ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սահմանադրական դատարանը |
1. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
2. Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
3. Սահմանադրական դատարանում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով:
(1-ին հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-99-Ն)
Հոդված 2. | Սահմանադրական դատարանի նստավայրը և նրա պահպանությունը |
1. Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում՝ Սահմանադրական դատարանի նստավայրում:
2. Ըստ անհրաժեշտության՝ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նիստեր կարող է անցկացնել նաև Հայաստանի Հանրապետության այլ վայրում:
3. Կառավարությունը Սահմանադրական դատարանին հատկացնում է առանձին շենք և անհրաժեշտ գույք՝ նրա բնականոն գործունեության ապահովման համար:
4. Սահմանադրական դատարանի զբաղեցրած շենքերի, շինությունների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:
5. Սահմանադրական դատարանի դատավորներից և աշխատակազմի աշխատողներից բացի, այլ անձինք Սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով:
Հոդված 3. | Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները |
1. Սահմանադրական դատարանի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը և պետք է ապահովեն Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:
2. Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Սահմանադրական դատարանի նախագահը:
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտ)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Սահմանադրական դատարան է ներկայացնում նաև բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:
5. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորներին և Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողներին խրախուսելու նպատակով նախատեսվում է Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Սահմանադրական դատարանի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
6. Սահմանադրական դատարանի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում է Սահմանադրական դատարանի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:
7. Սահմանադրական դատարանն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում իր միջոցները:
8. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը Սահմանադրական դատարանի նախագահի դիմումի հիման վրա պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդից:
ԳԼՈՒԽ 2
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 4. | Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները |
1. Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
2. Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
3. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
4. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:
5. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
6. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սահմանադրական դատարանի դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը:
7. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:
8. Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե՝
1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց, և
2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում:
9. Դատավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի կանոններին համապատասխան իրականացվող գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված՝ դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված:
11. Դատավորը չի կարող գործել որպես կտակակատար կամ գույքի հավատարմագրային կառավարիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:
12. Սույն օրենքի իմաստով՝ մերձավոր ազգական են դատավորի ամուսինը, դատավորի կամ նրա ամուսնու ծնողը, զավակը, զավակի ամուսինը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը, քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակը, ինչպես նաև որդեգրողը կամ որդեգրվածը:
13. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր:
Հոդված 5. |
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն ստանձնելը |
(վերնագիրը խմբ. 29.03.19 ՀՕ-5-Ն)
1. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:»:
2. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը:
(5-րդ հոդվածը խմբ. 29.03.19 ՀՕ-5-Ն)
Հոդված 6. |
Սահմանադրական դատարանի դատավորի անվտանգությունը |
1. Սահմանադրական դատարանի դատավորը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են: Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրանց բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմիններին և Սահմանադրական դատարանին: Իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, որի վերաբերյալ տեղեկացնում են Սահմանադրական դատարանի նախագահին:
Հոդված 7. | Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը |
1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:
2. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու որևէ ցուցում:
3. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով։
4. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին:
5. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող որպես վկա հարցաքննվել այն վարույթով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները որպես դատավոր:
(7-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-226-Ն)
Հոդված 8. | Սահմանադրական դատարանի դատավորի անփոփոխելիությունը |
1. Սահմանադրական դատարանի դատավորն անփոփոխելի է:
Հոդված 9. | Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը |
1. Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:
3. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնելու Սահմանադրական դատարանի նախագահին կամ այլ դատավորի:
5. Սույն մասով նախատեսված դեպքերում դատավորին ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Սահմանադրական դատարանի նախագահը և գլխավոր դատախազը: Սահմանադրական դատարանի դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Սահմանադրական դատարանի նախագահի և մյուս դատավորների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ:
6. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ վարույթով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
7. Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
8. Սահմանադրական դատարանի շենքում քննչական գործողություն կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է Սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:
9. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կարող են կատարվել Սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:
10. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ առանց դատարանի թույլտվության իրականացվող ապացուցողական գործողությունները կատարվում են նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում՝ առավելագույնս ապահովելով ապացուցողական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
(9-րդ հոդվածը փոփ. 29.03.19 ՀՕ-5-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-226-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10. | Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը, սոցիալական և այլ երաշխիքները |
1. Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
2. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ նշանակվում է անկախ տարիքից: Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի:
3. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով նշանակվում է կենսաթոշակ:
4. Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համամասնորեն պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:
5. Դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք:
6. Սահմանադրական դատարանի դատավորին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր:
7. Սահմանադրական դատարանի դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ։
8. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ Սահմանադրական դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով՝ Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:
9. Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
10. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից:
(10-րդ հոդվածը փոփ. 30.06.20 ՀՕ-376-Ն, 23.03.22 ՀՕ-79-Ն)
Հոդված 11. | Սահմանադրական դատարանի դատավորների համազգեստը |
1. Սահմանադրական դատարանի դատավորները դատական նիստի ժամանակ կրում են հատուկ համազգեստ, որի նկարագրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
Հոդված 12. | Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը |
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
3) նա մահացել է.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝
1) խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները.
2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ.
3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի.
4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.
5) կատարել է էական կարգապահական խախտում:
3. Էական կարգապահական խախտում է`
1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը.
2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը.
3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով, համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
3.1. Սույն հոդվածի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
3.2. Սույն հոդվածի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Սահմանադրական դատարանի դատավորը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու դեպքերում՝ նրա լիազորությունները դադարելու օրվան նախորդող յոթերորդ ամսվա վերջին օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկ օր հետո Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին կամ Կառավարությանը` հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները:
(12-րդ հոդվածը խմբ. 29.03.19 ՀՕ-5-Ն, խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ. 30.06.20 ՀՕ-376-Ն, 09.06.22 ՀՕ-226-Ն, 07.12.22 ՀՕ-557-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 13. | Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը |
1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Սահմանադրական դատարանի դատավորի` սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումն է, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման։
2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Սահմանադրական դատարանը սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված խախտումների: Դատավորի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել դրանք հայտնաբերելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց երեք տարի հետո:
4. Սահմանադրական դատարանի դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:
(13-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-198-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-557-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14. | Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները |
1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.
2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.
3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.
4) զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց.
5) զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.
6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.
7) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ.
8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը.
9) արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ հայտնել Սահմանադրական դատարանին.
10) հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց.
11) պահպանել սույն օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները.
12) չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա ներկայացուցչի մասնակցության (“ex parte” (էքս պարտե), այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա ներկայացուցչի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում.
ա. երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ` դատական նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ դատավարության կազմակերպման այլ դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորն առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,
բ. երբ դատավորի կողմից միակողմանի շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով.
13) չնախաձեռնել և թույլ չտալ այն դատավորի հետ խորհրդակցելը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ որոշում.
14) կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով խորհրդակցելու համար գործի ելքում չշահագրգռված մասնագետի դիմելիս (բացառությամբ այլ դատավորի, ինչպես նաև դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների, որոնց գործառույթը դատավորին արդարադատություն իրականացնելիս օժանդակելն է) կողմերին տեղեկացնել այդ մասնագետի ինքնության, ներկայացված հարցի վերաբերյալ ստացված կարծիքի մասին և հնարավորություն տալ նրանց այդ կապակցությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.
15) ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր՝ «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան և այդ օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.
16) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը կամ ծախսը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական և արժանահավատ է:
2. Արդարադատության և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ։ Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝
1) քննել և լուծել իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերի.
2) որոշում կայացնելիս լինել ինքնուրույն.
3) լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց.
4) հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե.
5) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.
6) արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումից զատ, այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
7) չմիջամտել դատական նիստերի ձայնագրման համակարգի աշխատանքին.
8) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր.
9) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում բացահայտել դրանք.
10) պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջները.
11) դատական նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով։
(14-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-57-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-557-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(19.01.21 ՀՕ-57-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. | Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները |
1. Սահմանադրական դատարանի դատավորը չպետք է իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունի կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնի:
2․ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր ընտանիքի անդամները և իր հետ փոխկապակցված անձինք չընդունեն նվեր, կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ դատավորի պաշտոնեական պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։
3. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։
4․ Դատավորը կարող է ընդունել միայն հետևյալ նվերները.
1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
3) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
4) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
5. Սույն հոդվածի իմաստով՝ «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով:
6. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ 1-ին կետով նախատեսված՝ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Դատավորները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը:
7․ Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները տնօրինվում են «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
9․ Եթե դատավորն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա վերջինս սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հայտնում է Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա դատավորը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա դատավորը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը։
10. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, դատավորը սահմանված կարգով հայտնում է Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա դատավորը միջոցներ է ձեռնարկում, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
11. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:
12. Նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
(15-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-198-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-557-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16. | Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը |
1. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ՝
1) նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) նա, որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) նա մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա (դատավորը հիմքեր ունի ենթադրելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ.
5) նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ կամ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) նա պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
2. Սույն հոդվածի իմաստով՝ տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`
1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին.
2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքով այդ կազմակերպության վճարունակությանն էական վտանգ չի սպառնա.
3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր ունենալը:
3. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը:
4. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում:
5. Այդ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հոդված 17. | Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը |
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունն անցկացվում է՝
1) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման դեպքերում՝ նրա լիազորությունների դադարման մասին Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում.
2) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման կամ Սահմանադրական դատարանի նոր դատավոր չընտրվելու դեպքերում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
2. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված հաջորդականությամբ հերթական առաջադրումն իրականացնելու իրավունք ունեցող մարմինը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրում, եթե նրա կողմից առաջադրված և սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումը համապատասխան մարմնին տրամադրելու պահին պաշտոնավարող Սահմանադրական դատարանի դատավորների թիվը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հավասար է երեքի: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրում է սույն մասով սահմանված հաջորդականությամբ թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմինը, որի մոտ առկա չեն սույն մասի երկրորդ նախադասությամբ նշված սահմանափակումները:
3. Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:
5. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)
(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 29.03.19 ՀՕ-5-Ն, փոփ., լրաց. 22.06.20 ՀՕ-311-Ն, 30.06.20 ՀՕ-376-Ն)
(հոդվածի 06.11.18 ՍԴՈ-1434 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 29.03.19 ՀՕ-5-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ)
ԳԼՈՒԽ 3
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 18. | Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը |
1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովում է Սահմանադրական դատարանի նախագահը:
2. Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:
3. Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:
Հոդված 19.
Սահմանադրական դատարանի նախագահը
1. Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։
3. Անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։
4. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:
5. Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
6. Սահմանադրական դատարանի նախագահը՝
1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը.
2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջև.
3) հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը,
4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման.
5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը:
Հոդված 20. | Սահմանադրական դատարանի փոխնախագահը |
1. Սահմանադրական դատարանի կազմից փոխնախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
2. Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:
3. Սահմանադրական դատարանի փոխնախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
4. Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
Հոդված 21. | Սահմանադրական դատարանի աշխատակազմը |
1. Սահմանադրական դատարանն իր աշխատակազմը ձևավորում է ինքնուրույն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով:
2. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար և կազմակերպում է Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը:
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:
4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է:
5. Սահմանադրական դատարանի աշխատակազմի կանոնադրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:
(21-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-47-Ն)
ԳԼՈՒԽ 4
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ
Հոդված 22. | Սահմանադրական դատարանում գործի քննության առիթը |
1. Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Հոդված 23. | Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը |
1. Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված մարմինները և անձինք:
2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված դեպքում Սահմանադրական դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 24. | Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները |
1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
2. Դիմումում նշվում են՝
1) Սահմանադրական դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
3) Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում.
4) Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
5) Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը.
6) դիմումին կցվող նյութերի ցանկը։
3. Սույն օրենքի 68-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներում նշված գործերով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացվող դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջներին, ինչպես նաև պարունակեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ:
Հոդված 25. | Դիմումին կցվող նյութերը |
1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝
1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.
2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները.
4) դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:
2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝
1) օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
2) ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը.
3) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
5) որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող և փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.
6) որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:
3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ։
Հոդված 26. | Դիմումի գրանցումը |
1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Սահմանադրական դատարանի նախագահին: Սահմանադրական դատարան ներկայացված դիմում չհանդիսացող գրությունների գրանցման, բաշխման և քննարկման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
3. Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում 24 ժամվա ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին` սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների այն պահանջների մատնանշմամբ, որոնք պետք է ապահովի դիմողը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո դիմողը դիմումը սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելուց հետո կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ մեկօրյա ժամկետում վերստին ներկայացնել Սահմանադրական դատարան: Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձվում է դիմողին` բողոքարկելու կարգի մասին համապատասխան նշմամբ:
5. Օրենքի պահանջներին դիմումի համապատասխանությունը դիմողը կարող է ապահովել դիմումի խմբագրված տեքստը ներկայացնելու կամ, եթե տեխնիկապես հնարավոր է, դիմումի թերությունները դիմումների ընդունման բաժնում շտկելու միջոցով: Եթե դիմումում առկա են այնպիսի թվաբանական, տեխնիկական կամ ձևական սխալներ և վրիպակներ, որոնք կարող են շտկվել դիմումների ընդունման բաժնում` դիմողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանք չեն կարող դիմումը վերադարձնելու հիմք հանդիսանալ:
6. Դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ մեկօրյա ժամկետում բողոքարկել Սահմանադրական դատարան: Այդ հարցով վերջնական որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո:
7. Դատական կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ, որի անցկացման կարգը, ինչպես նաև դատական կազմերի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
Հոդված 27. | Դիմումի նախնական ուսումնասիրումը |
1. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով:
Հոդված 28. | Գործը քննության ընդունելը |
1. Գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:
2. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով:
3. Գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաև գործով պատասխանող կողմ ներգրավելու, գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր, իսկ անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին որոշմամբ՝ նաև դիմողի միջնորդության հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցերը:
4. Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումներով սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցերը լուծվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործը քննության ընդունելու մասին դատական կազմի որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
5. Գործը քննության ընդունելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:
Հոդված 29. | Գործի քննությունը մերժելը |
1. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում`
1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին.
2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան.
3) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում.
4) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
5) եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողությունը դադարել է, և այն չի կիրառվել կամ ենթակա չէ կիրառման.
6) սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ներկայացված դիմումներով Սահմանադրական դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, կարող է կայացնել գործը քննության ընդունելու մասին պատճառաբանված աշխատակարգային որոշում:
3. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ, ուղարկում է կողմերին:
4. (մասը չեղյալ է ճանաչվել 23.03.18 ՀՕ-157-Ն)
(29-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-157-Ն)
Հոդված 30. | Դիմումը հետ վերցնելը |
1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչև գործի դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ Սահմանադրական դատարան դիմելը դիմողի պարտականությունն է:
2. Սահմանադրական դատարանը կարող է մերժել այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, եթե գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճման:
Հոդված 31. | Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցումը Սահմանադրական դատարանի որոշմամբ |
1. Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:
2. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցման մասին աշխատակարգային որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուն հաջորդող օրվանից: Այդ որոշումն անհապաղ հրապարակվում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:
ԳԼՈՒԽ 5
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 32. | Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը |
1. Գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե:
2. Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Հոդված 33. | Կոլեգիալությունը |
1. Սահմանադրական դատարանը գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:
Հոդված 34. | Իրավահավասարությունը |
1. Սահմանադրական դատարանն ապահովում է, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմի ընձեռում է քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
Հոդված 35. | Հրապարակայնությունը |
1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործի դատաքննության ընթացքը նիստին ներկա անձինք կարող են գրառել, ձայնագրել:
3. Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել, այդ թվում՝ համացանցի միջոցով, եթե Սահմանադրական դատարանը չի ընդունել դատաքննության տեսագրման և հեռարձակման սահմանափակման մասին աշխատակարգային որոշում:
4. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ:
5. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում է դռնփակ նիստում, և որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում:
6. Դռնփակ նիստին ներկա լինելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
7. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասերը բոլոր դեպքերում հրապարակվում են դռնբաց նիստում:
Հոդված 36. | Գործերի քննության լեզուն |
1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով։
2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին Սահմանադրական դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:
3. Թարգմանիչների վարձատրության կարգը և չափը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
ԳԼՈՒԽ 6
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 37. | Սահմանադրական դատարանի նիստը |
1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում:
2. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում ընդունելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված քվորումը:
3. Սահմանադրական դատարանում յուրաքանչյուր գործի դատաքննությունն իրականացվում է դատարանի առանձին նիստում:
Հոդված 38. | Նիստ հրավիրելու լիազորությունը |
1. Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը:
Հոդված 39. | Գործը դատաքննության նախապատրաստելը |
1. Սահմանադրական դատարանի նախագահը և զեկուցողը որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։
2. Դիմումների և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները Սահմանադրական դատարանի դատավորներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով` նիստից առնվազն մեկ օր առաջ:
3. Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը` Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։
Հոդված 40. | Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը |
1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:
2. Գրավոր և բանավոր ընթացակարգերով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:
3. Գործի դատաքննությունը գրավոր կամ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին դատաքննության մասնակիցները տեղեկացվում են գրությամբ` գործը քննության ընդունելու պահից եռօրյա ժամկետում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) գրավոր կամ բանավոր ընթացակարգով գործի դատաքննության մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տեքստը.
2) այն ժամկետը, որի ընթացքում դատաքննության մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գրավոր բացատրությունները, եթե դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, և գործի այլ նյութեր.
3) գործի դատաքննության ժամանակ մասնակիցների իրավունքների և պարտականությունների մասին հակիրճ տեղեկություններ:
Հոդված 41. | Սահմանադրական դատարանում գործերը միավորելը |
1. Մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:
Հոդված 41.1. | Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն ստանալը |
1. Սահմանադրական դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում:
3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է՝
1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.
2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը.
3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները.
4) հնարավորության դեպքում և, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.
5) անհրաժեշտության դեպքում՝ դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.
6) անհրաժեշտության դեպքում` միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը.
7) վերաբերելի լինելու դեպքում՝ բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:
4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:
5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական պահանջներին:
6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, որը պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:
(41.1-ին հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-233-Ն)
Հոդված 42. | Սահմանադրական դատարանի պահանջները |
1. Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:
2. Սահմանադրական դատարանի և զեկուցողի պահանջները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում Սահմանադրական դատարանի կամ գործով զեկուցող դատավորի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կատարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ Սահմանադրական դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանը կամ զեկուցող դատավորը կարող է երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Հոդված 43. | Ապացույցները Սահմանադրական դատարանում |
1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները հաստատվում են՝
1) վկաների ցուցմունքներով.
2) փորձագետի եզրակացությամբ.
3) գրավոր փաստաթղթերով, նյութերով և իրերով (գրավոր և իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքներով և այլ տեղեկություններով.
4) դատավարության կողմերի` որպես վկա տրված ցուցմունքներով:
3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։
Հոդված 44. | Սահմանադրական դատավարության մասնակիցները և հրավիրյալները |
1. Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`
1) դատավարության կողմերը`
ա. դիմողը` սույն օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կամ պարտականություն ունեցող մարմինները և անձինք,
բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք.
2) վկան, փորձագետը և թարգմանիչը.
3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են դատավարության կողմի իրավունքներից:
2. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել Սահմանադրական դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը: Դատաքննության ընթացքում նրանք կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի՝ իրենց ուղղած հարցերի վերաբերյալ:
Հոդված 45. | Որպես պատասխանող կողմ ներգրավելը |
1. Եթե դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում չի նշել պատասխանող կողմին կամ նշել է ոչ պատշաճ կողմի, ապա Սահմանադրական դատարանը գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ դատավարությանը որպես կողմ ներգրավում է պատասխանողին կամ պատշաճ պատասխանողին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև հարակից պատասխանողներին:
Հոդված 46. | Ներկայացուցչությունը Սահմանադրական դատարանում |
1. Կողմերը Սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով:
2. Որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:
3. Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:
4. Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանում որպես գլխավոր դատախազի ներկայացուցիչ հանդես է գալիս նրա տեղակալը:
5. Յուրաքանչյուր կողմ Սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ:
Հոդված 47. | Կողմերի իրավունքները |
1. Կողմերն իրավունք ունեն՝
1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ.
2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր.
3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.
4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին, վկային.
5) միջնորդություններ հարուցելու, առաջարկություններ անելու, առարկություններ ներկայացնելու։
2. Գրավոր ընթացակարգով դատաքննության ժամանակ կողմերն իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները և առարկությունները ներկայացնում են գրավոր Սահմանադրական դատարանի սահմանած ժամկետներում` մինչև գործի դատաքննությունն սկսվելը:
3. Սահմանադրական դատարանի սահմանած ժամկետը լրանալուց հետո կողմերը կարող են բացատրություններ, միջնորդություններ, առարկություններ, առաջարկություններ, ապացույցներ կամ այլ նյութեր ներկայացնել այն դեպքում, երբ այդ նյութերը կողմից անկախ պատճառներով իրեն հայտնի են դարձել դատաքննության ժամանակ, էական նշանակություն ունեն գործի լուծման համար և կնպաստեն գործի առավել արդյունավետ դատաքննությանը:
Հոդված 48. | Կողմերի պարտականությունները |
1. Կողմերը պարտավոր են՝
1) ներկայանալ Սահմանադրական դատարանի հրավերով.
2) բացատրություններ տալ և պատասխանել հարցերին.
3) Սահմանադրական դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող նյութեր.
4) ենթարկվել Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոններին և սույն օրենքի այլ պահանջների.
5) բարեխղճորեն օգտվել իրենց դատավարական իրավունքներից:
Հոդված 49. | Նիստի ընթացակարգը |
1. Դատական նիստերի դահլիճ Սահմանադրական դատարանի դատավորների մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:
2. Նախագահողը նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը։
3. Նախագահողը նիստի քարտուղարության միջոցով պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը։ Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա աշխատակարգային որոշում է ընդունում այն հետաձգելու մասին։ Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո դրա նոր դատաքննությունը վերսկսվում է ընդհատման պահից:
4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները։
5. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ և իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները, առարկությունները, պարզաբանումները կամ պատասխանները ներկայացնում են հոտնկայս: Սույն մասով նախատեսված կանոններից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:
6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները։
7. Զեկուցման ավարտից հետո Սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է աշխատակարգային որոշում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել։ Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ։
8. Նիստին ներկա անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել լռություն, Սահմանադրական դատարանի` գործով որոշումներն ու եզրակացություններն ունկնդրել հոտնկայս: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:
9. Սահմանադրական դատարանի` դատական նիստերի դահլիճից դուրս գալու պահին բոլոր ներկաները կանգնում են: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:
Սահմանադրական դատարանի կողմից կիրառվող սանկցիաները
Հոդված 50.
1. Սահմանադրական դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նիստը նախագահողի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ արարքի միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում նիստը նախագահողն իրավասու է խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ Սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:
2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակ հետապնդի:
3. Դատավարության մասնակիցների նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Դատավարության կողմի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել սանկցիայի կիրառման ժամկետով:
5. Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի կամ նրա ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետը լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
6. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին աշխատակարգային որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով:
7. Դատական տուգանքը կիրառվում է մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, ընդսմին, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող` դատարանի աշխատակարգային որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:
8. Գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող դատախազի կամ փաստաբանի նկատմամբ չի կիրառվում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան: Գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող դատախազի կամ փաստաբանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները թույլ տալու համար դատական սանկցիա կիրառելուց հետո դատական սանկցիայի վերաբերյալ աշխատակարգային որոշումը Սահմանադրական դատարանն ուղարկում է համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատի նախագահին: Դատական սանկցիա կիրառելու մասին աշխատակարգային որոշումը չի բացառում նույն արարքի համար դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը:
9. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիա կիրառելու փոխարեն Սահմանադրական դատարանը կարող է դիմել գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատի նախագահին համապատասխանաբար դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելն իրականացվում է Սահմանադրական դատարանի՝ նույն դատական նիստում ընդունվող աշխատակարգային որոշմամբ: Այն պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
10. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի աշխատակարգային որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից:
11. Եթե դատարանը գտնում է, որ վարույթի մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձ դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա կարող է առանց նախազգուշացման սույն հոդվածով սահմանված կարգով անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, բացառությամբ տուգանքի, և քրեական վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ դիմում է դատախազին: Այդ հարցով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:
(50-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-226-Ն)
Հոդված 51. | Կողմերի բացատրությունները |
1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:
2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:
3. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:
4. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաև փորձագետը:
5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկություններն ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կարգով:
6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո կարող են տրամադրել Սահմանադրական դատարանին:
Հոդված 52. | Կողմի հանդես գալը որպես վկա |
1. Եթե կողմին հայտնի է տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա նա կարող է իր նախաձեռնությամբ հանդես գալ որպես վկա:
2. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, և կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա Սահմանադրական դատարանի պահանջով կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:
3. Որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-4-րդ մասերը:
Հոդված 53. | Փորձագետի եզրակացությունը |
1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի ելքով:
2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա նա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:
3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
4. Սահմանադրական դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:
5. Փորձագետի եզրակացության համար նախատեսված հարցերը պետք է լինեն հստակ շարադրված: Դրանք ներկայացվում են գրավոր:
Հոդված 54.
Փորձագետի իրավունքներն ու պարտականությունները
1. Փորձագետն իրավունք ունի՝
1) Սահմանադրական դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին.
2) Սահմանադրական դատարանի թույլտվությամբ հարցեր տալու կողմերին և վկաներին, ինչպես նաև դատական նիստում իր եզրակացությունը ներկայացրած այլ փորձագետի.
3) հարուցելու իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ:
2. Եզրակացությունը ներկայացնելուց հետո փորձագետը պարտավոր է պատասխանել Սահմանադրական դատարանի դատավորների և կողմերի հարցերին:
3. Եզրակացությունը ներկայացվում է Սահմանադրական դատարան՝ փորձագետի ստորագրությամբ:
Հոդված 55. | Վկաների ցուցմունքները |
1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ:
2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:
3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործին առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատավորների, կողմերի և փորձագետի հարցերին:
5. Դատական նիստին ներկայացած վկաները մինչև իրենց հարցաքննությունն սկսվելը դուրս են հրավիրվում դատական նիստերի դահլիճից: Սահմանադրական դատարանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում, որ հարցաքննված վկաները չհաղորդակցվեն չհարցաքննված վկաների հետ:
Հոդված 56. | Գործի վարույթը կասեցնելը |
1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը`
1) եթե նշանակել է փորձաքննություն.
2) եթե տվել է դատական հանձնարարություններ.
3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել.
3.1) եթե անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով.
4) եթե դատավարության կողմերից մեկը կամ նրա ներկայացուցիչը հիվանդության կամ այլ հարգելի պատճառով խնդրել է կասեցնել գործի վարույթը.
5) Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, Սահմանադրական դատարանի աշխատակարգով և Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:
3. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո: Մինչև կասեցման հիմքերը վերանալը գործի վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ:
(56-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-233-Ն)
Հոդված 57. | Գործի վարույթը վերսկսելը |
1. Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է ընդունում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր:
2. Վարույթը վերսկսելուց հետո կողմերը եզրափակիչ ելույթների իրավունք ունեն՝ հետազոտված նոր հանգամանքների և նյութերի առնչությամբ:
3. Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:
Սահմանադրական դատարանի նիստերի արձանագրությունը
Հոդված 58.
1. Սահմանադրական դատարանի նիստերն արձանագրվում են: Սահմանադրական դատարանի նիստի արձանագրման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
2. Նիստի արձանագրությունն ստորագրում են նիստը նախագահողը և արձանագրողը:
3. Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը և ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:
Հոդված 59. | Գործով որոշման կամ եզրակացության ընդունումը |
1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։
2. Խորհրդակցությունում դատավորն իրավասու է արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ։
3. Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում։
4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրվում են ինքնաշխատ կերպով: Ինքնաշխատ կերպով արձանագրելու անհնարինության դեպքում խորհրդակցության արդյունքներն արձանագրում է Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները։
5. Արձանագրությունն ստորագրում են Սահմանադրական դատարանի` խորհրդակցությանը մասնակցած դատավորները։
6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։
7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի:
8. Մինչև Սահմանադրական դատարանի նիստում որոշման հրապարակումը դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց:
Հոդված 60. | Գործի վարույթը կարճելը |
1. Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը՝
1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր.
2) եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրա դրույթի գործողությունը դադարել է դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում, և այն չի կիրառվել.
3) սույն օրենքի 75-րդ, 79-րդ, 80-րդ, 82-85-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.
4) սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է:
ԳԼՈՒԽ 7
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 61. | Սահմանադրական դատարանի ակտերը |
1. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված հարցերով, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 168-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն:
2. Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու և դատաքննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումների ընդունման կարգի առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
3. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։ Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
4. Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
5. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների և դրանց այլ հասցեատերերի համար:
6. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:
7. Սահմանադրական դատարանի ակտերը կնքվում են Սահմանադրական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանումով կնիքով:
Հոդված 62. | Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը |
1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով:
2. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը:
3. Նախագահողը քվեարկում է վերջում:
4. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են հանուն Հայաստանի Հանրապետության:
5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու և կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
6. Սահմանադրական դատարանի եզրակացություններն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
7. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
8. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Սահմանադրական դատարանի՝ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ: Սահմանադրական դատարանի աշխատակարգը հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով:
9. Եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում:
10. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
Հոդված 63. | Որոշումներին և եզրակացություններին ներկայացվող պահանջները |
1. Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։
2. Սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։
3. Սահմանադրական դատարանի որոշման և եզրակացության հիմքում չեն կարող դրվել գործի դատաքննության ընթացքում չհետազոտված հանգամանքներ:
4. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում և կցվում գործին։
Հոդված 64.
Որոշման կամ եզրակացության շարադրանքը
1. Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) անհրաժեշտ տվյալներ կողմերի և դատավարության այլ մասնակիցների մասին.
3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.
4) Սահմանադրության այն հոդվածը, համաձայն որի՝ դատարանն իրավասու է քննելու տվյալ գործը.
5) դիմումի համառոտ բովանդակությունը.
6) փաստական և իրավական հանգամանքներ, որոնք հետազոտել է դատարանը.
7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.
8) դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում՝ այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները.
9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մասին.
10) սույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին.
11) սույն օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում՝ որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը.
12) նշում որոշման կամ եզրակացության վերջնական լինելու և հրապարակման պահից ուժի մեջ մտնելու կամ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանվելու մասին։
2. Սահմանադրական դատարանի՝ ըստ էության որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է նիստը նախագահողը։
Հոդված 65. | Որոշման կամ եզրակացության առաքումը |
1. Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին:
Հոդված 66. | Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը |
1. Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և Ազգային ժողով ներկայացնելը:
2. Այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող, և սահմանվել է նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, ապա Կառավարությունը մինչև այդ ժամկետի ավարտը համապատասխան օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ ներկայացնելու միջոցով ապահովում է որոշման կատարումը:
Հոդված 67. | Որոշումների կատարման վիճակի ամփոփումը |
1. Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 45 օրվա ընթացքում, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 8
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 68. | Իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը Հանրապետության նախագահի, Կառավարության, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա |
1. Սույն հոդվածում նշված գործերով կարող է վիճարկվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացվելու դեպքերի։
2. Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։
3. Անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը կարող է վիճարկվել այդ ակտի ընդունման պահից եռամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ օրենքի ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից:
5. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը։
6. Սահմանադրության 204-րդ հոդվածով նախատեսված` քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված և հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ գործերով դատավարությանը պատասխանող չի ներգրավվում:
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը։
8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով:
9. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին.
4) վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու և նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին:
10. Որևէ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։ Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու մեջ՝ Սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները։
11. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված դեպքերի։ Այդ ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, իսկ չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ։
12. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը՝ վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
13. Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը Սահմանադրական դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ։
14. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված դեպքում Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում կատարված վարչական կամ դատական ակտերը կողմի դիմումի հիման վրա ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:
15. Քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում իրավական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից, իսկ դրա կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական, իսկ կողմի դիմումի հիման վրա՝ նաև վարչական ակտերը ենթակա են վերանայման օրենքով սահմանված կարգով:
16. Սահմանադրական դատարանը սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված որոշումները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել, եթե՝
1) փոփոխվել է Սահմանադրության՝ տվյալ գործով կիրառված դրույթը, կամ
2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված՝ Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, և տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն։
17. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված հիմքով գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
18. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, եթե առկա են Սահմանադրական դատարանի որոշումը վերանայելու՝ սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված հիմքերը։
19. Եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ պետության կամ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշմամբ հետաձգում է այդ ակտի իրավական ուժը կորցնելը։
20. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և անհրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 19-րդ մասում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցները։
⚖Հոդված 69. | Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա |
1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
2. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
3. Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
4. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ գործի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսված դեպքերի, ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով՝ Սահմանադրական դատարանի անունից:
5. Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
6. Անհատական դիմումներով գործի քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այն պետք է ընդունվի միաձայն, հակառակ դեպքում գործը քննության ընդունելու հարցը Սահմանադրական դատարանը վերստին քննում և լուծում է ամբողջ կազմով, իսկ այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:
7. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է համապատասխան նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։
9. Անհատական դիմումների ընդունման և նախնական ուսումնասիրության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
10. Սույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։
12. Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն հոդվածի 11-րդ մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը չեն կիրառվում։
13. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերի կանոնները:
(69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր 29.03.2022 ՍԴՈ-1645 որոշմամբ)
Հոդված 70. | Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել տեղական ինքնակառավարման մարմինները Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով:
2. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին:
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել ոչ ուշ, քան համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:
4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:
6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները:
Հոդված 71. | Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների և գլխավոր դատախազի դիմումների հիման վրա |
1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
2. Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:
3. Դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը՝ տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո՝ մինչև սույն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:
4. Դատարանները և գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:
6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումում գլխավոր դատախազը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որևէ լիազորության պատշաճ իրականացումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:
7. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
8. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչև գործի դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումներն արտահայտող գրավոր բացատրություններ:
9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։
10. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 9-20-րդ մասերով նախատեսված կանոնները:
Հոդված 72. | Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովը:
2. Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:
3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի։
3.1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը գնահատվում է նախագծի` Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից, Սահմանադրական դատարան դիմումը մուտքագրելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում` առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության:
4. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) նախագիծը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) նախագիծը ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:
5. Սույն հոդվածով նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը։
6. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
(72-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-305-Ն)
Հոդված 73. | Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
2. Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվելուց ոչ ուշ, քան 21 օր հետո:
3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Ազգային ժողովի ընդունած օրենքը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:
5. Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից:
6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կանոնները:
7. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հոդված 74. | Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը |
1. Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան է դիմում Կառավարությունը:
2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Սահմանադրական դատարանը կարող է աշխատակարգային որոշում ընդունել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը մինչև բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործերից յուրաքանչյուրով Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումն ընդունվում է միևնույն դռնփակ խորհրդակցության արդյունքով, և բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հերթականության:
4. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով:
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին։
7. Եթե միջազգային պայմանագիրը էապես շոշափում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները, ապա Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը դրա վերաբերյալ պետք է համապատասխան նշում պարունակի:
Հոդված 75. | Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը` Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով:
2. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել վիճարկվող գործողությունը կատարելու, անգործության մասին հայտնի դառնալու կամ իրավական ակտն ընդունելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և Կառավարությունը:
4. Սույն հոդվածում նշված գործերով ներկայացված դիմումը պետք է պարունակի հիմնավորումներ առ այն, որ պատասխանողի գործողությունը, անգործությունը կամ իրավական ակտը խախտում է դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները կամ դրանց խախտման անմիջական վտանգ է ստեղծում:
5. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով:
6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։
8. Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով Սահմանադրության համապատասխան դրույթը, սահմանադրական մարմինների միջև նրանց լիազորությունների վերաբերյալ վեճերով ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) վիճարկվող լիազորության իրականացմամբ պատասխանողի կատարած գործողությունը կամ ցուցաբերած անգործությունը կամ ընդունված իրավական ակտը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող.
2) վիճարկվող լիազորության իրականացմամբ պատասխանողի կատարած գործողությունը կամ ցուցաբերած անգործությունը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, իսկ ընդունված իրավական ակտը` ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր.
3) ճանաչում է վիճարկվող լիազորությունն իրականացնելու իրավասություն ունեցող՝ դատավարության կողմ չհանդիսացող սահմանադրական մարմնին և այդ հիմքով կարճում է գործի վարույթը:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրությանը հակասող գործողության, անգործության կամ իրավական ակտի հիմք հանդիսացող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի սահմանադրականությունը և, հանգելով դրա` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, իրավասու է այդ նորմատիվ իրավական ակտը կամ դրա համապատասխան դրույթը ճանաչելու Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Հոդված 76. | Հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը |
1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի խմբակցությունը հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն:
2. Սույն հոդվածով նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցներ (փաստերի վերաբերյալ տեղեկություններ) ձեռք բերելը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանն իրավասու է նաև ձևավորելու աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետների:
4. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում:
6. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 30 օրով:
7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:
Հոդված 77. | Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծումը |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:
2. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18.00-ն։
3. Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
4. Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:
5. Այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարությանը` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա Սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարությանը:
6. Երրորդ անձինք դատավարությանը կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:
7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ կիրառելի չեն երրորդ անձանց նկատմամբ:
8. Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցներ (փաստերի վերաբերյալ տեղեկություններ) ձեռք բերելու առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները:
9. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:
11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա դիմող կողմը ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:
12. Սույն հոդվածում նշված գործերի քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը Սահմանադրությամբ և սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետներում ավարտելուն:
13. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,
գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
14. Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրությունների իրական արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:
15. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:
Հոդված 78. | Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի խմբակցությունները Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների կայացման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:
2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:
3. Սույն հոդվածում նշված գործերի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը պարզում է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության համապատասխանությունը Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված կարգին:
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը և
ա. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին,
բ. նշանակել ընտրության երկրորդ փուլ,
գ. նշանակել ընտրության երրորդ փուլ,
դ. նշանակել նոր ընտրություն:
6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
7. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև քննվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությունը և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում նշված դրույթները:
Հոդված 79. | Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:
2. Սույն հոդվածում նշված գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին: Դիմումում պետք է նշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով և 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն այն հավաստող ապացույցներ:
4. Այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը պարզում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով և 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը:
8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:
10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին։
Հոդված 80. | Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի մասին Ազգային ժողովին հայտնի դառնալուց հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:
2. Ազգային ժողովն իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության նախագահի այն իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ:
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հավաստող ապացույցներ:
4. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես պատասխանող ներգրավվում է Հանրապետության նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա համար սահմանված պարտականությունները:
5. Հանրապետության նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո:
9. Գործը դատաքննության նախապատրաստելիս Սահմանադրական դատարանը կարող է ձևավորել աշխատանքային խումբ իր տված հանձնարարականների հիման վրա գործի առանձին հանգամանքներ պարզելու նպատակով, ինչպես նաև իրավասու մարմիններին կարող է հանձնարարականներ տալ տվյալ գործին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու համար:
10. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը կամ աշխատանքային խումբն իրավասու է՝
1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու իրենց տրամադրության տակ գտնվող նյութեր, քաղաքացիական, վարչական գործեր, քրեական վարույթի նյութեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, տեղեկանքներ և այլ նյութեր.
2) պատվիրելու փորձաքննություններ և ստանալու եզրակացությունները.
3) հրավիրելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:
11. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը ներկայացնում է դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես են գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, և Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որին տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչն ունի վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Սահմանադրական դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով աշխատակարգային որոշում ընդունել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չընդունվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:
12. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
13. Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
14. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից մեկը.
1) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին.
2) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:
15. Եզրակացություն ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է նաև գնահատելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրական դատարանն ընդունում է դրանք Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում և ընդունում սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:
16. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Սահմանադրական դատարանը պետք է նշի`
1) Հանրապետության նախագահի այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության հատկանիշներ և այդ հանցագործության որակումը կամ այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ.
2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները և դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց գնահատման վերաբերյալ:
17. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով և հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:
(80-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-226-Ն)
Հոդված 81. | Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը |
1. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո:
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը հավաստող ապացույցներ:
3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:
6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.
2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով որոշում ընդունելու համար:
7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:
8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
2) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերի բացակայության մասին։
9. Որոշումն ընդունվելուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով, Կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:
Հոդված 82. | Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր, բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Դիմումում պետք է մատնանշվի Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքը:
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը հավաստող ապացույցներ:
4. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:
5. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարումը ձևակերպվում է դիմող դատավորների միաձայն համաձայնությամբ:
9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը մերժելու մասին.
2) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու մասին:
10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն:
11. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
12. Եթե խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նախազգուշացում ստանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
13. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ամրագրող օրենքի սահմանադրականությունը և, հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը, ընդունում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը:
(82-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 83. | Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում և սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը:
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը հավաստող ապացույցներ:
3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը:
4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:
5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:
6. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավազորությունները:
11. Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին։
12. Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:
Հոդված 84. | Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել գլխավոր դատախազը:
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերը հավաստող ապացույցներ:
3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև քրեական հետապնդման ժամկետի վերսկսման մասին որոշման կայացումը:
4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:
5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:
6. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավազորությունները:
11. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 48 ժամվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը, իսկ սույն մասի 1-ին կետում նշված որոշումն ընդունելու դեպքում՝ նաև սույն մասի 2-րդ կետում նշված որոշումը՝
1) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին.
2) Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին.
3) դիմումը մերժելու մասին:
12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերն ամրագրող օրենքների սահմանադրականությունը և, հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը, ընդունում է սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը:
(84-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-226-Ն)
Հոդված 84.1. | Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից |
1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Սահմանադրական դատարանի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։
(84.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-226-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 85. | Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և Կառավարությունը:
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ:
3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործ է քննվում, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:
4. Պատշաճ ծանուցված կուսակցության ներկայացուցչի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:
6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավազորությունները։
9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
10. Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրությամբ և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու, իսկ կուսակցության գործունեությունն արգելելու մասին որոշում՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը բացահայտելու դեպքում։
11. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) դիմումը մերժելու մասին.
2) կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին և կարող է կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություն.
3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:
12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում նշված դրույթները և այդ հիմքով ընդունում սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը:
Հոդված 86. | Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առաջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:
2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող դատավարությանը ներագրավվում է Հանրապետության նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացրած կամ միջնորդությամբ դիմած մարմինը:
3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
5. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը Սահմանադրական դատարանը քննում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա, իսկ Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը՝ դիմումը մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:
ԳԼՈՒԽ 9
(գլուխը խմբ. 21.01.20 ՀՕ-47-Ն)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-47-Ն)
Հոդված 87. | Ծառայության առանձնահատկությունները |
1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:
ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 88. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքը Սահմանադրության 210-րդ հոդվածի հիման վրա ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
3. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Եթե նշված եղանակով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:
4. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)
4.1. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)
4.2. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)
4.3. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)
5.1. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետն ավարտված և պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին), որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
5.2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:
5.3. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժով` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.4. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարելու հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմնին, որը տվյալ պահի դրությամբ թեկնածու դեռևս չի առաջադրել:
5.5. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը կատարվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:
5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), որի պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ։
6. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքը։
(88-րդ հոդվածը լրաց. 11.12.19 ՀՕ-312-Ն, փոփ., լրաց. 30.06.20 ՀՕ-376-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-158-Ն)
(11.04.24 ՀՕ-158-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. հունվարի 27 Երևան ՀՕ-42-Ն |