ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած.
4) երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և վճռով ֆիզիկական անձն ազատվում է բոլոր պարտավորություններից, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.
«7) երբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի` երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի.
8) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի.
9) երբ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ, կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, և ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առկա հարկային պարտավորությունների վրա:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16 Երևան ՀՕ-331-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: