Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-170-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով.

2) 10-րդ կետը «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 9-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 15-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ մասի 4-րդ կետերը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

5) շահադիտական դրդումներով,

6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ

7) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) շահադիտական դրդումներով,

5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ

6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 7-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 13-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 9-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 15-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

4) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ

5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկից երկու ամիս ժամկետով:»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

5) այլ պետություն տեղափոխելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,

5) մի խումբ անձանց կողմից,

6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

7) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

8) շահադիտական դրդումներով,

9) առևանգվածին ազատ արձակելու պայմանով պահանջ ներկայացնելով կամ

10) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 6-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 10-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 4-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 8-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 6-րդ կետը «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 10-րդ կետը «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) առանձին դաժանությամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

7) առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,

8) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ

9) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:»:

 

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 196.1-ին հոդվածով.

 

«Հոդված 196.1.

Հետամտելը

 

1. Հետամտելը՝ անձին հետևելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել՝

 պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ երկու հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ կամ

4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ կամ

5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 2-րդ մասի 1-ին կետը «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 260-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

2) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

3) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

7) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 22.ուղղ. Օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պահանջն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝

պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-170-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: