Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-17-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.47
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է ներքին աուդիտի կազմակերպման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:

 

Հոդված 2.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) հանրային հատվածի կազմակերպություններ (այսուհետ` կազմակերպություններ)`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ,

բ. պետության կամ համայնքների հիմնարկներ,

գ. պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններ,

դ. հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ.

2) ներքին աուդիտ` անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով:

Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով.

3) ներքին աուդիտի համակարգ` ներքին աուդիտի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, պահանջների և ներքին աուդիտի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը.

4) ֆինանսական կառավարման, հսկողության համակարգեր` կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված կանոնների (քաղաքականության), ընթացակարգերի և գործողությունների ամբողջությունը, որով ողջամիտ ձևով երաշխավորվում է հետևյալ պայմաններին համապատասխան կազմակերպության նպատակների իրականացումը`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) համապատասխանություն,

բ. տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ,

գ. տեղեկությունների ամբողջականություն և վստահելիություն,

դ. կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն.

5) տնտեսող` նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար նախատեսված ռեսուրսների նվազեցում` պահպանելով նախապես սահմանված որակը.

6) արդյունավետ` գործառույթի արդյունքի կամ նպատակի իրագործման աստիճան, այսինքն` գործառույթի արդյունքի կամ նպատակի մասով պլանավորված և փաստացի վիճակների համեմատությունը.

7) օգտավետ` տրված ռեսուրսների (ներդրումների) պարագայում գործառույթի արդյունքի կամ նպատակի առավելագույն մակարդակի ապահովում.

8) ռիսկ` իրադարձության տեղի ունենալու հավանականություն, որը կարող է ազդել կազմակերպության նպատակների իրագործման վրա: Ռիսկը չափվում է ազդեցությամբ և տեղի ունենալու հավանականությամբ.

9) ռիսկերի կառավարում` կազմակերպության նպատակների իրականացման համար ռիսկերի բացահայտման, գնահատման և հսկման գործընթաց.

10) հսկողություն` կազմակերպության ղեկավարության գործողություններ` ուղղված կազմակերպության նպատակների իրականացման ռիսկերի կանխմանը կամ նվազեցմանը.

11) անկախություն` ներքին աուդիտի գործառույթի` կազմակերպության այլ գործառույթներից առանձնացված իրականացում.

12) օբյեկտիվություն` ներքին աուդիտորների կողմից աուդիտի ընթացքում տեղեկությունների հավաքագրման, գնահատման և փոխանակման գործընթացում մասնագիտական անշահախնդրության անվերապահ ցուցաբերում: Ներքին աուդիտորները իրականացնում են բոլոր հանգամանքների հավասարակշռված և համարժեք գնահատում և չեն ենթարկվում սեփական հետաքրքրությունների կամ այլ անձանց դատողությունների անհարկի ազդեցությանը.

13) կարողունակություն` ներքին աուդիտորների կողմից համապատասխան գիտելիքների, հմտությունների, փորձառության և իրենց պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ կարողությունների տիրապետումը և կիրառումը.

14) անկողմնակալություն` ներքին աուդիտորների` իրենց աշխատանքի ազնիվ և պատասխանատու իրականացում.

15) գաղտնիություն` ներքին աուդիտորների` աշխատանքի ընթացքում ստացած տեղեկությունների հուսալի պահպանումը: Ներքին աուդիտորները պարտավոր են առանց համապատասխան լիազորության չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

16) ներքին աուդիտի ստանդարտներ` միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները.

17) վարքագծի կանոններ` միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտորների վարքագրքի հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները տարածվում են ինչպես անհատ ներքին աուդիտորների, այնպես էլ ներքին աուդիտ իրականացնող կազմակերպությունների վրա.

18) ներքին աուդիտի կանոնակարգ` կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ կազմակերպության ղեկավարի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են ներքին աուդիտի նպատակը, լիազորությունները և պարտականությունները: Այլ պայմաններից բացի, կանոնակարգը նաև`

ա. մատնանշում է կազմակերպությունում ներքին աուդիտի դիրքը,

բ. սահմանում է ներքին աուդիտի շրջանակը,

գ. կարգավորում է ներքին աուդիտորների համար աուդիտորական առաջադրանքների կատարման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, պետական մարմնի և գույքի հետ կապված հարցերը.

19) աուդիտորական առաջադրանք` ներքին աուդիտի կոնկրետ առաջադրանքը կամ ուսումնասիրությունը, որը ներառում է հավաստիացման կամ խորհրդատվության ծառայություն.

20) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմին.

21) ներքին աուդիտի կոմիտե` կազմակերպության ղեկավարի ձևավորած և նրա կողմից ղեկավարվող կոլեգիալ մարմին, որն աջակցում է կազմակերպության ներքին աուդիտի համակարգին և այդ նպատակով իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորություններ:

(2-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-67-Ն)

 

Հոդված 3.  Ներքին աուդիտի սկզբունքները

 

1. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և հետևյալ սկզբունքների համաձայն`

1) անկախություն.

2) օբյեկտիվություն.

3) կարողունակություն.

4) անկողմնակալություն.

5) գաղտնիություն:

2. Ներքին աուդիտն աջակցում է կազմակերպության ղեկավարին, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող և արդյունավետ ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի առկայության ապահովման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

 

Հոդված 4. Ներքին աուդիտի շրջանակը

 

1. Ներքին աուդիտի են ենթարկվում կազմակերպության գործունեության ֆինանսական կառավարմանը, հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները:

 

Հոդված 5.  Ներքին աուդիտի կազմակերպումը

 

1. Ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Ընդ որում`

1) Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի ենթակայությամբ.

2) անկախ պետական մարմիններում և ինքնավար մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է այդ կոլեգիալ մարմնի ենթակայությամբ.

3) պետական կառավարման համակարգի մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի ղեկավարի ենթակայությամբ:

2. Ներքին աուդիտն իրականացնում են կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ հրավիրված` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված անձինք: Եթե աուդիտն իրականացնում են հրավիրված անձինք, ապա վերջիններս են ապահովում սույն օրենքով աուդիտի ստորաբաժանման, ներառյալ` ստորաբաժանման ղեկավարի համար սահմանված իրավունքների և պարտականությունների կատարումը:

3. Կազմակերպության ղեկավարն ապահովում է կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը:

4. Կազմակերպության ղեկավարը և կազմակերպության այլ պաշտոնատար անձինք պարտավոր են համագործակցել ներքին աուդիտորների հետ և իրավունք չունեն չբացահայտելու կազմակերպությանը վերաբերող տեղեկությունները կամ մերժելու դրանց տրամադրումը:

5. Այն կազմակերպություններում, որտեղ ներքին աուդիտն իրականացնում է ներքին աուդիտի ստորաբաժանումը, սահմանվում է, իսկ այլ կազմակերպություններում կարող է սահմանվել ներքին աուդիտի կոմիտե:

6. Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

(5-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-67-Ն)

 

Հոդված 6.  Ներքին աուդիտի բնույթը

 

1. Կազմակերպության գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով` ներքին աուդիտը պետք է աջակցի կազմակերպությանը հասնել իր նպատակներին`

1) օժանդակելով կազմակերպության ղեկավարին` կազմակերպությունում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում.

2) գնահատելով ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը հետևյալ պայմաններին`

ա. կազմակերպության ղեկավարության կողմից ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին, գերատեսչական նորմատիվ ակտերին և այլնին) համապատասխանություն,

գ. տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ,

դ. տեղեկությունների վստահելիություն և ամբողջականություն,

ե. կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն,

զ. առաջադրանքների կատարում և նպատակների իրագործում:

2. Ներքին աուդիտն իրականացվում է որոշակի աուդիտորական առաջադրանքների ապահովմանն ուղղված հավաստիացման կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով:

3. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող աուդիտը կազմված է ներքին աուդիտորի կողմից ապացույցների օբյեկտիվ գնահատումից, որպեսզի անկախ դիրքորոշում կամ եզրակացություն ներկայացվի գործընթացի, համակարգի կամ աուդիտի ենթարկված այլ բաղադրիչի վերաբերյալ:

4. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող յուրաքանչյուր աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով: Ներքին աուդիտն իրականացվում է հետևյալ փուլերով` պլանավորում, փաստացի գնահատումների իրականացում, հաշվետվություն և հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետևելու նպատակով:

5. Հավաստիացման ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքն իրականացվում է համակարգային մոտեցմամբ` համապատասխանության աուդիտի կամ կատարողականի աուդիտի միջոցով կամ համապատասխանության և կատարողականի աուդիտի տեսակների համակցությամբ:

6. Խորհրդատվական ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքը բաղկացած է խորհրդատվության, կարծիքի ներկայացման, ուսուցման և այլ ծառայությունների մատուցումից, որոնք ուղղված են կազմակերպության ռիսկերի կառավարման և հսկման գործընթացի բարելավմանը: Ներքին աուդիտորը չի կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ:

7. Խորհրդատվական ծառայությունների նպատակով նշանակված աուդիտը նախաձեռնում է կազմակերպության ղեկավարը, և յուրաքանչյուր նման աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով:

 

 Գ Լ ՈՒ Խ  3

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների իրավունքները

 

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների համար հասանելի են կազմակերպության գործունեության վերաբերյալ ամբողջ, այդ թվում` գաղտնի տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տվյալների հասանելիության կարգի, և բոլոր գրառումները, այդ թվում` էլեկտրոնային, որոնք անհրաժեշտ են աուդիտի իրականացման համար:

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները իրավունք ունեն`

1) աջակցություն ստանալու այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը.

2) պատասխանատու աշխատակիցներից պահանջելու աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն օգտվում է նաև հետևյալ իրավունքներից`

1) զեկուցում է կազմակերպության ղեկավարին աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.

2) առաջարկում է կազմակերպության ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.

3) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում է նրանց խորհրդակցություններին:

 

Հոդված 8.  Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների պարտականությունները

 

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները և պարտավոր են`

1) հետևել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.

2) չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

3) գիտակցաբար չմասնակցել անօրինական գործողությունների և կատարել աշխատանքներ, որոնք վարկաբեկում են ներքին աուդիտորի մասնագիտությունը և տվյալ կազմակերպությունը:

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ներքին աուդիտի ստորաբաժանման ընդհանուր գործունեության համար, և նա պետք է`

1) պատրաստի և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.

2) ներքին աուդիտորներին` ըստ նրանց գիտելիքների և հմտությունների, բաժանի իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքները.

3) կազմի և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.

4) հետևի ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.

5) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակի առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար.

6) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնի աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ու վերջիններիս է ներկայացնում հաշվետվություններ, այդ թվում`

1) աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, արված առաջարկությունների և կազմակերպության գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների մասին.

2) ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրի իրականացման մասին.

3) ներքին աուդիտի իրականացման համար օգտագործված և անհրաժեշտ ռեսուրսների մասին.

4) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների առջև ծառացած սահմանափակումների բոլոր դեպքերի մասին:

4. Եթե բացահայտվում են կեղծիքի նշաններ, ապա ներքին աուդիտորներն այդ մասին տեղեկացնում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին, որը տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

5. Ներքին աուդիտորները չեն կարող հավաստիացման աուդիտ իրականացնել այնպիսի գործունեության կամ միավորների մասով, որոնց նրանք վերջին մեկ տարվա ընթացքում մատուցել են խորհրդատվական ծառայություններ կամ որոնց կազմում աշխատել են:

6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, տվյալ կազմակերպությունում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 9.  Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները

 

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայողներ են, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա հիմնարկներում՝ պայմանագրային աշխատողներ, որոնք ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում։

2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է այն անձը, որը բավարարում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները և ունի առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում:

3. Անձը, որն ընդգրկված չէ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում, կարող է մինչև երեք տարի ժամկետով նշանակվել որպես ուսուցանվող աուդիտոր: Անձը կարող է միայն մեկ անգամ նշանակվել որպես ուսուցանվող աուդիտոր: Ուսուցանվող աուդիտորները և աուդիտորներն ունեն սույն օրենքով սահմանված նույն իրավունքներն ու պարտականությունները:

4. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք`

1) պաշտոնի նշանակմանը նախորդող մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ.

2) պաշտոնի նշանակման պահին կամ դրան նախորդող մեկ տարվա ընթացքում կազմակերպության կամ կազմակերպության համակարգի կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցրած պաշտոնատար անձանց փոխկապակցված անձինք են: Սույն օրենքի իմաստով`

ա. փոխկապակցված անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, ովքեր միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն,

բ. միևնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:

5. Մինչև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելը հավակնորդը ստորագրում և կազմակերպության ղեկավարին է փոխանցում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին գրավոր հայտարարություն:

6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորին պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում կազմակերպության ղեկավարը:

(9-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-67-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-16-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

Հոդված 10.  Ներքին աուդիտի պլանավորումը

 

1. Ներքին աուդիտի պլանավորումը կատարվում է ռիսկերի գնահատման հիման վրա: Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի երեք տարվա ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա, որոնք մշակում է ներքին աուդիտի ստորաբաժանումը:

2. Ռազմավարական ծրագիրը ղեկավարվում է կազմակերպության երկարաժամկետ նպատակներով և ներքին աուդիտի ոլորտում սահմանված ռազմավարական զարգացման խնդիրներով: Ռազմավարական ծրագրի հիման վրա մշակվում է ներքին աուդիտի տարեկան ծրագիր:

3. Ռազմավարական և տարեկան ծրագրերի և դրանց փոփոխությունների նախագծերը քննարկվում են կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի անդամների հետ:

4. Ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները հաստատում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, և դրանք վավերացվում են կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:

5. Ներքին աուդիտի տարեկան ծրագրում ներառվում է նաև նախկինում իրականացված ներքին աուդիտի արդյունքում տրված առաջարկությունների իրականացման որակի և ժամկետների պահպանման գնահատումը:

6. Յուրաքանչյուր աուդիտի համար մշակվում և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատվում է աուդիտորական առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի տեխնիկան, տեսակը, ծավալը և անհրաժեշտ այլ մանրամասներ:

7. Կազմակերպության ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա հունվարի 1-ը:

 

Հոդված 11.   Ներքին աուդիտի իրականացումը

 

1. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման և փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձևավորմամբ:

2. Իրականացված յուրաքանչյուր ներքին աուդիտի համար պատրաստվում է հաշվետվություն, որը բաղկացած է համառոտ նկարագրից, խնդիրներից և շրջանակից, արդյունքներից, եզրահանգումներից, առաջարկություններից և այլ մանրամասներից: Հաշվետվության նախագիծը տրամադրվում է ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս նախագծի վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք, որը հաշվետվության անբաժան մասն է:

3. Աուդիտի հաշվետվությունը հաստատում է աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, և այն տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին:

4. Կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն քննարկում են ներքին աուդիտի հաշվետվությունը և ընդունում որոշում:

 

Հոդված 12. Ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը

 

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում է ներքին աուդիտի իրականացման տարեկան հաշվետվություն, որը ներառում է`

1) ռազմավարական և տարեկան ծրագրերի կատարողականի նկարագրությունը.

2) իրականացված աուդիտի, աուդիտի իրականացման ժամանակ դրա շրջանակի սահմանափակումները և ծրագիրն իրականացնելու հարցում ձախողման պատճառները.

3) կազմակերպությունում ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի գործունեությանն առնչվող հիմնական եզրահանգումներն ու կազմակերպության գործունեությունը բարելավելու ուղղությամբ արված առաջարկությունները.

4) առաջարկություններն իրականացնելու համար ձեռնարկված գործողությունները.

5) իրավական ակտերի պահանջների խախտման դեպքերը և կեղծիքի նշանները.

6) կազմակերպության ներքին աուդիտի զարգացման առաջարկներ:

2. Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում և կազմակերպության ղեկավարի միջոցով մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդող տարվա ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունը: Պետական կամ համայնքային հիմնարկները, պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպությունները, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունները ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմնի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ

 

Հոդված 13. Լիազոր մարմինը

 

1. Լիազոր մարմինը պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության և մեթոդաբանության մշակմանն ու ներդրմանն օժանդակելու, ինչպես նաև սույն օրենքի պահանջների և ներքին աուդիտի մեթոդաբանության կիրառման գործընթացի համակարգման և դիտարկման (մոնիթորինգի) համար:

2. Սույն օրենքի պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմինը ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը, ընդ որում`

1) ներքին աուդիտի ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցները), ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները, ինչպես նաև ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է լիազոր մարմինը:

3. Ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով լիազոր մարմինը պարբերաբար դիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում սույն օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ:

4. Լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`

1) ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը.

2) ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.

3) ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը.

4) մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը.

5) ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և վերջիններիս ցանկի հրապարակումը.

6) Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների և մարմինների հետ համագործակցությունը.

7) կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը:

5. Լիազոր մարմնի` սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը կազմակերպելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ սահմանվում է ֆինանսական կառավարման, հսկողության և ներքին աուդիտի գործառույթների (պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի) կարգավորման և համակարգման համար պատասխանատու ստորաբաժանում: Նշված ստորաբաժանման աշխատակիցները պետք է ընդգրկված լինեն սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում:

6. Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացվում են կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումներ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները:

(14-րդ հոդվածը լրաց. 22.05.24 ՀՕ-242-Ն)

 

Հոդված 15. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով և 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջներն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ստորաբաժանման աշխատակիցները համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած` լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է կազմակերպություններում սույն օրենքի համաձայն ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը:

4. Սույն օրենքով նախատեսված նորմերը հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների մասով ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-17-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2024, ՀՕ-242-Ն 20.06.2024, ՀՕ-17-Ն
16.01.2024, ՀՕ-16-Ն 10.02.2024, ՀՕ-17-Ն
21.01.2020, ՀՕ-67-Ն 22.02.2020, ՀՕ-17-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան