Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-250-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «Ներհամայնքային» բառից հետո լրացնել «(բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև)» բառերով, իսկ նույն նախադասության «միջմարզային և ներմարզային» բառերը փոխարինել «միջմարզային, ներմարզային և բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև» բառերով.

2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12․ Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն), ինչպես նաև մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ։ Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12․1-ին մասով.

«12.1. Գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ:»։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 31

Երևան

ՀՕ-250-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական: