Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-130
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.1995-27.03.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.06.30/12(992)
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «17» հունվարի 1995 թ. Հ.Ն-1129-I

 

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Գ լ ու խ  I

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1.

Հարկ վճարողները

 

Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարողներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք` անկախ եկամտի ստացման աղբյուրներից:

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք են համարվում նրանք, ովքեր օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվում են ավելի քան 183 օր.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն չունեցող ֆիզիկական անձինք, եթե նրանք եկամուտներ են ստանում Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից:

Հարկման նպատակով ֆիզիկական անձանց թվին են դասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

 

Հոդված 2.

Հարկման օբյեկտը

 

Հարկման օբյեկտ են հանդիսանում ֆիզիկական անձանց կողմից դրամական (Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով) և բնամթերային ձևով ստացված հետևյալ եկամուտները.

- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները,

- հեղինակային վարձատրությունները,

- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները,

- նվիրատվության և օգնության կարգով ստացված եկամուտները,

- գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները,

- փայամասնակցություններից, արժեթղթերից, ավանդների դիմաց ստացված և այլ եկամուտները:

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային կուրսից:

 

Հոդված 3.

Եկամտահարկով չհարկվող եկամուտները

 

1. Հարկման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ստացված եկամուտների մեջ չեն մտցվում`

ա) պետական սոցիալական ապահովության և պետական սոցիալական ապահովագրության նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության, այդ թվում հիվանդ երեխայի խնամքի նպաստների), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների միջոցներից ֆիզիկական անձանց դրամական ու բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

բ) բոլոր տեսակի կենսաթոշակները, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակները.

գ) այն գումարները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումների, առողջության այլ վնասումների կամ մահվան հետևանքով.

դ) փոխհատուցման վճարները` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում` բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

ե) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող միանվագ վճարները.

զ) պարենային բավարարման արժեքը, որը նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործազրկության նպաստները.

ը) տարերային աղետների, մյուս արտակարգ իրավիճակների կապակցությամբ տրվող նյութական օգնության, ինչպես նաև այլ օգնության գումարները` անկախ դրանց չափից, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, գործադիր իշխանության տեղական մարմինների, սոցիալական ապահովագրության ֆոնդի և օտարերկրյա պետությունների կողմից.

թ) Հայաստանի Հանրապետության պետական փոխառությունների պարտատոմսերի շահումները և այդ փոխառությունների մարումների դիմաց ստացված գումարները.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի տոմսերի ոչ դրամական շահումները.

ժա) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի տոկոսներն ու շահումները.

ժբ) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները.

ժգ) ալիմենտները.

ժդ) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից ստացված գումարները` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.

ժե) գյուղատնտեսական գործունեությունից (գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից) ստացված եկամուտները, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտները, եթե վերջիններիս տեսակարար կշիռը չի գերազանցում ընդհանուր եկամուտների 25 տոկոսը:

Գյուղատնտեսական գործունեության համար վճարողներից գանձվում է հողի հարկ:

Սույն ենթակետում նշված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ հաստատված ցանկում նշված արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական ձեռնարկությունների սեփականատերերի վրա.

ժզ) ֆիզիկական անձանց ստացած ապահովագրական գումարները` բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական մուծումներն իրականացվում են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցներից.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների համաձայն ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված դրամական ու բնամթերային տեսքով եկամուտները` բացառությամբ հեղինակային վարձատրության այն գումարների, որոնք ստանում են գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների ժառանգները (իրավահաջորդները).

ժը) ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափի սահմաններում ստացված նվերների (իրային պարգևների և ծառայությունների) արժողության գումարները.

ժթ) մրցույթներում և մրցություններում ստացված ոչ դրամական մրցանակների արժեքն ամբողջությամբ, իսկ դրամական մրցանակների արժեքը` տարվա ընթացքում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկ չափի շրջանակներում.

ի) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող կրթաթոշակները:

2. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափով, եթե դրանք ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`

ա) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք.

բ) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզանների թվից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան` զինծառայողների վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները.

գ) առաջին և երկրորդ աշխարհամարտերի մասնակիցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմի մեջ մտած զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում, և նախկին պարտիզանները.

դ) ի ծնե հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները.

ե) այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցություն են ունեցել այդպիսի վթարների վերացմանն օտարացման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտների շահագործմամբ կամ այլ աշխատանքներով:

3. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի ութապատիկ չափով, եթե դրանք ստանում են զինծառայողները` աշխատավարձի, կոչումների, դրամական բավարարման, դրամական մյուս վարձատրությունների և վճարումների գծով:

4. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի վեցապատիկ չափով, եթե դրանք ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`

ա) Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի կամ խեղման հետևանքով զոհված կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը.

բ) օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները, այդ գործողությունների ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնական և վարժական հավաքներին մասնակցած զինապարտները.

գ) համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող ի ծնե հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը.

դ) խնամքի տակ զառամյալ ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները:

5. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ չափով, եթե դրանք հիմնական աշխատավայրում ստանում են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չթվարկված ֆիզիկական անձինք:

6. Սույն հոդվածի 2-5-րդ կետերում նախատեսված մի քանի հիմքերով միաժամանակ եկամուտները պակասեցնելու իրավունքի առկայության դեպքում վերապահվում է արտոնություններից մեկը` առավելագույնը:

7. Հարկման ենթակա եկամուտները պակասեցվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով` յուրաքանչյուր երեխայի և խնամառուի մինչև 18 տարեկան դառնալը, ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների մինչև 24 տարեկան դառնալը` եկամտի ինքնուրույն աղբյուրներ չունեցող յուրաքանչյուր խնամառուի համար:

Նշված կարգը պահպանվում է մինչև երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին լրանալը, ինչպես նաև երեխաների և խնամառուների մահվան դեպքում:

Եկամտից նախատեսված նվազեցումը վերապահվում է ամուսիններից երկուսին, ինչպես նաև խնամակալին` հիմնական աշխատավայրում ստացած եկամուտների գծով:

Ֆիզիկական անձանց հարկվող եկամուտների նվազեցումը կատարվում է սկսած այն ամսից, երբ ծնվել է երեխան կամ, երբ ֆիզիկական անձը հանդես է եկել որպես խնամառու:

Խնամառուների թվաքանակի կրճատման (բացառությամբ մահվան դեպքերի) կամ տարվա ընթացքում նրանց եկամտի ինքնուրույն աղբյուր առաջանալու դեպքում, խնամառուների համար արտոնությունը չի կիրառվում այն ամսվան հաջորդող ամսից, երբ կրճատվել է խնամառուների թիվը կամ առաջացել է նրանց եկամտի ինքնուրույն աղբյուր:

Հարկման նպատակով խնամառուների թվին են դասվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվին ապրող և եկամտի այլ աղբյուր չունեցող անձինք:

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքային պարտականությունների կատարման դիմաց եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց յուրաքանչյուր ամսվա հարկվող եկամուտը պակասեցվում է այդ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից:

Այլ ֆիզիկական անձանց հարկվող եկամտի պակասեցումը իրականացվում է հարկային մարմինների կողմից տարին ավարտվելուց հետո տարեկան հարկի հաշվարկման ժամանակ` ելնելով այն ամիսներից, որոնց ընթացքում ստացվել են եկամուտները:

(3-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

 

Գ լ ու խ  II

 

Աշխատանքային եվ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հարկման կարգը

 

Հոդված 4.

Վճարողները և հարկման օբյեկտները

 

Սույն օրենքին համապատասխան հիմնական աշխատանքի վայրում հարկման ենթակա են ֆիզիկական անձանց կողմից ստացվող ամսական աշխատավարձի գումարները, ինչպես նաև պարգևավճարները և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված ցանկացած այլ վարձատրություններ ու վճարումներ:

 

Հոդված 5.

Հարկի դրույքաչափերը

 

1. Սույն օրենքի 4 հոդվածում թվարկված եկամուտներից եկամտահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Ամսական հարկվող եկամտի չափը1 Հարկի դրույքաչափը

մինչև նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը ներառյալ

հարկվող գումարի 12 տոկոսը

նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը գերազանցող չափից մինչև 20-ապատիկը ներառյալ

նվազագույն աշխատավարձի 120 տոկոսին գումարած նվազագույն  աշխատավարձի 10-ապատիկը գերազանցող գումարի 18 տոկոսը

նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը գերազանցող չափից մինչև 40-ապատիկը ներառյալ

նվազագույն աշխատավարձի 300 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը գերազանցող գումարի 25 տոկոսը
նվազագույն աշխատավարձի 40-ապատիկը գերազանցող չափից ավելի նվազագույն աշխատավարձի 800 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 40-ապատիկը գերազանցող գումարի 30 տոկոսը
1 Հարկվող եկամուտը ստացված եկամուտն է` հանած եկամուտների չհարկվող մասը, այսինքն` հաշվի առած արտոնությունները:

 

2. Այն գումարներից, որոնք հավելվում են աշխատավարձին ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանային, բարձր լեռնային և այլ գործակիցների, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար, եկամտահարկը գանձվում է առանձին` 12 տոկոս դրույքաչափով:

3. Այն դեպքերում, երբ աշխատանքի վարձատրության պայմաններին համապատասխան եկամուտը լրիվ չի վճարվում կամ առհասարակ չի վճարվել, իսկ վերջնական հաշվարկն իրականացվում է սեզոնի կամ այլ տևական ժամանակաշրջանի ավարտից հետո, վերջնական հաշվարկի դեպքում ստացված վաստակի գումարը հարկման նպատակով բաշխվում է այն ամիսների թվի վրա, որոնց ընթացքում աշխատելու համար կատարվում է աշխատանքի վարձատրությունը:

Սեզոնային բնույթի աշխատանքներ ունեցող ճյուղերում հարկման նպատակով նույն կարգով են բաշխվում նաև սեզոնի կամ տարվա ավարտից հետո ստացվող պարգևավճարները:

4. Լուծարվող ձեռնարկություններից ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտների գումարները (այդ թվում այդպիսի ձեռնարկությունների գույքի իրացումից ստացված) հարկվում են դրանց հաշվարկման ամսվա մյուս եկամուտների հետ միասին:

 

Հոդված 6.

Ոչ հիմնական աշխատանքի վայրում ստացված եկամուտների հարկումը

 

1. Օրենքի սույն հոդվածին համապատասխան հարկման ենթակա են`

ա) դրամական ու բնամթերային ձևով այն եկամուտները, որոնք ֆիզիկական անձինք ստանում են ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից` քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա.

բ) նյութական օգնության գումարները և կենսաթոշակների, նպաստների այն հավելումները, որոնք ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները վճարում են դրանցում չաշխատող քաղաքացիներին` բացառությամբ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված դեպքերի:

2. Սույն հոդվածում նշված եկամուտներից հարկը գանձվում է սույն օրենքի 5 հոդվածում սահմանված դրույքաչափերով:

 

Հոդված 7.

Հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Սույն օրենքի 2-րդ գլխում նախատեսված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և բյուջե է վճարվում այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից, որոնք կատարում են այդպիսի եկամուտների վճարումը:

2. Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները բանկերում ֆիզիկական անձանց վճարման ենթակա միջոցներն ստանալու հետ միաժամանակ բյուջե են փոխանցում հաշվարկված հարկի գումարները:

Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված կանխիկ հասույթից աշխատավարձ և այլ վճարումներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հաշվարկված հարկի գումարները բանկեր են մուծում (փոխանցում) աշխատավարձի վճարման հաջորդ օրը:

3. Արգելվում է ֆիզիկական անձանց աշխատավարձից, այլ վարձատրություններից և մյուս եկամուտներից հաշվարկված հարկը վճարել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Գ լ ու խ  III

 

Հեղինակային վարձատրությունների հարկման կարգը

 

Հոդված 8.

Հարկ վճարողները և հարկման օբյեկտները

 

1. Սույն հոդվածում նախատեսված կարգով ու չափերով հարկվում են`

ա) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների հեղինակները, նրանց ժառանգները (իրավահաջորդները)` ըստ հեղինակային վաձատրության գումարների, այդ ստեղծագործությունների ստեղծման, հրատարակման կամ այլ օգտագործման համար.

բ) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակները, նրանց ժառանգները (իրավահաջորդները)` ըստ հեղինակային վարձատրության գումարների.

գ) հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակները, նրանց ժառանգները (իրավահաջորդները)` ըստ վարձատրության գումարների.

դ) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները խմբագրող և գրախոսող ֆիզիկական անձինք` ըստ հեղինակային վարձատրության գումարների.

ե) մրցույթներում և մրցություններում մրցանակներ ստացած անձինք` ըստ ստացած դրամական մրցանակի.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հեղինակային վարձատրություն ստացող մյուս ֆիզիկական անձինք` ըստ հեղինակային վարձատրության գումարների:

 

Հոդված 9.

Հարկի դրույքաչափերը

 

1. Սույն օրենքի 8 հոդվածում թվարկված ֆիզիկական անձանց (բացառությամբ հեղինակների ժառանգների (իրավահաջորդների) կրկնակի (բազմակի) վճարվող վարձատրությունների գումարներից եկամտահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

ա) հիմնական աշխատանքի վայրի առկայության դեպքում`

 

Տարեկան հարկվող եկամտի չափը1  Հարկի դրույքաչափը
մինչև նվազագույն աշխատավարձի 120-ապատիկը ներառյալ հարկվող գումարի 12 տոկոսը
նվազագույն աշխատավարձի 120-ապատիկը գերազանցող չափից մինչև 240-ապատիկը ներառյալ նվազագույն աշխատավարձի 1440 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 120-ապատիկը գերազանցող գումարի 18 տոկոսը
նվազագույն աշխատավարձի 240-ապատիկը գերազանցող չափից մինչև 480-ապատիկը ներառյալ նվազագույն աշխատավարձի 3600 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 240-ապատիկը գերազանցող գումարի 25 տոկոսը
նվազագույն աշխատավարձի 480-ապատիկը գերազանցող չափից ավելի նվազագույն աշխատավարձի 9600 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 480-ապատիկը գերազանցող գումարի 30 տոկոսը
1 Հարկվող եկամուտը ստացված եկամուտն է` հանած եկամուտների չհարկվող մասը, այսինքն հաշվի առած արտոնությունները:

 

բ) այն դեպքում, երբ ֆիզիկական անձը չունի հիմնական աշխատանքի վայր, սույն օրենքի 8 հոդվածում թվարկված վճարողները եկամտահարկ վճարում են այն հարկագումարին հավասար չափով, որը համապատասխան թվով ամիսների համար վճարվում է սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերով է հարկը գանձվում նաև այն անձանցից, ովքեր իրենց ստեղծած գեղանկարչական, քանդակագործական, արվեստի մյուս տեսակների ստեղծագործությունները և զարդակիրառական արվեստի իրերն իրացնում են թանգարանների, գեղարվեստական ֆոնդի կազմակերպությունների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից հատուկ հիմնվող վաճառք-ցուցահանդեսների միջոցով` ըստ այն եկամուտների, որոնք ստացվում են նշված կազմակերպություններից կամ ցուցահանդեսների տնօրինություններից:

2. Հեղինակների ժառանգներին (իրավահաջորդներին) կրկնակի (բազմակի) վճարվող վարձատրությունների գումարներից հարկը գանձվում է 70 տոկոս դրույքաչափով:

 

Հոդված 10.

Հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Օրենքի սույն գլխում նշված ֆիզիկական անձանց եկամուտներից տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում` սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերով: Յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է հարկի վերահաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ տարում կատարված վճարումների ընդհանուր գումարից: Տարին ավարտվելուց հետո ֆիզիկական անձինք (բացի հեղինակների ժառանգներից) պարտավոր են մարտի 1-ից ոչ ուշ իրենց բնակության վայրի հարկային մարմնին ներկայացնել հայտարարագիր անցած տարում փաստացի ստացած եկամուտների մասին:

Սույն օրենքի 8 հոդվածում նշված ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագիր կարող է չներկայացվել հետևյալ դեպքերում.

ա) երբ օրացուցային տարվա ընթացքում վարձատրությունը ստացվում է մեկ անգամ կամ նույն վճարման վայրից` մի քանի անգամ,

բ) երբ օրացուցային տարվա ընթացքում ստացված վարձատրությունների ընդհանուր գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

2. Գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների ստեղծման, հրատարակման, կատարման կամ այլ օգտագործման մասին պայմանագրերի առկայության դեպքում, այդ պայմանագրերի համաձայն որպես կանխավճար տրված և վերջնական հաշվարկի ժամանակ վճարված վարձատրությունները գումարվում են և հարկման նպատակով բաշխվում պայմանագրի գործողության տարիների թվի վրա:

Նման պայմանագրի բացակայության դեպքում հեղինակային վարձատրության գումարները, որոնք ստացվել են մի քանի տարիների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց և գերազանցում են ամսական նվազագույն աշխատավարձի 60-ապատիկը, վճարողի դիմումի համաձայն բաշխվում են երեք տարվա վրա և հարկվում եկամտահարկով հարկվող տարվա ընթացքում ստացված ընդհանուր եկամուտների կազմում` հանած նախկինում վճարված հարկի գումարը:

Համանման կարգ կիրառվում է վարձատրության այն գումարների նկատմամբ, որոնք հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակներն ստանում են դրանց օգտագործման առաջին տարվա ընթացքում:

3. Սույն օրենքի 8 հոդվածում նշված ֆիզիկական անձանց (բացի հեղինակների ժառանգներից) եկամուտներից հարկի վերջնական գումարը, սույն օրենքով սահմանված կարգով, որոշվում է հարկ վճարողների կողմից և արտացոլվում տարեկան եկամուտների ու այդ եկամուտների ստացմանն առնչվող ծախսերի մասին հայտարարագրերում: Ընդ որում, եթե նշված ծախսերը չեն հաստատվում փաստաթղթերով կամ հաստատվում են ոչ լրիվ, ապա դրանք հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաներով: Եկամտի վճարման վայրում տարվա ընթացքում պահված հարկի գումարները հաշվի են առնվում վերջնահաշվարկի ժամանակ:

Հարկը հաշվարկվում է ըստ միջին ամսական եկամտի սույն օրենքի 5 հոդվածի դրույքաչափերով և բազմապատկվում 12-ով, եթե ստեղծագործական գործունեությունը եկամտի միակ աղբյուրն է, կամ ըստ տարեկան եկամտի` սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դրույքաչափերով, եթե այն եկամտի միակ աղբյուրը չէ:

4. Ֆիզիկական անձանց վճարումներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի փետրվարի 1-ից ոչ ուշ իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած տարում ֆիզիկական անձանց վճարված գումարների մասին` նշելով նրանց մշտական բնակության վայրի հասցեները և այդ եկամուտներից պահված հարկի գումարները: Հեղինակային վարձատրություններ վճարած ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գտնվելու վայրի հարկային մարմիններն այդ տեղեկությունները վերահասցեագրում են եկամուտներ ստացողների մշտական բնակության վայրի հարկային մարմիններին` ճիշտ և լրիվ հարկման նպատակով հաշվառման համար:

5. Այն դեպքերում, երբ տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի (կամ հարկ վճարողի կողմից կատարված հաշվարկի) համաձայն ենթակա է վճարման հարկի լրացուցիչ գումար, ապա այն կատարվում է հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

Եթե անհրաժեշտ է լինում բյուջեից վերադարձնել տարվա ընթացքում ավել վճարված հարկի գումարները, ապա հարկային մարմինների եզրակացության հիման վրա այդ գումարները պետք է վերադարձվեն բյուջեից` ոչ ուշ, քան այդ մասին հարկային մարմնին հայտնի դառնալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:

 

Գ լ ու խ  IV

 

Ձեռնարկատիրական գործունեությունից եվ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հարկումը

 

Հոդված 11.

Հարկ վճարողները

 

Օրենքի սույն գլխում նախատեսված կարգով ու չափերով եկամտահարկ վճարում են`

ա) անհատ ձեռներեցները,

բ) անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերերը,

գ) տնտեսական ընկերակցության անդամ հանդիսացող ֆիզիկական անձինք,

դ) այն անձինք, ովքեր ստանում են սույն օրենքի 4, 6 և 8 հոդվածներում չթվարկված եկամուտներ:

 

Հոդված 12.

Հարկվող օբյեկտը և հարկվող եկամտի հաշվարկը

 

1. Սույն գլխում սահմանված կարգով հարկման ենթակա են ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեության իրականացումից ստացված եկամուտները և աշխատանքային պարտականությունների հետ կապ չունեցող այլ աղբյուրներից (սույն օրենքի 4, 6, 8 հոդվածներում չթվարկված) ստացված եկամուտները: Ընդ որում հարկվող եկամտի որոշման ժամանակ ստացված եկամուտները պակասեցվում են (բացի սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված պակասեցումներից) դրանց ստացման հետ կապված ծախսերով, որոնք հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ ընդհանուր նորմերը:

Եթե ծախսերը չեն հաստատվում փաստաթղթերով կամ հաստատվում են ոչ լրիվ, ապա դրանք հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներով:

2. Ծախսերի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում գործունեության առանձին բնագավառներում արտադրանքի (աշխատանքի, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի կազմի առանձնահատկությունները, որոնք որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 13.

Հարկի դրույքաչափերը

 

Օրենքի սույն գլխում նշված ֆիզիկական անձանց եկամուտներից հարկը գանձվում է`

ա) սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դրույքաչափերով, եթե առկա է հիմնական աշխատանքի վայրը,

բ) սույն օրենքի 5 հոդվածով նախատեսված դրույքաչափերով, եթե բացակայում է հիմնական աշխատանքի վայրը:

 

Հոդված 14.

Հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Հարկը հաշվարկվում է սույն գլխում նշված վճարողների կողմից ստացված ընդհանուր տարեկան եկամուտներից` անկախ դրանց տեսակից:

Հարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է հարկ վճարողների կողմից և սահմանված կարգով արտացոլվում նրանց մշտական բնակության վայրի հարկային մարմնին ներկայացվող տարեկան եկամուտների և այդ եկամուտների ստացմանն առնչվող ծախսերի մասին հայտարարագրերում: Ընդ որում, այն դեպքերում, երբ սույն օրենքի համաձայն ստացված եկամուտների մի մասի հարկումը սահմանված կարգով իրականացվում է գործատուի, այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից վճարման վայրում, ապա տարվա ընթացքում պահված հարկի գումարները հաշվի են առնվում վերջնահաշվարկի ժամանակ:

Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր կարող է չներկայացվել այն ֆիզիկական անձանց կողմից, ովքեր եկամուտներ են ստանում միայն փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց` մեկ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից, ինչպես նաև այն դեպքում, երբ տարվա ընթացքում ստացվում են միայն նշված կարգի եկամուտներ և, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

2. Հարկը վճարվում է հետևյալ կարգով`

ա) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողները տարվա ընթացքում կանխավճարային ձևով յուրաքանչյուր եռամսյակ մուծում են նախորդ տարվա փաստացի եկամուտների հիման վրա հաշվարկված հարկի, իսկ առաջին անգամ հարկ վճարողները` ընթացիկ տարվա ենթադրվող եկամտից հաշվարկված հարկի տարեկան գումարի 25 տոկոսը:

Հարկի կանխավճարը հավասար մասերով մուծվում է բյուջե հետևյալ ժամկետներում` մինչև մարտի 15-ը, մինչև մայիսի 15-ը, մինչև օգոստոսի 15-ը և մինչև նոյեմբերի 15-ը:

Ընդ որում, մինչև նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի վերջնահաշվարկի իրականացումը հարկ վճարողը եկամտահարկի մարտի 15-ին իրականացվող կանխավճարի չափը որոշում է ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալուն հաջորդող մայիսի 15-ի կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն կետում նշված չափերով:

Տարվա ընթացքում վճարողի եկամուտը ավելանալու կամ պակասելու դեպքում կարող է կատարվել հարկի գումարների վերահաշվարկ` ըստ հարկի վճարման չհասած ժամկետների.

բ) տարին ավարտվելուց հետո հարկի տարեկան գումարը հաշվարկվում է ըստ փաստացի ստացված եկամտի: Այդ գումարի ու տարվա ընթացքում վճարված գումարների միջև տարբերությունը ենթակա է լրացուցիչ վճարման կամ վերադարձման` հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ, իսկ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս եկամտի աղբյուրի գոյությունը դադարելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

3. Սույն օրենքի 11 հոդվածում նշված վճարողների հարկումը իրականացվում է`

ա) տարվա արդյունքներով փաստացի եկամուտների մասին վճարողների հայտարարագրերի հիման վրա, որոնք ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտի աղբյուրի առաջացման դեպքում ֆիզիկական անձինք եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո 5-օրյա ժամկետում հայտարարագիր են ներկայացնում, որտեղ նշվում են գործունեության առաջին ամսվա փաստացի եկամտի չափը և մինչև ընթացիկ տարվա վերջը ենթադրվող եկամտի չափը: Եկամտի աղբյուրը դադարելու դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում.

բ) հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց գործունեության ստուգումների, ուսումնասիրությունների (հետազոտությունների) նյութերի, վճարողների եկամուտների մասին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս տեղեկությունների հիման վրա:

4. Ֆիզիկական անձանց վճարումներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են ամեն տարի փետրվարի 1-ից ոչ ուշ իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններ գրավոր տեղեկություններ ներկայացնել այդ ֆիզիկական անձանց վճարված եկամուտների (բացառությամբ հիմնական աշխատանքի վայրում կատարված վճարումների գումարների), պահված հարկերի և նրանց մշտական բնակության վայրի հասցեների մասին: Հարկային մարմինները այդ տեղեկություններն ուղարկում են ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրի հարկային մարմիններին:

5. Համատեղ սեփականության իրավունքով ընտանեկան ձեռնարկություն վարող անձանց միջև եկամուտների բաշխումը կատարվում է նրանց համաձայնությամբ, ինչը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող հայտարարագրում:

6. Աշխատանքային պայմանագիր կնքած ֆիզիկական անձանց եկամուտներից եկամտահարկը մուծվում է բյուջե` պայմանագիր կնքած գործատուի կողմից այդ անձանց վաստակի վճարման ժամանակ` սույն օրենքի 5 հոդվածի դրույքաչափերով:

7. Փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց ստացված եկամուտներից (դիվիդենտ, փայաբաժին, տոկոս) տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում` սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերով: Յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է հարկի վերահաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ տարում կատարված վճարումների ընդհանուր գումարից:

Ընդ որում, հարկի գումարը փոխանցվում է բյուջե` նշված եկամուտների վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրը:

 

Գ լ ու խ  V

 

Օտարերկրյա քաղաքացիների եվ քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

 

Հոդված 15.

Հարկվող եկամտի որոշումը

 

1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձինք) հարկվող եկամուտը որոշվում է նույն կարգով, ինչպես և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկվող եկամուտը:

2. Հարկվող եկամտի կազմի մեջ չեն մտցվում այն գումարները, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձի գործատուն մասհանում է պետական սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդերին:

 

Հոդված 16.

Հարկի դրույքաչափերը

 

1. Օտարերկրյա ֆիզիկական անձանց եկամուտները հարկման ենթակա են համանման եկամուտները հարկելու համար սույն օրենքով նախատեսված դրույքաչափերով:

2. Անհատական ձեռնարկությունների սեփականատերերի եկամուտները հարկման են ենթարկվում սույն օրենքի 9 հոդվածում նախատեսված դրույքաչափերով:

 

Հոդված 17.

Հարկի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացող օտարերկրյա ֆիզիկական անձինք եկամուտների մասին հայտարարագրեր են ներկայացնում սույն օրենքով նախատեսված կարգով:

Փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներկայացվում է օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմնին:

Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքին համապատասխան մշտական բնակության վայր ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը ընթացիկ տարում ենթադրվող եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն գալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Օրացուցային տարվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեությունը դադարելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը պետք է տրվի ամենաուշը մեկ ամիս առաջ:

2. Եկամուտների մասին հայտարարագրերի հիման վրա օտարերկրյա ֆիզիկական անձանց հարկվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է Հայաստանի Հանրապետությունում վճարողի գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմինը: Հարկի առաջադրման փաստաթուղթը հարկային մարմնի կողմից վճարողին ուղարկվող վճարման ծանուցագիրն է:

Ենթադրվող եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա վճարողին հաշվարկվում է հարկի կանխավճար, որը տարվա ընթացքում ենթակա է վճարման նրա հարկային պարտավորությունների 75 տոկոսի չափով: Հարկի գումարի վերահաշվարկը կատարվում է փաստացի եկամուտների մասին տվյալների հիման վրա:

Ընթացիկ տարվա հարկի վճարումը կատարվում է երեք հավասար մասերով` մինչև մայիսի 15-ը, մինչև օգոստոսի 15-ը և մինչև նոյեմբերի 15-ը: Հաշվետու տարվա հարկի վերահաշվարկումից հետո լրավճարումը կատարվում է վճարման ծանուցագրի դուրս գրման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ավել վճարված հարկի գումարը վճարողի ցանկությամբ վերադարձվում է կամ հաշվանցվում առաջիկա վճարումների հաշվին:

3. Հարկման նպատակով օտարերկրյա ֆիզիկական անձանց եկամուտների պակասեցումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Ընդ որում, օտարերկրյա ֆիզիկական այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ են ներկայացնում հայտարարագիր և ունեն երեխաներ ու խնամառուների պահպանման ծախսերի պակասեցման իրավունք, արտոնություն ստանալու համար պարտավոր են ներկայացվող հայտարարագրերին կցել խնամառուների առկայությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, որոնք պետք է վավերացված լինեն այն պետությունների իրավասու պետական մարմինների կողմից, որտեղ վճարողը մշտապես բնակվում էր մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը, իսկ այն դեպքում, երբ խնամքի տակ եղած անձինք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, փաստաթղթերը ներկայացվում են սահմանված կարգով:

4. Հարկման ենթակա չեն օտարերկրյա ֆիզիկական անձանց հետևյալ եկամուտները`

ա) օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի դիվանագիտական և հյուպատոսական աստիճան ունեցող անդամների, նրանց հետ համատեղ ապրող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների բոլոր եկամուտները, բացի Հայաստանի Հանրապետությունում տարբեր աղբյուրներից ստացվող և դիվանագիտական ու հյուպատոսական ծառայության հետ կապ չունեցող եկամուտներից.

բ) դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի անդամների և նրանց հետ համատեղ ապրող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող ընտանիքի անդամների բոլոր եկամուտները, բացի Հայաստանի Հանրապետությունում տարբեր աղբյուրներից ստացվող և դիվանագիտական ու հյուպատոսական ծառայության հետ կապ չունեցող եկամուտներից.

գ) դիվանագիտական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի այն անդամների ծառայության համար ստացած բոլոր եկամուտները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն կամ մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.

դ) միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եկամուտները` այդ կազմակերպությունների կանոնադրություններին համապատասխան:

5. Օտարերկրյա ֆիզիկական անձանց եկամտահարկի գանձումը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել փոխադարձության սկզբունքով այն դեպքում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը նույնպիսի միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ինչը պետք է հավաստվի այդ պետության հարկային մարմինների կողմից:

 

Գ լ ու խ  VI

 

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն չունեցող անձանց եկամուտների հարկման առանձնահատկությունները

 

Հոդված 18.

Հարկման կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների (բացի սույն օրենքի II գլխում և 14 հոդվածի 6-րդ կետում նշված եկամուտներից) հարկումը կատարվում է 20 տոկոս դրույքաչափով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Ձեռնարկությունները, հիմնարկները կազմակերպությունները և ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ֆիզիկական անձինք այդպիսի եկամուտների և պահված հարկերի գումարների մասին հայտնում են իրենց գտնվելու վայրի հարկային մարմնին:

 

Գ լ ու խ  VII

 

Տարեկան եկամուտների հայտարարագրումը

 

Հոդված 19.

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացման կարգը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց տարեկան եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր:

2. Եկամուտների տարեկան հայտարարագրի ձևը և հայտարարագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայտարարագիր չի ներկայացվում հետևյալ դեպքերում.

ա) երբ ֆիզիկական անձանց կողմից եկամուտները ստացվում են միայն հիմնական աշխատանքի վայրից,

բ) երբ ֆիզիկական անձինք հեղինակային վարձատրություն են ստանում միայն սույն օրենքի 10 հոդվածի 1-ին կետում նշված պայմաններում,

գ) երբ ֆիզիկական անձինք ստանում են եկամուտները դիվիդենտների, փայաբաժինների, տոկոսների տեսքով` միայն սույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետում նշված պայմաններում,

դ) երբ ֆիզիկական անձինք եկամուտներ են ստանում միայն հեղինակային վարձատրությունների ձևով (սույն օրենքի 10 հոդվածի 1-ին կետում նշված պայմաններով) դիվիդենտների, փայաբաժինների, տոկոսների տեսքով (սույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետում նշված պայմաններով) և հիմնական աշխատանքի վայրից:

Հայտարարագիր չներկայացնելը չի ազատում հարկ վճարողին սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխանող հարկային պարտավորությունները կատարելուց:

4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրվում են նրանց ծնողների (խնամակալների) կողմից և ներառվում վերջիններիս եկամուտների կազմում:

 

Հոդված 20.

Եկամուտների հաշվառումը

 

Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք պարտավոր են տանել իրենց գործունեությունից ստացվող եկամուտների և այդ եկամուտների ստացման հետ կապված ծախսերի հաշվառում` սույն օրենքի 19 հոդվածում նշված հայտարարագրման կարգի համաձայն:

 

Գ լ ու խ  VIII

 

Կրկնակի հարկումից խուսափում եվ միջազգային պայմանագրերի կիրառում

 

Հոդված 21.

Կրկնակի հարկումից խուսափում

 

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի գումարը մտցվում է Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

Հայաստանի Հանրապետությունում գանձվող եկամտահարկը նվազեցվում է հարկի այն գումարի չափով, որը Հայաստանի Հանրապետության վճարողներից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարներին:

 

Հոդված 22.

Միջազգային պայմանագրեր

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:

Նշված կանոնները գործում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից վերոհիշյալ պայմանագրերը վավերացվելուց հետո:

 

Գ լ ու խ  IX

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 23.

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի խախտման համար վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հարկ վճարողների իրավունքների, պարտականությունների, հարկի վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև սխալմամբ բյուջե վճարված եկամտահարկի գումարները վճարողներին վերադարձնելու հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել հարկի հաստատագրված վճարումներ, այլ դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման և վճարման այլ կարգ ու արտոնություններ:

4. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և արդարադատության նախարարությունների հետ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 8 փետրվարի 1995 թ.
ՀՕ-130

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.1997, ՀՕ-183 31.12.1997, ՀՕ-130
03.04.1996, ՀՕ-49 27.04.1996, ՀՕ-130
05.03.1996, ՀՕ-41 27.03.1996, ՀՕ-130
25.10.1995, ՀՕ-11 15.11.1995, ՀՕ-130
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան