Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-294
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2024-15.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴԵՐն ու ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) վարչապետին ենթակա մարմին է: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, ներառյալ` կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ և այլ ստորաբաժանումներից:

(3-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-612-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կառավարությունը:

2. Լիազորված մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ լիազորված մարմնի ղեկավարը:

3. Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության մարմիններ:

4. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

5. Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:

(4-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-156-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 4.1.

Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը և կարգավիճակը

(վերնագիրը խմբ. 22.12.23 ՀՕ-2-Ն)

 

1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն, խմբ. 22.12.23 ՀՕ-2-Ն)

(22.12.23 ՀՕ-2-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 4.2.

 Քննչական մարմինը

(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-156-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

ՀՈԴՎԱԾ 5.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, այդ թվում` լիազորված մարմնի` իր իրավասության սահմաններում ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերից:

(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ՄԱՐԴՈՒ և ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերի:

Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ և տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:

Պետական մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցում:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական  գաղտնիքին առնչվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում:

Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

(8-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)

(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) հետախուզական գործունեություն.

բ) հակահետախուզական գործունեություն.

գ) ռազմական հակահետախուզական գործունեություն.

դ) պետական սահմանի պահպանություն.

ե) պայքար հանցագործությունների դեմ:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, դրանց կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները չպետք է խախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված` մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, վնասեն մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների հետ լիազորված մարմնի հետախուզական մարմնի համագործակցության կարգը և պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համատեղ ընդունված իրավական ակտերով, իսկ միջազգային կազմակերպությունների հետ` միջազգային պայմանագրերով:

Հետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպես նաև հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազորված մարմնի ակտերով:

(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերն են`

ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայությունը.

բ) հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.

գ) պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման անհրաժեշտությունը.

դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը.

ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերը կարող են փոփոխվել միայն օրենքով: Հակահետախուզական գործունեության ընթացքում ազգային անվտանգության մարմինները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդներ ու միջոցներ, որոնց բնույթը որոշվում է այդ գործունեության պայմաններով:

Հակահետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինները, հակահետախուզական գործունեության իրականացման համար, դատարանի պահանջով, ներկայացնում են հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերին վերաբերող ծառայողական փաստաթղթեր (բացառությամբ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերի, որոնք տեղեկություններ են պարունակում ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև հակահետախուզական գործունեության իրականացման կազմակերպման, գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին):

Հակահետախուզական գործունեության իրականացման իրավունքի վերաբերյալ դատարանի որոշումը և դրա ընդունման համար հիմք ծառայած նյութերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահվում են ազգային անվտանգության մարմիններում:

(11-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն, 09.06.22 ՀՕ-156-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, այլ զորքերում և զինվորական կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում` հանցագործությունները բացահայտելու, կանխելու և խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաև մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով:

(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-8-Ն, 23.03.18 ՀՕ-268-Ն, 09.06.22 ՀՕ-156-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

 

Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով և այլ օրենքներով իրենց առջև դրված խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ:

Ազգային անվտանգության մարմինների վրա օրենքով կարող են դրվել հանցագործությունների դեմ պայքարի այլ խնդիրներ:

Ազգային անվտանգության մարմիններն օրենքով իրենց իրավասությանը հանձնված գործերով իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն և օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր:

(13-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-133-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.06.22 ՀՕ-156-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ լիազորությունները, պատվիրակված գործառույթների իրականացումը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, լրաց. 06.07.22 ՀՕ-328-Ն)

 

1. Ազգային անվտանգության մարմինները՝

1) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ամրապնդում են հանրապետության պաշտպանունակությունը.

2) գաղտնի հիմունքներով համագործակցում են դրա համար համաձայնություն տված անձանց հետ.

3) օրենքով սահմանված կարգով իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

4) ներթափանցում են հետախուզական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.

5) հանդիսանում են տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով իրականացնում են պետական վերահսկողություն.

5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.

5.2) համակարգում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքները.

5.3) մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.

5.4) իրականացնում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ.

5.5) համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը, որի իրականացման կարգը հաստատվում է Կառավարության որոշմամբ.

5.6) մշակում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը, որը հաստատվում է Կառավարության որոշմամբ.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները` համարժեք հատուցմամբ.

7) հանցագործությունների կանխման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև դեպքի վայր մեկնելու համար, անհետաձգելի դեպքերում օգտագործում են ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.

8) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք են գործում ֆիզիկական անձանց պատկանող բնակելի և այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, և հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.

9) ստուգում են ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց` անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.

10) ձերբակալում են այն անձանց, որոնք ներթափանցել են կամ ներթափանցվելու փորձ են կատարել հատուկ ռեժիմային օբյեկտների և պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաև ստուգում են նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից ստանում են բացատրություններ, կատարում են այդ անձանց զննում, նրանց իրերի ու փաստաթղթերի զննում և առգրավում.

11) սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպություններ են ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը.

12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանալ տեղեկություններ (այդ թվում` առցանց), որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

13) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար կիրառում են տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման համար նախատեսված տեխնիկական կենտրոններ.

14) անցկացնում են քրեագիտական և այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.

15) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա, համագործակցում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակում են օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.

16) իրենց իրավասության սահմաններում, օրենքով սահմանված կարգով, մասնակցում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և կնքում քաղաքացիաիրավական պայմանագրեր.

17) իրականացնում են միջոցառումներ` ուղղված սեփական անվտանգության ապահովմանը (այդ թվում` լիազորված մարմնի համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելը), ազգային անվտանգության մարմինների պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործում են տեխնիկական միջոցներ` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.

18) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում են պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.

19) անցկացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտություններ.

20) պայմանագրային հիմունքներով օգտվում են ֆիզիկական անձանց և կազմակերպությունների բնակելի և այլ շինություններից.

21) կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունեն համապատասխան ուսումնական հաստատություններ.

22) հատուցմամբ կամ անհատույց իրականացնում են կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.

23) վարչապետին և նրա հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.

24) բացահայտում, կանխում և խափանում են Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը.

25) հետախուզական տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

26) բացահայտում, կանխում և խափանում են օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած հանցանքները, իրականացնում են այդ հանցանքները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

27) բացահայտում, կանխում և խափանում են ահաբեկչական գործողությունները.

28) մշակում և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն երևույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված` զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ պայքարին.

29) իրենց իրավասության սահմաններում ապահովում են անվտանգությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում.

30) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.

31) մասնակցում են պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը և իրականացմանը, վերահսկում են պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով իրականացնում են միջոցառումներ` կապված քաղաքացիներին պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ.

32) անցկացնում են միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովմանը.

33) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.

34) իրենց իրավասության սահմաններում, իրավասու պետական մարմինների հետ համատեղ, մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը.

35) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնում են հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները և ռադիոալիքները.

36) օրենսդրությանը համապատասխան` մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու տարածքից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.

37) պահպանում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.

38) մասնակցում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը և իրացնում են դա.

39) Հանրապետության նախագահին, վարչապետին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձանց ապահովում են կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով` Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.

40) իրականացնում են ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

41) օրենսդրությանը համապատասխան` իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը.

42) կազմակերպում և իրականացնում են հակահետախուզական գործունեություն, որոշում են հակահետախուզական միջոցառումների անցկացման և դրանք իրականացնելիս գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև սահմանում են ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ և կազմակերպություններ ներթափանցելու կարգը.

43) աջակցում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության և մարտական պատրաստության պահպանմանն ու ամրապնդմանը.

44) ստանում, մշակում և վերլուծում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը, կանխատեսում են դրա վտանգը.

45) օրենքով սահմանված կարգով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ մասնակցում են իրականացվող միջոցառումներին.

46) սահմանում են ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգը.

47) օրենքով սահմանված կարգով սահմանում են հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներ և նորմեր, մշակում և ներկայացնում են առաջարկություններ` հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ.

48) իրենց իրավասության սահմաններում հրապարակում են ազգային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ ակտեր ու հետևում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից դրանց կատարմանը.

49) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղում են օտարերկրյա պետություններ` այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավասու մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով.

50) վարչապետին ու նրա հանձնարարությամբ` պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին իրազեկում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին.

51) ապահովում են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը և իրենց իրավասության սահմաններում պայքարում են տնտեսական հանցագործությունների դեմ.

52) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում են ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.

53) ապահովում են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, նախարարությունների, ինքնավար մարմինների, տարածքային կառավարման մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատախազության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, Կենտրոնական բանկի, պետական այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը (բացառությամբ դիվանագիտական փոստի).

54) փոխադրում են պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունները, ապահովում են դրանց պահպանումը.

55) լիազորված մարմնում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ստեղծում են կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում են լիազորված մարմնի գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգը.

56) իրենց իրավասության սահմաններում ընդհանրացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնում վարչապետին, մասնակցում են համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս իրականացնում են ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարումը.

57) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում են լիազորված մարմնում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջները.

58) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպում են ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումներ և հաղորդումներ.

59) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում կազմակերպում, իրականացնում և վերահսկում են տեխնիկական հետախուզություններին հակազդման հատուկ միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում են տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացումը.

60) հանցավոր ոտնձգություններից ապահովում են ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, այդ մարմիններին աջակցող անձանց, քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանությունը.

61) կազմակերպում են քաղաքացիների ընդունելությունը, իրենց իրավասության սահմաններում քննարկում նրանց հանրագրերը, դիմումները և բողոքները.

62) սահմանված կարգով պատրաստում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.

63) մասնակցում են սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը, իրականացնում են սպառազինության և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխում.

64) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունեն հատուկ ստորաբաժանումներ.

65) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝

ա. պետական սահմանի անցման կետերում իրականացնում են անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության գործառույթներ,

բ. օրենքով նախատեսված այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:

2. Սույն հոդվածի իմաստով՝ սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը օրենքով պետական այլ մարմիններին վերապահված և օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմիններին փոխանցված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացումն է ազգային անվտանգության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում:

3. Ազգային անվտանգության մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

4. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթն ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

5. Ազգային անվտանգության մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթն իրականացնում են ազգային անվտանգության մարմնի անունից:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:

(15-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-146-Ն, 23.03.18 ՀՕ-221-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-156-Ն, լրաց. 06.07.22 ՀՕ-328-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-50-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-156-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(06.07.22 ՀՕ-328-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառել:

 

ՀՈԴՎԱԾ 18.

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Ազգային անվտանգության մարմինները կարող են համագործակցել պետական մարմինների և կազմակերպությունների հետ:

Ազգային անվտանգության մարմիններն իրավապահ մարմինների հետ համագործակցում են հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման ու այլ հարցերի լուծման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական և գաղտնի քննչական գործողություններ իրականացնելիս, որոնք սահմանվում են օրենքով:

Ազգային անվտանգության մարզային մարմիններն իրենց օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ անկախ են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից:

Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման այլ ուժերի հնարավորությունները:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները պարտավոր են աջակցել ազգային անվտանգության մարմիններին դրանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները կատարելիս:

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի, էլեկտրոնային կապի, այդ թվում` հեռակոդային, գաղտնի, արբանյակային կապի համակարգերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և քաղաքացիները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների պահանջով ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրների լուծման նպատակով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է գործուղվել պետական մարմիններ և կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ: Նշված սպաներին կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործուղվող սպաները կենսաթոշակի ընտրության և ստանալու իրավունք ունեն` ըստ մինչև գործուղվելը կամ գործուղվելուց հետո զբաղեցրած պաշտոնի:

Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ ազգային անվտանգության մարմինների համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-156-Ն, 24.11.22 ՀՕ-449-Ն)

(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակից կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ընդունակ է իր անձնական ու գործնական հատկանիշներով, կրթությամբ և առողջական վիճակով կատարել իր վրա դրված պարտականությունները:

Ազգային անվտանգության մարմինների հիմնական կադրերը դրանց զինծառայողներն են: Բացառիկ դեպքերում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազգային անվտանգության մարմինների սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նրանց կողմից կատարվող պարտականությունների յուրահատկությամբ:

Ազգային անվտանգության մարմինների սպաները և ենթասպաները գտնվում են լիազորված մարմնի կադրային կազմում (ներառյալ` պետական կառավարման հանրապետական և մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները) և պահեստազորում:

Ենթակա զինծառայողներին խրախուսելու, կարգապահական տույժ տալու, ինչպես նաև զինվորական կոչումներ շնորհելու, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են օրենքով:

Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարտականությունները, իրավունքները և արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և լիազորված մարմնի ակտերով:

Ազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին պարգևատրել առանց հրապարակման (գաղտնի):

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ):

Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատում է վարչապետը:

(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 24.11.22 ՀՕ-449-Ն)

(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո: Միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով լիազորված պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավունք ունեն միջամտել նրանց ծառայողական գործունեությանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` ազգային անվտանգության մարմինների աշխատակցի և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության և գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծառայողական պարտականությունները կատարող ազգային անվտանգության մարմինների աշխատակցին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում և կազմակերպություններում, ինչպես նաև հանցավոր խմբերում ազգային անվտանգության մարմինների հատուկ առաջադրանք կատարած (կատարող) աշխատակիցների վերաբերյալ եղած տեղեկությունները պետական գաղտնիք են ու կարող են հրապարակվել միայն նշված աշխատակիցների գրավոր համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը պատասխանատվություն չի կրում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար:

(20-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)

 

 

ՀՈԴՎԱԾ 21.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողների սոցիալական ապահովությունը

(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)

 

1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատողների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

(21-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 24.11.22 ՀՕ-449-Ն, 01.03.23 ՀՕ-50-Ն)

(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ՀՈԴՎԱԾ 22.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների գործողությունները, անգործությունը և որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինները կարող են առանձին անձանց, նրանց համաձայնությամբ, ներգրավել ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման գործում բացահայտ կամ գաղտնի համագործակցության, ընդ որում, նաև որպես արտահաստիքային աշխատակիցներ: Ազգային անվտանգության մարմինների արտահաստիքային աշխատակցի գործունեության կարգը սահմանվում է լիազորված մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:

Ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձն իրավունք ունի`

ա) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից պարզաբանում ստանալ իր առջև դրված խնդիրների, իրավունքների և պարտականությունների մասին.

բ) գաղտնագործունեության նպատակով օգտագործել օպերատիվ քողարկման փաստաթղթեր.

գ) պարգևատրում ստանալ առանձին հանձնարարությունների անթերի կատարման համար.

դ) փոխհատուցում ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս առողջությանը կամ գույքին պատճառված վնասի համար:

Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձը պարտավոր է`

ա) կատարել ազգային անվտանգության մարմինների հանձնարարությունները.

բ) թույլ չտալ, որ ոչ օբյեկտիվ, կեղծ կամ զրպարտչական տեղեկությունները միտումնավոր ներկայացվեն.

գ) չհրապարակել պետական գաղտնիք կազմող տեղեկությունները և այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս:

(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 01.03.23 ՀՕ-50-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 24.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Իրենց գործունեությունն իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինները, լիազորված մարմնի գիտությամբ կամ հանձնարարությամբ, առանց լիցենզավորման, կարող են մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, կապի և տվյալների փոխանցման համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պահպանության միջոցներ (ներառյալ` գաղտնագրային պաշտպանության միջոցները):

Տեղեկատվական համակարգերում իրավաբանական անձանց և քաղաքացիների մասին տեղեկությունների առկայությունն ազգային անվտանգության մարմինների կողմից նշված անձանց իրավունքների սահմանափակման հիմք չէ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնագավառում կատարված իրավախախտումների մասին տեղեկությունների, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, առանձին անձանց հետախուզական և այլ գործունեության մասին տեղեկությունների հաշվառման ու օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով:

(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ և ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինները մշակում, ստեղծում, ձեռք են բերում և օգտագործում են սպառազինության և հանդերձավորման միջոցներ (ներառյալ` տեխնիկական և այլ հատուկ միջոցներ), ձեռք են բերում և օգտագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների համար նախատեսված և սպառազինության համար ընդունված մարտական զենք, ինչպես նաև ծառայողական զենք ու ռազմամթերք:

Ազգային անվտանգության մարմինների կողմից օգտագործվող սպառազինության և հանդերձավորման միջոցների (ներառյալ` հատուկ տեխնիկական և այլ միջոցներ) փոխանցումը, Հայաստանի Հանրապետությունից արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն ազգային անվտանգության մարմիններն իրագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

Լիազորված մարմնի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված:

Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, կարող է կառուցել բնակելի շենքեր` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների կարիքները հոգալու համար:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 27.

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը՝ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, կապված իրենց պատգամավորական գործունեության իրականացման հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին:

(27-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 28.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
24 հունվարի 2002 թ.
ՀՕ-294