ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին կետը «դրամական միջոցները,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները,» բառով։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 143.1-ին հոդվածով.
«Հոդված 143.1. |
Կրիպտոակտիվը |
1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով։
2․ Սույն հոդվածի իմաստով՝ ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները և դրանց մասին տվյալները, և որը սինխրոնիզացվում է և պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ։
3. Սույն հոդվածի իմաստով՝ փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների և գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման և գրանցման պայմանների վերաբերյալ։
4. Սույն հոդվածի իմաստով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները և դրանց մասին տվյալները։
5. Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումն առ ոչինչ է։»։
Հոդված 3. Օրենսգրքի 176-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝
1) ապակենտրոնացված գրանցամատյանում, դրա կանոնների համաձայն, կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա նշած անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցին․
2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվն ստացող անձի անունով գրանցման պահից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 470-րդ հոդվածի 2-րդ մասը «արժեթղթերի» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով:
Հոդված 5․ Օրենսգրքի 589-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք)։ Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է։»։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-394-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|