Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-40-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ գլխի վերնագրում «ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պարունակում է տվյալ ծառայողի գործնական և անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման որակի և մասնագիտական հմտությունների ու նրա կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում՝ մինչև երկու ամիս ժամանակով:».

2) 2-րդ մասի «1-ին և 3-րդ» բառերը փոխարինել «1-ին, 3-րդ և 7-րդ» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով արձակվում է ծառայությունից:»:

 

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «ատեստավորման արդյունքների հիման վրա» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը

 

1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ (սույն հոդվածում այսուհետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների համար հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում:

2. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Ատեստավորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:

3. Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

4. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ, ինչպես նաև առաջխաղացման կարգով նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան վեց ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

5. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:

7. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

8. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

9. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

10. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

11. Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

12. Նոր ատեստավորումը երկրորդ անգամ անցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նոր ատեստավորում անցնելու համար չդիմած ծառայողներն ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշտոնից:

13. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը վերադասության կարգով՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

14. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) հերթական ատեստավորման արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում.

2) ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.

3) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

15. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

 

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «6-10-րդ» բառերը փոխարինել «6-9-րդ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր: Սույն մասով նախատեսված և կամավոր ատեստավորում չանցած ծառայողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան այլ պաշտոնի նշանակվելու դեպքում ենթակա են ատեստավորման ընդհանուր հիմունքներով պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-40-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան