Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.11.2023-25.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.93
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի փետրվարի 4-ին

Հայաստանի Հանրապետության Նախագահի

առարկությամբ և առաջարկությամբ

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

ԳԼՈՒԽ 1

(գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

(հոդվածն ուժը կորցրել է 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու պայմանները

(վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն)

 

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունի՝

1) Սահմանադրական դատարանի դատավորը՝

ա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքում՝ անկախ տարիքից, կամ

բ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամ 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում.

2) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

3) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

4) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հաշվեքննիչ պալատի անդամի կամ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

5) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

7) առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

8) դատավորի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.

9) դատախազի պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու) օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել (լիազորությունները դադարեցվել կամ դադարել) է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով․

10) հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու) օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել (լիազորությունները դադարեցվել կամ դադարել) է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 4-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․

11) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․

12) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-243-Ն)

12.1) Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը՝

ա. որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ, կամ

բ. որի ծառայությունը դադարեցվել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 11-րդ կետով նախատեսված հիմքով.

13) սույն օրենքի 1-ին հավելվածով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում․

14) Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, Կառավարության անդամը, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, դատախազը, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը՝ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկից ավելի հիմքերով միաժամանակ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին կենսաթոշակ նշանակվում է այդ հիմքերից մեկով` իր ընտրությամբ։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:

4. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Սույն օրենքի իմաստով՝ հանրային պաշտոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնը։

5. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին։ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:

6. Պետական պաշտոն զբաղեցրած անձը չունի սույն օրենքով կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում։

(2-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-29-Ն, 01.12.14 ՀՕ-198-Ն, փոփ. 04.03.15 ՀՕ-14-Ն, խմբ., փոփ. 17.01.18 ՀՕ-43-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն, լրաց. 01.07.19 ՀՕ-101-Ն, 11.12.19 ՀՕ-313-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-68-Ն, 30.06.20 ՀՕ-377-Ն, խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-155-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-265-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-607-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-243-Ն, 08.12.22 ՀՕ-530-Ն, 26.06.23 ՀՕ-224-Ն)

(08.12.22 ՀՕ-530-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածի 12.02.19 ՍԴՈ-1443 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 01.07.19 ՀՕ-101-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

 

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

 

1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում սույն մասում նշված անձի`

1) հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,

2) ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,

3) ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի համար նշանակվում է կենսաթոշակ։ Ընտանիքի անդամներից մեկի պահանջով նրա բաժնեմասը Կառավարության սահմանած կարգով նշանակվում և վճարվում է առանձին` հաշվարկվելով համամասնորեն:

2. Սույն օրենքի իմաստով՝ մահացած (զոհված) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամ են համարվում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի`

1) ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում և մահվան օրվա դրությամբ՝

ա․ լրացել է նրանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, կամ

բ․ ճանաչված են եղել որպես հաշմանդամություն ունեցող անձ.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը).

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) ամուսինը կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի երեխայի՝ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով և, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

3. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Կառավարությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-29-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-43-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն, 21.01.20 ՀՕ-68-Ն, 24.03.21 ՀՕ-155-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-607-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-530-Ն, 26.06.23 ՀՕ-224-Ն)

(08.12.22 ՀՕ-530-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 4․ Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

1. Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով միաժամանակ պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:

2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով պետական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է անձին սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից, իսկ այդ օրվանից հետո վճարված այլ կենսաթոշակի գումարը պահվում (հաշվանցվում) է սույն օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից։

(4-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 5 Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը

(վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն)

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին, սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

 

Կ=Հ x Գ + ԿՀՍ x ԿՀՍԱ - ԿԿ բանաձևով, որտեղ`

 

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` սույն օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),

Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ԿՀՍ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժը՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը (պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածների հանրագումարը),

ԿՀՍԱ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժի մեկ տարվա արժեքը (այսուհետ՝ մեկ տարվա արժեք),

ԿԿ-ն՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալ պաշտոնը զբաղեցրած անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներից ձևավորված ամսական չափը (այսուհետ՝ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ)։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 55 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ կամ կուտակային բաղադրիչի մասնակից է, սակայն նրա համար առկա չէ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ,

2) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 55 տոկոսի և նրան վճարվող կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է, և նրա համար առկա է կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ։

3.1. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-12.1-ին կետերում նշված պաշտոններն զբաղեցրած անձի` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 9-12.1-ին կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ կամ կուտակային բաղադրիչի մասնակից է, սակայն նրա համար առկա չէ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ,

2) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի և նրան վճարվող կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է, և նրա համար առկա է կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ։

5. Սույն հոդվածով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել այն պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը, որից հաշվարկվել է կենսաթոշակը։

6. Սույն հոդվածով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է՝

1) սույն օրենքով կենսաթոշակը նշանակելուց հետո անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում,

2) նշանակված կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում։

7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված պաշտոնը զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս պաշտոնային դրույքաչափը ու հավելավճարը հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այդ մասում նշված հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով։

9. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ Կառավարության սահմանած կարգով։ Եթե սույն մասով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

10. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12.1-ին կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը:

11. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12.1-ին կետերում նշված մասնագիտական ստաժում և 13-րդ կետում նշված 10 օրացուցային տարում, սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվառվում։

Ներմուծեք նկարագրությունը_21507(5-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-198-Ն, լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-265-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-607-Ն, 26.06.23 ՀՕ-224-Ն)

(26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածի 18.06.19 ՍԴՈ-1463 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթները համապատասխանեցվել են Սահմանադրությանը 23.03.22 ՀՕ-78-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

 

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը

(վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն)

 

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

2. Կենսաթոշակը նշանակվում է՝

1) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-12.1-ին կետերում նշված պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

2) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ և 13-րդ կետերում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի 65 տարին լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

4) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան գրանցման օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

5) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-4-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

4․ Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում և վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, կենսաթոշակից պահումները կատարվում են, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն։

6. Հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է այն հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկելու՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, որից ազատվելու հիմքով վերականգնվում է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

7. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը:

8. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքում՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ ստացված տեղեկատվության հիման վրա։

9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանգամանքն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը կենսաթոշակ նշանակող մարմնին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակառուն՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով։

10. Կենսաթոշակառուն պարտավոր է կենսաթոշակ նշանակող մարմնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափի նվազեցմանը կամ դրա վճարումը դադարեցնելուն: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնման, բռնագանձման) օրենքով սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 01.12.14 ՀՕ-198-Ն, խմբ. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-607-Ն, 08.12.22 ՀՕ-530-Ն, 26.06.23 ՀՕ-224-Ն)

(08.12.22 ՀՕ-530-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 7. Թաղման նպաստի վճարումը

 

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Թաղման նպաստը նշանակվում և վճարվում է, եթե անձը հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում կամ մահացել է Հայաստանի Հանրապետությունում:

3. Թաղման նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 2

(գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 7.1. Հանրապետության նախագահի աշխատակազմը

 

1. Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը:

2. Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների քանակը, որը չի կարող գերազանցել 155-ը, սահմանում է Հանրապետության նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:

4. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

 

Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը

 

1. Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 8-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

2. Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողի) համար Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:

(7.2-րդ հոդվածը փոփ. 22.11.18 ՀՕ-417-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-619-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7.3. Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո

 

1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

2. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:

3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

4. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

(7.3-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-619-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7.4. Հանրապետության նախագահի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո

 

1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

2. Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

 

Հոդված 7.5. Վարչապետի աշխատակազմը

 

1. Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:

2. Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը, որը չի կարող գերազանցել 750-ը, սահմանում է վարչապետը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:

4. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:

(7.5-րդ հոդվածը փոփ. 08.05.19 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

 

1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

2. Վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողի) համար Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

5. Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաև վարչապետը:

(7.6-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.11.18 ՀՕ-417-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-619-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը

 

1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

1.1. Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողի) համար Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:

2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածով նախատեսված սպասարկումից:

(7.7-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-619-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7.8. Ազգային ժողովի նախագահի պահուստային ֆոնդը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 7.9. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում

 

1. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, պաշտոնաթող վարչապետը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները:

3. Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում են վարչապետի որոշմամբ։

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:

(7.9-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-319-Ն)

(հոդվածի` 25.10.23 ՀՕ-319-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով փոփոխված դրույթը տարածվում է 2018 թվականից հետո պաշտոնաթող դարձած վարչապետների վրա` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի)

 

Հոդված 7.10. Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո

 

1. Պաշտոնաթող վարչապետին տրամադրվում են ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

2. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:

3. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

4. Պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող վարչապետի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

(7.10-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-619-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7.11. Վարչապետի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո

 

1. Պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

2. Վարչապետի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

3. Պաշտոնաթող վարչապետը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

(7.11-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-619-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ԳԼՈՒԽ 3

(գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(վերնագիրը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-236 օրենքը:

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:

2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:

3. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

10. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

11.(մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-78-Ն)

12. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի,

2) 13-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս:

13. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-11-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձանց՝ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով` հիմք ընդունելով ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը և հավելավճարի չափը։ Այս դեպքում, եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի համաձայն՝ կենսաթոշակները հաշվարկվում են՝

1) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի առկայության դեպքում՝ անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմում ներկայացնելու հանգամանքից՝ 2022 թվականի հունիսի 1-ից,

2) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի բացակայության դեպքում՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը ներկայացնելու դեպքում՝ 2022 թվականի հունիսի 1-ից, նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

14. Դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձինք, որոնք 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունեն սույն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, հաշվառվելու համար պարտավոր են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող մարմին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն մասում նշված՝ մասնագիտական աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Սահմանային տարիքը լրանալու կամ անձնական դիմումի հիման վրա զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում սույն մասում նշված անձանց կենսաթոշակը հաշվարկվում է ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական աշխատանքային ստաժով՝ Կառավարության սահմանած կարգով։ Այս դեպքում, եթե սույն մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով։

15. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը հաշվառվելու համար կենսաթոշակ նշանակող մարմին չդիմելու և չհաշվառվելու դեպքում սույն հոդվածի 14-րդ մասում նշված անձանց կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով:

16. Եթե 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ անձն ունի սույն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա 2022 թվականի մայիսի 1-ից հետո նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն:

17. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված՝ պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա, եթե այդ պաշտոնատար անձինք խեղում ստացել են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

18. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, որն այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմանները: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, որոնց կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով:

19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը, սույն հոդվածի 18-րդ մասի համաձայն, սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը:

20. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 18-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ:

21. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Ներմուծեք նկարագրությունը_21507 Ներմուծեք նկարագրությունը_21507 Ներմուծեք նկարագրությունը_21507 (9-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-29-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-198-Ն, փոփ. 04.03.15 ՀՕ-14-Ն, փոփ., լրաց. 31.05.17 ՀՕ-91-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.06.18 ՀՕ-341-Ն, 01.07.19 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-68-Ն, 23.03.22 ՀՕ-78-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-265-Ն, լրաց. 08.12.22 ՀՕ-530-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-224-Ն)

(21.01.20 ՀՕ-68-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ նույն հոդվածի 1-ին ենթակետով 2-րդ կետում նշված բառերն արդեն իսկ փոխարինվել են:)

(08.12.22 ՀՕ-530-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածի 12.02.19 ՍԴՈ-1443 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 01.07.19 ՀՕ-101-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

(հոդվածի 18.06.19 ՍԴՈ-1463 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթները համապատասխանեցվել են Սահմանադրությանը 23.03.22 ՀՕ-78-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 13

Երևան

ՀՕ-1-Ն

 

Հավելված 1

«Պաշտոնատար անձանց գործունեության

ապահովման, սպասարկման և սոցիալական

երաշխիքների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Ցանկ

 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված պաշտոնների

(վերնագիրը փոփ. 26.06.23 ՀՕ-224-Ն)

 

1. Պետական քաղաքական պաշտոններ՝

1) Հանրապետության նախագահի պաշտոն

2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն

3) վարչապետի պաշտոն

4) փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն

5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն

6) նախարարի պաշտոն

7) նախարարի տեղակալի պաշտոն

2. Անկախ պետական մարմինների անդամների պաշտոններ՝

1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն

2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն

3) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն

4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն

3. Պետական վարչական պաշտոններ՝

1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

4) Կադաստրի կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

9) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

10) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

14) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

15.1) Արտաքին հետախուզության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն 

16) Ոստիկանության պետի պաշտոն

17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն

18) Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն

19) վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն

20) մարզպետի և նրա տեղակալի պաշտոն

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն

22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն

23) գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոն

24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն

25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն

26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն

27) Փրկարար ծառայության տնօրենի պաշտոն

28) Միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոն

29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն

30) Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոն

31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն

32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն

33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն

34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն

35) զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն

36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն

37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն

38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն

39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն

40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն

4. Ինքնավար պաշտոններ՝

1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն

2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն

3) ինքնավար մարմնի անդամի պաշտոն

4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն

5) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն

6) գլխավոր դատախազի և նրա տեղակալի պաշտոն

7) Երևան քաղաքի դատախազի պաշտոն

8) մարզի դատախազի պաշտոն

9) կայազորի զինվորական դատախազի պաշտոն

10) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն

11) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն

12) (ենթակետն ուժը կորցրել է 26.06.23 ՀՕ-224-Ն)

13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն

5. Հայեցողական պաշտոններ՝

1) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն

2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ

3) վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ

4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ

(հավելվածը լրաց. 21.06.18 ՀՕ-341-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-155-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ. 16.12.22 ՀՕ-489-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-607-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-224-Ն)

(26.06.23 ՀՕ-224-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան