Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-134-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1455
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների (այսուհետ` առևտրի և ծառայությունների) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և ուղղված է առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով իրականացվող առևտրի և ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են Օրենքի 4.1-ին գլխով: Օրենքի 4.1-ին գլխի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ եթե նշված կանոնների կիրառումը չի հակասում դրա էությանը:

(1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-117-Ն, փոփ. 11.09.18 ՀՕ-378-Ն, 24.05.23 ՀՕ-185-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԱՌԵՎՏՈՒՐ

 

Հոդված 2.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1․ Սույն օրենքի իմաստով առևտրի հիմնական հասկացություններն են`

1) վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

2) առևտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.

2.1) առևտրային ցանց՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.

3) սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.

4) ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.

5) արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.

6) գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.

7) ավտոտրանսպորտային միջոցների շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը.

8) կենդանիների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.

9) շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ և (կամ) դրանց կցորդներ.

10) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.

11) շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.

12) շրջածախ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.

13) բացօթյա առևտուր` առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.

14) դիլեր` կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող` արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.

15) դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.

16) առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

17) առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.

18) ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.

19) տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք.

20) առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.

21) առևտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.

22) խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ.

23) կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.

24) վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան).

25) արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների և արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.

26) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար.

27) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

28) բացառիկ լիցենզիա՝ արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա.

29) կշռափաթեթավորում՝ ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում.

30) ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր՝ առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը իրականացնում է ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք ֆիզիկական անձին, երբ վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով), կամ առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձի:

2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաև այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստով:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, խմբ., փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-176-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, 17.12.14 ՀՕ-229-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-267-Ն, խմբ. 24.01.20 ՀՕ-83-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-65-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-142-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-226-Ն, 27.05.21 ՀՕ-227-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-30-Ն, խմբ. 10.09.24 ՀՕ-330-Ն)

 

Հոդված 2.1. Սահմանափակումները արտաքին առևտրի ոլորտում

 

1․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:

3․ Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։

4․ Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:

5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։

(2.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-229-Ն, 03.10.23 ՀՕ-307-Ն)

 

Հոդված 3.

ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը:

2. Առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

(3-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 11.09.12 ՀՕ-176-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-65-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-142-Ն )

 

Հոդված 3.1.

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն)

 

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչը պարտավոր է ծանուցել գործունեության իրականացման մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանրության գերակա շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները՝

ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման և հաշվառման համարը, ամսաթիվը.

բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման կամ հաշվառման համարը և ամսաթիվը.

գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:

4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը ուժի մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ դրամարկղային մեքենայի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչև նոր հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առևտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է: Սույն մասի պահանջները չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը:

5. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, ծանուցման մեջ նշված առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:

(3.1-ին հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-267-Ն, 24.10.18 ՀՕ-406-Ն, 09.06.22 ՀՕ-271-Ն)

 

Հոդված 4.

ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:

2.1. Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։

3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:

4. Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

5. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:

6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

7. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, փոփ. 11.09.12 ՀՕ-176-Ն, 24.03.21 ՀՕ-142-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 5.

ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:

3. Առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:

3.1. Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։

4. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`

ա) ձեռքի սայլակներով և մինչև ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.

բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.

գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առևտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով.

դ) տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:

41. Բացի սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններից, կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:

5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների):

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:

6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:

7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:

8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:

9. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներդրված և շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ դրամարկղային մեքենաների տվյալներին) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Բացի սույն հոդվածով սահմանված պահանջներից, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ պահանջները:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, 29.04.08 ՀՕ-40-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-126-Ն, 21.12.17 ՀՕ-267-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-65-Ն, 04.03.22 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 51.

Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները

 

1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:

(51-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, 13.11.15 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 5.2.

Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը

(վերնագիրը խմբ. 02.05.24 ՀՕ-214-Ն)

 

1. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի:

2. Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման և մերժման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

3. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ:

4. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:

5. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ, իսկ Երևան քաղաքում՝ քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

6. Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը, որոնք շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:

7. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:

8. Համայնքի վարչական տարածքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառքի իրականացումը կամ որևէ ծառայության մատուցումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է:

(5.2-րդ հոդվածը լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-410-Ն, 02.05.24 ՀՕ-214-Ն)

 

Հոդված 5.3.

Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

 

1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝

1) վաճառողը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.

2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից.

3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր ամրագրած սահմանված վայրերից մեկում, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.

5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:

2. Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:

3. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

4. Տեսուչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, և ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրում տվյալ համայնքի պաշտոնական կայքում:

5. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից:

6. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է համայնքի ավագանին:

7. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է համայնքի ավագանին:

8. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

9. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:

(5.3-րդ հոդվածը լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն, խմբ., լրաց. 16.12.21 ՀՕ-410-Ն, խմբ. 02.05.24 ՀՕ-214-Ն)

 

Հոդված 5.4.

Երևան համայնքի վարչական տարածքում շրջածախ առևտուր իրականացնելը

 

1. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը:

2. Շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երևան համայնքի ավագանին:

(5.4-րդ հոդվածը լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 6.

ՎԱՃԱՌՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Վաճառողը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-7-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ հոդվածի 6-րդ մասով, 5.2-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով և 5.3-րդ հոդվածով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.

գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, իսկ առանց հսկիչ դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում` ապրանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձևի, փաստաթղթի տրամադրումը.

դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.

ե) սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը:

2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել`

ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.

բ) օրենքով սահմանված դեպքերում վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:

3. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն:

(6-րդ հոդվածը խմբ. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն, 21.12.17 ՀՕ-267-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն, փոփ. 02.05.24 ՀՕ-214-Ն)

 

Հոդված 61.

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները

 

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 51-րդ հոդվածի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «դ» և «ե» կետերի պահանջների կատարումը.

բ) ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից` սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան` պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:

(61-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 7.

ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.

գ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով.

դ) առևտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առևտրային տարածքներում (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների), սպառողներին հասանելի տեղերում տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը.

ե) սույն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին հսկիչ դրամարկղային մեքենաներով` իր հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան` հսկիչ դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը.

զ) սույն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրումը և շահագործումը` իր հաշվին.

է) բացառությամբ առևտրի կենտրոնների, ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա, իսկ կենդանիների շուկաներում` անասնաբուժական ծառայության առկայությունը, որը վարում է գյուղատնտեսության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյան, և այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի:

Գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում ու տոնավաճառներում (վերնիսաժներում) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրի հիման վրա:

Առանց պայմանագրերի կնքման կամ սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերի, առևտրի իրականացման վայրերում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսված դեպքերի, առուվաճառք իրականացնելն արգելվում է:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, լրաց. 29.04.08 ՀՕ-40-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-126-Ն, 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 8.

ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը պարտավոր է`

ա) վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը և գնորդին վաճառել օգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք.

բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին և անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին) տալ ստույգ և հավաստի տեղեկատվություն:

(8-րդ հոդվածը փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 9.

ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակներով:

2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով:

2.1. Առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 ապրանքային դիրքում գտնվող (բացառությամբ 3923 29 900 0 ծածկագրին դասվող)` թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը) արգելվում է:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը և գնապիտակի լրացման թվականը:

4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):

5. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

7. Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը:

8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում և անցկացվում են իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:

Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաև նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:

9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:

10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից:

Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:

Պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:

Պատվերի ընդունման և մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի և վճարվում գնորդի կողմից` ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:

11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:

Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձման, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

12. Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում:

Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12.1. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների, հրագործական արտադրատեսակի (բացառությամբ կենցաղային նշանակության I և II դասերի արտադրատեսակների) վաճառքը թույլատրվում է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:

12.2. Արգելվում է կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի վաճառքը 16 տարին չլրացած անձանց:

13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները:

14. Կրպակներում արգելվում է վաճառել`

ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում և պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի և գարեջրի, որոնց տեղափոխումը և պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման և պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.

բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:

15. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի առանձնահատկություններն են`

ա) հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով.

բ) մատակարարվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման օրը և քաշը.

գ) վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը:

16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում:

17. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

17.1. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք):

17.2. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

17.3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ) հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում, չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

17.4. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ մասով նախատեսված ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու կամ խոչընդոտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կրկին փակցնում է նույն ցուցանակը մեկ ամիս ժամկետով:

18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի:

19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում:

Առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր):

20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:

21. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

22. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը և դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին և կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

23.1. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:

25. Տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ: QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, փոփ., խմբ. 11.09.12 ՀՕ-176-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-131-Ն, 21.12.17 ՀՕ-267-Ն, 21.03.18 ՀՕ-163-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-204-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-142-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-226-Ն, 27.05.21 ՀՕ-227-Ն, 07.12.22 ՀՕ-536-Ն, 10.02.23 ՀՕ-34-Ն, խմբ., լրաց. 13.07.23 ՀՕ-259-Ն)

(07.12.22 ՀՕ-536-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 9.1.

Ապրանքների դրոշմավորումը

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 9.2.

Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

Հոդված 9.3.

 Դրոշմապիտակների տրամադրման կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 9.4.

Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 9.5.

Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների և արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը և կիրառությունից հանելը

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 9.6.

Ձեռք բերված և չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 10.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են`

հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.

հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.

խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.

հանրային սննդի օբյեկտներ` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 11.

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ և ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

4. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:

5. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը:

6. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:

7. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 12.

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:

2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:

3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:

6. Աշխատողներից` խոհարարը, հրուշակագործը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք՝ տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:

7. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:

(12-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, փոփ. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն, 13.11.15 ՀՕ-131-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-257-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 13.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով կենցաղային ծառայության հիմնական հասկացություններն են`

կենցաղային ծառայություն` սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար` նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն:

Կենցաղային ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

կենցաղային ծառայության օբյեկտներ` կենցաղային ծառայությունների համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ տարածք.

կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

(13-րդ հոդվածը փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 14.

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Կենցաղային ծառայության օբյեկտներում գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Կենցաղային ծառայության օբյեկտներում` սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը:

3. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

4. Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություններից` կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

(14-րդ հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 15.

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:

2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը:

3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ կամ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք՝ տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:

4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-257-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.1

(գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-117-Ն)

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-185-Ն)

 

Հոդված 15.1. Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-185-Ն)

 

1. Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի հետևյալ տեղեկատվությունը.

ա) պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այդ թվում` օֆերտա կամ ակցեպտ համարվող գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, որը պետք է պարունակի բավարար ու որոշակի տեղեկություններ պայմանագիրը կնքված համարվելու պահի մասին, ինչպես նաև տեղեկատվություն այն գործողության մասին, որն առաջացնելու է վճարման պարտականություն.

բ) գնորդի նշած վայր ապրանքի մատակարարման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) սահմանափակումները՝ մինչև գնորդի կողմից ապրանքը գնելու գործողությունն սկսելը.

գ) ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջների հետ կապված տեղեկությունները.

դ) կայքի շահագործման հասանելիության սահմանափակումները` դրանց առկայության դեպքում.

ե) կայքի շահագործման` սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումները, որոնց մասին տեղյակ է կամ ողջամտորեն պետք է տեղյակ լինի վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).

զ) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը.

է) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր այլ տեղեկատվություն:

2. Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առևտրային հարթակում) կարող է հղում նախատեսվել մեկ այլ էլեկտրոնային փաստաթղթի, որը պարունակում է կնքվող պայմանագրի պայմանները: Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է ապահովի տվյալ հղման տեխնիկական հասանելիության կարգն ու ժամկետները:

3. Էլեկտրոնային առևտրային հարթակը պետք է հնարավորություն ընձեռի գնորդին պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու կնքված պայմանագիրը կամ պայմանագրի կնքումից հետո ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան պայմանագրի կատարումն սկսելն այն այլ կերպով հասանելի դարձնել կողմին:

4. Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով վաճառում են անձնական գույքն ու իրերը, ապա էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսվում է առանձին բաժին (ենթաբաժին)` անձնական գույքին վերաբերող գործարքները տարբերակելու համար:

(15.1-ին հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-267-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-185-Ն)

 

ԳԼՈՒԽ 4.2

(գլուխը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն)

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 15.2.

 Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով սահմանափակման ենթակա ծառայություններին վերաբերող հիմնական հասկացություններն են՝

սահմանափակման ենթակա ծառայություն` սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների համալիր, որոնք մատուցվում են սույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում.

սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների).

կարաոկե` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն.

դիսկոտեկ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ.

հեստապարային ակումբ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար.

հեստապար` պարերով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են.

բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ.

մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա:

Սույն կետի իմաստով հյուրանոցային տնտեսության օբյեկտի մաս չի համարվում հյուրանոցատիպ հանգրվանում մատուցվող ծառայությունը, որտեղ մատուցվող ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

(15.2-րդ հոդվածը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն, խմբ., լրաց. 24.10.19 ՀՕ-188-Ն)

 

Հոդված 15.3.

 Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները

 

1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:

2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:

(15.3-րդ հոդվածը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն)

 

ԳԼՈՒԽ 4.3.

(գլուխը լրաց. 07.07.22 ՀՕ-301-Ն)

 (07.07.22 ՀՕ-301-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԱԿՑԻԱՆԵՐԸ

 

Հոդված 15.4. Ակցիան

 

1. Ակցիան վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից (այսուհետ նաև՝ ակցիա իրականացնող) իրականացվող միջոցառում է, որն ուղղված է սպառողների շրջանում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացմանը կամ իրացման ծավալների մեծացմանը։

2. Ակցիան իրականացվում է հետևյալ եղանակներով.

1) զեղչ.

2) ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։

3. Սույն գլխով սահմանված կարգավորումները տարածվում են ցանկացած գործողության վրա, որը համապատասխանում է սույն օրենքի իմաստով ակցիայի բնորոշմանը՝ անկախ իրականացված գործողության համար փաստացի կիրառվող անվանումից։

4. Սույն գլուխը կիրառելի չէ հարկային հարաբերությունների նկատմամբ։

 

Հոդված 15.5. Զեղչը

 

1. Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչև զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե նախորդ գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով)։

2. Գնի իջեցումը չի համարվում զեղչ, եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացվելու մասին, կամ հրապարակային չի նշում, հայտնում կամ այլ կերպ տեղեկացնում գնի իջեցման մասին։

3. Ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցումը կատարվում է ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից։

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ակցիա իրականացնողը զեղչի մեկնարկի օրվանից ապահովում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի և զեղչի կիրառմամբ առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին։

5. Ակցիա իրականացնողը զեղչ սահմանելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի։

6. Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս։

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում սպառողի կողմից ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը։

 

Հոդված 15.6. Ապրանքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներ

 

1. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը ակցիա իրականացնողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի ընթացքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի ընթացքում դրանք ձեռք բերելը դառնում է այլ կերպ շահավետ:

2. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, ի թիվս այլնի, կարող են ներառել՝

1) ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության առաջարկ.

2) ակցիայի շրջանակում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:

3. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումների համար ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գինը, ակցիայի իրականացմամբ պայմանավորված, չի կարող բարձրացվել` լրիվ կամ մասնակի ներառելով տրվող նվերների, բոնուսների կամ այլ միջոցների արժեքը։

4. Ակցիա իրականացնողն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում կիրառելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի։

5. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս։

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը։

7. Ակցիա իրականացնողը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, չի կարող իրականացնել նույն ապրանքների համար ապրանքի իրացման կամ նույն ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։

 

Հոդված 15.7. Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները

 

1. Ակցիա իրականացնողն ակցիայի մասին սպառողներին իրազեկում է տեղեկատվության տարածման ցանկացած եղանակով՝ ցուցանակով, ցուցափեղկով, զանգվածային լրատվության միջոցներով և սպառողներին հասանելի այլ միջոցներով, որոնցից առնվազն մեկը պետք է պարունակի՝

1) ակցիայի էության հակիրճ նկարագրությունը.

2) ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության հստակ շրջանակը կամ դրա հասանելիության աղբյուրը.

3) ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը․

4) ակցիայի կիրառումը պայմանավորող պայմանների (եթե այդպիսիք առկա են) վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրա հասանելիության աղբյուրը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության շրջանակը չնշվելու դեպքում ակցիան կիրառելի է համարվում ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա ապրանքների կամ ծառայությունների ամբողջ տեսականու նկատմամբ։

3. Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա՝ ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։

4. Ակցիա իրականացնողն ապահովում է ակցիայի վերաբերյալ ամբողջական և հավաստի, իսկ գրավոր լինելու դեպքում՝ նաև ընթեռնելի տեղեկատվության հրապարակումը։

5. Ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել։

6. Այն դեպքում, երբ մինչև ակցիայի ժամկետի ավարտը ակցիային մասնակցող ապրանքները կամ ծառայություններն ամբողջությամբ սպառվում են, ապա ակցիան համարվում է վաղաժամկետ դադարած։

7. Վաճառողը կամ ծառայություն մատուցողը կարող է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ դադարեցնել ակցիայի իրականացումը։

8. Ակցիայի վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում ակցիա իրականացնողը պետք է միջոցներ ձեռնարկի ակցիայի իրականացման վերաբերյալ հրապարակումը դադարեցնելու համար։

 

ԳԼՈՒԽ 4.4

(գլուխը լրաց. 16.01.24 ՀՕ-30-Ն)

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 

 Հոդված 15.8. Առևտրային ցանցի և մատակարարների հարաբերություններին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Արգելվում են առևտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ եթե Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ առկա է ողջամիտ և օբյեկտիվ տարբերության հիմք՝ պայմանավորված նաև տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:

 

Հոդված 15.9. Առևտրային ցանցի պաշտոնական կայքը

 

1. Առևտրային ցանցն ունի պաշտոնական կայք:

2. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում հրապարակում է՝

1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները.

2) առևտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը.

3) առևտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները.

4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:

 

Հոդված 15.10. Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց

 

1. Առևտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ և սկզբունքներ: Նվազագույն պահանջները և սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին:

2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առևտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առևտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առևտրային ցանցի հրապարակած՝ մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները և սկզբունքները:

3. Առևտրային ցանցը գրավոր առևտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ապրանքի ընտրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ (փորձաքննության իրականացում և այլն), ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առևտրային ցանցը գրավոր տեղեկացնում է առևտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:

4. Առևտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առևտրային ցանցի հրապարակած նվազագույն պահանջներին և սկզբունքներին չհամապատասխանելը:

5. Առևտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է:

 

Հոդված 15.11.

Առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները

 

1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Պայմանագիրն առնվազն պարունակում է՝

1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.

2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.

3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև պայմանագրի դադարեցման և միակողմանի լուծման կարգը և հիմքերը.

4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ դրանց վերադարձման կարգը:

3. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը:

 

Հոդված 15.12. Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները և կարգը

 

1. Առևտրային ցանցը մատակարարին վճարումը կատարում է ոչ ուշ, քան՝

1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.

2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է օրենքով և պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքի ընդունման և մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:

3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:

(հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչև 16.01.24 ՀՕ-30-Ն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են 16.01.24 ՀՕ-30-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

 

Հոդված 15.13.

Ապրանքի ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում

 

1. Առևտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքի գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքի առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները և դրանց համար սահմանված վճարները:

2. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաև մատակարարման պայմանագրի մաս:

3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է՝

1) ապրանքի ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները և ապրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.

2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող՝ ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.

3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ և ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

 

Հոդված 17.

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 12.1-ին մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 4.3-րդ գլխի, 4.4-րդ գլխի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` մարզերում` մարզպետին, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

(17-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 17.06.08 ՀՕ-119-Ն, 21.08.08 ՀՕ-138-Ն, 19.05.09 ՀՕ-118-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-301-Ն, 13.07.23 ՀՕ-259-Ն, 16.01.24 ՀՕ-30-Ն)

(07.07.22 ՀՕ-301-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  51

 

(գլուխը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 171.

Հսկողության իրականացման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ` ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ` տեսուչներ) միջոցով:

4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ` իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:

5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:

6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:

Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը:

7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:

8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը:

9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)`

ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բաց թողնված օգուտների հատուցում.

գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.

բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.

գ) կատարել տեսուչների (տեսուչի) օրինական պահանջներն ու ցուցումները:

15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:

Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով: 

(171-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 18.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:

(18-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի համար` երկու տարվա ընթացքում, առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը`

ա) 2011 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երևանում և մարզկենտրոններում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար.

բ) 2012 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար:

Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`

ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից.

բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

6. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջի կատարումը տեղեկատվական միասնական համակարգի ներդրման մասով պարտադիր է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից.

7. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչև 2011 թվականի հունվարի 1-ը իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

(19-րդ հոդվածը խմբ. 07.02.07 ՀՕ-71-Ն, փոփ., լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, փոփ. 19.05.09 ՀՕ-118-Ն, 11.09.12 ՀՕ-176-Ն, 24.03.21 ՀՕ-142-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-134-Ն