ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածում «կամ պաշտոնում» բառերը փոխարինել «, պաշտոնում կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրով սահմանված» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կամ պաշտոնի» բառերը փոխարինել «, պաշտոնի կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրի» բառերով.
2) 2-րդ մասը «անձինք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն անցնող և աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 17.1-ին հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպվում է սույն օրենսգրքի 148-րդ և 257-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկությունները հաշվի առնելով։».
2) 6-րդ մասը «միջոցառումներին մասնակցելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարելու» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը «որակավորում չպահանջող» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «կազմակերպած մրցույթով» բառերից հետո լրացնել «, ուսումնական հաստատությունների սովորողների (շրջանավարտների) ռեսուրսներից» բառերով։
Հոդված 6. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․3-րդ մասով.
«1․3․ Սույն օրենսգրքի 101.1-ին հոդվածով նախատեսված պայմանագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն հիմք է ընդունվում համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատության և գործատուի միջև կնքված աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության պայմանագիրը։»։
Հոդված 7. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «անձինք» բառից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները» բառերով։
Հոդված 8. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող սովորողների հետ.»։
Հոդված 9. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «միջոցառումներին» բառից հետո լրացնել «կամ կատարել մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք» բառերով։
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101.1-ին հոդվածով.
«Հոդված 101.1. | Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագիրը |
1. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում կնքվում է աշխատանքային պայմանագիր։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագիրը կնքվում է այն ժամանակահատվածի համար, որը սահմանվել է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի իրագործման համար։
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրով աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան` համաձայն գործատուի սահմանած ժամանակացույցի (գրաֆիկի)։
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում սովորողը ներգրավվում է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրից բխող աշխատանքներում։
5. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող սովորողի հետ աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները կարգավորվում են նաև մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրությամբ։»։
Հոդված 11. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սույն օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատանքներում ներգրավված մինչև տասնութ տարեկան անձանց համար՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան քսան ժամ.»։
Հոդված 12. Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «տասնութ տարեկան անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ մասերով.
«3.1. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան սովորողները բացառիկ դեպքերում կարող են ներգրավվել աշխատանքի գիշերային ժամանակ՝ սույն հոդվածի 3.2-3.4-րդ մասերի պահանջների պահպանմամբ, եթե աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով, անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար և արգելված չէ բժշկական եզրակացությամբ: Սույն մասում նշված դեպքերում աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գիշերային ժամանակ աշխատանքը չի թույլատրվում ժամը 24-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ զինված ուժերում, ոստիկանությունում, առողջապահական կամ բժշկական կազմակերպություններում աշխատանքի, եթե աշխատանքն անխուսափելիորեն անհրաժեշտ է կրթական ծրագրի որակավորման վերջնարդյունքների ապահովման համար։
3.3․ Սույն հոդվածի 3․1-ին և 3․2-րդ մասերով նախատեսված դեպքերում տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից։
3․4․ Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով ուսումնառող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել աշխատանքի մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերին անմիջապես նախորդող օրը՝ ժամը 20։00-ից հետո, եթե դասերն սկսվում են ժամը 9։00-ից շուտ:»:
Հոդված 13․ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասը «մինչև 6-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 148-րդ հոդվածի 3.2-րդ և 3.3-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով։
Հոդված 14. Օրենսգրքի 201․2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 201.2. |
Աշխատողների մասնագիտական կատարելագործումը և զարգացումը |
1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ և գնահատված կարիքի հիման վրա կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի կարողությունների կատարելագործմանը, արդիականացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը միտված լրացուցիչ կրթական ծրագրեր։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործատուի և աշխատողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատողի մասնակցության ժամանակահատվածում պահպանվում են նրա աշխատատեղը (պաշտոնը) և հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձը, բացառությամբ պարգևատրման գումարների), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցությունն աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով՝ գործուղում չի համարվում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցած անձը պարտավոր է գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների բժշկական զննությունը, այդ թվում՝ պարբերական բժշկական զննությունը կատարվում է ուսումնական հաստատության միջոցների հաշվին, եթե այլ բան սահմանված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով։»։
Հոդված 16. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «գովազդելուն ուղղված աշխատանքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «վնասակար համարվող աշխատանքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով.
«3․ Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող են ներգրավվել ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքներում, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով և անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար, ինչպես նաև պահպանված է վտանգավոր նյութերի արտանետումների օրենսդրությամբ նախատեսված սահմանային չափը։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն ապահովում է տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց առողջության, անվտանգության և բարոյականության պաշտպանության համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նախապես տրամադրում է տեղեկություններ հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ, անցկացնում է ուսուցում և հրահանգավորում։ Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։ Գործատուն պետք է անչափահասին զերծ պահի ալկոհոլային խմիչքների սպառումից։
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն մինչև տասնութ տարեկան անձանց օրինական ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնում է աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի և մինչև տասնութ տարեկան անձանց անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ ձեռնարկված բոլոր միջոցների մասին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները։»։
Հոդված 17. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-252-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|