Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2023-14.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.16
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը:

 

Հոդված 2. Պետական նպաստի իրավունքը

 

1. Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 3. Պետական նպաստների հասկացությունը և տրամադրման նպատակը

 

1. Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

2. Պետական նպաստների տրամադրման նպատակն է`

1) անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

2) ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը.

3) ժողովրդագրական իրավիճակի բարելավումը.

4) սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:

 

Հոդված 4. Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 5. Պետական նպաստների տեսակները

 

1. Սույն օրենքով սահմանվում են պետական նպաստների հետևյալ տեսակները.

1) ընտանեկան նպաստը.

2) սոցիալական նպաստը.

3) հրատապ օգնությունը.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը.

5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը.

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստը.

6.1) մայրության նպաստը.

7) ծերության նպաստը.

8) հաշմանդամության նպաստը.

9) կերակրողին կորցնելու դեպքում նպաստը.

10) թաղման նպաստը.

11) խնամակալության նպաստը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված նպաստի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով:

(5-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 04.03.20 ՀՕ-137-Ն)

 

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

 

1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային կենտրոն):

2. Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

4. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի սոցիալական գնահատման) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:

(6-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 7. Պետական նպաստ նշանակելու մերժման հիմքերը

 

1. Պետական նպաստի նշանակումը մերժվում է՝

1) պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելու,

3) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

 

Հոդված 8. Պետական նպաստների վճարման կազմակերպումը

 

1. Պետական նպաստները վճարվում են սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպությունների (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով:

2. Պետական նպաստների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. (մասն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-503-Ն) 

4. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքերի:

6. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը, սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, անկանխիկ եղանակով վճարվում են ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ):

7. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարվում են անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին (ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի մյուս բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը ստացող՝ ընտանիքի չափահաս անդամին), որը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին։

8. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարելը նպաստի կամ հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամին վճարելն է:

9. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձևով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ (այսուհետ՝ սոցիալական ապահովության հաշվի տեր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

10. Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձևով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:

(8-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-240-Ն, փոփ., լրաց. 07.12.22 ՀՕ-503-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-327-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 13. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:

2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 14. Ընտանեկան նպաստի չափը որոշելը և չափի տարբերակման պայմանները

 

1. Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

2. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 15. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի ներկայացրած՝ ընտանեկան նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.

3) (կետն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-503-Ն)

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:

(15-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ. 07.12.22 ՀՕ-503-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 16. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և սոցիալական նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 17. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի ներկայացրած՝ սոցիալական նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.

3) (կետն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-503-Ն)

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ հայտնաբերման ամսվանից:

(17-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ. 07.12.22 ՀՕ-503-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Հրատապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը

 

1. Հրատապ օգնության տեսակներն են՝

1) միանվագ հրատապ օգնությունը.

2) եռամսյակային հրատապ օգնությունը:

2. Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է`

1) ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.

2) ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում:

3. Եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

 

Հոդված 19. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

2. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(19-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 20. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(20-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 21. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

2. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է տարածքային կենտրոն:

3. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

4. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(21-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 22. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը որոշում է տարածքային կենտրոնը` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջարկությամբ:

3. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

4. Խորհուրդը եռամսյակային հրատապ օգնության տրամադրման մասին առաջարկությունը տալիս է՝ հաշվի առնելով`

1) միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը.

2) ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը.

3) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը.

4) ընտանիքի կազմում գործազուրկ ունենալու հանգամանքը.

5) ընտանիքի կազմում ուսանող ունենալու հանգամանքը.

6) բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ.

7) ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 23. Եռամսյակային հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

 

1. Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետևյալ դեպքերում.

1) եթե պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի ներկայացրած՝ հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.

2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.

3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում.

4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:

2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետով նշված դեպքում՝ հայտնաբերման ամսվանից.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նշված դեպքերում՝ այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-503-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  5.1

(գլուխը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-144-Ն)

 

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 23.1.

Մայրության նպաստի իրավունքը

 

1. Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).

3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող կամավորը:

2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած անձի՝ մայրության նպաստի համար դիմելու ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Օտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

(23.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-288-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-79-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-360-Ն, լրաց. 14.06.23 ՀՕ-215-Ն, 22.11.23 ՀՕ-381-Ն)

(09.07.20 ՀՕ-360-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 23.2.

Մայրության նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է (չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

2. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Տարածքային կենտրոնը մերժում է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելը, եթե՝

1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք, կամ

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ

3) համաձայն առկա տեղեկատվության՝ դիմողի մայրության նպաստը, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է նշանակի և վճարի գործատուն, կամ

4) դիմումը ներկայացվել է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Չաշխատող անձի մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում։

6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

(23.2-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-240-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-360-Ն, լրաց. 22.11.23 ՀՕ-381-Ն)

(09.07.20 ՀՕ-360-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 24. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

1.1. Նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է ծնողին, եթե՝

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

1.2. Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե՝

1) նոր ծնված երեխան հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.

3) նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

1.3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը, բացառությամբ խնամակալի, կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը: Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:

3. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-207-Ն)

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը:

5. Նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու կարգը, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար մյուս երեխաներին և զավակներին հաշվի առնելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

8. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, եթե, նոր ծնված երեխաների հերթական կարգաթվերից կախված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված չափեր, ապա նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու դեպքում.

1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում:

2) (կետն ուժը կորցրել է 25.06.20 ՀՕ-340-Ն)

10. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է, եթե ծնողը կրկին դիմում է նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, խմբ., փոփ. 24.11.15 ՀՕ-144-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-240-Ն, փոփ., լրաց. 25.06.20 ՀՕ-340-Ն, 25.10.23 ՀՕ-327-Ն)

 

Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար տարածքային կենտրոն են ներկայացվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե նոր ծնված երեխայի ծնողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, կամ դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

6. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-229-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-229-Ն)

(25-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-144-Ն, փոփ. 16.04.20 ՀՕ-229-Ն, 25.10.23 ՀՕ-327-Ն)

(16.04.20 ՀՕ-229-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 26. Ընտանեկան դրամագլուխը (կապիտալը)

(հոդվածն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-229-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

(գլուխը խմբ. 24.11.15 ՀՕ-144-Ն)

(գլուխն ուժը կկորցնի 2025 թվականի հունվարի 1-ից` համաձայն 26.10.22 ՀՕ-392-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի)

(26.10.22 ՀՕ-392-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 27. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

 

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Սույն մասով ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

2. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

4. (մասն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-360-Ն)

5. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-288-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-79-Ն, լրաց., փոփ. 25.06.20 ՀՕ-340-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-360-Ն, խմբ․ 26.10.22 ՀՕ-392-Ն)

(09.07.20 ՀՕ-360-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.10.22 ՀՕ-392-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 28. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:

2. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

2.1. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում և 2.1-ին մասի 1-3-րդ կետերում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:

3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է, եթե այդ գործատուներից որևէ մեկի մոտ շահառուն գտնվում է խնամքի արձակուրդում:

4. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տասներկուամսյա ժամկետը հաշվարկվում է) այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը (եթե նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին) կամ սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:

6. Տարածքային կենտրոնը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:

7. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (եթե դիմումը ներկայացվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար, և առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններից որևէ մեկը, կամ եթե դիմումը ներկայացվել է խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակելու համար, և առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններից որևէ մեկը), կամ

2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվական բազայում առկա չեն խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տվյալներ, եթե դիմումը ներկայացվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա խնամքի նպաստ նշանակելու համար, կամ

3) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները), կամ

4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:

8. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով: Եթե ծնողը ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա:

9. Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

10. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

11. Խնամքի նպաստը նաև կանխիկ եղանակով վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

12. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

13. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

14. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-240-Ն, 21.12.17 ՀՕ-288-Ն, փոփ., լրաց. 18.06.20 ՀՕ-323-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.06.20 ՀՕ-340-Ն, խմբ․, լրաց․ 26.10.22 ՀՕ-392-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-503-Ն, 08.12.22 ՀՕ-529-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.10.22 ՀՕ-392-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 28.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը

 

1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.

2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.

4) ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու դեպքում), եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.

5) (կետն ուժը կորցրել է 25.06.20 ՀՕ-340-Ն)

6) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

7.1) եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա՝

ա. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի և ծնողի` այլ (գյուղական բնակավայր չհանդիսացող) բնակության վայրի հասցեով հաշվառվելու (փաստացի բնակվելու) դեպքում,

բ. երեխայի կամ ծնողի` հաշվառումից դուրս գալու և գյուղական բնակավայրի հասցեով մեկամսյա ժամկետում կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում,

գ. երեխայի` Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 90 օր և ավելի ժամկետով բացակայելու դեպքում. 

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

9) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:

2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված դեպքերում՝ խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից (սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված դեպքերում խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օր է համարվում աշխատանքը փաստացի վերսկսելու (այլ գործատուի մոտ սկսելու) օրվան նախորդող օրը): Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում նաև «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները:

3. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ տասներկուերորդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) նույն երեխայի համար կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (նույն երեխային խնամելու կապակցությամբ կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նույն երեխայի համար կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (նույն երեխային խնամելու կապակցությամբ կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

4.1. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից նշանակվում է խնամքի նպաստ:

5. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝

1) խնամքի նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ ներկայացված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 4.1-ին մասում նշված դիմումի) հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

6.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա, դիմումը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում՝ անկանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

7. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:

8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28.1-ին հոդվածը փոփ., խմբ., լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն, լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-288-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-323-Ն, լրաց., խմբ., փոփ. 25.06.20 ՀՕ-340-Ն, փոփ․ 26.10.22 ՀՕ-392-Ն)

(26.10.22 ՀՕ-392-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ 7.1

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

(գլուխը լրաց․ 26.10.22 ՀՕ-392-Ն)

(26.10.22 ՀՕ-392-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 28.2.

Սույն գլխի դրույթների կիրառումը

 

1. Սույն գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:

 

Հոդված 28.3. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

 

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝

1) երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).

2) երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).

3) լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:

2. Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

4. Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողի համար՝ տոկոսով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ.

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

5. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե վճարելու ամսվա 1-ի դրությամբ՝

1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և

2) երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

6. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու (վճարելու) համար հիմք են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(28.3-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.10.23 ՀՕ-327-Ն)

 

Հոդված 28.4. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն:

2. Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.

2) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

3) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը բավարարում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմանները (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող):

4. Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը:

5. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում:

8. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

10. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

11. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

12. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը:

13. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

14. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

15. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

16. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)

17. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Ընդունած որոշման, իսկ խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում նաև մերժման հիմքերի վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ծանուցում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

18. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (չի բավարարում սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմանները) կամ

2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) կամ

3) ծնողը կամ երեխան հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ

4) երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ

5) տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ, և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ:

19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով: Եթե ծնողը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա:

20. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

21. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է նաև ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

22. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

23. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

24. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28.4-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-503-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.10.23 ՀՕ-327-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 28.5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը

 

1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.

2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.

7) երեխայի կամ ծնողի մահվան դեպքում.

8) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում.

9) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում:

2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու (հայտնաբերվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Խնամքի նպաստ վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ տասներկուերորդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

4. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տասներկուամսյա ժամկետները կիրառվում են ծնողի մահվան ամսվանից:

5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Այս դեպքում նույն երեխայի համար խնամքի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում խնամքի նպաստ նշանակվում է դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

6. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից:

7. Խնամքի նպաստ վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

8. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա խնամքի նպաստի գումարի հետ մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա խնամքի նպաստի գումարը) վճարվում է միանվագ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Չվճարված նպաստի գումարը նախորդող ժամանակահատվածի ամիսների համար վճարվում է սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով:

9. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա, դիմումը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում՝ անկանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

10. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

11. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28.5-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.10.23 ՀՕ-327-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 29. Ծերության նպաստի իրավունքը

 

1. Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

2. Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

3. Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:

 

Հոդված 30. Հաշմանդամության նպաստի իրավունքը

 

1. Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցող անձին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին:

2. Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված նպաստի իրավունք:

(30-րդ հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-114-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-529-Ն)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 31. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 26 տարին լրանալը.

3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

2. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

4. Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:

5. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, փոփ. 16.04.20 ՀՕ-218-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-114-Ն)

 

Հոդված 32. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը, նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):

2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է անձամբ:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:

7. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, հաշվառվում և վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածով սահմանված նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8.2. Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի կենսաթոշակի համար սահմանված կարգով:

8.3. Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը նշանակվում և վճարվում է նաև այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային կենտրոն:

9. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-529-Ն)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 32.1.

Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու ժամկետները

 

1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

3.1. Եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից:

4. Սույն հոդվածի 1-3.1-ին մասերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

(32.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց., փոփ. 01.07.19 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-529-Ն)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 33. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը

 

1. Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) նպաստառուի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

3) կերակրողին կորցնելու կամ կերակրողի (որի զոհվելու (մահանալու) դեպքում նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ) զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) դեպքում նշանակված նպաստի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

3.1) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով նպաստ նշանակելուց հետո նպաստառուի աշխատելու դեպքում.

3.2) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով նպաստ նշանակելուց հետո մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող նպաստառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.

5) նպաստառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.

7) օտարերկրյա քաղաքացի նպաստառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

8) նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

9) նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.

10) նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում.

11) նպաստառուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում.

12) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ նպաստ նշանակված լինելու դեպքում.

13) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին):

2. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքի` հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից, ինչպես նաև 11-րդ կետում նշված դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից:

3. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

4. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) նպաստառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում՝ դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից ստացված՝ անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքի հիման վրա.

3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.

4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 13-րդ կետերով նախատեսված հիմքերով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձամբ ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

5) սույն հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

6) սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում՝ անձի՝ մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

7) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ բնակության իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

8) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

9) սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

10) նպաստ ստանալու իրավունքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ հատուցման գումար վճարելը դադարեցնելու օրվանից, եթե այդ մասին տեղեկանքը և գրավոր դիմումը ներկայացվում են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու օրվանից:

5. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ նպաստի իրավունքը չի վերանայվում:

6. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար հաշվարկված չափով:

7. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

8. Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված` ծնողի համաձայնության հիման վրա:

9. Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(33-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-239-Ն, 01.07.19 ՀՕ-100-Ն, լրաց., փոփ. 04.05.22 ՀՕ-114-Ն, խմբ., փոփ. 08.12.22 ՀՕ-529-Ն)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 34. Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը վճարելը

 

1. Ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

2. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

3. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(34-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 35. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը

 

1. Նպաստառուի մահվան դեպքում կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

4. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ նպաստառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում:

5. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ նշանակելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

6. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:

(35-րդ հոդվածը լրաց. 01.07.19 ՀՕ-100-Ն, 04.05.22 ՀՕ-114-Ն, խմբ. 08.12.22 ՀՕ-529-Ն)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 36. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8.1
(գլուխը լրաց. 04.03.20 ՀՕ-137-Ն)

 

Հոդված 36.1.

Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունի տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձը, որը հաշվառված է խնամակալության նպաստի համակարգում: Խնամակալ նշանակված անձին հաշվառում են խնամակալության նպաստի համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխան:

2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և խնամակալության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

 

Հոդված 36.2.

Խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

3) դիմողի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

4) խնամակալության նպաստն անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

5) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 37. Քաղաքացիների պատասխանատվությունը

 

1. Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:

1.1. Պետական նպաստ ստացող անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է`

1) տարածքային կենտրոն ներկայացնել իրեն (ընտանիքին) վերաբերող հավաստի տվյալներ.

2) տարածքային կենտրոնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել պետական նպաստի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ավել վճարված գումարները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 2.3-րդ մասերում նշված դեպքերի, ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի: Ավել վճարված նպաստի գումարները, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են վերադարձվել նաև՝

1) նպաստ նշանակող տարածքային կենտրոնի այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են նպաստի գումարները.

2) այն անձի կողմից, որին նշանակվել (վճարվել) է նպաստը, նրա օրինական ներկայացուցչի կողմից, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կողմից կամ այլ անձի կողմից:

2.1. Ժամանակավոր անաշխատունակության և վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2.2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման, եթե նպաստը նշանակվել է դիմումին կից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա, և խախտումը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

2.3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու (վերադարձնելու, բռնագանձելու) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասում նշված նպաստների՝ ավել վճարված գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի գումարը վճարվել է՝

1) նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սույն մասում նշված նպաստ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս եթե նպաստառուն նպաստի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի սույն մասում նշված այլ նպաստի կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն այլ նպաստ կամ կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբ նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև նպաստ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի կամ կենսաթոշակի գումարը համարվում է տարածքային կենտրոնի մեղքով չվճարված նպաստի գումար և հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից:

2.4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավելի վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետևանքով (այդ թվում՝ եթե գրանցման հայտը ներկայացվել է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու նպատակով)։

3. Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված նպաստների ավել վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են վերադարձվել քաղաքացու հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` խորհրդի առաջարկության մասին որոշման կայացման և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(37-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-288-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-239-Ն, լրաց. 01.07.19 ՀՕ-100-Ն, 25.06.20 ՀՕ-340-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-229-Ն)

 

Հոդված 38. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքը:

4. Սույն օրենքի 24-26-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո: Եթե երեխան ծնվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց) վերանվանվում են համապատասխանաբար ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի՝ անկախ սույն օրենքով սահմանված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի իրավունքից:

6. Սույն օրենքով սահմանված կարգով ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու դեպքում (այդ թվում՝ դիմումի հիման վրա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարում հաշվառվում է նաև դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի չվճարված սոցիալական կենսաթոշակի գումարը, որի ընթացքում անձը ունեցել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք:

7. Օտարերկրյա քաղաքացուն, անկախ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է չաշխատող անձի մայրության նպաստ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն է:

8. Եթե նոր ծնված երեխան ծնվել է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է նաև՝

1) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ անկախ ծնողի և նոր ծնված երեխայի՝ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից.

2) օտարերկրյա քաղաքացուն՝ անկախ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:

9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:

11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ և 12-րդ մասերով նախատեսված բացառությունները:

12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:

13. 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող և նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը չի փոխվում, որևէ հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում:

14. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը նշանակվել են (նշանակման դիմումը ներկայացվել է)՝

1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը.

2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

14.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ վճարելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:

15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետներից հետո ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն նշանակելու, վերականգնելու կամ վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպությունը փոխելու դիմում կամ ընտանեկան նպաստին, սոցիալական նպաստին կամ հրատապ օգնությանն առնչվող ցանկացած գրավոր դիմում ներկայացնելու դեպքում ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:

16. Մինչև սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետները նշանակված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարվում են մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 15-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝

1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից.

2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:

(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն, 18.06.20 ՀՕ-323-Ն, 04.05.22 ՀՕ-114-Ն, փոփ., լրաց. 07.12.22 ՀՕ-503-Ն, լրաց. 08.12.22 ՀՕ-529-Ն, 25.10.23 ՀՕ-327-Ն)

(18.06.20 ՀՕ-323-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-154-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան