ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 20 մայիսի 1992 թ. Հ.Ն-0634-I
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Ակցիզային հարկն ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է:
Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինի-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն և բնական կաշվից հագուստ, ավտոդողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր արտադրող-իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ):
(2-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53, 30.11.94 ՀՕ-126)
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ
Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի):
(3-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53)
Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում`
1) նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող վճարողների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վճարողներին արտադրական վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ապրանքները:
(4-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
(5-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից:
(6-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)
Հոդված 7. Գինի-օղու արտադրանք արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը համամասնորեն` իրացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն օրենքի 2 հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակներ արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացման ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակներում ստացված հասույթից` դրանց հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, և երրորդ տասնօրյակում ստացված հասույթից` հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները` տարվա ընթացքում ակցիզային հարկ վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով` ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրյալ եկամուտների ընդհանուր գումարից, բացառությամբ գինի-օղու արտադրանք արտադրողների և իրացնողների, որոնց համար սահմանվում է ակցիզային հարկի ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1.12-րդ մասի չափով, որը վճարվում է մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` մինչև նոյեմբերի 15-ը): Վերջնահաշվարկ կատարվում է տարեկան փաստացի եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամանակ` ելնելով փաստացի եկամուտների ընդհանուր գումարից:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում` ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս:
(7-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)
Հոդված 8. Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները հարկային պետական տեսչության մարմիններին վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:
(8-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)
Հոդված 9. Հարկի հաշվանցումը բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ակցիզային հարկի հաստատագրված վճարումների չափերը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև` արտոնություններ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար:
(10-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53, փոփ. 25.10.95 ՀՕ-11)
Հոդված 11. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարվող ակցիզային հարկի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ), համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների հետ:
(11-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53)
(ԳԼՈՒԽը լրաց. 18.04.93 ՀՕ-53)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
06 հունիսի 1992 թ. ՀՕ-33 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.1997, ՀՕ-122 | 01.07.1997, ՀՕ-33 | |
02.12.1996, ՀՕ-88 | 01.01.1997, ՀՕ-33 | |
23.10.1995, ՀՕ-9 | 01.12.1995, ՀՕ-33 | |
25.10.1995, ՀՕ-11 | 15.11.1995, ՀՕ-33 | |
30.11.1994, ՀՕ-126 | 01.01.1995, ՀՕ-33 | |
18.04.1993, ՀՕ-53 | 01.06.1993, ՀՕ-33 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|