստատում է էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
15) սահմանում է հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
16) սահմանում է միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության կարգը՝ երեք տարվա ընթացքում.
17) հաստատում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
18) հաստատում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
19) հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը՝ երկու տարվա ընթացքում.
20) հաստատում է ջրային ռեսուրսների վրա ազդեցության էկոլոգիական սահմանափակման նորմերը՝ մեկ տարվա ընթացքում.
21) հաստատում է կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման կարգը ջրերի ստանդարտների հաստատումից հետո` վեց ամսվա ընթացքում.
22) սահմանում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները) և դրա (դրանց) գործառույթները՝ վեց ամսվա ընթացքում.
23) սահմանում է ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակը, կազմը և դրանց օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները՝ մեկ տարվա ընթացքում.
24) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հիդրոտուրբինների փորձաքննություն կատարելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
25) սահմանում է հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
26) հաստատում է բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
27) հաստատում է զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
28) սահմանում է ՀՏԿ-ների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը՝ երկու տարվա ընթացքում.
29) հաստատում է ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
30) հաստատում է ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
31) հաստատում է արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
32) հաստատում է ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
33) հաստատում է որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
34) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության նորմավորման կարգերը՝ երկու տարվա ընթացքում.
35) հաստատում է ջրային ռեսուրսների կամ ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
36) հաստատում է ջրային ռեսուրսների ռադիոակտիվ և թունավոր նյութերով աղտոտման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
37) սահմանում է ավազանային կառավարման տարածքները և հաստատում դրանց կառավարման պլանները՝ ինն ամսվա ընթացքում.
38) հաստատում է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
39) սահմանում է ջրամատակարարներին և ջրօգտագործողներին ֆինանսական օգնության տրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
40) հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության նորմերի խախտումների ցանկը՝ վեց ամսվա ընթացքում.
41) հաստատում է ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը (կարգերը)՝ 6 ամսվա ընթացքում.
42) հաստատում է ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
43) հաստատում է Կանոնակարգող խորհրդի կազմը, դրա գործունեության կարգը՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող օրենքի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում.
44) սահմանում է ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը և օրինակելի ձևերը՝ վեց ամսվա ընթացքում.
45) հաստատում է ջրի վիճակի վրա ազդող աշխատանքների իրականացման կարգը ջրաէկոհամակարգի պահպանման գոտիներում՝ երկու տարվա ընթացքում.
46) սահմանում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
47) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
48) հաստատում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
49) հաստատում է ազատ ջրօգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.
50) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները և բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը՝ երեք տարվա ընթացքում.
51) հաստատում է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
52) հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
53) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
54) հաստատում է ջրավազանային կառավարման պլանավորումը ղեկավարող կանոնակարգերի փաթեթը՝ վեց ամսվա ընթացքում:
6. Կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը՝ սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`
1) հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը՝ վեց ամսվա ընթացքում.
2) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևը՝ ինն ամսվա ընթացքում.
3) սահմանում է այն ջրհավաք ավազանները և գերխոնավ տարածքները, որոնք վճռական դեր ունեն ջրերի որակի և քանակի պահպանության համար՝ մեկ տարվա ընթացքում.
4) հաստատում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
5) սահմանում է ջրահեռացման համակարգերի օգտագործման և ջրերի մաքրման կանոնները՝ մեկ տարվա ընթացքում.
6) սահմանում է պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները՝ երկու տարվա ընթացքում.
7) սահմանում է ջրամբարների ընթացիկ վիճակի, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
8) հաստատում է ջրերի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`
1) հաստատում է Ջրի ազգային խորհրդի կազմը և կանոնակարգը՝ երեք ամսվա ընթացքում.
2) հաստատում է ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ավազանային կառավարման անցման ժամանակացույցը՝ երեք ամսվա ընթացքում.
3) հաստատում է վեճերը լուծող հանձնաժողովի կազմը և կանոնակարգը՝ երեք ամսվա ընթացքում.
4) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը՝ երեք ամսվա ընթացքում:
(121-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.03.03 ՀՕ-527-Ն, փոփ., լրաց. 04.11.03 ՀՕ-24-Ն)
|
Ռ. Քոչարյան |
|