Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-149-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի իմաստով՝ նվեր չեն համարվում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.

3) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները.

4) օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը:».

3) 6-րդ մասի «1-ին և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ կետերով» բառերով.

4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն դարձող նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։»:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների հաշվառումն իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հաշվառվող նվերների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների սահմանափակման անհրաժեշտությամբ պայմանավորված:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 01-Ն որոշման մեջ սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 2

Երևան

ՀՕ-149-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: