ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. | Պետական մարմիններում փորձագետ ներգրավելը |
1. Պետական մարմիններն առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:
2. Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. | Քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում |
1. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
2. Տեխնիկական սպասարկումը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունն է:
3. Քաղաքացիական աշխատանք կատարող անձի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-295-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|