Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-192-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է հինգ տարի և ավելի ժամանակահատված, ենթակա են նորից լիցենզավորման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հետևյալ ժամկետներում.

1) Երևան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,

2) Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` մեկ տարվա ընթացքում,

3) Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 18 ամսվա ընթացքում,

4) մարզերում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,

5) մարզերում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում,

6) մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք 42 ամսվա ընթացքում դիմում են ներկայացնում լիազոր մարմին:

Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում և ժամկետներում համապատասխան լիցենզավորված անձինք նորից լիցենզավորման համար չեն դիմում, ապա լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հունիսի 12

Երևան

ՀՕ-192-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան