ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Բռնագրավման ենթակա չէ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը։ Սույն հոդվածի իմաստով՝ անձը բարեխիղճ է, եթե չգիտեր և չէր կարող իմանալ, որ իր կողմից այլ անձի հանձնված գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել որպես վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ։»:
Հոդված 2․ Օրենսգրքի 162‑րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 162. | Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը |
1. Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:»։
Հոդված 3․ Օրենսգրքի 169.16‑րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:».
2) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտուր իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 4. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա այն ենթակա է առգրավման:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլևս գոյություն չունի։».
3) 3-րդ մասի «իրավախախտում հանդիսացող» բառերը փոխարինել «իրավախախտում կատարելու» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում։»։
Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը «պետության» բառից հետո լրացնել «կամ համայնքի» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-116-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|