Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին

 

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) աղբ` կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ՝ թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետևանքով.

2) աղբահանություն` գոյացող աղբի, ինչպես նաև շինարարական ու խոշոր եզրաչափերի աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում, այդ թվում` դրանց տեսակավորում ու փոխադրում աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման և վնասազերծման նպատակով.

3) կենսաքայքայվող (օրգանական) աղբ` աերոբիկ կամ անաերոբիկ քայքայման ենթարկվող թափոն (օրինակ` սննդային թափոն, այգիներում ծառերի էտման, բույսերի ու թփերի սանիտարական մաքրման հետևանքով առաջացող աղբ և այլն).

4) շինարարական աղբ` շենք-շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության հետևանքով առաջացող աղբ.

5) խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որի չափերը գերազանցում են մեկ խորանարդ մետրը և, ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ), անհնար է դրա հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.

6) աղբաման` աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որի ձևն ու չափը սահմանում է համապատասխան համայնքի ավագանին.

7) աղբամուղ` բազմաբնակարան շենքերում ներկառուցված՝ աղբի հավաքման, ուղղահայաց տեղափոխման և ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր.

8) աղբահավաք խուց` բազմաբնակարան կամ հասարակական շենքերում աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք.

9) աղբամանների հարթակ` 0.75 խորանարդ մետր և ավել տարողությամբ աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի աղբահանության սխեմաներին համապատասխան.

10) փոխաբեռնման կայան` բնապահպանական և տնտեսական արդյունավետությունից ելնելով՝ աղբի ժամանակավոր պահման, սեղմման և հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.

11) աղբի հավաքման կենտրոն` հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վնասազերծման նպատակով.

12) աղբավայր` բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար.

13) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, զբոսայգիների, պուրակների, հրապարակների, խաղահրապարակների, բակերի, մայթերի, վերգետնյա և ստորգետնյա անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի, շատրվանների, ճամփեզրերի, կողնակների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների և աղբամանների հարթակների սպասարկումը.

14) օպերատոր` համայնքին կամ համայնքներին կամ դրանց վարչական տարածքում կամ տարածքի մի մասում աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.

15) աղբի քանակի նվազեցում` աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.

16) աղբի տեսակավորում` վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.

17) աղբի օգտահանում` աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի (արտադրանքի) արտադրության համար, ներառյալ՝ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը և աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը.

18) աղբի վերաօգտագործում` աղբի օգտագործում սկզբնապես նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.

19) աղբի վերամշակում` տեխնոլոգիական գործընթացների արդյունքով աղբի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունների փոփոխություն.

20) աղբի փոխադրում` աղբի հավաքում և տեղափոխում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր և (կամ) աղբավայր.

21) աղբի սեփականատեր` աղբ գոյացնող ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որի տիրապետման, օգտագործման ու տնօրինման ներքո է աղբը.

22) աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան` յուրաքանչյուր համայնքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորում, իրագործում ու մշտադիտարկում.

23) աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմա` Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում` կախված աշխարհագրական տեղադիրքից, գոյացող աղբի քանակից և տեսակից:

2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և զարգացման ուղղություններն ու նպատակները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը.

2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.

3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից.

4) առաջացող աղբի քանակի նվազեցումը.

5) աղբի տեսակավորման, վերաօգտագործման, վերամշակման և օգտահանման գործողությունների կիրառումը և աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալների նվազեցումը.

6) շրջանաձև տնտեսության խթանումը.

7) աղբահանության ծառայության վճարովի լինելը։

2. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության զարգացման ուղղություններն ու նպատակներն են՝

1) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացումը.

2) աղբի տեսակավորված համակարգի ներդրումը.

3) հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման ապահովումը.

4) առաջացող աղբի առավելագույն օգտահանումը.

5) սակավաթափոն և անթափոն միջոցառումների և տեխնոլոգիաների կիրառումը.

6) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը.

7) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը.

8) համայնքային բյուջեի հաշվին կամ հանրային-մասնավոր համագործակցության շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:»:

 

Հոդված 4. Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «հեռացման» բառից հետո լրացնել «, առաջացող աղբի քանակի նվազեցմանն ուղղված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.2) hաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմաները.

3.3) հաստատում է գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը.»:

 

Հոդված 5. Օրենքի 4.2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման նորմերի ու կարգերի, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգերի, աղբի հավաքման և փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների համար գործունեության պայմանների, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի մեթոդական ուղեցույցների հաստատումը.».

2) 5-րդ կետի «չհսկվող և չարտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող» բառերով:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ և 4.4-րդ հոդվածներով.

 

«Հոդված 4.3. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը

 

1. Աղբը սեփականության օբյեկտ է: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա գոյացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, և իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի և հանրային առողջության վնասը կանխելու համար:

3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրա տնօրինման, այդ թվում` օտարման և հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցելու սեփականության իրավունքը, եթե այդ անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

4. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան այն սեփականության իրավունքով կամ որևէ այլ իրավունքով տիրապետման կամ օգտագործման տարածքից հեռացնելու պահից:

5. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել է իրենց չպատկանող աղբ, պարտավոր են հայտնաբերվելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղեկացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

 

Հոդված 4.4. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատում է համայնքի ավագանին` համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, ինչպես նաև ամենամյա աշխատանքների պլաններին կից հավելվածով:

2. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առկա իրավիճակի գնահատում.

2) պլանավորում.

3) մշտադիտարկում և հաշվետվողականություն:

3. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի մեթոդական ուղեցույցը հաստատում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:»:

 

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Աղբահանության վճարը

 

1. Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու սահմանած չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

2. Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք հաջորդ ամսվա 5-ը ներառյալ պարտադիր աղբահանության վճար վճարողներին իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին: Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական կայքում հրապարակելով, իսկ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի ու շինությունների դեպքում` աղբահանության համար վճարողի հաշվառման հասցեին կամ նրա տրամադրած էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:

3. Աղբահանության լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջև կնքվում է պայմանագիր` սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձևը:»:

 

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «իրականացնում են» բառերից հետո լրացնել «համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Տեսակավորված աղբի հավաքում և փոխադրում կարող են իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք, ինչպես նաև աղբի սեփականատերը, իրավաբանական, ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի թույլտվության հիման վրա:»:

 

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աղբի հավաքումը կատարվում է`

1) անմիջապես աղբ գոյացնողից և տեղափոխվում է անմիջապես աղբատար մեքենա` առանց աղբամաններում կուտակելու.

2) աղբամանների միջոցով` աղբը հավաքվում կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ հարթակների վրա տեղադրված՝ համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

3) աղբամուղների միջոցով` աղբը հավաքվում է աղբահավաք խցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում և ըստ անհրաժեշտության՝ տեսակավորվում է աղբը` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետև տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտադրամասեր կամ աղբավայր.

5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը դրա հետագա գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող են տեղափոխել օպերատորը, ինչպես նաև ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրենց միջոցների հաշվին՝ համայնքի ղեկավարի թույլտվությամբ:».

2) 3-րդ մասի «Ոչ կենցաղային» բառերը փոխարինել «Շինարարական» բառով, «հավաքվում և» բառերը՝ «հավաքվում է անմիջապես աղբ գոյացնողից՝ առանց աղբամաններում կուտակելու կամ» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ և 4.1-ին մասերով.

«3.1. Օգտահանման և վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ և կենսաքայքայվող աղբը) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած առանձնացված աղբամաններում կամ կոնտեյներներում:

3.2. Վտանգավոր թափոնների հավաքման գործընթացներն իրականացվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով:».

«4.1. Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել արտադրական թափոնները, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները, սնդիկ պարունակող լամպերը և այլ արտադրանք, էլեկտրական կուտակիչները և մարտկոցները, անվադողերը, այրվող, շիկացած կամ տաք աղբը, բժշկական թափոնները, խոշոր եզրաչափերի աղբը, ձյունը և սառույցը, հեղուկ թափոնները, ինչպես նաև այլ վտանգավոր թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբահանություն կատարող անձանց կյանքին և առողջությանը:»:

 

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ մասնագիտացված տեխնիկայի և համապատասխան անձնակազմի միջոցով` սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան:

3. Շինարարական, խոշոր եզրաչափերի, օգտահանման և վերամշակման ենթակա աղբը փոխադրվում է առանձին-առանձին` սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան:»:

 

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Աղբի տեղադրմանը և աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբը տեղադրվում է բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման:

2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանում է համայնքի ավագանին:

4. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:

5. Արգելվում է պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի և այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների և մարտկոցների, փոխադրամիջոցների և դրանց անվադողերի, ինչպես նաև առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում:

6. Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:

7. Արգելվում է աղբավայրում աղբի բաց եղանակով այրումը:

8. Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումներ աղբի ինքնայրումը կանխելու համար:»:

 

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետևյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման և փոխադրման մեթոդներն ու ժամային գրաֆիկները, աղբի տեղադրման, տեսակավորման և վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:

2. Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:

3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության տարածաշրջանային գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները, որոնք ներառում են`

1) գոտիավորված տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.

2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի և տեսակների վերաբերյալ տվյալներ.

3) գոտիավորված տարածքում վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.

4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) գոտիավորված տարածքում օգտահանման, վնասազերծման, վերամշակման ենթակա աղբի և աղբի հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ.

6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների և աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն․

7) գոտիավորված տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել:

4. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման դրանց հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) վերնագիրը «դրույքաչափը» բառից հետո լրացնել «և հաշվարկման մեթոդները» բառերով.

2) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերը «առանձնացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տարբերակված» բառերով.

3) 2-րդ մասի 6-րդ կետը «հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված» բառերից հետո լրացնել «առավել բարձր» բառերով.

4) 3-րդ մասի «Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների» բառերը փոխարինել «Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի» բառերով.

5) 3-րդ մասը «1-5-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 2.1-ին մասով» բառերով.

6) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ մասերով.

«3.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:

3.3. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.1

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ

 

Հոդված 21.1. Տնտեսական խթանիչների կիրառումը

 

1. Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները կիրառում են տնտեսական խթանիչներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` սույն օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ` աղբի կանոնավորված տեսակավորման, դրա գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում:»:

 

Հոդված 16.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 4.1-ին մասով և սույն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող՝ Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված իրավական ակտի, որն ընդունվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 8

Երևան

ՀՕ-137-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան