Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սպառողական կրեդիտավորման, բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն օրենքի 11.1-ին հոդվածի, որը տարածվում է նաև սպառողական կրեդիտավորման և բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածում՝

1) վերնագրի «Ինտերնետային կայքում և (կամ) էլեկտրոնային հավելվածում» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հարթակում» բառերով.

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրոնային հարթակը (ինտերնետային կայքը, էլեկտրոնային հավելվածը կամ համանման այլ միջոցներ), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու, պետք է պարունակի՝».

3) 2-րդ մասի «ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարթակում» բառերով.

4) 3-րդ մասի «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հարթակը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

 

«Հոդված 11.1. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջները

 

1. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 443-րդ հոդվածի իմաստով՝ պայմանագրի ընդհանուր պայմաններում (այսուհետ սույն հոդվածում՝ պայմանագրի ընդհանուր պայմաններ) չեն կարող ներառվել այնպիսի պայմաններ, որոնցով՝

1) սահմանափակվում կամ բացառվում է արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունն սպառողի մահվան կամ սպառողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պատասխանատվության սահմանափակում կամ բացառում թույլատրված է օրենքով և այլ իրավական ակտերով.

2) անհամաչափորեն սահմանափակվում կամ բացառվում են սպառողի՝ օրենքով նախատեսված իրավունքները, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից չեն կատարվում կամ ոչ պատշաճ են կատարվում ստանձնած պարտավորությունները, ներառյալ եթե որևէ կերպ սահմանափակվում կամ բացառվում է սպառողի՝ հաշվանց պահանջելու իրավունքը.

3) հնարավորություն է ընձեռվում սպառողի առարկության բացակայության դեպքում ինքնաբերաբար երկարաձգելու որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը, եթե սպառողին նման առարկություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չի տրամադրվում.

4) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանիորեն որոշելու վաճառված կամ մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների՝ պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխանությունը.

5) սպառողը պարտավորվում է կատարել իր պարտականություններն այն դեպքերում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պայմանագրային պարտավորությունները.

6) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում իր կողմից պայմանագիրը լուծելուց կամ ապրանքները չհանձնելուց (չմատակարարելուց), ծառայությունները չմատուցելուց կամ աշխատանքները չկատարելուց հետո ամբողջապես կամ մասնակիորեն չվերադարձնելու (գանձելու կամ այլ կերպ պահելու) չմատակարարված ապրանքների, չմատուցված ծառայությունների կամ չկատարված աշխատանքների համար վճարված գումարը.

7) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը կամ հրաժարվելու դրա կատարումից առանց ողջամիտ ժամկետում տրված համապատասխան ծանուցման, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի.

8) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանիորեն փոփոխելու պայմանագիրն առանց ողջամիտ ժամկետում տրված համապատասխան ծանուցման կամ պայմանագրով նախատեսված հիմնավոր պատճառի, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված որևէ պայմանի առկայության դեպքում նման պայմանն առ ոչինչ է:

3. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերը կամ պայմանագրի ընդհանուր պայմանները պետք է շարադրվեն պարզ լեզվով, իսկ այն դեպքում, երբ տարակարծություններ կամ հակասություններ են առաջանում դրանցում օգտագործված բառերի կամ արտահայտությունների նշանակության վերաբերյալ, հիմք է ընդունվում հօգուտ սպառողի մեկնաբանությունը:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հունիսի 12

Երևան

ՀՕ-186-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան