Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը և կանոնակարգում է բյուջետային գործընթացը:

 

Հոդված 11. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:

(11-ին հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն)

 

Հոդված 1.2.

Սահմանումներ և հասկացություններ

 

Սույն օրենքի իմաստով`

1. Բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցների և սույն օրենքով բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներին դասվող միջոցների):

2. Բյուջետային ծախսերն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ վարկերի և փոխատվությունների տրամադրման, ներգրավված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաև բաժնետոմսերի և կապիտալում մասնակցության և այլ արժեթղթերի ձեռք բերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները:

3. Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը:

4. Ընթացիկ ծախսերն են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:

5. Փոխառու միջոցներն են պետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխումից, ինչպես նաև վարկերի և բյուջետային փոխատվությունների տեսքով բյուջեներ ստացվող միջոցները:

6. Ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մասնակցությունը և այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը և փոխատվությունները, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

7. Ոչ ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հիմնական ֆոնդերը), բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական և համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները:

8. Բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպես նաև ներգրավված փոխառու և այլ դրամական միջոցները:

9. Բյուջետային ելքերն են Սահմանադրությամբ և օրենքներով պետական և համայնքների բյուջեներից պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բացառությամբ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու միջոցների մարումները:

10. Բյուջետային հատկացումներն են բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները:

11. Բյուջեն հաստատող իրավական ակտն է պետական բյուջեի մասով Ազգային ժողովի ընդունած` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը, իսկ համայնքի բյուջեի մասով` համայնքի ավագանու ընդունած` համայնքի բյուջեի մասին որոշումը: Բյուջեն հաստատող իրավական ակտը սահմանում է համապատասխան բյուջեի տվյալ տարվա մուտքերը և ելքերը, բյուջետային հատկացումների բաշխումն ըստ դրանց գլխավոր կարգադրիչների, ինչպես նաև այլ նորմատիվ դրույթներ, որոնք գործում են միայն այն ժամանակահատվածում, որի համար ընդունվել է բյուջեն (եթե այլ բան չի նախատեսվում բյուջեն հաստատող իրավական ակտով):

12. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը: Բյուջեներով նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորություններն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այդ ծրագրերը պետական բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կամ համայնքի ավագանու որոշմամբ (այդ ծրագրերը համայնքի բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կարող են վերապահվել համապատասխանաբար պետական մարմնի կամ համայնքային կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանմանը, այլ հիմնարկի: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունը և պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ:

13. Պետական լիազորված մարմինն է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) լիազորած պետական կառավարման մարմինը:

14. Նպատակային բյուջետային մուտքերն են`

ա) օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում, կառավարության (կամ համայնքի) և վերջիններիս միջոցներ հատկացնողի միջև կնքված գործարքով նախատեսված որոշակի բյուջետային ելքերի կատարման նպատակով կառավարությանը (կամ համայնքին) նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող (կամ նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող ապրանքների դրամայնացումից) պետական (կամ համայնքի) բյուջե մուտքագրվող գումարները.

բ) առանձին բյուջետային ելքերի ֆինանսավորման նպատակով օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքի բյուջե մուտքագրվող գումարները:

15. Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեին օրենսդրությամբ ամրագրված բյուջետային մուտքերի կազմից օրենքով կամ կառավարության կամ համայնքի ավագանու որոշումներով առանձնացվող մուտքերի որոշ տեսակների (կամ դրանց հստակ սահմանված մասի) և բացառապես դրանց հաշվին ֆինանսավորվող բյուջետային ելքերի ամբողջությունն է: Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեի բաղկացուցիչ մասն է:

16. Արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաև բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են և նախատեսված են`

ա) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ` նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի և ելքերի) կատարման և առանձնացված հաշվառման համար.

բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար.

գ) դատական, նախաքննական և հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական և կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական և ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաև արտարժութային) միջոցների ստացման և դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար.

դ) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման համար, ինչպես նաև հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար.

ե) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը և վերադարձն ապահովելու համար.

զ) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար.

է) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար.

ը) պետական և համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար:

17. Ծրագիրը միևնույն վերջնական արդյունքի հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:

17.1. Ծրագիրը միևնույն նպատակին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:

17.2. Յուրաքանչյուր ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ՝ գլխավոր կարգադրիչի վերագրվող միջոցառումներ:

17.3. Ծրագրի նպատակը այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը:

18. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը:

19. Վերջնական արդյունքները սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի այն փոփոխություններն են, որոնց ձգտում է հասնել պետությունը հանրության համար ծրագրերի միջոցառումների տեսքով սահմանված միջամտությունների միջոցով:

19.1. Ազդակիր բնակավայրը համայնքի այն բնակավայրն է, որը հարակից է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռոյալթի վճարող կազմակերպությանը լեռնահատկացման ակտով հատկացված տարածքին:

19.2. Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող գումարներ են, որոնք նպատակային միջոցներ են և օգտագործվում են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրին:

20. Տրանսֆերտները բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող շահառուներին կամ բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեներին անհատույց և անվերադարձ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական միջոցներն են:

21. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի և միջոցառումների համակարգված, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծությունն է դրանց արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով:

23․ Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները և վերջնական արդյունքները։

(1.2-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, փոփ., լրաց. 14.12.17 ՀՕ-304-Ն, 21.01.20 ՀՕ-40-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-396-Ն, 04.03.22 ՀՕ-52-Ն, 12.06.24 ՀՕ-289-Ն)

(04.03.22 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.10.22 ՀՕ-396-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 2. Պետական և համայնքի բյուջեները

(վերնագիրը փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

1. Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են:

2. Բյուջեները կազմվում, քննարկվում և հաստատվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

(2-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը

 

1. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կարգավորվող Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետևյալ երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է`

ա) առաջին մակարդակ` պետական բյուջե.

բ) երկրորդ մակարդակ` համայնքների բյուջեներ:

2. Պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա`

ա) բյուջետային համակարգի միասնականություն.

բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.

գ) բյուջեների ինքնուրույնություն.

դ) բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.

ե) բյուջեների հաշվեկշռվածություն.

զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.

է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.

ը) բյուջեների հրապարակայնություն.

թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.

ժ) բյուջեների իրատեսություն:

(3-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 4.  Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն

 

Պետական բյուջեն և համայնքների բյուջեները (այսուհետ` բյուջեներ) կազմում են Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն, որի մուտքերը` օրենքով` սույն հոդվածում թվարկված բյուջեներին ամրագրված աղբյուրներից ձևավորվող (ձևավորված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով մուտքերի), իսկ ելքերը` օրենքով սահմանված ուղղություններով ծախսվող (ծախսված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով ելքերի) համապատասխան հանրագումարներն են:

(4-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 5. Բյուջետային հիմնարկը

 

1. Սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական և համայնքային հիմնարկները:

2. Պետական մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է դրա ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվը համայնքի բյուջեով հաստատված ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է համայնքի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է կառավարման վերադաս մարմնի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 6. Բյուջետային գործընթացը

 

1. Բյուջետային գործընթացը` յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների նախագծերը կազմվում են կառավարության գործունեության, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն), եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել:

4. Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում` տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու օրը:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 7.  Բյուջետային հարաբերությունների կարգավորումը

 

1. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը` բյուջետային համակարգի կազմակերպման, դրա կառուցվածքի սահմանման, բյուջեների միջև եկամուտների բաշխման, բյուջեների կատարման, հաշվետվությունների և հսկողության, բյուջետային դասակարգման և բյուջեներում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացվող գործունեությունն է:

2. Բյուջետային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով սահմանված բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքներով:

(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 8.

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգի, բյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաև բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:

2. Բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատման սկզբունքը նշանակում է պետական և համայնքների բյուջեներին բյուջետային մուտքերի համապատասխան տեսակների (ամբողջապես կամ մասնակիորեն), ինչպես նաև այդ բյուջեներից ելքերի իրականացման գծով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների ամրագրում:

3. Բյուջեների ինքնուրույնության սկզբունքը նշանակում է`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը.

բ) բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակի բյուջեների մուտքերի` օրենսդրությանը համապատասխան որոշվող սեփական աղբյուրների առկայություն.

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները.

դ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները.

ե) բյուջեների մասին օրենքների (որոշումների) կատարման ընթացքում չստացված մուտքերի և լրացուցիչ ելքերի բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեների հաշվին փոխհատուցման անթույլատրելիություն:

4. Բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը և ելքերը պարտադիր կարգով և ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում: Պետական և համայնքների բյուջեների բոլոր ելքերը ենթակա են ֆինանսավորման` բյուջետային համակարգում կուտակված բյուջետային միջոցների հաշվին:

5. Բյուջեների հաշվեկշռվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեով նախատեսված ելքերի ծավալը չպետք է գերազանցի մուտքերի ծավալին:

6. Բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեի բոլոր ելքերը պետք է ծածկվեն բյուջեի մուտքերով: Մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ որոշակի ելքերի հետ, բացառությամբ նպատակային բյուջետային մուտքերի ստացման դեպքերի, կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում` դրանց մուտքերի:

7. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

8. Բյուջեների հրապարակայնության սկզբունքը նշանակում է`

ա) հաստատված բյուջեների և դրանց կատարման մասին հաշվետվությունների պարտադիր հրապարակումը մամուլում (սույն օրենքի 26-րդ, 36-րդ հոդվածների պահանջներին համապատասխան), բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն.

բ) բյուջեների նախագծերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացի պարտադիր թափանցիկություն հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համար: Ի տարբերություն համայնքների բյուջեների, պետական բյուջեի կազմում կարող են հաստատվել գաղտնի հոդվածներ:

9. Բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոցների ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:

10. Բյուջեների իրատեսության սկզբունքը նշանակում է համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն:

(8-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 9. Բյուջեների դրամական մուտքերը և ելքերը

(հոդվածն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 10. Բյուջետային վարկերը և փոխատվությունները
 

1. Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են:

Սույն օրենքի իմաստով բյուջետային վարկեր են համարվում նաև`

ա) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 բ) կառավարության կողմից հաստատված որևէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետևանքով պետական բյուջեի նկատմամբ որևէ իրավաբանական անձի` հարկային չհանդիսացող պարտավորությունները այլ իրավաբանական անձի վրա վերաձևակերպման (պարտքի փոխանցման) գծով գործառնությունը.

գ) բյուջետային երաշխիքի վճարմամբ ծագող հետադարձ պահանջները.

դ) վարկառուի կողմից ըստ վարկային պայմանագրի դրամական տեսքով մարվող պետության կողմից ապրանքային տեսքով տրվող վարկերը (դրամական տեսքով մարվող գումարի չափով):

2. Բյուջետային փոխատվությունները վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի պետական բյուջեից և համայնքների բյուջեներից համայնքներին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներն են: Համայնքներին բյուջետային փոխատվությունները տրվում են վեց ամսից ոչ ավելի տևողությամբ և նշված փոխառուների կողմից ենթակա են վերադարձման նույն բյուջետային տարում:

3. Բյուջետային վարկերի և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

(10-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 11. Բյուջետային երաշխիքները

 

1. Բյուջետային երաշխավորագիրը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխավորագիր ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության (այսուհետ` պրինցիպալներ) պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և արտացոլվում առանձին տողով:

3. Բյուջետային երաշխավորագիրը (երաշխիքը) կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխավորության (երաշխիքի) մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:

Բյուջետային երաշխավորագրերի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջետային երաշխավորագրերի (երաշխիքների) տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:

4. Տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը: 5. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

 Հոդված 11.1.

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը

 

1. Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը և/կամ վճարունակությունը), ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:

2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքը ստորագրվում է պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որոշման հիման վրա:

3. Սույն օրենքի 11 հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության և չորրորդ մասի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:

(11.1-ին հոդվածը լրաց. 24.06.10 ՀՕ-109-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 12. Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Բյուջետային տարվա համար բյուջեներով նախատեսված ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեներով նախատեսված հաշվարկային դրամական մուտքերը:

2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը:

3. Բյուջեների եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը):

Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու զուտ միջոցների, պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին: Ընդ որում, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով (մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների դեպքում` 100 տոկոս)` անկախ գույքի տեղաբաշխման վայրից: Մինչև Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրերով պետական գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը պետական և համայնքների բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) սույն օրենքին համապատասխան կարող է ֆինանսավորվել նաև նշված ծրագրերում ընդգրկված պետական գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների հաշվին:

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով, իսկ համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը` համայնքի տվյալ տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ:

Սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված բացառիկ դեպքերի:

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի`

ա) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել առաջիկա տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող առաջիկա տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև առաջիկա տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից առաջիկա տարում ստացվելիք և առաջիկա տարվան նախորդող տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից այդ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների և համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:

(12-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-9, խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 02.06.09 ՀՕ-133-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 23.12.13 ՀՕ-193-Ն, փոփ. 20.12.17 ՀՕ-5-Ն, 12.09.23 ՀՕ-277-Ն)

(12.09.23 ՀՕ-277-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 13. Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

 

1. Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտքն է:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված տվյալ տարվա պետական բյուջեի մուտքերի կազմում տվյալ տարվա համապատասխան բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարը նախատեսված չլինելու կամ փաստացի ձևավորված գումարից պակաս չափով նախատեսված լինելու դեպքում կառավարությունն իրավասու է պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի ձևավորված փաստացի գումարի` հաստատված համապատասխան բյուջեով չնախատեսված մասն ուղղել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում համապատասխանաբար պետական բյուջեով նախատեսված, սակայն չֆինանսավորված` առկա ժամկետանց պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ելքերի ֆինանսավորմանը` դրանց գծով համապատասխան այդ բյուջեներով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում:

3. Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարի` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված նպատակներով օգտագործման ուղղությունները սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

4. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի ավագանու որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

5. Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով` առկա պարտավորությունների կատարմանը.

բ) սույն մասի «ա» կետում նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:

(13-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 14. Բյուջեների միջոցների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը

 

1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման կարգով սահմանվում են`

ա) ծախսերի կատարման իրավական հիմքը` պետական կապիտալ ներդրումների ծրագրի, նպատակային ծրագրերի, գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների առկայությունը.

բ) ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկատնտեսական չափանիշները, նախագծանախահաշվային փաստաթղթերը.

գ) ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.

դ) օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը.

ե) բյուջեների նախագծերում և բյուջեների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ ծախսերի կատարման արտացոլման ձևը.

զ) բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի կատարման այլ դրույթներ:

2. Բյուջեների կապիտալ ծախսերն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում կարող են ներդրումներ պարունակել, որոնք այդ իրավաբանական անձանց բաժնետոմսերի (բաժնեմասերի) նկատմամբ առաջացնում են պետության կամ համայնքների սեփականության իրավունք:

3. Պետական կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված` պետական սեփականություն համարվող գույքը հանձնվում է պետական համապատասխան մարմնի կառավարմանը կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի տնօրինմանը:

4. Պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի շահագործումից, կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված գույքի օտարումից կամ վարձակալությունից ստացված միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ:

(14-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 15. Բյուջեների կատարումը

 

1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:

3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է պետական լիազորված մարմինը:

4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`

ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.

բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.

գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.

դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.

ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, բյուջետային հատկացումների կրճատման և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.

զ) սույն օրենքի 23 և 33 հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.

է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.

ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:

5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով պետական լիազորված մարմինը, նրա գանձապետարանի ստորաբաժանումներն իրականացնում են`

ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.

բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի մուտքերին և ելքերի ուղղություններին համապատասխան.

գ) պետական դրամական միջոցների` ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները, համախմբումը միասնական գանձապետական հաշվում.

դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրամական միջոցների կառավարման ապահովումը.

ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.

զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.

է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

6. Բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:

7. Պետական և համայնքային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը և ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:

8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում է պետական լիազորված մարմինը` սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:

9.1. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի և դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձևավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.2. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «բ» - «ը» կետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը և ելքերը պետական և համայնքների բյուջեներում և դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:

10. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով:

12. Պետության և համայնքի պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում և ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում:

13. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ, համապատասխան դատարանի վճռի, դատավճռի և որոշման կամ արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է մուրհակի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի տրամադրման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ (այսուհետ՝ կայունացման հաշիվ)։

15. Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված համախառն ներքին արդյունքի մեկից մինչև երկու տոկոս միջակայքի սահմաններում:

16. Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքի հիման վրա: Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգով սահմանվում են՝

ա) կայունացման հաշվի նպատակները.

բ) կայունացման հաշվի համալրման և օգտագործման կարգը.

գ) կայունացման հաշվի կառավարման կարգը.

դ) կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին և վերին շեմերից թույլատրելի շեղումները:

(15-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-11, լրաց., փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-65-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն, 23.06.11 ՀՕ-238-Ն, փոփ., լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-396-Ն)

(26.10.22 ՀՕ-396-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-201-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 151.

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից`

ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս.

բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:

Կառավարությունը և կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:

2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ`

ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի և պարտքի գծով կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ժամկետանց պարտքերի վերաբերյալ.

բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների և/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, գնաճի, եկամուտների և ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

դ) կարևոր տնտեսական և այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.

ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ` դրանց կարևորության հիմնավորմամբ.

զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:

3. Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է պետական բոլոր մարմինների համար հետևյալ տեղեկությունները`

ա) այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.

բ) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք ծախսերի վրա.

գ) կառավարության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված.

դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը:

(151-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, 25.12.06 ՀՕ-37-Ն, փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 16. Պետական բյուջեի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը

 

1. Պետական բյուջեի նախագիծը ներառում է`

ա) կառավարության բյուջետային ուղերձը.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը.

գ) պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:

2. Կառավարության բյուջետային ուղերձը ներառում է`

ա) կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին,

բ) պետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումն առաջիկա երեք տարվա համար,

բ1) պետական բյուջեի նախագծի հիմքում դրված միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես`

- բյուջետային եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի, համախառն և զուտ պարտքի գծով կառավարության երկարաժամկետ նպատակները և պայմանական (հնարավոր) պարտավորությունները (երաշխիքները).

- մակրոտնտեսական, գնաճի, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի և պարտքի ցուցանիշների գծով ճշգրտված եռամյա կանխատեսումները.

- տնտեսության զարգացմանը և այլ հարցերին վերաբերող այն կարևոր ենթադրությունները, որոնց հիման վրա ճշգրտված են կանխատեսումները.

- միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարադրված` կառավարության ռազմավարական գերակայությունները և առաջիկա տարվա բյուջեում արտացոլվելիք կոնկրետ գերակայությունները.

- ճշգրտված տեղեկատվություն` հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).

- միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո կառավարության քաղաքականության և հարկաբյուջետային նպատակների մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների նկարագրությունը և դրանց հիմնավորումը:

Սույն մասում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել ոչ թե որպես բյուջետային ուղերձի առանձին մաս, այլ ներառվել բյուջետային ուղերձի այլ բաղկացուցիչ մասերում. 

գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագիրը.

դ) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային ծրագրերի), ինչպես նաև ծրագրերի միջոցառումների իրագործման աստիճանը բնութագրող ֆինանսական և առկա (մշակված) արդյունքային (կատարողական) փաստացի, սպասվելիք և կանխատեսվող (համապատասխանաբար նախորդ, ընթացիկ և ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջետային տարիների վերջի դրությամբ) ցուցանիշները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային միջոցառումների) սահմանող հավելվածները.

զ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ամփոփ ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման:

3. Բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածում` նախորդ բյուջետային տարի) և առաջին տարվա (այսուհետ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի) հաշվարկային և սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.

գ) (կետն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված հարկային և այլ եկամտատեսակների.

ե) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).

զ) պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

-իրավական հիմքը.

-բովանդակությունը.

-խնդիրները և նպատակները.

-կատարման փուլերը և ժամկետները.

է) առաջիկա տարվա վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը` նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

ը) կառավարության պահուստային ֆոնդի և պետական պահուստների ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

թ) տեղեկություններ` սույն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասում նշված մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերով պահանջված և Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկած հատկացումների հետ կապված համաձայնեցումների արդյունքների մասին.

ժ) տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին` օրենքով սահմանված կարգով տրամադրվող հատկացումների մասին.

ժա) (կետն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

ժբ) տեղեկություններ` պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին, և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ` փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

ժբ1) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

ժբ2) կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված առաջիկա բյուջետային տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը` համապատասխան հիմնավորումներով, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ կառավարության եզրակացությունը.

ժգ) այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնավորման համար:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է`

ա) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասակարգմամբ և ծախսերը` բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգմամբ.

բ) պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ.

բ1(կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

բ2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը` օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը.

գ) օրենքով սահմանված այլ դրույթներ և ցուցանիշներ:

5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքով կենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը և դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12 եռամսյակների համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ:

(16-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-178, լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-37-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-183-Ն, փոփ., լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 14.12.17 ՀՕ-304-Ն, փոփ. 20.12.17 ՀՕ-5-Ն, 13.12.17 ՀՕ-315-Ն)

 

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

 

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝

ա) հարկային եկամուտները.

բ) պետական տուրքերը.

գ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-258-Ն)

դ) պաշտոնական դրամաշնորհները.

ե) այլ եկամուտներ:

2. Հարկային եկամուտներն են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտային հարկը.

ե) բնապահպանական հարկը.

զ) ճանապարհային հարկը.

է) շրջանառության հարկը.

ը) արտոնագրային հարկը.

թ) մաքսատուրքերը.

ժ) բնօգտագործման վճարը.

ժա) սոցիալական վճարը.

ժբ) կենսաթոշակային վճարը.

ժգ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը.

ժդ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը.

ժե) դրոշմանիշային վճարները.

ժզ) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների խախտումների համար գանձվող տուգանքներն ու տույժերը, բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի.

ժէ) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ:

21. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 281-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:

3. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-258-Ն)

4. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.

բ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

5. Այլ եկամուտներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն (այդ թվում` «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով) անցած` հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

ժ) (կետն ուժը կորցրել է 11.12.13 ՀՕ-131-Ն)

ժա) (կետն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-178, փոփ., խմբ. 08.02.00 ՀՕ-34, փոփ., լրաց., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-63-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, լրաց. 11.11.05 ՀՕ-226-Ն, խմբ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-258-Ն, փոփ., լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, 11.12.13 ՀՕ-131-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-73-Ն, 15.12.16 ՀՕ-248-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-271-Ն)

 

Հոդված 17.1 Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը

(վերնագիրը փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են`

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը).

բ) պետական սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) պետական ռազմավարական պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` օտարումից մուտքերը:

(17.1-ին հոդվածը լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

 

1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) բնակարանային կոմունալ տնտեսություն.

ը) մշակույթ, սպորտ և կրոն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել սոցիալական պաշտպանության ոլորտի, պետական լիազորված մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, հարկային մարմնի, մաքսային մարմնի, ինչպես նաև այլ պետական մարմինների համար ստեղծվող՝ աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, սոցիալական պաշտպանության ոլորտի, հարկային մարմնի և մաքսային մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածին համապատասխան և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները օգտագործվում են պետական լիազորված մարմնի և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակիցների խրախուսման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով: 

Պետական բյուջեի ծախսերում պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ նախատեսված լինելու դեպքում պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է նշված ֆոնդի միջոցների, իսկ դրանց անբավարարության դեպքում՝ պետական բյուջեի այլ միջոցների հաշվին, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի համալրմանը:

3. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

4. Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների, իսկ 2020 թվականից սկսած՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 09.11.06 ՀՕ-174-Ն, 27.11.08 ՀՕ-204-Ն, խմբ. 15.11.11 ՀՕ-278-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-258-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-191-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-271-Ն, 20.12.17 ՀՕ-28-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 19. Կառավարության պահուստային ֆոնդը

 

1. Պետական բյուջեում նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման աղբյուրն է: Պետական բյուջեի ծախսային մասում` կառավարության պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:

2. Կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին` օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսը:

3. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են կառավարության որոշումների հիման վրա:

(19-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 20.

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով` համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ` ֆինանսական համահարթեցման դոտացիաներ:

2. Համայնքներին չի կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցների ուղղում կոնկրետ ծախսերի իրականացմանը:

Պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը:

3. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգը սահմանվում է օրենքով:

4. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաև նախատեսվել համայնքների բյուջեներին հատկացվող`

ա) այլ դոտացիաներ` համայնքի բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով որևէ ծախսատեսակի (ծրագրի) իրականացման հետ չկապակցված, անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ.

բ) սուբվենցիաներ` համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է հետ պահանջել համայնքից պետական բյուջեից համայնքին հատկացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված գումարները: Սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է նաև համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով և կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային մասհանում): Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողը:

6. Յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ համայնքային մասհանման 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է համայնքի ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջև, որոնց կազմում կան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-ին մասով սահմանված ազդակիր բնակավայրեր՝ այլ ռոյալթի վճարողներից, բացառելով սույն մասի սկզբնամասում նշված ազդակիր բնակավայրեր ներառող համայնքները:

Մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները:

7. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախագիծը և Ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին: Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնեցմանն է ներկայացնում համայնքի ղեկավարը:

8. Ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

(20-րդ հոդվածը փոփ. 08.02.00 ՀՕ-34, խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, 16.12.16 ՀՕ-239-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-52-Ն)

(04.03.22 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 21. Պետական բյուջեի նախագծի կազմումը

 

1. Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված ժամկետներում:

1.1. Սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը։

2. Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 31 հոդվածին համապատասխան, խորհրդակցում է կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջնաժամկետ կանխատեսումների շուրջ:

21. Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից`

ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում:

22. Առաջիկա երեք տարվա` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք` պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

23. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունման օրը և ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

24. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ` առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ:

25. Պետական մարմինները կազմում և պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:

26. Պետական մարմնի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է պետական մարմնի ղեկավարը:

27. Սահմանված ժամկետում պետական մարմնի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

28. Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

29. Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն:

210. Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում` ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ը:

211. Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը:

2.12. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով, նախատեսված դրույթների համաձայն, պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):

3. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի (այսուհետ` իրավական հսկողության բարձրագույն մարմին) միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերի և նորմատիվների, պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման ու ներկայացման կարգի, բյուջետային դասակարգման մանրամասների, ինչպես նաև ըստ առանձին համայնքների համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների, դրանց հաշվարկման և ներկայացման կարգի ու ժամկետների, բյուջետային ծախսերի նախահաշիվների ու համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մասերի) միասնական ձևերի մասին, ինչպես նաև խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ (ուղեցույցեր): Պետական լիազորված մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավասու է պարզելու տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվարկման համար այդ մարմինների կողմից ներկայացվող տվյալների արժանահավատությունը: Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին) առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով և ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման և ներկայացման կարգի ու ժամկետների մասին:

4. Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները), իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի` ըստ առանձին համայնքների բաշխումը առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:

4.1. Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով պետական լիազորված մարմնից ստացված մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալները, ինչպես նաև օրենսդրությամբ պահանջվող այլ նյութեր, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում տարածքային կառավարման մարմինների միջոցով ներկայացնում են պետական լիազորված մարմին: Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` իրենց կողմից հաշվառվող ելակետային տվյալները դոտացիայի գումարները հաշվարկող մարմնից ստացված մեթոդական ցուցումներով սահմանված ծավալով, կարգով և ժամկետում ներկայացնում են դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին:

4.2. Առաջիկա տարվա դոտացիայի ընդհանուր գումարների ըստ առանձին համայնքների բաշխման հաշվարկներն իրականացնելու համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից հաշվառվող ելակետային տվյալները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը դոտացիայի գումարները հաշվարկող մարմնում օրենսդրությամբ սահմանված ծավալով և կարգով չստացվելու դեպքում առաջիկա տարվա համար այդ համայնքի բյուջեին տրվող դոտացիան հաշվարկվում է` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված համապատասխան ելակետային տվյալները, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

4.3. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկման ճշգրտված ելակետային տվյալները և (կամ) վերացնելով հաշվարկներում տեղ գտած վրիպումները, կատարում է տվյալ տարվա դոտացիայի գումարների ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ, որի արդյունքները սույն հոդվածի 4.5-րդ մասին համապատասխան արտացոլվում են առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

4.4. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման մասին ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից հետո դոտացիայի գումարները հաշվարկող մարմնում ստացված տեղեկատվության հիման վրա տվյալ տարվա դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ չի իրականացվում:

4.5. Ընթացիկ տարվա համար յուրաքանչյուր համայնքի գծով սույն հոդվածի 4.3-րդ մասի համաձայն վերահաշվարկված և նույն տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված դոտացիայի գումարների միջև`

ա) բացասական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարը) հետ է գանձվում այդ համայնքից` վերջինիս գծով առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարի չափով պակասեցման ճանապարհով (ընդ որում, եթե գանձման ենթակա գումարը գերազանցում է առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը, ապա այդ գերազանցող չափով գումարի գանձումը նույն եղանակով իրականացվում է նաև առաջիկա տարվան հաջորդող հերթական տարիների ընթացքում).

բ) դրական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարը) հատկացվում է տվյալ համայնքին առաջիկա տարվա պետական բյուջեով համայնքների միջև բաշխման համար նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին` այդ համայնքին առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարի չափով ավելացման ճանապարհով: Եթե սույն մասի «ա» կետով սահմանված եղանակով գումարի գանձման ժամանակաշրջանը որոշ համայնքների գծով ընդգրկում է ոչ միայն առաջիկա տարին, այլև դրան հաջորդող հերթական տարիները (գանձման ժամանակաշրջան), ապա սույն կետի համաձայն` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներին (սույն կետում այսուհետ` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներ) հատկացումը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի պետք է իրականացվի այդ տարիներին գանձման ենթակա գումարի սահմաններում (ընդ որում, հատկացում ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր համայնքին իրեն հասանելիք հատկացման գումարը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում պետք է տրվի հատկացում ստանալու իրավունք ունեցող բոլոր համայնքներին հասանելիք հատկացման ընդհանուր գումարում յուրաքանչյուր համանման համայնքի գումարի տեսակարար կշռին համապատասխանող չափով):

4.6. Սույն հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 4.5-րդ մասի համաձայն` ըստ առանձին համայնքների համապատասխան տարվա դոտացիայի գումարների վերահաշվարկմամբ այդ տարվա դոտացիաների տրամադրման բնագավառում պետության և համայնքների միջև փոխադարձ պարտավորությունները համարվում են ամբողջությամբ կարգավորված և վերանայման ենթակա չեն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

5. Դոտացիայի գումարները հաշվարկող մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը:

6. Բյուջետային հիմնարկի ֆինանսավորման հայտը ստորագրում է ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բյուջետային հատկացումների նպատակային օգտագործման համար:

7. Սույն օրենքով սահմանված ժամկետներում բյուջետային ֆինանսավորման հայտերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

8. Կապիտալ ծախսերը հաշվարկվում են նպատակային ծրագրերի հիման վրա: Այդ ծրագրերի իրականացման ժամկետը բյուջետային տարվան գերազանցելու դեպքում առանձնացվում են տվյալ ծրագրերի` ըստ տարիների ֆինանսավորման չափերը: Նման ծրագրերով ֆինանսավորվող ծախսերը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար ճշգրտում է պետական լիազորված մարմինը և առանձին տողով ներկայացնում համապատասխան տարվա պետական բյուջեում:

8.1. Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:

8.2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի`

ա) 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս.

բ) 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը.

գ) 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:

8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ պայմանավորված խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:

8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝

ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար.

բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար:

9. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը:

10. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա առանձին բնագավառներում կարգավորող գործունեություն իրականացնող գործադիր իշխանությունից անկախ մարմինների (սույն մասում այսուհետ` հայտատու մարմին) բյուջետային ֆինանսավորման հայտերի պատճենները պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում են Ազգային ժողով: Եթե որևէ հայտատու մարմնի ներկայացրած բյուջետային ֆինանսավորման հայտի շուրջ այդ մարմնի և պետական լիազորված մարմնի միջև ծագած տարաձայնությունները մինչև պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելը համաձայնեցվել են, ապա պետական բյուջեի նախագծի հետ Ազգային ժողով է ներկայացվում փոխհամաձայնեցված ցուցանիշներ պարունակող, հայտատու մարմնի կազմած բյուջետային ֆինանսավորման հայտի պատճենը:

11. Բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ` պետական լիազորված մարմնի ու հայտատուների միջև տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

12. Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա պետական լիազորված մարմինը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն:

13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը` ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:

14. Պետական բյուջեի պետական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

15. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչև պետական բյուջեի նախագծի ներկայացումը:

(21-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-178, լրաց. 14.04.98 ՀՕ-211, 11.10.00 ՀՕ-99, լրաց., խմբ., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-37-Ն, 23.10.08 ՀՕ-183-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.04.13 ՀՕ-45-Ն, փոփ., լրաց. 20.10.16 ՀՕ-203-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն, լրաց. 20.12.17 ՀՕ-5-Ն, 16.11.22 ՀՕ-427-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 22. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը

(վերնագիրը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

2. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո:

Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրենքների ընդունման վրա:

3. Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Այդ դեպքում, մինչև այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու` օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը: Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ: Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը (բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի) չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը` եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը` ամսվա կտրվածքով: Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում:

4. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաստատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է oրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:

(22-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 29.09.14 ՀՕ-153-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-271-Ն, 21.01.20 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 23. Պետական բյուջեի կատարումը

 

1. Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա:

2. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

3. Ազգային ժողովի հաստատած պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի խմբակցությունների, կառավարության առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի մուտքերը կամ ավելացնում ելքերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

4. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման:

5. Պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է:

6. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն (նաև էլեկտրոնային տարբերակով)` սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան:

7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների կառավարության սահմանած համամասնություններով:

8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:

(23-րդ հոդվածը խմբ. 14.04.98 ՀՕ-211, խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, 25.03.15 ՀՕ-19-Ն, 16.12.16 ՀՕ-13-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 24. Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը և բյուջետային ծրագրերի գնահատումը

(վերնագիրը խմբ. 12.06.24 ՀՕ-289-Ն)

 

1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է կառավարությունը` իր սահմանած կարգով:

2. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում`

ա) սույն օրենքի և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

բ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ.

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրինականության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ:

4. Բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է պետական լիազորված մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:

(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.06.24 ՀՕ-289-Ն)

 

Հոդված 25.

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

 

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.

բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

գ) տեղեկություններ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

դ) տեղեկություններ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

դ1) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ.

ե) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետևյալ մասերից՝

1) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք.

2) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:

5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով` մինչև ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

(25-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.98 ՀՕ-211, փոփ. 25.12.06 ՀՕ-9-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-115-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-60-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-40-Ն, 01.03.23 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը

 

Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում այն հրապարակում է մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

բ) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

գ) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

գ1) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման՝ հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական` բյուջեի եռամսյակային կատարման մասին:

(26-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, 19.03.12 ՀՕ-155-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ

 

Հոդված 27. Համայնքների բյուջեների ձևավորման սկզբունքները

 

Համայնքների բյուջեների ձևավորման հիմնական սկզբունքներն են`

ա) համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու ընդունած՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.

բ) պահուստային ֆոնդի ստեղծումը` որպես տվյալ տարվա համայնքի բյուջեում չնախատեսված, ինչպես նաև վարկերի և այլ փոխառու միջոցների օգտագործման վճարների (տոկոսների) գծով ելքերի աղբյուրի և կապիտալ ելքերի ֆինանսավորման հիմնական երաշխիք.

գ) համայնքի բյուջեի հաշվեկշռվածությունը` յուրաքանչյուր տարվա համայնքի բյուջեի սույն օրենքի 28-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան մասում տվյալ տարում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերի հանրագումարին.

դ) խնայողականությունը, երբ կատարված ծախսին համապատասխանում է դրան համարժեք նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում.

ե) արդյունավետությունը, երբ ապահովվում է կատարված ծախսի և համայնքի համար դրա օգտակարության միջև պատշաճ հարաբերակցությունը.

զ) հավաստիությունը և հստակությունը, որը հնարավորություն է ընձեռում ապահովել բյուջեի կատարման և բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը` բյուջեի հոդվածների հիմքում դրվող հստակ հաշվարկների միջոցով.

է) հրապարակայնությունը, որն ապահովում է համայնքի բյուջեի ձևավորման և կատարման վերաբերյալ համայնքի անդամների իրազեկությունը:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 25.03.15 ՀՕ-19-Ն, 16.12.16 ՀՕ-239-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 27․1․ Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

 

1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից`

1) համայնքի եկամուտները շարադրող մաս.

2) համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

2. Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ`

1) համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով եկամուտների կանխատեսումների և դրանց ռիսկերի վերաբերյալ.

2) եկամուտների ստացման (հավաքման) ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով համայնքների եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած եկամուտների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

3) համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները՝ դրանց կարևորության հիմնավորմամբ:

3. Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.

2) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա.

3) համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում՝ առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված.

4) տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները:

(27.1-ին հոդվածը լրաց. 25.05.22 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 28.

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի`

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում` ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս, բացառությամբ 28.1-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի:

(28-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-178, լրաց. 12.10.99 ՀՕ-9, խմբ., փոփ. 08.02.00 ՀՕ-34, լրաց. 15.05.01 ՀՕ-183, խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-290-Ն)

 

Հոդված 281.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

 

Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) հարկային եկամուտները.

բ) տուրքերը.

գ) պաշտոնական դրամաշնորհները.

դ) այլ եկամուտներ:

1.1. Հարկային եկամուտներն են`

ա) տեղական հարկեր`

- անշարժ գույքի հարկը,

- փոխադրամիջոցների գույքահարկը.

բ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումները (յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվող չափերով, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով համայնքային մասհանումների).

գ) տեղական հարկերի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի խախտումների համար հարկ վճարողներից տեղական հարկերի գծով գանձվող տույժերը և տուգանքները:

1.2. Տուրքերն են`

ա) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվող պետական տուրքը.

բ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար գանձվող պետական տուրքը.

գ) տեղական տուրքերը:

1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

1.4. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար համայնքի բյուջեին պետական բյուջեից և (կամ) այլ համայնքների բյուջեներից տրամադրվող բյուջետային փոխատվությունները.

բ) վարչական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը (սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով).

գ) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով, տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ներգրավվող ժամանակավոր ազատ միջոցները, ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը.

դ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող միջոցներ:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար պետական բյուջեից և (կամ) այլ համայնքների բյուջեներից ներգրավված բյուջետային փոխատվությունների մարումները, ինչպես նաև վարչական բյուջեից բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

(281-ին հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, 20.05.05 ՀՕ-102-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-290-Ն, խմբ., փոփ. 27.04.10 ՀՕ-52-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-271-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-52-Ն)

(04.03.22 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 282.

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

 

Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) պաշտոնական դրամաշնորհները.

բ) այլ եկամուտներ:

1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներից, միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից) ստացվող նպատակային դրամաշնորհները:

1.2. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են`

ա) պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

գ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երևան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը.

դ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող).

բ) համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` սույն օրենքի 281-րդ հոդվածի II մասում նշված ուղղություններով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում կատարվող կապիտալ ծախսերը:

2. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի և տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի մարումները և բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումներ:

4. Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը` պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում:

(282-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, խմբ. 13.12.04 ՀՕ-126-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-135-Ն, խմբ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-290-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-21-Ն, լրաց. 23.12.13 ՀՕ-193-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-239-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-171-Ն, փոփ. 12.09.23 ՀՕ-277-Ն)

(12.09.23 ՀՕ-277-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 283. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Համայնքների բյուջեներից պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:

2. Պատվիրակված լիազորությունները (այդ թվում` դրանց իրականացման ծախսերի ֆինանսավորումը) իրականացվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(283-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 29. Համայնքների բյուջեների պահուստային ֆոնդը

 

1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 30 տոկոսի չափով:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

4. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել համայնքի բյուջեի ֆոնդային մաս:

5. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

(29-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն, խմբ. 22.11.23 ՀՕ-371-Ն)

 

Հոդված 30. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԸ և ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, վարչական բյուջեով նախատեսված ծախսերը ժամանակին կատարելու նպատակով համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:

2. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է վարկային պայմանագիր կնքել կամ արժեթղթեր թողարկել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի և արժեթղթերի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները (ներառյալ` արժեթղթերի թողարկումից ստացվող միջոցները) պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները:

4. Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):

(30-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն)

 

Հոդված 31. Համայնքի բյուջեի նախագծի կազմումը

 

1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է՝ հիմք ընդունելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:

1.1. Համայնքի բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից`

1) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

2) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակում:

1.2. Առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:

1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը:

1.5. Բյուջետային հիմնարկները կազմում և համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում:

1.6. Բյուջետային հիմնարկի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է բյուջետային հիմնարկի ղեկավարը:

1.7. Իր պարտականությունները կատարելու համար համայնքի ղեկավարը իրավասու է բյուջետային հիմնարկներից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:

1.8. Համայնքի ղեկավարը համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում և կառավարության հաստատած պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը։ Հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացվում է համապատասխան մարզպետին։

2. Համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

3. Կառավարության կամ նրա լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը և նորմատիվները համայնքների բյուջեներով նախատեսվող ծախսերի հաշվարկման ժամանակ կրում են խորհրդատվական բնույթ: Բացառություն են տեղական ինքնակառավարման մարմինների` պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող այլ նպատակային ծախսերի ֆինանսավորման դեպքերը:

4. Համայնքի բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը` աշխատակազմի համապատասխան ծառայությունների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին`

- տալիս է համապատասխան հրահանգներ բյուջեի մուտքերի և ելքերի հաշվարկման ու ներկայացման համար.

- պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված` տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ապահովում է բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման համապատասխան ձևերով:

5. Բյուջետային հիմնարկները համայնքի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին են ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

6. Համայնքի ղեկավարն ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները և կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից:

7. Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է`

ա) (կետն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների, ինչպես նաև համայնքի բյուջեի հիմքում դրված՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին.

գ) համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշների հետ,

դ) համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի`

- իրավական հիմքը.

- բովանդակությունը.

- խնդիրները և նպատակները.

- կատարման փուլերը և ժամկետները.

ե) պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

զ) բյուջեի վարչական և ֆոնդային մասերի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

է) սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ստացված տեղեկությունները պետական բյուջեի նախագծում (եթե համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծն ավագանու քննարկմանը ներկայացվում է մինչև առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը) կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին.

ը) (կետն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

թ) տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին.

ժ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի հիմնավորման համար:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`

ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ,

գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:

(31-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, 16.12.16 ՀՕ-239-Ն, խմբ., լրաց. 25.05.22 ՀՕ-133-Ն)

(25.05.22 ՀՕ-133-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 32. Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից

 

1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Համայնքի բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

2. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և համայնքի ավագանու կանոնակարգով:

3. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է համայնքի բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

 Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:

4. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

5. Համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին, որի վերաբերյալ ընդունում է համայնքի ղեկավարի ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը:

6. Համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի բյուջեն կարող է հաստատել նաև մինչև պետական բյուջեի հաստատումը:

Պետական բյուջեի հաստատումից հետո համայնքների մինչ այդ հաստատված բյուջեներում երկշաբաթյա ժամկետում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:

7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո 3 օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:

Մարզպետը ստուգում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունն օրենքին` պահպանելով սույն օրենքով սահմանված բյուջեների ինքնուրույնության սկզբունքը, հաշվարկների համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող սկզբունքների պահպանման դեպքում համայնքի բյուջեն ներառում է պետական լիազորված մարմին ներկայացվող` մարզի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկանքում: Ամփոփ տեղեկանքի ձևը, նրա կազմման կարգը և ներկայացման ժամկետները սահմանում է պետական լիազորված մարմինը:

8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման առնչությամբ մարզպետի և համայնքի ղեկավարի միջև առաջացած տարաձայնությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունվելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարության լիազորած մարմին, որն էլ օրենքով սահմանված կարգով այն ներկայացնում է կառավարություն:

Եթե կառավարությունը դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Կառավարության կողմից համայնքի ղեկավարի` հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում` համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն քսան օրվա ընթացքում: Այն քննարկվում և հաստատվում է սույն օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, 26.12.08 ՀՕ-21-Ն, փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-239-Ն)

 

Հոդված 33. Համայնքի բյուջեի կատարումը

 

1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը սահմանում է համայնքի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատում է բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:

2. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

ա) համայնքի ավագանու հաստատած տարեկան բյուջեն, եռամսյակային համամասնություններով և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային բաշխմամբ հաստատված նախահաշիվները տրամադրում է համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնող պետական լիազորված մարմնին,

բ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը,

գ) աջակցում է հարկային մարմիններին` համայնքի բյուջե հարկերի մուտքագրման գործում,

դ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:

4. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն:

Հաստատված համայնքի բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները համայնքի ղեկավարն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների: 

5. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը, սույն օրենքի համաձայն, կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական լիազորված մարմինը` գանձապետարանի ստորաբաժանումների միջոցով:

6. Համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն համայնքի ղեկավարն է:

(33-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 34. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողությունը

 

1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և կառավարությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ավագանին համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է իր անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

21. Կառավարությունը համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է պետական բյուջեից համայնքին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիաների, պետական գույքի մասնավորեցումից սույն օրենքի համաձայն համայնքի բյուջե մասհանված գումարների, պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման նպատակով տրված միջոցների) օգտագործման, ինչպես նաև պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման և դրանց մարման ծրագրի նկատմամբ` իր կողմից սահմանված կարգով պետական կառավարման լիազորած մարմնի միջոցով:

3. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողության հիմնական խնդիրներն են`

ա) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգումը,

բ) բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգումը,

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատումը,

դ) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը,

ե) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովումը:

4. Համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձինք համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնող անձանց պարտականությունների կատարումը խոչընդոտելու, կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 35. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները

 

1. Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը մարզպետին ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձևաչափով:

2. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

3. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը:

4. Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ավագանու անդամը (անդամները) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպությունը համայնքի ավագանուն է ներկայացնում իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները: Իրավախախտումներ հայտնաբերվելու դեպքում ավագանին կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

5. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:

6. Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

7. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

8. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում: Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Այդ դեպքում գործում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ համայնքի ղեկավարի կողմից հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի վերաբերյալ ընթացակարգը։ Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված։

Եթե համայնքի ավագանին այնուամենայնիվ իր որոշմամբ համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունում է հրաժարականը, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը նույնպես համարվում է հաստատված:

9. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի սահմանած ձևով և ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև.

բ) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

գ) տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

10. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու հաստատելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:

(35-րդ հոդվածը խմբ. 14.04.98 ՀՕ-211, լրաց., խմբ., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-21-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-239-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-52-Ն)

(04.03.22 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 36. Համայնքների բյուջեների հրապարակայնությունը

 

Համայնքների բյուջեների հրապարակայնությունն ապահովելու համար`

ա) համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում հրատարակվում է տեղական մամուլում: Միաժամանակ պատրաստվում և հրատարակվում են բյուջեի հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ ներառող տեղեկատուներ և գրքույկներ,

բ) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում հրապարակվում է տեղեկատվություն համայնքի բյուջեի եռամսյակային կատարման մասին,

գ) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատելուց հետո հնգօրյա ժամկետում հրապարակվում է տեղական մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունն առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում համայնքի ավագանու հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:

դ) համայնքների ղեկավարները պայմաններ են ստեղծում, որպեսզի համայնքի բյուջեի նախագծին, տարեկան հաշվետվությանը ծանոթանալու և ուսումնասիրելու ցանկություն ունեցող համայնքի անդամները դյուրությամբ ձեռք բերեն համապատասխան փաստաթղթերը:

(36-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-155-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-52-Ն)

(04.03.22 ՀՕ-52-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  51.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ

(գլուխն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 361. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

(հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 362. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 363. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԼՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 364. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ և ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն) 

 

Հոդված 365. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 366. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

(գլուխն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 37. Բյուջետային դասակարգման կազմը

 

1. Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների մուտքերի և ելքերի միասնական դասակարգման:

2. Բյուջետային դասակարգումը բյուջեների կազմման և կատարման համար կիրառվող բյուջեների մուտքերի և ելքերի խմբավորումն է` ըստ տեսակների և ուղղությունների, որով ապահովվում է բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:

3. Բյուջետային դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) բյուջեների եկամուտներ.

բ) բյուջեների ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ.

գ) բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ.

դ) բյուջեների պարտքեր:

(37-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)

 

Հոդված 38. Բյուջեների եկամուտների դասակարգումը

(վերնագիրը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, խմբ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

1. Բյուջեների եկամուտները դասակարգվում են եկամուտների ձևավորման` օրենքով սահմանված աղբյուրների հիման վրա:

2. Բյուջեների եկամուտները դասակարգվում են`

ա) հարկային եկամուտներ և տուրքեր.

բ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-258-Ն)

գ) պաշտոնական դրամաշնորհներ.

դ) այլ եկամուտներ:

3. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

(38-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-178, փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-258-Ն, խմբ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 39.

Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասակարգումը

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն, խմբ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

1. Բյուջեների ծախսերը և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (այսուհետ` ծախսերը) դասակարգվում են ըստ`

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.

բ) գերատեսչական բաշխվածության.

գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության.

դ) տարածքային բաշխվածության.

ե) ծրագրերի:

2. Բյուջեների ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի խմբավորումն է:

3. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:

4. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`

ա) ընթացիկ ծախսեր.

բ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ:

գ) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

5. Բյուջեների ընթացիկ ծախսերն են՝

ա) աշխատանքի վարձատրությունը.

բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.

գ) տոկոսավճարները.

դ) սուբսիդիաները.

ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).

զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.

է) այլ ընթացիկ ծախսեր.

ը)  (կետն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-304-Ն) 

6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`

ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.

բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:

7. (մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)

8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի, խմբավորումն է` ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:

9. Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը բյուջետային ծախսերի խմբավորումն է` ըստ հանրապետության վարչատարածքային միավորների` մարզերի և համայնքների:

10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:

(39-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 40. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

1. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների դասակարգումը դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավված զուտ միջոցների (ներառյալ` փոխառու միջոցների և ֆինանսական ակտիվների) խմբավորումն է:

2. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները դասակարգվում են ներքին և արտաքին աղբյուրների:

3. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

(40-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)


Հոդված 401.

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ

 

1. Բյուջեների պարտքերի դասակարգումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային պարտավորությունների խմբավորումն է` ըստ դրանց տեսակների:

2. Բյուջեների պարտքերը դասակարգվում են` ներքին և արտաքին պարտք:

(401-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 41. Բյուջետային դասակարգման մանրամասնումը

 

1. Սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման առավել մանրամասնումը` ըստ յուրաքանչյուր հոդվածի, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը:

2. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

(41-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.1

(գլուխը լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն)

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՄԲ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 41.1

Սույն օրենքի 61-ին գլխի դրույթների գործողության շրջանակը

(հոդվածն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

 

Հոդված 41.2.

Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթի բաղկացուցիչ մասերը

(հոդվածն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

 

Հոդված 41.3.

Ծրագրերի միջոցառումները

 

1. Ծրագրերի միջոցառումներն ըստ դրանցով նախատեսվող գործողությունների պատկանելության տարբերակվում են ընթացիկ, կապիտալ, հանրային սեփականության կառավարման և ֆինանսական ակտիվների կառավարման քաղաքականությունների:

2. Ընթացիկ միջոցառումներն են`

ա) պետական մարմնի կողմից ապրանքների տրամադրումը և ծառայությունների մատուցումը.

բ) կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց տրանսֆերտների տրամադրումը.

գ) պետական պարտքի սպասարկման (տոկոսավճարների) գծով ծախսերի կատարումը:

3. Կապիտալ միջոցառումներն են հանրության կողմից օգտագործման նպատակով այնպիսի կապիտալ (ոչ ֆինանսական) ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն), որոնք չեն հանդիսանում պետական հիմնարկի կողմից կամ իր անունից անմիջականորեն մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվներ:

4. Հանրային սեփականության կառավարման միջոցառումներն են պետական հիմնարկի կամ պետական սեփականություն հանդիսացող այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն):

5. Ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներն են`

ա) ֆինանսական ակտիվների ձեռք բերումը, այդ թվում` պետության կողմից կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց վարկերի տրամադրումը, ինչպես նաև կազմակերպությունների բաժնետոմսերի կամ կապիտալում այլ մասնակցության ձեռք բերումը.

բ) պետական պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը տրամադրված վարկերի, ինչպես նաև պետության կողմից թողարկված մուրհակների մարումը և արժեթղթերի հետգնումը:

 

Հոդված 41.4.

Բյուջեների ելքերի և ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների

 

1. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների (սույն գլխի իմաստով` նաև ծրագրային դասակարգում) պետական բյուջեի ելքերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն գլխով սահմանված տեսակների:

2. Բյուջեների ելքերը ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգվում են`

ա) ընթացիկ միջոցառումներ.

բ) կապիտալ միջոցառումներ.

գ) հանրային սեփականության կառավարման միջոցառումներ.

դ) ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներ:

3. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն որոշման 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

(41.4-րդ հոդվածը փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 41.5.

 Պետական բյուջեի մասին օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածի բաղկացուցիչ մասերը

 

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային հատկացումներն ըստ պետական մարմինների սահմանող՝ կառավարության բյուջետային ուղերձի հավելվածում ներկայացվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում են ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում են միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները:

2. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները ներկայացնող հավելվածը յուրաքանչյուր պետական մարմնի գծով բաղկացած է երկու մասից, ընդ որում`

1) առաջին մասում ներկայացվում է յուրաքանչյուր պետական մարմնի ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը.

2) երկրորդ մասում ներկայացվում են պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:

3. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի գծով Կառավարության սահմանած վերջնական արդյունքի ցուցանիշները ներկայացնող հավելվածում արտացոլվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թիրախային ժամկետները:

(41.5-րդ հոդվածը լրաց. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 42. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջների խախտման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց լիազորություններ իրականացնող իրավաբանական և պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(42-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 43. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի պահանջները, ժամկետների առումով, չեն տարածվում 1996 թվականի պետական և տեղական բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունները կազմելու և հաստատելու գործընթացների վրա:

2. Սույն օրենքի 11, 28, 29 և 30 հոդվածներն ուժի մեջ են մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

3. Մինչև պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով:

4. Մինչև ֆինանսական համահարթեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը համայնքների բյուջեներին դոտացիաների հատկացման կարգը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

5. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, 3-րդ մասի «ե» կետի և 4-րդ մասի «ա» կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի, 26-րդ հոդվածի «գ» կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 41.1-ին և 41.2-րդ հոդվածների, 41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը, և մինչ այդ դրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:

6. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 17.1-17.3-րդ, 18.1-ին մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» և «զ» կետերի, 3-րդ մասի «ե1» կետի և 4-րդ մասի «ա1» կետի, 21-րդ հոդվածի 2.12-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության և 4.1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի, 26-րդ հոդվածի «գ1» կետի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի և 10-րդ մասի, 41.5-րդ հոդվածի դրույթների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:

(43-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 14.12.17 ՀՕ-304-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
21 հուլիսի 1997 թ.
ՀՕ-137