Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-270-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 66-րդ և 67-րդ կետերով.

«66) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություն (այսուհետ՝ ասոցիացիա)՝ առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման և բարելավման, բժշկական, դեղագիտական և ստոմատոլոգիական գործունեության զարգացման, բուժաշխատողների իրավունքների իրացմանը օժանդակելուն և պաշտպանության, գիտական, կրթական, գիտահետազոտական, կլինիկական, լաբորատոր և նեղ մասնագիտական այլ գործունեության հետ կապված խնդիրներ լուծելու նպատակով գործունեություն ծավալող կազմակերպություն․

67) նախարարության խորհրդատու՝ սույն օրենքով սահմանված կարգով առաջադրված բժշկական օգնության և սպասարկման տեսակի կամ մասնագիտության գծով հասարակական հիմունքներով գործունեություն իրականացնող անձ:»։

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միություններում» բառը փոխարինել «ասոցիացիաներում» բառով, իսկ 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «միավորումներ» բառը՝ «ասոցիացիաներ» բառով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1

ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

 

Հոդված 31.1. Բժշկական մասնագիտական ասոցիացիաները

 

1. Ասոցիացիաները ձևավորվում են հետևյալ սկզբունքներով.

1) ըստ ավագ կամ միջին բուժաշխատողների խմբերի պատկանելության.

2) ըստ համապատասխան բժշկական մասնագիտական կրթության, որակավորման, մասնագիտացման կամ նեղ մասնագիտության:

2. Սույն օրենքով սահմանված գործառույթների իրականացմանը մասնակցում են՝

1) սույն հոդվածի 1-ին մասի սկզբունքներով ստեղծված ասոցիացիաները, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխանաբար ավագ կամ միջին կամ նեղ մասնագիտությամբ բուժաշխատողների ընդհանուր թվի առնվազն քառասուն տոկոսը, որից առնվազն տասը տոկոսը մինչև հինգ տարի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացրած անձինք են.

2) այն ասոցիացիաները, որոնց անդամակցում է տվյալ մասնագիտության գծով հնարավոր բարձրագույն գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող առնվազն երկու անձ՝ առկայության դեպքում.

3) այն ասոցիացիաները, որոնք տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպել և իրականացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակների վերաբերյալ միջոցառումներ կամ օրենքով սահմանված կարգով լրացուցիչ կրթական ծրագրեր.

4) այն ասոցիացիաները, որոնք անդամակցում են միջազգային բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությանը (ասոցիացիային):

3. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի սկզբունքներով ձևավորված մեկից ավելի ասոցիացիաների միավորումներ, որոնց անդամակցում է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվի քառասուն տոկոսից ավելին, ապա սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնում է ավելի մեծ թվով անդամներ ունեցող ասոցիացիան:

4. Սույն հոդվածի 1-ին մասի սկզբունքներով ձևավորված ասոցիացիան, որը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին, իր գործադիր մարմնի որոշմամբ կարող է հրաժարվել սույն օրենքի 31.2-րդ հոդվածով նախատեսված գործառույթների իրականացումից: Այդ դեպքում գործառույթների իրականացման լիազորությունն անցնում է հաջորդ ավելի մեծ թվով անդամներ ունեցող ասոցիացիային:

5. Բուժաշխատողների ասոցիացիային անդամակցելու և դրանից դուրս գալու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված բուժաշխատողների ռեգիստր՝ Կառավարության սահմանած ժամկետներում և կարգով:

6. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնողը կարող է անդամակցել համապատասխան մասնագիտության գծով գործունեություն իրականացնող և սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ասոցիացիային:

 

Հոդված 31.2. Ասոցիացիաների կամ ասոցիացիաների միավորումների գործառույթները

 

1. Սույն օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ասոցիացիաներն իրականացնում են հետևյալ գործառույթները.

1) մասնակցում են առողջապահության բնագավառի նորմատիվ իրավական ակտերի մշակմանը՝ նախնական քննարկումներ կազմակերպելով իրենց անդամների շրջանում.

2) մշակում են կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր: Ասոցիացիաների մշակած և նրանց գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը լիազոր մարմին են ներկայացվում հաստատման՝ լիազոր մարմնի իրավական ակտով: Լիազոր մարմինը կարող է չհաստատել ասոցիացիաների կողմից սահմանված կարգով հաստատման ներկայացված ուղեցույցները և գործելակարգերը, եթե դրանք հակասում են ապացուցողական բժշկության սկզբունքներին, և (կամ) դրանք հնարավոր չէ կիրառել Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ նյութատեխնիկական ապրանքների բացակայության կամ ոչ բավարար լինելու պատճառով:

Լիազոր մարմնի հաստատած կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը ներբեռնվում են առողջապահության էլեկտրոնային համակարգ.

3) լիազոր մարմնի սահմանած կարգով իրականացնում են իրենց մշակած և լիազոր մարմնի հաստատած կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև առնվազն երեք տարին մեկ անգամ անհրաժեշտության դեպքում լիազոր մարմին են ներկայացնում առաջարկություններ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

4) լիազոր մարմնի առաջարկությամբ մասնակցում են լիազոր մարմնի կողմից մշակվող չափորոշիչների քննարկմանը.

5) լիազոր մարմնի առաջարկությամբ մասնակցում են բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի և տեսակների շրջանակում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերի կազմմանն ու դրանց վերանայման աշխատանքներին.

6) լիազոր մարմնի առաջարկությամբ մշակում կամ մասնակցում են բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգերի մշակմանը՝ ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների.

7) կազմում և լիազոր մարմին են ներկայացնում համապատասխան մասնագետների ցանկ, որոնք լիազոր մարմին դիմած իրավասու մարմիններին փորձագիտական ծառայություններ կարող են մատուցել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգերով նախատեսված դեպքերի համար.

8) լիազոր մարմին են ներկայացնում առաջարկություններ բուժաշխատողներին խրախուսելու վերաբերյալ.

9) իրենց անդամների համար օրենքով սահմանված կարգով անվճար հիմունքներով ապահովում են տարեկան առնվազն 10 ՇՄԶ կրեդիտ.

10) օրենքով սահմանված կարգով կարող են մասնակցել իրենց անդամների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ տեսչական մարմինների կազմած վարչական ակտերի բողոքարկմանը.

11) առաջարկություններ են ներկայացնում լիազոր մարմին Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, սակայն առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության ընթացքում կենսական անհրաժեշտ դեղերի վերաբերյալ՝ դրանց գրանցումը կազմակերպելու նպատակով, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում.

12) օրենքով սահմանված կարգով ասոցիացիաներին կարող են պատվիրակվել նաև այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են նրանց կանոնադրությանը.

13) լիազոր մարմնի նախաձեռնությամբ 5-օրյա ժամկետում լիազոր մարմին են ներկայացնում նախարարության խորհրդատուների երեքական թեկնածուի, որոնցից մեկին լիազոր մարմինը կարող է նշանակել խորհրդատու: Խորհրդատուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության, նշանակման, գործունեության ժամկետի կարգը հաստատում է լիազոր մարմինը:

 

Հոդված 31.3. Ասոցիացիաների համագործակցությունը լիազոր մարմնի հետ

 

1. Լիազոր մարմինը հաստատում է ասոցիացիաների հետ համագործակցության համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր):

2. Սույն օրենքի պահանջներին համապատասխան՝ ասոցիացիաների համագործակցությունը լիազոր մարմնի հետ սկսվում է ասոցիացիայի կողմից Համաձայնագրին միանալու կամարտահայտությունն արտահայտող գրավոր ծանուցման պահից, որով կողմերը պայմանավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համաձայնագրով և դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, կողմերի համար ընդունելի ձևաչափով փոխգործակցության իրականացման համար:

3. Համաձայնագիրը ներառում է համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում՝ համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:»։

 

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Թեստավորումն իրականացնում են լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմում ընդգրկվում են բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների, լիազոր մարմնի և սույն օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ասոցիացիաների ներկայացուցիչները: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը և աշխատակարգը սահմանում է լիազոր մարմինը:».

2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հավաստագրումն իրականացնում է լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (ՄԳՀԱԿ-ն): Այդ նպատակով ՄԳՀԱԿ-ում լիազոր մարմնի սահմանած կարգով ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են սույն օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ասոցիացիաների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. օգոստոսի 3

Երևան

ՀՕ-270-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: