ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ գլխի վերնագիրը «ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառից առաջ լրացնել «ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.2-րդ հոդվածով.
«Հոդված 48.2. |
Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները |
1. Միասնական սոցիալական ծառայությունը՝
1) գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.
2) հարկային մարմնից, պետական կառավարման և այլ մարմիններից ստանում է տեղեկատվական շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Կառավարության սահմանած դեպքում և կարգով ստուգում է դրանց հավաստիությունը.
3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին, պետական կառավարման և այլ մարմիններ` տեղեկատվական շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.
5) վարում է տեղեկատվական շտեմարանը, այդ շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.
6) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքում` աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
7) իրականացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-418-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: