Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված դեղեր արտադրելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը, ինչպես նաև որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած դեղեր իրացնելը կամ բաշխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև հինգ փաթեթ (այդ թվում՝ խախտված) քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) հինգ և ավելի փաթեթ (այդ թվում՝ խախտված) քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:».

2) 5-րդ մասը «անցած» բառից հետո լրացնել «կամ շրջանառությունը դադարեցված» բառերով.

3) 6-րդ մասի «կաթիլաներարկման լուծույթներ» բառերը փոխարինել «ստերիլ դեղաձևեր» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7. Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:».

5) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսերի դուրսգրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:».

6) 20-րդ մասը «մեծածախ իրացման» բառերից հետո լրացնել «կամ դեղատնային գործունեության» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին մասով.

«20.1. Դեղեր ներմուծողի կողմից առանց սերիայի բացթողում իրականացվելու կամ ներմուծման հավաստագրման ընթացքում օրենքին համապատասխան պարտավորագրով ստանձնած պարտավորություններն առանց կատարելու դեղեր իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 47.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 47.4. Բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Գովազդատուի կողմից բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդն առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

2. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չգրանցված կամ բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների կամ չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը «(բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման)» բառերից հետո լրացնել «կամ միևնույն տնտեսավարող սուբյեկտի կողմից միաժամանակ դեղերի մանրածախ և մեծածախ իրացման գործունեությամբ զբաղվելը» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-154-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: