Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-327-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված գումարի)» բառերը.

2) 7-րդ մասի «որն առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «որը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը)» բառերը փոխարինել «եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով» բառերով, իսկ նույն մասից հանել երրորդ նախադասությունը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է ծնողին, եթե՝

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

1.2. Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե՝

1) նոր ծնված երեխան հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.

3) նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

4) օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

1.3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 2-րդ մասը՝

ա. «ծնողը» բառից հետո լրացնել «, բացառությամբ խնամակալի,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:».

4) 4-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 28.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝

1) երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).

2) երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).

3) լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:».

2) 5-րդ մասի՝

ա. «(այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)» բառերը հանել,

բ. «միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա» բառերը փոխարինել «միաժամանակ, եթե վճարելու ամսվա 1-ի» բառերով,

գ. 2-րդ կետի «խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ» բառերը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 28.4-րդ հոդվածում՝

1) 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն:

2. Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.

2) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

3) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը բավարարում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմանները (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող):

4. Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը:».

2) 5-րդ և 6-րդ, 8-11-րդ, 13-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում:».

4) 18-րդ մասում՝

ա. 1-ին կետի «,» կետադրական նշանը հանել,

բ. 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ կետերով.

«3) ծնողը կամ երեխան հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ

4) երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ

5) տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ, և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ:».

5) 19-րդ մասի «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 28.5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում:».

2) 4-րդ մասի «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերը հանել, իսկ «, 3-րդ և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով.

3) 8-րդ մասի «10-րդ և 11-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 14.1-ին մասը «նպաստ նշանակելու,» բառերից հետո լրացնել «նպաստ վճարելու,» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16

Երևան

ՀՕ-327-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան