Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-45-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառելը՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, փամփուշտներ վաճառելը՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 173-րդ հոդվածում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 193.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 193.3. Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, ինչպես նաև առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն իրականացնելը

 

1․ Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

2. Առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 243-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 243. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 148-րդ, 169.24-րդ և 193.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձը։»։

 

Հոդված 5. Օրենսգրքի ամբողջ տեքստում «հրազեն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «զենք» բառով։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. փետրվարի 2

Երևան

ՀՕ-45-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական: