ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին |
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները և ձևերը:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց վրա, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում՝ նաև մինչև ուսումնառության ավարտը:
(1-ին հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 2. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, որը խնամք է ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատանը) և դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ, ինչպես նաև 19 տարին լրանալու կապակցությամբ դուրս գրված անձը, որը տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթության իրավունքը չի իրացրել ավելի վաղ, համարվում են մանկատան շրջանավարտ:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) հաշվառումն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 3. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական կարգավորումը |
Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
(3-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 4. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակներն են՝
1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.
2) ամրագրել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի հիմնական երաշխիքները, իրավունքների խախտման դեպքում վերականգնել դրանք, ինչպես նաև չթույլատրել նրանց նկատմամբ որևէ խտրականություն.
3) ձևավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական հիմքերը.
4) նպաստել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, հայրենասիրական ոգով դաստիարակմանը.
5) կանխարգելել սոցիալական դժվարությունների առաջացումը.
6) ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատների) շրջանավարտների անկախ կյանքի անցման համար նպաստավոր պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրվելուց հետո շրջանավարտներն անցնում են անկախ կյանքի փուլ, որը, սույն օրենքի իմաստով, նշանակում է հաստատությունից դուրս ինքնուրույն ապրելակերպ՝ լիարժեք սոցիալականացման համար անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրմամբ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատների) շրջանավարտ հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման կարգերը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 5. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքները |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունը սոցիալական ապահովության պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է, որի հիմնական սկզբունքներն են՝
1) մարդասիրությունը.
2) սոցիալական արդարությունը.
3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ դաստիարակող և խնամող ընտանիքներին աջակցելը.
4) բուժական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը և պահպանումը.
5) սոցիալական խնամառության բացառումը.
6) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:
(5-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-39-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 6. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները, որոնք ընդգրկում են՝
1) հանրակրթական, մրցութային կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն.
2) անվճար բժշկական օգնություն և սպասարկում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սննդի ապահովում՝ սննդի նվազագույն չափորոշիչներին համապատասխան.
3) երեխաների առողջության վերականգնման և հանգստի կազմակերպում.
4) 16 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար մասնագիտական կողմնորոշում, գործունեության բնագավառի ընտրություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի տեղավորում, աշխատանքի պաշտպանություն.
5) սոցիալական աջակցության՝ սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով.
6) բնակարանի իրավունքի ապահովում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում:
2. Բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը: Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները և տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Պաշտոնատար անձինք նշված խախտումները չվերացնելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-39-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 7. | Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները |
1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
3. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի մինչև 150 տոկոսի չափով: Կրթաթոշակի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-189-Ն)
5. Սահմանված կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:
6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-39-Ն, լրաց. 26.10.06 ՀՕ-172-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-189-Ն, լրաց., խմբ. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուսումնառության մեջ գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը)
Հոդված 8. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը |
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում է անվճար բժշկական օգնություն պետական պատվերի շրջանակներում:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են տրամադրվել սպորտ-առողջարարական ճամբարների, հանգստյան տների, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում՝ առողջարանային բուժման ուղեգրեր՝ պետական և համայնքային բյուջեներից այդ նպատակով նախատեսված միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 9. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը |
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:
2. Բնակելի տարածություն չունեցող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.04.04 ՀՕ-69-Ն, 14.12.04 ՀՕ-39-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 10. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն զբաղվածության բնագավառում |
1. Զբաղվածության պետական ծառայությունն իրեն դիմած 16 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ և, հաշվի առնելով նրանց աշխատանքային ունակություններն ու առողջական վիճակը, աջակցում է նրանց աշխատանքի տեղավորմանը:
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կարող են ստեղծվել մասնագիտացված աշխատատեղեր:
2. Կազմակերպության լուծարման դեպքում գործատուները պարտավոր են կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական ուսուցումը և այլ գործատուների մոտ նրանց աշխատանքի տեղավորումը:
(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-39-Ն)
Հոդված 11. | Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը |
1. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:
2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով տարածքային կառավարման պետական մարմինը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կազմում են երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:
Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները և օրինական շահերը ոտնահարելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հասցված վնասի փոխհատուցումը դատարանի վճռով գանձվում է մեղավոր անձանցից՝ հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը:
(11-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-39-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-31-Ն, 19.05.09 ՀՕ-117-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 12. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դատարանում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Դաստիարակները, մանկավարժները, բժիշկները, սոցիալական աշխատողները, հոգեբանները և մյուս մասնագետները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, սոցիալական պաշտպանության ապահովման համար, տարածքային կառավարման պետական մարմնի, խնամակալության և հոգաբարձության ու այլ իրավասու մարմինների հանձնարարությամբ կարող են մասնակցել համապատասխան մարմինների կողմից իրականացվող երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցառումներին, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
Հասարակական, բարեգործական և միջազգային կազմակերպությունները կարող են աջակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցում:
(12-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-31-Ն)
Հոդված 13. | Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, քաղաքացիները սույն օրենքի դրույթները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|