Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-423-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11. Սոցիալական աջակցության վերաբերյալ համայնքի կամավոր խնդիրները լուծելու նպատակով համայնքի կողմից կարող են՝

1) տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայությունները, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների տրամադրման.

2) մշակվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության չսահմանած այլ սոցիալական ծառայությունների տեսակներ՝ սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ.

3) իրականացվել կամավորների հավաքագրում, համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում օրենսդրությամբ սահմանված կարգով կամավորների ընդգրկում և նրանց աշխատանքի վերահսկում:»։

 

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում համայնքում կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող ռիսկերի ու դրանց պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման, ինչպես նաև համայնքում սոցիալական աշխատանքի արդյունավետ մեխանիզմների կիրառման և շարունակական զարգացման ուղղությամբ.

2) այլ մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից ստացված կամ իր գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա հայտնաբերում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, ներառյալ՝ տնայցեր կատարելու միջոցով և օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով ուղղորդում է Միասնական սոցիալական ծառայություն.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում կամ կազմակերպում է սոցիալական աջակցության տրամադրումը՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած ուղեցույցի համաձայն մշակված համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակում։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կարող է տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկացած սոցիալական ծառայություն, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների.

4) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցով.

5) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, բացառությամբ անապահովության և համալիր գնահատման։ Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած կարգերով, իսկ անձի կամ ընտանիքի առանձին կարիքների գնահատման կարգի բացակայության դեպքում դիմում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմին.

6) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի, համագործակցության ցանցի մասնակիցների, համայնքի բնակչության ներկայացուցիչների և շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակցությամբ կազմակերպում է համայնքի բնակչության սոցիալական կարիքների գնահատման հիման վրա համայնքային սոցիալական ծրագրերի մշակման և դրանց իրականացման գործընթացը.

7) մասնակցում է սոցիալական համագործակցության և աջակցող ցանցերի ձևավորմանը և համալրմանը.

8) աջակցում է բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրներին.

9) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համայնքի հետ համագործակցող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

10) սոցիալական աջակցության ծրագրերի կազմակերպման և իրականացման նպատակով կնքում է պայմանագրեր կամ հուշագրեր կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սոցիալական պատրոնաժի տրամադրումը.

2) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրումը։»․

3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի ու սոցիալական պատրոնի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, գործառույթները սահմանված են, և այլ հարաբերությունները կարգավորված են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»։

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում։

3. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ համայնքային սոցիալական ծրագրերը մշակվում և ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-423-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: