Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-336-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/50(1408) Հոդ.762
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Դատական դեպարտամենտում դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական կարգադրիչների կարգավիճակը, իրավական և սոցիալական երաշխիքները, Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայությունների հետ կապված այլ հարաբերություններ:

2. Դատական դեպարտամենտում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հանրային ծառայությունը կարգավորող օրենքներով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

(1-ին հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 2. Դատական դեպարտամենտը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է իր աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) և նրա հանձնաժողովների գործունեությունը:

2. Դատական դեպարտամենտը բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից:

3. Դատական դեպարտամենտը գործում է Բարձրագույն դատական խորհրդի հաստատած կանոնադրության հիման վրա:

 

Հոդված 3. Դատական դեպարտամենտի կառուցվածքը և հաստիքացուցակը

 

1. Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Դատական դեպարտամենտի հաստիքացուցակը հաստատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

3. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը և առանձնացված ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ:

4. Դատական դեպարտամենտում հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում հաստիքների քանակի և անվանացանկի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:

 

Հոդված 4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի գործառույթները

 

1. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը՝

1) նախապատրաստում և Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը.

2) իրականացնում է դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումը.

3) կազմում և վարում է դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց անձնական գործերը.

4) ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի բնականոն ընթացքը.

5) օժանդակում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների նախագծերի կազմմանը.

6) ապահովում է դատական իշխանության պաշտոնական կայքի բնականոն աշխատանքը, սպասարկումն ու դրանում զետեղվող տեղեկատվության ամբողջականությունը, ինչպես նաև դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի գործարկումը, սպասարկումը, ծրագրի բնականոն աշխատանքն ու պարբերաբար կատարելագործումը.

7) ապահովում է դատական վիճակագրության հավաքումը, վարումը, տրամադրումը Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական կայքում դատական վիճակագրության և այլ տվյալների հրապարակումը.

8) ապահովում է դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրականացումը.

9) ապահովում է առաջին ատյանի դատարանների դատավորների և դատարանի նախագահների, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորների, վերաքննիչ դատարանների նախագահների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրականացումը.

10) վարում է Դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառումը.

11) ապահովում է Դատական դեպարտամենտի ներքին աուդիտի աշխատանքները.

12) կազմակերպում է դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում մրցութային կարգով համալրման գործընթացը.

13) կազմակերպում է դատական կարգադրիչների գործունեության (կատարողականի) գնահատման գործընթացը.

14) իրականացնում է օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(4-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 5. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործառույթները

 

1. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը՝

1) նախապատրաստում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին է ուղարկում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը.

2) իրականացնում է օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

Հոդված 6. Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության տեսակները

 

1. Դատական դեպարտամենտում ծառայությունն ընդգրկում է դատական կարգադրիչների ծառայությունը և քաղաքացիական ծառայությունը:

2. Դատական կարգադրիչների, ինչպես նաև հայեցողական պաշտոնների անվանացանկում չներառված պաշտոններ զբաղեցնող անձինք քաղաքացիական ծառայողներ են: Դատական դեպարտամենտում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

3. Տեխնիկական սպասարկում և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք համարվում են Դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

(6-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 7. Դատական կարգադրիչների ծառայության կառավարումը

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

1. Դատական կարգադրիչների ծառայության կառավարումն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

(7-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 8. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

1. Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց և դատական դեպարտամենտի աշխատողների, բացառությամբ դատավորի օգնականի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականի, օգնականի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնականի ղեկավարումն իրականացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

2. Դատավորի օգնականի անմիջական ղեկավարումն իրականացնում է դատավորը: Դատարանի աշխատակազմի գործունեությունը վերահսկում է դատարանի նախագահը:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականի, օգնականի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնականի անմիջական ղեկավարումն իրականացնում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի անդամը:

4. Դատական կարգադրիչների անմիջական ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որն ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է:

(8-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 9. Դատական դեպարտամենտի ղեկավարը

 

1. Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, առանց մրցույթի, հինգ տարի ժամկետով:

2. Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է, որում կարող է նշանակվել 28-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող այն անձը, որը՝

1) ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) ունի անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի համար սահմանված համապատասխան մակարդակի իմացություն.

4) ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն:

3. Դատական դեպարտամենտի ղեկավար չի կարող նշանակվել այն անձը՝

1) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է).

3) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.

4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

4. Դատական դեպարտամենտի ղեկավարը՝

1) տնօրինում է Դատական դեպարտամենտին ամրացված պետական գույքը.

2) Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի հաստիքների քանակը.

3) նշանակում և ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից չնշանակվող քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-64-Ն)

5) Դատական դեպարտամենտի աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

6) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-64-Ն)

7) արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, վերահսկում և ստուգում է դրանց կատարումը.

8) Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Դատական դեպարտամենտի գործունեության հաշվետվությունը.

9) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովում ներկայացնում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային հայտի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը.

10) պարբերաբար վերլուծում է Դատական դեպարտամենտի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

11) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

12) կազմավորում է աշխատանքային խմբեր.

13) իրականացնում է օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

5. Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները կարող են դադարեցվել Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ խորհրդի առնվազն երեք անդամների առաջարկությամբ:

(9-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 10. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը

 

1. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել ընտրական իրավունք ունեցող այն անձը, որը՝

1) ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) ունի անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` դատավորի համար սահմանված համապատասխան մակարդակի իմացություն.

4) ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն:

2. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավար չի կարող նշանակվել այն անձը՝

1) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է).

3) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

4) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել:

3. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը նշանակում և ազատում է առանձնացված ստորաբաժանման տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին, օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակում ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում դատական կարգադրիչների ծառայության պետի վրա:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

(գլուխն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

ԳԼՈՒԽ 3

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 33.  «Դատական կարգադրիչների ծառայություն» հասկացությունը

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որն ստեղծվում և գործում է Դատական դեպարտամենտի կազմում՝ որպես առանձնացված ստորաբաժանում:

(33-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 34. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են՝

1) դատավորի, դատարանում և արտագնա նիստի անցկացման վայրում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

3) Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.

4) Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից:

2. Դատական կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով անհրաժեշտության դեպքում համագործակցում է ոստիկանության և պետական այլ մարմինների հետ:

(34-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 35. Դատական կարգադրիչների ծառայության գործունեության սկզբունքները

 

1. Դատական կարգադրիչների գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդասիրության, համաչափության և թափանցիկության սկզբունքների հիման վրա՝ անձի իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորմամբ:

2. Դատական կարգադրիչները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում՝ անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանություն:

 

Հոդված 36. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը

 

1. Դատական դեպարտամենտի ղեկավարը՝

1) համակարգում է դատական կարգադրիչների ծառայությունը և իրականացնում դրա ընդհանուր վերահսկողությունը.

2) ապահովում է սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների կատարումը.

3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.

4) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված դատական կարգադրիչի լիազորությունները.

6) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված դատական կարգադրիչներին.

7) իրականացնում է Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

2. Դատական կարգադրիչների ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որը՝

1) ղեկավարում է դատական կարգադրիչների ծառայությունը և հսկողություն է իրականացնում դրա գործունեության նկատմամբ.

2) Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների որոշումների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, դատարանի նախագահի, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը կազմակերպելու նպատակով ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների բաժինների և բաժանմունքների պետերին.

3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.

5) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական և ֆինանսատնտեսական ապահովության վերաբերյալ.

6) քննում է դատական կարգադրիչների վերաբերյալ ներկայացված բողոքները.

7) իր կողմից պաշտոնի նշանակված անձանց նկատմամբ նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված դատական կարգադրիչի լիազորությունները.

9) սահմանում է բաժինների ու բաժանմունքների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

10) ներկայացնում է դատական կարգադրիչների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը.

11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում իր կողմից պաշտոնում նշանակված դատական կարգադրիչներին.

12) Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության հաշվետվությունը.

13) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

14) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

15) իրականացնում է Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

3. Դատական կարգադրիչների ծառայության պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 37. Դատական կարգադրիչների ծառայության գործառույթները

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունը`

1) ապահովում է Ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների, Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական կարգադրիչների ծառայության պետի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների, ինչպես նաև դատական կարգադրիչների բաժինների ու բաժանմունքների պետերին տրված ցուցումների և հանձնարարությունների կատարումը.

2) կատարում է դատական կարգադրիչների ծառայության պետի հանձնարարությունները.

3) վարում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության վիճակագրությունը.

4) վարում է դատական կարգադրիչների զենքի և հատուկ միջոցների հաշվառումը.

5) իրականացնում է Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

Հոդված 38. Դատական կարգադրիչների բաժինների ու բաժանմունքների պետերի գործառույթները

 

1. Դատական կարգադրիչների բաժինների ու բաժանմունքների պետերը`

1) ապահովում են դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը համապատասխան բաժնի և բաժանմունքի կողմից.

2) համապատասխան բաժնում և բաժանմունքում կազմակերպում են դատական կարգադրիչների ծառայության իրականացումը և հսկողություն են իրականացնում դրա նկատմամբ.

3) առաջարկություն են ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պետին համապատասխան բաժնի և բաժանմունքի դատական կարգադրիչներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու մասին.

4) քննում են համապատասխան բաժնի և բաժանմունքի դատական կարգադրիչների վերաբերյալ բողոքները.

5) դատական կարգադրիչներին տալիս են պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ.

6) իրականացնում են Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

2. Դատական կարգադրիչների բաժինների և բաժանմունքների պետերը պատասխանատվություն են կրում համապատասխան բաժնի և բաժանմունքի առջև դրված խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 39. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ.

3) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ.

4) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ:

2. Յուրաքանչյուր խմբի դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի:

3. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

 

Հոդված 40. Ծառայության կոչումները

 

1. Դատական կարգադրիչներին շնորհվում են հետևյալ կոչումները.

1) արդարադատության գեներալ-մայոր.

2) արդարադատության գնդապետ.

3) արդարադատության փոխգնդապետ.

4) արդարադատության մայոր.

5) արդարադատության կապիտան.

6) արդարադատության ավագ լեյտենանտ.

7) արդարադատության լեյտենանտ.

8) արդարադատության ավագ ենթասպա.

9) արդարադատության ենթասպա.

10) արդարադատության ավագ.

11) արդարադատության ավագ սերժանտ.

12) արդարադատության սերժանտ.

13) արդարադատության կրտսեր սերժանտ:

2. Կոչումները դասակարգվում են աստիճանական կարգով` բարձրից ցածր:

3. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.

1) դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ՝ արդարադատության գեներալ-մայոր.

2) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.

3) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ՝ արդարադատության մայոր.

4) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝ արդարադատության ավագ ենթասպա:

 

Հոդված 41. Դատական կարգադրիչների ծառայության կոչումներ շնորհելը և կոչումից զրկելը

 

1. Արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհում է վարչապետը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առաջարկությամբ: Դատական կարգադրիչների ծառայության այլ կոչումները շնորհում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ, բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների, դատական կարգադրիչին շնորհվում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչում, եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայության ավելի բարձր կոչում: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը:

3. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:

5. Դատական կարգադրիչների կոչումները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, հանրային ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս:

6. Դատական կարգադրիչների կոչումը կարող է իջեցվել, կամ դատական կարգադրիչը կարող է կոչումից զրկվել օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 42. Կոչումներ շնորհելու ժամկետները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումներ շնորհելու համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) արդարադատության կրտսեր սերժանտ` 1 տարի.

2) արդարադատության սերժանտ` 2 տարի.

3) արդարադատության ավագ սերժանտ` 3 տարի.

4) արդարադատության ավագ` 3 տարի.

5) արդարադատության ենթասպա` 4 տարի.

6) արդարադատության ավագ ենթասպա` 4 տարի.

7) արդարադատության լեյտենանտ` 2 տարի.

8) արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի.

9) արդարադատության կապիտան` 3 տարի.

10) արդարադատության մայոր` 4 տարի.

11) արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

2. Արդարադատության գեներալ-մայորի և արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին դատական կարգադրիչների ծառայությունում պաշտոնի նշանակելիս, բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների, շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում:

4. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը:

5. Դատական կարգադրիչի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) դատական կարգադրիչն ունի կարգապահական տույժ.

2) դատական կարգադրիչի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ ծառայողական քննություն:

6. Հերթական կոչում շնորհելը հետաձգելու դեպքում դատական կարգադրիչի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 5-րդ մասում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

 

Հոդված 43. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկելը

 

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչումը շնորհելու մասին հրամանն ստորագրելու հաջորդ օրվանից:

2. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

3. Դատական կարգադրիչին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն:

 

Հոդված 44. Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) համապատասխանում է սույն օրենքով սահմանված տարիքային սահմանափակումների պահանջներին, և դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել: Դիմելու պահին 30 տարեկանը լրացած չլինելու պահանջը չի տարածվում զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության ծառայողների (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողների) վրա.

2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

3) տիրապետում է հայերենին.

4) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով և առողջական վիճակով կարող է կատարել դատական կարգադրիչի պարտականությունները:

2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

3. Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը:

4. Դատական կարգադրիչների ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և դատական կարգադրիչի պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները դատական կարգադրիչներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

5. Դատական կարգադրիչների ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է դատական կարգադրիչների ծառայությունում կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

4) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

5) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

6) դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ կրել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից:

 

Հոդված 45. Դատական կարգադրիչի երդումը

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում` երդվում եմ իմ լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականությունները, բարձր պահել դատարանի հեղինակությունը:»:

 

Հոդված 46. Դատական կարգադրիչների ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

2. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

3. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և ազատում է դատական կարգադրիչների ծառայության պետը:

 

Հոդված 47. Դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցույթով՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ներքին և արտաքին մրցույթների իրականացման առանձնահատկությունները և ընթացակարգը, դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

 

Հոդված 48. Դատական կարգադրիչների ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության պետ կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր խմբի պաշտոններում, բացառությամբ ծառայության պետի պաշտոնի, կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի կրտսեր խմբի պաշտոն:

5. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Վերջինիս շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:

6. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր, առաջատար խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

8. Դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար դատական կարգադրիչներին ներկայացվող պահանջները: Զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:

9. Դատական կարգադրիչների ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

10. Դատական կարգադրիչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում կին դատական կարգադրիչի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև դատական կարգադրիչի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` դատական կարգադրիչների ծառայության կադրերի ռեզերվում գտնվող դատական կարգադրիչին կամ դատական կարգադրիչների ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով: Սույն մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող դատական կարգադրիչը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

 

Հոդված 49. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր դատական կարգադրիչի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Փորձաշրջանի ընթացքում դատական կարգադրիչն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված են դատական կարգադրիչների համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե դատական կարգադրիչը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո դատական կարգադրիչը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

 

Հոդված 50. Դատական կարգադրիչների կատարողականի գնահատումը

 

1. Դատական կարգադրիչի կատարողականի գնահատումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման համար նախատեսված կարգով:

2. Դատական կարգադրիչի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

 

Հոդված 51. Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ պարտավոր է վերապատրաստվել Արդարադատության ակադեմիայում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև անցնել հատուկ ուսուցում:

2. Պետական բյուջեով նախատեսվում են ծախսեր դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն իրականացնելու համար:

3. Արդարադատության ակադեմիան վերապատրաստման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում և Դատական դեպարտամենտ է ներկայացնում վերապատրաստման մասնակցած դատական կարգադրիչների քանակի և վերապատրաստման ժամաքանակի վերաբերյալ տեղեկությունները:

4. Հատուկ ուսուցում անցնելու կարգը և ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:

 

Հոդված 52. Դատական կարգադրիչին այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Դատական կարգադրիչին այլ պաշտոնի փոխադրումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 53. Դատական կարգադրիչի լիազորությունները

 

1. Դատական կարգադրիչը՝

1) ապահովում է դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, դրանց սպասարկման տարածքում գտնվող դատական և այլ ծառայողների, ինչպես նաև այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) ապահովում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.

3) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.

4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, դատավորի հանձնարարությամբ ապահովում է դատական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը կամ դրանց պահպանումը.

5) դատավորի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ ապահովում է դատական նիստում ապացույցների կամ այլ նյութերի փոխանցումը դատավորին.

6) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:

2. Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչն անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ:

 

Հոդված 54. Դատական կարգադրիչի իրավունքները և պարտականությունները իր լիազորությունների կատարման ընթացքում

 

1. Դատական կարգադրիչն իր լիազորություններն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը.

2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու որոշմամբ նշված անձի մուտքը.

3) զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը.

4) սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

2. Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում:

3. Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել դատական կարգադրիչների վարքագծի կանոնները:

 

Հոդված 55. Դատական կարգադրիչի պահանջների պարտադիր լինելը

 

1. Դատական կարգադրիչի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են կատարման համար:

2. Դատական կարգադրիչի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջներին չենթարկվելու դեպքում դատական կարգադրիչը կարող է համապատասխանաբար արգելել անձի մուտքը դատարանի շենք, դատական նիստերի դահլիճում գտնվող անձի կողմից իր ինքնությունը ներկայացնելուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից, իսկ դատական սանկցիայի ենթարկված անձի դեպքում այդ անձին հանձնել ոստիկանություն, ինչպես նաև անձի կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հանձնումը ոստիկանություն:

3. Դատական կարգադրիչի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 56. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը

 

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս դատական կարգադրիչը պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Դատական կարգադրիչները պարտավոր են պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու և առաջին օգնություն ցույց տալու հմտությունը որոշող ստուգումներ:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում դատական կարգադրիչն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

6. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին դատական կարգադրիչների ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին, Դատական դեպարտամենտի ղեկավարին:

7. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործելու իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

8. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

9. Դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 57. Ֆիզիկական ուժի գործադրումը

 

1. Դատական կարգադրիչի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով դատական կարգադրիչն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական հարկադրանք:

 

Հոդված 58. Հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը

 

1. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`

1) դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, դրանց սպասարկման տարածքում գտնվող դատական և այլ ծառայողների, այլ անձանց, ինչպես նաև դատարանի շենքի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) դատական կարգադրիչի նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.

3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.

5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և ոստիկանություն հանձնելիս, երբ նրանց վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ դատական կարգադրիչին:

2. Դատական կարգադրիչները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, ոտնաշղթաներ կամ այլ հատուկ միջոցներ:

3. Հատուկ միջոցներ հատկացնելու և դրանք պահելու կարգը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

 

Հոդված 59. Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

 

1. Դատական կարգադրիչի կողմից զենք կարող է գործադրվել հետևյալ դեպքերում.

1) դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում և Բարձրագույն դատական խորհրդի շենքում խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.

2) դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, դրանց սպասարկման տարածքում գտնվող դատական և այլ ծառայողների, այլ անձանց կյանքին և առողջությանն սպառնացող զինված հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս, ոտնձգություն կատարող անձին վնասազերծելիս:

2. Զենք գործադրելիս դատական կարգադրիչները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցներն այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

3. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր:

4. Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

5. Դատական կարգադրիչներին զենք հատկացնելը, այն պահելը, կրելն ու հաշվառելն իրականացվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Արգելվում է զենքի կրումը և գործադրումը դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

7. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում կամ զինված դիմադրություն ցույց տրվելու և անձանց կյանքին իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարվելու դեպքերի:

(59-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-385-Ն)

 

Հոդված 60. Դատական կարգադրիչի իրավունքները

 

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, դատական կարգադրիչի իրավունքներն են`

1) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

2) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

3) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

4) պաշտոնի նշանակման և կատարողականի գնահատման արդյունքները բողոքարկելը.

5) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

Հոդված 61. Դատական կարգադրիչի պարտականությունները

 

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, դատական կարգադրիչի պարտականություններն են`

1) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

2) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

3) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

4) ծառայողական կարգապահությունը պահպանելը.

5) դատական կարգադրիչի վարքագծի կանոնները պահպանելը:

 

Հոդված 62. Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները

 

1. Դատական կարգադրիչը դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանություն կրողների նկատմամբ:

2. Կարգադրիչները պարտավոր են ծառայության ներկայանալ Կառավարության սահմանած համազգեստով և պատշաճ արտաքին տեսքով: Ոչ պատշաճ արտաքին տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչներին չի թույլատրվում անցնել ծառայության: Նման դեպքերում ստորաբաժանման պետը հանձնարարում է ոչ պատշաճ տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչին հնարավորին չափ սեղմ ժամկետում շտկել թերությունները և դրանից հետո նոր թույլատրում է վերջինիս անցնել ծառայության: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման պետը տվյալ կարգադրիչի փոխարեն ժամանակավորապես կարող է ծառայության նշանակել այլ կարգադրիչի:

3. Դատական կարգադրիչն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած՝ մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին:

4. Դատական կարգադրիչը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:

5. Դատական կարգադրիչը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր կամ շահավետ այլ առաջարկ:

(62-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 63. Դատական կարգադրիչի աշխատաժամանակը

 

1. Դատական կարգադրիչի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Դատական կարգադրիչը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ օրենքով նախատեսված դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայությունում այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

3. Դատական կարգադրիչին օրական ութ ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Դատական կարգադրիչի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

 

Հոդված 64. Դատական կարգադրիչին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատելը

 

1. Դատական կարգադրիչը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:

 

Հոդված 65. Դատական կարգադրիչի արձակուրդը

 

1. Դատական կարգադրիչին արձակուրդ տրամադրում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

 

Հոդված 66. Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը

 

1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանք ստանալու իրավունք:

2. Դատական կարգադրիչները հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 67. Դատական կարգադրիչի համազգեստը և վկայականը

 

1. Դատական կարգադրիչը դատական կարգադրիչի պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը սահմանում է Կառավարությունը: Համազգեստը հատկացնելու և կրելու կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:

2. Դատական կարգադրիչներին տրվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի հաստատած միասնական նմուշի վկայականներ:

 

Հոդված 68. Ծառայության նյութատեխնիկական և ֆինանսատնտեսական ապահովումը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

 

Հոդված 69. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խրախուսանքի տեսակներից բացի, դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) կրծքանշանով պարգևատրում.

2) արտահերթ կոչման շնորհում:

2. «Արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակը դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում է բացառիկ դեպքերում և կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

3. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

4. Դատական կարգադրիչի նկատմամբ խրախուսանք կարող է կիրառել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

5. Որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 70. Դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերից բացի, դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) պաշտոնի իջեցում.

2) կոչման իջեցում` մեկ աստիճանով:

2. Կարգապահական տույժերը դատական կարգադրիչների նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

 

Հոդված 71. Կարգապահական տույժը կիրառելու և հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված դատական կարգադրիչի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

2. Նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

3. Դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվող տույժը ձևակերպվում է գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

4. Կարգապահական տույժի մասին դատական կարգադրիչը տեղեկացվում է նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատական կարգադրիչը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

6. Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից կարգապահական տույժը կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե դատական կարգադրիչը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

7. Դատական կարգադրիչի նկատմամբ պաշտոնի իջեցում կամ կոչման իջեցում` մեկ աստիճանով, կամ դատական կարգադրիչների ծառայությունից ազատում կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8. Դատական կարգադրիչը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

9. Ծառայողական քննության ժամանակահատվածում դատական կարգադրիչի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:

10. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատական կարգադրիչի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(71-րդ հոդվածը խմբ. 25.03.21 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 72. Դատական կարգադրիչների ծառայությունից ազատելը

 

1. Դատական կարգադրիչը ծառայությունից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու դեպքում.

4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե դատական կարգադրիչին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) ծառայությանը` հիվանդության պատճառով ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են առնվազն երկու կարգապահական տույժեր, որոնցից գոնե մեկը՝ պաշտոնի իջեցում կամ կոչման իջեցում` մեկ աստիճանով, տույժերից է, կամ ծառայությունից ազատում կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

8) վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տալու դեպքում.

9) դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.

11) քաղաքական կամ հայեցողական կամ պետական այլ պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

12) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

13) կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնար է:

2. Դատական կարգադրիչի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան փաստով:

 

Հոդված 73. Դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

1. Դատական կարգադրիչը ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`

1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա.

5) «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում:

 

Հոդված 74. Դատական կարգադրիչների ծառայությունում տարիքային սահմանափակումները

 

1. Դատական կարգադրիչների պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը:

2. Դատական կարգադրիչի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում դատական կարգադրիչի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով` պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից:

3. Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուն հաջորդող ամսվա 1-ին:

 

Հոդված 75. Դատական կարգադրիչի կենսաթոշակային ապահովությունը

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:

 

Հոդված 76. Դատական կարգադրիչի իրավունքները վերականգնելը

 

1. Այն դատական կարգադրիչները, որոնք սահմանված կարգով ճանաչվել են դատական կարգադրիչների ծառայությունում անհիմն փոխադրված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման:

2. Դատական կարգադրիչների ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու հրամանը դատական կարգադրիչը կարող է բողոքարկել դատական կարգով համապատասխան հրամանն ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետում:

3. Դատական կարգադրիչների ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված դատական կարգադրիչի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

4. Դատական կարգադրիչների ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված դատական կարգադրիչներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:

5. Այն դատական կարգադրիչները, որոնք ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտն ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 77. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ գլխի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

2. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքը: Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործում է այնքանով, որքանով չի հակասում սույն օրենքի 1-ին և 3-րդ գլուխներին:

3. Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված օտար լեզուների իմացության պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից կարող են օգտվել նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

5. Դատական դեպարտամենտի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը:

6. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը դատական ծառայության այն պաշտոններում նշանակված անձինք, որոնց պաշտոնները 2018 թվականի հուլիսի 1-ից կհամարվեն քաղաքացիական ծառայության պաշտոններ, կշարունակեն պաշտոնավարել որպես քաղաքացիական ծառայողներ:

7. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալին, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և այդ պաշտոնից ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ:

8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին դատական կարգադրիչի համապատասխանությունը որոշում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կազմավորած համապատասխան հանձնաժողովների եզրակացության հիման վրա: Սույն մասով նախատեսված հանձնաժողովների կազմը և գործունեության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակում չի կատարվում, ապա այդ պաշտոնը համալրվում է սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

(77-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-64-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-336-Ն