Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2007

Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

Պայմանավորվող կողմերը,

համոզված լինելով պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հատուկ բնույթի, դրանց տարբերակիչ առանձնահատկությունների և տարբերակիչ լուծումներ պահանջող խնդիրների մեջ,

մտահոգվելով այս ռեսուրսների շարունակական էռոզիայով,

գիտակցելով, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները ընդհանուր մտահոգություն են բոլոր երկրների համար, և որ բոլոր երկրները կախված են այլ վայրերում ծագած պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներից,

հաստատելով, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը, հետազոտումը, հավաքումը, հատկանիշների բնութագրումը, գնահատումը և փաստաթղթավորումը էապես կարևոր են Պարենի համաշխարհային անվտանգության մասին Հռոմի Հռչակագրում ամրագրված նպատակներին հասնելու և ներկա ու ապագա սերունդների համար գյուղատնտեսության կայուն զարգացման համար, և որ պետք է անհապաղ հզորացնել զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների հնարավորությունները` այդպիսի ջանքեր գործադրելու համար,

նշելով, որ Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման նպատակով գործողությունների գլոբալ նախագիծը միջազգայնորեն համաձայնեցված շրջանակ է այդպիսի գործողությունների համար,

այնուհետև հաստատելով, որ բույսերի գենետիկական ռեսուրսները պարենի և գյուղատնտեսության համար հանդիսանում են մշակովի բույսերի ժառանգականության բարելավման համար անհրաժեշտ հումք, լինի դա ֆերմերային տնտեսությունների մակարդակով սելեկցիայի մեթոդներով կամ ժամանակակից բիոտեխնոլոգիական մեթոդներով, և ունեն էական նշանակություն կլիմայի անկանխատեսելի փոփոխությունների և մարդկության ապագա պահանջների համար,

հաստատելով, որ անցյալում, ներկայում և ապագայում աշխարհի բոլոր տարածաշրջաններում և հատկապես զարգացման ու բազմազանության կենտրոններում ագարակատերերի ներդրումը պահպանման, կատարելագործման և այդ ռեսուրսների հատկացման հարցում հանդիսանում է ագարակատերերի իրավունքների հիմքը,

այնուհետև հաստատելով, որ տվյալ Պայմանագրում պահպանման, օգտագործման, տնտեսություններում պահպանված սերմերի փոխանակման ու վաճառքի և բազմացման այլ նյութերի, պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործման հետ կապված որոշումների ընդունման ընթացքում մասնակցության, տվյալ օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ բաշխման կապակցությամբ կիրառելի իրավունքներն ունեն հիմնարար նշանակություն ագարակատերերի իրավունքների իրականացմանն աջակցելու հարցում` ազգային և միջազգային մակարդակներով,

ճանաչելով, որ սույն Պայմանագիրը և նրան առնչվող այլ միջազգային համաձայնագրերը պետք է փոխադարձաբար աջակցեն գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության համար,

հաստատելով, որ ոչինչ սույն Պայմանագրում չի ենթադրում որևէ փոփոխություն այլ միջազգային համաձայնագրերով Պայմանավորվող կողմերի իրավունքներում և պարտավորություններում,

հասկանալով, որ վերոհիշյալ դրույթները ուղղված չեն սույն և այլ միջազգային պայմանագրերի միջև հիերարխիկ հարաբերությունների հաստատմանը,

գիտակցելով, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցերը գտնվում են գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և առևտրի սահմանագծում, և լինելով համոզված, որ այդ հատվածների միջև պետք է ապահովել համատեղ գործունեություն,

գիտակցելով իրենց պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև պարենի և գյուղատնտեսության համար աշխարհում առկա բույսերի գենետիկական ռեսուրսների բազմազանության պահպանման գործում,

ճանաչելով, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների նկատմամբ իրենց անկախ իրավունքները կիրառելիս պետությունները կարող են փոխադարձ շահույթ ստանալ այդ ռեսուրսների ընտրման համաձայնեցված մեխանիզմի մատչելիության համար գործող Բազմակողմ համակարգի ստեղծումից և դրանց օգտագործումից ստացված` արդար և հավասարաչափ շահույթի բաշխումից, և

ցանկանալով կնքել միջազգային պայմանագիր Միավորված ազգերի կազմակերպության` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության շրջանակներում (այսուհետև` ՊԳԿ)` համաձայն ՊԳԿ կանոնադրության 14-րդ հոդվածի,

 

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Մ Ա Ս  I

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 1. Նպատակները

 

1.1. Սույն Պայմանագրի նպատակներ են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը ու կայուն օգտագործումը և, գյուղատնտեսության կայուն զարգացման ու պարենի անվտանգության նպատակով, Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիային համահունչ, դրանց օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ բաշխումը:

1.2. Այս նպատակներն իրականացվում են սույն Պայմանագրի և Միավորված ազգերի կազմակերպության` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի միջև սերտ համագործակցության հաստատմամբ:

 

Հոդված 2. Տերմինների օգտագործումը

 

Սույն Պայմանագրի նպատակներով հետևյալ տերմիններն ունեն ստորև իրենց վերագրված նշանակությունը: Այս սահմանումները նախատեսված չեն հումքային ապրանքների առևտրում կիրառելու համար:

«In-situ պահպանում» նշանակում է` էկոհամակարգերի և բնակության վայրերի պահպանում և իրենց բնական միջավայրում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանում և վերականգնում, իսկ տնայնացված և մշակովի տեսակների առնչությամբ` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները:

«Ex-situ պահպանում» նշանակում է` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում իրենց բնակեցման տեղանքից դուրս:

«Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներ» նշանակում է` բուսական ծագմամբ ցանկացած գենետիկական նյութ, որը փաստացի կամ պոտենցիալ արժեք է ներկայացնում պարենի և գյուղատնտեսության համար:

«Գենետիկական նյութ» նշանակում է` բուսական ծագմամբ ցանկացած նյութ` ներառյալ ժառանգականության ֆունկցիոնալ միավորներ պարունակող` բազմացման համար վերարտադրողական և վեգետատիվ նյութը:

«Սորտ» նշանակում է` բույսերի խմբավորում, որը մտնում է հայտնի ցածր կարգի միասնական կենսաբանական տաքսոնի մեջ, որը սահմանում է իր տարբերակիչ և այլ գենետիկական հատկանիշների վերարտադրողական դրսևորումը:

«Ex-situ հավաքածու» նշանակում է` իրենց բնական միջավայրից դուրս պահպանվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հավաքածու:

«Ծագման կենտրոն» նշանակում է` այն աշխարհագրական տարածքը, ուր որևէ բուսական տեսակ` տնայնացված կամ վայրի, առաջին անգամ ստացել է տարբերակիչ հատկանիշ:

«Մշակովի բույսերի բազմազանության կենտրոն» նշանակում է` աշխարհագրական տարածքը, որը բնութագրվում է in-situ պայմաններում մշակովի բույսերի տեսակների գենետիկական բազմազանության բարձր մակարդակով:

 

Հոդված 3. Գործողության ոլորտը

 

Սույն Պայմանագիրն առնչվում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին:

 

Մ Ա Ս  II

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 4. Ընդհանուր պարտավորություններ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է իր օրենքների, կանոնակարգերի և ընթացակարգերի համապատասխանեցումը սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորություններին:

 

Հոդված 5. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում, հետազոտում, հավաքում, բնութագրում, գնահատում և փաստաթղթաբանություն

 

5.1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ազգային օրենսդրությանը համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող այլ կողմերի հետ համագործակցությամբ նպաստում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետազոտման, պահպանման և կայուն օգտագործման համալիր մոտեցմանը և, մասնավորապես, հարկ եղած դեպքերում.

ա) իրականացնում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետազոտումն ու ապրանքագրումը` հաշվի առնելով գոյություն ունեցող պոպուլյացիաների ներկա վիճակը և փոփոխականության աստիճանը, այդ թվում` նաև նրանց մեջ, որոնք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ նրանց որևէ վտանգ է սպառնում,

բ) աջակցում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների և այն բուսական գենետիկական ռեսուրսների մասին հավելյալ համապատասխան տեղեկատվության հավաքմանը, որոնց վտանգ է սպառնում, կամ որոնք կարող են օգտագործվել,

գ) անհրաժեշտության դեպքում աջակցում կամ սատարում է ագարակատերերի կամ տեղական համայնքների ջանքերին, որոնք ուղղված են տնտեսություններում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ռացիոնալ կառավարմանը և պահպանմանը,

դ) աջակցում է պարենի արտադրության համար in situ մշակովի բույսերի վայրի տեսակների և վայրի բույսերի պահպանությանը, ի թիվս այլոց` պահպանվող շրջաններում աջակցություն ցուցաբերելու միջոցով, մշտական և տեղական համայնքի ջանքերով,

ե) համագործակցում է ex situ արդյունավետ և կայուն պահպանման համակարգի ստեղծմանը նպաստելուն` պատշաճ ուշադրություն հատկացնելով համապատասխան փաստաթղթաբանության, բնութագրման, վերականգնման և գնահատման անհրաժեշտությանը, և աջակցում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման համակարգի կատարելագործման նպատակով համապատասխան տեխնոլոգիաների մշակմանը և փոխանցմանը,

զ) իրականացնում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կենսունակության ապահովման, փոփոխականության աստիճանի և հավաքածուների գենետիկական ամբողջականության դիտարկում:

5.2. Պայմանագրի Կողմերն անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին սպառնացող վտանգները նվազագույնի հասցնելու, իսկ եթե հնարավոր է` վերացնելու համար:

 

Հոդված 6. Բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործումը

 

6.1. Պայմանավորվող կողմերը մշակում և իրականացնում են համապատասխան ռազմավարություն և ձեռնարկում են օրենսդրական միջոցներ, որոնք նպաստում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործմանը:

6.2. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործումը կարող է ներառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են.

ա) գյուղատնտեսության ոլորտում արդար քաղաքականության իրականացումը, որը անհրաժեշտության դեպքում օժանդակում է ագարակային բազմազան համակարգերի մշակմանը և հաստատմանը, որոնք բարելավում են գյուղատնտեսական կենսաբանական բազմազանության և այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործումը,

բ) հետազոտությունների աշխուժացումը, որոնք բարելավում և պահպանում են կենսաբանական բազմազանությունը` ներտեսակային և միջտեսակային փոփոխականությունը մեծացնելով` ի շահ ագարակատերերի և առավելապես այն ագարակատերերի, ովքեր ստեղծում և օգտագործում են իրենց սեփական տեսակները և կիրառում են բնապահպանական սկզբունքներ հողի բերրիության պահպանման համար և հիվանդությունների, մոլախոտերի ու վնասատուների դեմ պայքարում,

գ) անհրաժեշտության դեպքում` այն բույսերի սելեկցիային օժանդակումը, որոնք ագարակատերերի օժանդակությամբ առանձնապես զարգացող երկրներում ուժեղացնում են հատկապես սոցիալական, տնտեսական և բնապահպանական պայմաններին հարմարված, այդ թվում` սահմանային շրջաններում տեսակների ստեղծման ներուժը,

դ) ագարակատերերի տրամադրության տակ գտնվող մշակովի բույսերի գենետիկական բազայի ընդլայնումը և գենետիկական բազմազանության շրջանակի մեծացումը,

ե) անհրաժեշտության դեպքում` աջակցումը տեղական և տեղի պայմաններին հարմարված մշակաբույսերի, սորտերի և տեսակների օգտագործման ընդլայնմանը,

զ) անհրաժեշտության դեպքում` ռացիոնալ օգտագործման, տնտեսություններում մշակովի բույսերի պահպանման և կայուն օգտագործման գործընթացում սորտերի և տեսակների բազմազանության առավել լայն կիրառման օժանդակումը և մշակովի բույսերի խոցելիության և գենետիկական էռոզիայի նվազման նպատակով բույսերի սելեկցիայի և գյուղատնտեսական մշակումների միջև սերտ կապերի հաստատումը, ինչպես նաև, կայուն զարգացման հետ միաժամանակ, համաշխարհային պարենային արդյունաբերության մեծացումը, և

է) սորտերի արտահայտիչ և սերմնային նյութի բաշխումը կարգավորող սելեկցիաների և իրավիճակի ռազմավարության և կանոնակարգերի դիտարկումը և, անհրաժեշտության դեպքում, հստակեցումը:

 

Հոդված 7. Ազգային պարտավորություններն ու միջազգային համագործակցությունը

 

7.1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտության դեպքում իր ռազմավարությանը և գյուղատնտեսության ու գյուղական տեղանքի զարգացմանը ուղղված ծրագրերում ներառում է 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված գործողությունները և պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հիմնախնդիրների շուրջ անմիջականորեն կամ ՊԳԿ միջնորդությամբ համագործակցում է Պայմանավորվող մյուս կողմերի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

7.2. Միջազգային համագործակցությունը ուղղված է, մասնավորապես.

ա) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և պարբերական օգտագործման խնդրում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ներուժի ստեղծմանը կամ հզորացմանը,

բ) պահպանության, գնահատման, փաստաթղթաբանության, գենետիկական հզորացման, բույսերի սելեկցիայի, սերմերի բազմացման խնդրում միջազգային օժանդակության ընդլայնմանը, ինչպես նաև, IV մասին համապատասխան, պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում նաև անհրաժեշտ տեղեկատվության ու տեխնոլոգիաների հարցում դրանց տրամադրմանը կամ փոխանակմանը,

գ) 5-րդ մասով նախատեսված ինստիտուցիոնալ միջոցների ստեղծմանը և ուժեղացմանը, և

դ) 18-րդ հոդվածում նշված ֆինանսավորման ռազմավարության կիրառմանը:

 

Հոդված 8. Տեխնիկական օժանդակություն

 

Պայմանավորվող կողմերը համաձայնում են տեխնիկական օգնություն տրամադրել Պայմանավորվող կողմերին, հատկապես` զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկրներին, երկկողմ հիմունքների վրա կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով՝ սույն Պայմանագրի կատարմանը օժանդակելու նպատակով:

 

Մ Ա Ս  III

 

ԱԳԱՐԱԿԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 9. Ագարակատերերի իրավունքները

 

9.1. Պայմանավորվող կողմերը ճանաչում են այն հսկայական ներդրումը, որն աշխարհի բոլոր տարածաշրջանների և հատկապես մշակովի բույսերի բազմատեսակության և ծագման կենտրոնների տեղական համայնքներն ու ագարակատերերը կատարել են և կշարունակեն կատարել` ողջ աշխարհում սննդի արդյունաբերության և գյուղատնտեսական այլ մթերքների հիմքը կազմող բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և զարգացման համար:

9.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող` ագարակատերերի իրավունքների իրականացման պատասխանատվությունն ընկնում է նրանց ազգային կառավարությունների վրա: Իր պահանջներին և առաջնայնություններին համապատասխան` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, անհրաժեշտության դեպքում և համաձայն իր ազգային օրենսդրության, ձեռնարկում է միջոցներ ագարակատերերի իրավունքների պաշտպանության և աջակցության համար, ներառյալ`

ա) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող ավանդական գիտելիքների պաշտպանությունը,

բ) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթի հավասարաչափ բաշխմանը մասնակցելու իրավունքը, և

գ) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հարցերի հետ կապված որոշումների ընդունմանն ազգային մակարդակով մասնակցելու իրավունքը:

9.3. Սույն հոդվածում ոչինչ չի մեկնաբանվում որպես ագարակատերերի ցանկացած իրավունքը սահմանափակող բազմացման համար տնտեսություններում պահպանված սերմերի նյութերի պահպանման, օգտագործման, փոխանակման և վաճառքի համար` համաձայն ազգային օրենսդրության կամ անհրաժեշտության դեպքում:

 

Մ Ա Ս  IV

 

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Հոդված 10.

Մատչելիության և շահույթի բաշխման Բազմակողմ համակարգ

 

10.1. Պայմանավորվող կողմերն այլ պետությունների հետ իրենց հարաբերություններում ճանաչում են նրանց ինքնիշխան իրավունքները պարենի և գյուղատնտեսության համար իրենց բույսերի գենետիկական ռեսուրսների նկատմամբ, այդ թվում նաև՝ ճանաչում են, որ այդ ռեսուրսների մատչելիության որոշման լիազորությունը պատկանում է տվյալ երկրի կառավարությանը և ենթակա է ազգային օրենսդրությանը:

10.2. Իրենց ինքնիշխան իրավունքներն իրականացնելիս Պայմանավորվող կողմերը համաձայնում են հիմնադրել` ինչպես պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության դյուրացման համար, այնպես էլ փոխլրացման և ամրապնդման հիմքի վրա ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ օգտագործման արդյունավետ, գործուն և թափանցիկ Բազմակողմ համակարգ:

 

Հոդված 11. Բազմակողմ համակարգի գործողության ոլորտը

 

11.1. 1-ին հոդվածում նշված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը, ինչպես նաև դրանց օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ բաշխումը ապահովելու համար Բազմակողմ համակարգը տարածվում է սննդի անվտանգության և փոխկախվածության չափանիշներին համապատասխան կազմված` 1-ին Հավելվածում թվարկված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների վրա:

11.2. 11-րդ հոդվածի 1-ին կետում նշված Բազմակողմ համակարգը ներառում է 1-ին Հավելվածում թվարկված` պարենի և գյուղատնտեսության համար բոլոր բույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք գտնվում են Պայմանավորվող կողմերի հսկողության ներքո և հանրային սեփականություն են: Բազմակողմ համակարգի գործողության ոլորտն առավելագույնս ընդլայնելու նպատակով Պայմանավորվող կողմերն առաջարկում են 1-ին Հավելվածում թվարկված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի այլ գենետիկական ռեսուրսներ ունեցողներին ընդգրկել պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական այդ ռեսուրսները Բազմակողմ համակարգի մեջ:

11.3. Պայմանավորվող կողմերը նաև համաձայնում են ձեռնարկել համապատասխան միջոցներ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին տիրապետող` իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց խրախուսելու համար, որ նրանք ներգրավեն այդ բուսական գենետիկական ռեսուրսները Բազմակողմ համակարգում:

11.4. Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում, Ղեկավար մարմինը գնահատում է 11-րդ հոդվածի 3-րդ կետում նշված Բազմակողմ համակարգում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ներգրավման աշխատանքները: Տրված գնահատականների հիման վրա Ղեկավար մարմինը որոշում է, թե արդյոք կշարունակի՞ դյուրացված լինել մատչելիությունը 11.3-րդ կետում նշված այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր չեն ընդգրկել պարենի և գյուղատնտեսության համար այդ բույսերի գենետիկական ռեսուրսները, թե կձեռնարկվեն այլ միջոցներ, որոնք նպատակահարմար կհամարվեն:

11.5. Բազմակողմ համակարգն ընդգրկում է նաև պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք թվարկված են 1-ին Հավելվածում և առկա են միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդատու խմբի Միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների ex situ հավաքածուներում, ինչպես նախատեսված է 15-րդ հոդվածի 1.ա կետով, և այլ միջազգային հիմնարկներում` համաձայն 15-րդ հոդվածի 5-րդ կետի:

 

Հոդված 12. Բազմակողմ համակարգի շրջանակներում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության դյուրացում

 

12.1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ 11-րդ հոդվածում սահմանված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության դյուրացումն ապահովվում է սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:

12.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են Բազմակողմ համակարգի միջոցով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական կամ այլ միջոցները այլ Պայմանավորվող կողմերին նման մատչելիություն ընձեռելու համար: Այս նպատակով նման մատչելիությունը տրամադրվում է նաև ցանկացած Պայմանավորվող կողմի իրավազորության ներքո գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց` համաձայն 11-րդ հոդվածի 4-րդ կետի:

12.3. Նման մատչելիությունն ընձեռվում է ներքոհիշյալ հետևյալ պայմանների համաձայն.

ա) Մատչելիությունը տրամադրվում է բացառապես հետազոտությունների նպատակով օգտագործման և պահպանման, սելեկցիայի և պարենի ու գյուղատնտեսության ոլորտում կադրերի պատրաստման համար` պայմանով, որ այդ նպատակները չեն ներառում քիմիական, դեղագործական և/կամ այլ` ոչ պարենային/սննդային արդյունաբերության ապրանքներ: Բազմանպատակային մշակաբույսերի դեպքում (պարենային և ոչ պարենային) դրանց կարևորությունը պարենային անվտանգության համար որոշիչ է դառնում Բազմակողմ համակարգում դրանց ընդգրկման և դյուրացված մատչելիության համար:

բ) Մատչելիությունը տրամադրվում է արագ, առանց անհատական դեպքերին հետևելու անհրաժեշտության և անհատույց, իսկ վճարի գանձման դեպքում այն չի գերազանցում նվազագույն գինը:

գ) Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետ մեկտեղ տրամադրվում են նաև բոլոր անձնագրային տվյալները և, գործող օրենքի համաձայն, նաև ցանկացած` այլ առկա, ոչ գաղտնի նկարագրական բնույթի տեղեկություն:

դ) Ստացողները չեն հավակնում մտավոր որևէ սեփականության կամ այլ իրավունքների, որոնք սահմանափակում են Բազմակողմ համակարգից ստացված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների և դրանց գենետիկական մասերի կամ բաղադրատարրերի մատչելիությունը:

ե) Մշակման ընթացքում գտնվող պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների, ներառյալ ագարակատերերի կողմից մշակված նյութի մատչելիությունը տրամադրվում է մշակողի հայեցողությամբ` դրանց մշակման ժամանակահատվածի ընթացքում:

զ) Մտավոր և այլ սեփականության իրավունքներով պահպանվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը տրվում է համապատասխան միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրության համաձայն:

է) Բազմակողմ համակարգի շրջանակներում տրված և պահպանված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները շարունակում են մատչելի մնալ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործողների համար՝ համաձայն տվյալ Պայմանագրի դրույթների, և

ը) Չխախտելով սույն հոդվածի մյուս դրույթները` Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ in-situ պայմաններում գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը կտրամադրվի ազգային օրենսդրության դրույթների համաձայն կամ, նման օրենսդրության բացակայության դեպքում, այնպիսի չափորոշիչներին համապատասխան, որոնք կարող են սահմանված լինել Ղեկավար մարմնի կողմից:

12.4. Այդ նպատակով 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն դյուրացված մատչելիությունը տրամադրվում է Նյութի փոխանցման պայմանագրի համաձայն (ՆՓՊ), որն ընդունվում է Ղեկավար մարմնի կողմից և պարունակում է 12-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «դ», «է» ենթակետերի դրույթները, ինչպես նաև շահույթի բաշխմանը վերաբերող 13-րդ հոդվածի 2-րդ կետի դ.ii ենթակետի դրույթները և պայմանագրի համապատասխան այլ դրույթներ և այն դրույթը, որը պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներ ստացողը պահանջում է, որ ՆՓՊ պահանջները կիրառվեն պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները այլ անձին կամ կազմակերպությանը փոխանցելու, ինչպես նաև պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ցանկացած հետագա փոխանցումների ժամանակ:

12.5. Պայմանավորվող կողմերը, համաձայն կիրառելի իրավական պահանջների, ապահովում են ռեսուրսներ փնտրելու հնարավորությունը` ըստ իրենց օրենսդրական համակարգերի, ՆՓՊ շուրջ ծագող պայմանագրային վեճերի դեպքում` ճանաչելով, որ նման ՆՓՊ-ներով սահմանված պարտավորություններն ընկնում են բացառապես այդ ՆՓՊ-ների մասնակիցների վրա:

12.6. Արտակարգ աղետային իրավիճակներում Պայմանավորվող կողմերը համաձայնում են տրամադրել դյուրացված մատչելիության Բազմակողմ համակարգի` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին` գյուղատնտեսական համակարգերի վերականգնման գործին նպաստելու համար` համագործակցելով աղետային իրավիճակների վերացումը համակարգողների հետ:

 

Հոդված 13. Բազմակողմ համակարգում շահույթի բաշխումը

 

13.1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ Բազմակողմ համակարգում ընդգրկված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների դյուրացված մատչելիությունն ինքնին Բազմակողմ համակարգի կողմից բերվող նշանակալից շահույթ է, և համաձայնում են, որ ստացված շահույթը, համաձայն սույն հոդվածի դրույթների, բաշխվում է արդար և հավասարաչափ:

13.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ Բազմակողմ համակարգի շրջանակներում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթները, այդ թվում նաև՝ կոմերցիոն շահույթները, բաշխվում են արդար և հավասարաչափ` հետևյալ մեխանիզմների միջոցով. տեղեկատվության փոխանակում, տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություն և դրա փոխանցում, պաշարի ստեղծում և առևտրից ստացված շահույթի բաշխում` հաշվի առնելով Ղեկավար մարմնի առաջնորդության ներքո գտնվող Գործողությունների գլոբալ նախագծում գործունեության առաջնայնության ոլորտները.

ա) Տեղեկատվության փոխանակում.

Պայմանավորվող կողմերը համաձայնում են տրամադրել տեղեկատվություն, որը ներառում է քարտարաններ և գույքացուցակներ, տեղեկատվություն տեխնոլոգիաների և տեխնիկական արդյունքների մասին, գիտական և սոցիալ-տնտեսական հետազոտությունների մասին, այդ թվում` պարենի և գյուղատնտեսության համար այն բուսական գենետիկական ռեսուրսների հատկանիշների նկարագրման, գնահատման և օգտագործման մասին, որոնց վրա տարածվում է Բազմակողմ համակարգը: Նման տեղեկատվությունը, եթե այն գաղտնի չէ, տրամադրվում է ըստ կիրառելի օրենքի և ազգային հնարավորությունների: Նման տեղեկատվությունը տրամադրվում է սույն Համաձայնագրի բոլոր Պայմանավորվող կողմերին 17-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական համակարգի միջոցով:

բ) Տեխնոլոգիաների մատչելիությունը և դրանց փոխանցումը.

i) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են տրամադրել և/կամ դյուրացնել Բազմակող համակարգի շրջանակներում գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության, բնութագրման, գնահատման և օգտագործման համար տեխնոլոգիաների մատչելիությունը: Գիտակցելով, որ որոշ տեխնոլոգիաներ կարող են փոխանցվել միայն գենետիկական նյութի միջոցով, Պայմանավորվող կողմերը ապահովում և/կամ դյուրացնում են այնպիսի տեխնոլոգիաների և գենետիկական նյութի մատչելիությունը, որոնց վրա տարածվում է Բազմակողմ համակարգի գործունեությունը և պարենի ու գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների շնորհիվ մշակված կատարելագործված սորտերի և գենետիկական նյութի կիրառման մատչելիությունը, որոնց վրա, 12-րդ հոդվածի դրույթների համաձայն, տարածվում է Բազմակողմ համակարգը: Այդ տեխնոլոգիաների, կատարելագործված սորտերի և գենետիկական նյութի մատչելիությունը տրվում և/կամ դյուրացվում է սեփականության իրավունքներին առնչվող օրենսդրության և ազգային հնարավորություններին համապատասխան:

ii) Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների համար տեխնոլոգիաների մատչելիությունը և փոխանցումն իրականացվում են այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հարցերով մշակաբույսերի օգտագործման հարցերով թեմատիկ խմբերի կազմումն ու ապահովումը և մասնակցությունը դրանց, գործընկերության բոլոր ձևերը հետազոտության ու զարգացման և համատեղ կոմերցիոն ձեռնարկություններում` կապված ստացված նյութի, մարդկային ռեսուրսների զարգացման և հետազոտական օբյեկտների գործուն օգտագործման հետ:

iii) Վերոհիշյալ i և ii կետերում նշված տեխնոլոգիաների մատչելիությունը և դրանց փոխանցումը, ներառյալ մտավոր սեփականության իրավունքով պաշտպանվածների փոխանցումը, Պայմանավորվող կողմեր հանդիսացող երկրներին, մասնավորապես, առավել վատ զարգացած և անցումային տնտեսությամբ երկրներին, ապահովվում է և/կամ դյուրացվում են արդար և առավելագույնս բարենպաստ պայմանների վրա, առավել ևս, երբ դրանք վերաբերում են պահպանման և ագարակատերերի շահույթ ապահովող տեխնոլոգիաներին` զարգացած կամ անցումային տնտեսությամբ երկրներում, ի թիվս այլոց, զեղչային և արտոնյալ փոխադարձ համագործակցության պայմանով Բազմակողմ համակարգի շրջանակներում հետազոտությունների և մշակումների ոլորտում համագործակցության միջոցով: Նման մատչելիությունը և փոխանցումը ապահովվում են այն պայմաններով, որոնք ճանաչվում և համատեղելի են մտավոր սեփականության իրավունքների համարժեք և արդյունավետ պաշտպանության հետ:

գ) Պաշարի ստեղծում.

Հաշվի առնելով զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների կարիքները, որոնք արտահայտվում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պոտենցիալի ստեղծմանը առաջնայնություն տալու նրանց նպատակներում և ծրագրերում, եթե առկա են այնպիսի բուսական գենետիկական ռեսուրսներ, որոնց վրա տարածվում են Բազմակողմ համակարգի գործողությունները, Պայմանավորվող կողմերը համաձայնում են առաջնայնություն տալ` i) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և պարբերական օգտագործման ոլորտում գիտատեխնիկական կրթության և մշակման ծրագրերի հիմնմանն ու ամրապնդմանը, ii) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանությանն ու պարբերական օգտագործմանը նպաստող միջոցների ստեղծմանն ու ամրապնդմանը. հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում, և iii) հնարավորության դեպքում և նախընտրելիորեն զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում` գիտական հետազոտությունների պաշարի զարգացում` այդ երկրների ինստիտուտների հետ համագործակցելով, և նման հետազոտությունների պաշարի զարգացում այն ոլորտներում, որտեղ դրանք անհրաժեշտ են:

դ) Առևտրայնացումից ստացված դրամական և այլ շահույթների բաշխում.

i) Պայմանավորվող կողմերը համաձայնում են Բազմակողմ համակարգի շրջանակներում առևտրական շահույթի բաշխումն իրականացնել մասնավոր և պետական հատվածին տվյալ հոդվածում սահմանված գործունեության մեջ ներգրավելու միջոցով, գործընկերության և համագործակցության միջոցով` ներառյալ տեխնոլոգիաների մշակման ոլորտում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների մասնավոր հատվածը ներգրավելով:

ii) Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ 12-րդ հոդվածի 4-րդ կետում հիշատակված` Նյութի փոխանցման համաձայնագիրը պետք է նախատեսի այն պահանջը, որ ստացողը, որն առևտրայնացնում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներ հանդիսացող ապրանքը, և որը պարունակում է Բազմակողմ համակարգից ստացված նյութ, վճարում է 19-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված մեխանիզմի համաձայն ապրանքի առևտրայնացումից ստացված շահույթի արդար մասնաբաժինը` բացառությամբ այն բոլոր դեպքերի, երբ այդ ապրանքն առանց սահմանափակման տրամադրվում է ուրիշներին հետագա հետազոտություններ և սելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար, մինչդեռ առևտրայնացում իրականացնող ստացողին խորհուրդ է տրվում կատարել նման վճարում:

Ղեկավար մարմինն իր առաջին հանդիպման ընթացքում որոշում է վճարման չափը, ձևը և միջոցը` համաձայն առևտրային պրակտիկային: Ղեկավար մարմինը կարող է որոշում ընդունել վճարման տարբեր մակարդակներ կիրառելու վերաբերյալ այդ մթերքների առևտրայնացումն իրականացնող տարբեր կատեգորիաների ստացողների համար. նա նաև կարող է որոշում ընդունել զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների մանր ագարակատերերին այդ կարգի վճարումներից ազատելու մասին: Ղեկավար մարմինը կարող է շահույթի արդար և հավասարաչափ բաշխում ապահովելու նպատակով ժամանակ առ ժամանակ վերանայել վճարման մակարդակները, և նա կարող է նաև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` 5 տարվա ընթացքում, գնահատել, թե արդյոք անհրաժեշտ է, որ ՆՓՊ-ում սահմանված պարտադիր վճարման պահանջը կիրառվի այն դեպքերում, երբ նման առևտրայնացված մթերքները առանց սահմանափակման տրվում են մյուս կողմերի տնօրինությանը հետազոտություններ և սելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար:

13.3. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներից ստացված շահույթները, որոնք բաշխված են Բազմակողմ համակարգի շրջանակներում, լինի ուղղակի, թե անուղղակի, պետք է հասնեն բոլոր երկրների, մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ագարակատերերին, ովքեր պահպանում և պարբերաբար օգտագործում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները:

13.4. Ղեկավար մարմինն իր առաջին հանդիպման ընթացքում քննարկում է 18-րդ հոդվածի համաձայն ստեղծված` համաձայնեցված ֆինանսավորման ռազմավարության շրջանակներում հատուկ օգնության համապատասխան քաղաքականությունը և չափանիշները, որը տրամադրվում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին, որոնք ունեն նշանակալից ներդրում Բազմակողմ համակարգում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների բազմազանության ապահովման գործում և/կամ ունեն հատուկ պահանջմունքներ:

13.5. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում Գործողությունների գլոբալ նախագծի ամբողջական իրականացման հնարավորությունը էապես կախված է սույն հոդվածի արդյունավետ իրականացումից և 18-րդ հոդվածում նախատեսված ֆինանսավորման ռազմավարությունից:

13.6. Պայմանավորվող կողմերը դիտարկում են ներդրումների կամավոր բաշխման ռազմավարության իրականացման ձևերը, որի համաձայն պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներից շահույթ ստացող սննդի արդյունաբերության ձեռնարկությունները կատարում են վճարումներ Բազմակողմ համակարգին:

 

Մ Ա Ս  V

 

ՕԺԱՆԴԱԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

 

Հոդված 14. Գործողությունների գլոբալ նախագիծ

 

Ընդունելով, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված Գործողությունների գլոբալ ծրագիրը կարևոր է սույն Պայմանագրի համար, Պայմանավորվող կողմերը նպաստում են դրա արդյունավետ իրականացմանը, ներառյալ ազգային գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում` միջազգային համագործակցության միջոցով, ի թիվս այլոց` կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և տեղեկատվության փոխանակման համար` հաշվի առնելով 13-րդ հոդվածի դրույթները:

 

Հոդված 15. Գյուղատնտեսական միջազգային հետազոտությունների խորհրդատվական խմբի միջազգային կենտրոնների և այլ կառույցների տրամադրության ներքո գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ex situ բուսական հավաքածուներ

 

15.1. Պայմանավորվող կողմերը ճանաչում են սույն Պայմանագրի համար միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդատվական խմբի (ՄԳՀԽԽ) միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնների (ՄԳՀԿ) վստահելի տրամադրության տակ գտնվող բույսերի գենետիկական ռեսուրսների ex situ հավաքածուների կարևորությունը պարենի և գյուղատնտեսության համար: Պայմանավորվող կողմերը կոչ են անում ՄԳՀԿ-ին նման ex situ հավաքածուների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Ղեկավար մարմնի հետ` համաձայն հետևյալ ժամկետների և պայմանների.

ա) սույն Պայմանագրին կից 1-ին Հավելվածում թվարկված և ՄԳՀԿ տրամադրության տակ գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները պետք է մատչելի լինեն` սույն Պայմանագրի IV մասում ամրագրված դրույթների համաձայն,

բ) ՄԳՀԿ տրամադրության տակ գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք թվարկված չեն սույն Պայմանագրին կից 1-ին Հավելվածում և հավաքված են նախքան դրա ուժի մեջ մտնելը, տրամադրվում են ըստ ՆՓՊ դրույթների, որոնք ներկայումս օգտագործվում են ՄԳՀԿ-ի և ՊԳԿ-ի միջև առկա համաձայնագրերին համապատասխան: Այս ՆՓՊ-ն փոփոխության է ենթարկվում Ղեկավար մարմնի կողմից ոչ ուշ, քան մինչև իր երկրորդ նստաշրջանը` խորհրդակցելով ՄԳՀԿ-ի հետ` համաձայն սույն Պայմանագրի համապատասխան դրույթների, մասնավորապես, 12 և 13-րդ հոդվածների, հետևյալ պայմաններով`

i) ՄԳՀԿ-ն պարբերաբար, համաձայն Ղեկավար մարմնի կողմից ընդունված ժամանակացույցի, տեղեկացնում է նրան ուժի մեջ մտած ՆՓՊ-ի մասին,

ii) որևէ ՆՓՊ-ի բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերին, որոնց տարածքում in situ պայմաններում պահածոյացվել են բույսերի գենետիկական ռեսուրսներ, ըստ պահանջի, ներկայացվում են նման ռեսուրսների նմուշներ պարենի և գյուղատնտեսության վարման համար` առանց որևէ ՆՓՊ-ի,

iii) Վերոհիշյալ ՆՓՊ-ի շրջանակներում առաջացած շահույթները, որոնք կուտակվում են 19-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետում նշված մեխանիզմի միջոցով, կիրառվում են, մասնավորապես, խնդրո առարկա պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման համար, մասնավորապես, զարգացող ու անցումային տնտեսությամբ երկրների ազգային և տարածաշրջանային ծրագրերում, հատկապես բազմատեսակության կենտրոններում և առավել թույլ զարգացած երկրներում, և

iv) ՄԳՀԿ-ն համապատասխան միջոցներ է ձեռնարկում, համաձայն իր իրավասության, ՆՓՊ պայմանների հետ արդյունավետ համապատասխանություն ապահովելու համար և անհամապատասխանության դեպքերում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ղեկավար մարմնին,

գ) ՄԳՀԿ-ները ճանաչում են Ղեկավար մարմնի իրավասությունը` սույն Պայմանագրի դրույթներին ենթակա և վերջինիս տրամադրության ներքո գտնվող ex situ հավաքածուների վերաբերյալ տարվող ռազմավարությունն ապահովելու համար,

դ) գիտատեխնիկական օբյեկտները, ուր պահպանվում են ex situ հավաքածուները, մնում են ՄԳՀԿ ղեկավարության ներքո, որոնք հանձն են առնում դրանց կառավարումը և տնօրինումը՝ համաձայն միջազգային չափանիշների, մասնավորապես, պարենի և գյուղատնտեսության համար գենետիկ ռեսուրսների վարման համար ՖԱՕ-ի հանձնախմբի կողմից հաստատված գենային բանկերի չափորոշիչների,

ե) ՄԳՀԿ հայցի դեպքում Քարտուղարը ձգտում է ապահովել համապատասխան տեխնիկական աջակցություն,

զ) Քարտուղարը իրավասու է ցանկացած պահի մուտք գործել օբյեկտներ, ինչպես նաև տեսչական ստուգման ենթարկել դրանցում իրականացվող գործողությունները, որոնք անմիջականորեն կապված են սույն հոդվածով կարգավորվող նյութի պահպանության և փոխանակման հետ,

է) Եթե ՄԳՀԿ տնօրինության տակ գտնվող ex situ հավաքածուների ստեղծմանը խոչընդոտում կամ սպառնում է որևէ իրադարձություն, ներառյալ ֆորսմաժորային իրավիճակները, Քարտուղարը, ընդունող երկրի համաձայնությամբ և ըստ հնարավորության, նպաստում է դրանց լիկվիդացմանը կամ փոխանցմանը:

15.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ապահովել 1-ին Հավելվածում նշված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիություն Բազմակողմ համակարգի շրջանակներում ՄԳՀԽԽ-ի այն ՄԳՀԿ-ներին, որոնք սույն Պայմանագրին համապատասխան համաձայնագիր են ստորագրել Ղեկավար մարմնի հետ: Նման կենտրոնները ընդգրկվում են Քարտուղարի կողմից կազմվող ցուցակում՝ Պայմանավորվող կողմերին, ըստ նրանց հայտի, տրամադրելու համար:

15.3. Նյութը, որը այլ է, քան 1-ին Հավելվածում ներառվածներն են, որոնք սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կստանան և կպահպանեն ՄԳՀԿ-ները, հատկացվում է ըստ այն պայմանների, որոնք համապատասխանում են տվյալ նյութը ստացող և նման ռեսուրսների ծագման երկրի, ինչպես նաև դրանք՝ Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի կամ կիրառվելիք իրավունքի այլ նորմերի համաձայն այդ ռեսուրսները ձեռք բերած երկրի ու ՄԳՀԿ-ների միջև փոխադարձաբար համաձայնեցված պայմաններին:

15.4. Պայմանավորվող կողմերին կոչ է արվում Ղեկավար մարմնի հետ համաձայնագիր ստորագրած ՄԳՀԿ-ներին մուտք հատկացնել դեպի պարենի արտադրության և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները` ըստ այն պայմանների, որոնք թվարկված չեն 1-ին Հավելվածում և ունեն կարևոր նշանակություն ՄԳՀԿ-ների ծրագրերի և գործունեության համար:

15.5. Ղեկավար մարմինը ձգտում է նաև սույն հոդվածում նշված նպատակների համար կնքել համաձայնագրեր այլ համապատասխան միջազգային կառույցների հետ:

 

Հոդված 16. Բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային ցանցեր

 

16.1. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների առավելագույն տարածման նպատակով` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին առնչվող միջազգային ցանցերի շրջանակներում գոյություն ունեցող համագործակցությունը խթանվում կամ զարգանում է առկա պայմանագրերի հիման վրա և սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:

16.2. Պայմանավորվող կողմերը հարկ եղած դեպքերում խրախուսում են բոլոր համապատասխան կառույցներին, ներառյալ պետական, մասնավոր, ոչ կառավարական, հետազոտական, սելեկցիոն և այլ հիմնարկները, մասնակցություն ունենալ միջազգային ցանցերում:

 

Հոդված 17. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների տեղեկատվական գլոբալ համակարգ

 

17.1. Պայմանավորվող կողմերը համագործակցում են գլոբալ տեղեկատվական համակարգ մշակելու և ուժեղացնելու համար` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող` գիտական, տեխնիկական և միջավայրային տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու համար` հիմնված գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի վրա, ակնկալելով, որ տեղեկատվության նման փոխանակումը կնպաստի օգուտների բաշխմանը` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող տեղեկատվությունը մատչելի դարձնելով բոլոր երկրներին: Տեղեկատվական գլոբալ համակարգը ստեղծելիս հայցվում է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի միջնորդության մեխանիզմը:

17.2. Նյութի պահպանվածությունն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերից տեղեկություն ստանալու հիման վրա հարկ է նախատեսել պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար բույսերի գենետիկական ռեսուրսների արդյունավետ աջակցություն` վտանգ սպառնալու մասին վաղ նախազգուշացման միջոցներ:

17.3. Պայմանավորվող կողմերը համագործակցում են ՖԱՕ-ի` Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հանձնաժողովի հետ` աշխարհում գոյություն ունեցող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների վիճակի պարբերական վերագնահատման ժամանակ` 14-րդ հոդվածում նշված Գործողությունների փոխանցիկ գլոբալ նախագծի նորացումը դյուրացնելու համար:

 

Մ Ա Ս  VI

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Ֆինանսական ռեսուրսներ

 

 18.1. Սույն Պայմանագրի կիրառման նպատակով Պայմանավորվող կողմերը նախաձեռնում են իրականացնել ֆինանսավորման ռազմավարություն` սույն հոդվածի դրույթների համաձայն:

18.2. Ֆինանսավորման ռազմավարության նպատակն է սույն Պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության, թափանցիկության և արդյունավետության բարձրացումը:

18.3. Առաջնային գործողությունների, նախագծերի ու ծրագրերի համար ֆինանսավորման կենտրոնացման նպատակով, մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում, ինչպես նաև հաշվի առնելով Գործողությունների գլոբալ նախագիծը, Ղեկավար մարմինը նման ֆինանսավորման համար պարբերաբար սահմանում է նպատակային ցուցանիշ:

18.4. Ֆինանսավորման այդպիսի ռազմավարության համաձայն՝

ա) Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ ու համապատասխան միջոցներ միջազգային մեխանիզմների, հիմնադրամների և այլ կառույցների Ղեկավար մարմիններում, որպեսզի ապահովվի սույն Պայմանագրով նախատեսված նախագծերի ու ծրագրերի իրականացման նպատակով նախատեսելի և համաձայնեցված ռեսուրսների տրամադրման առաջնայնությունն ու արդյունավետությունը:

բ) Զարգացող երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերի և անցումային տնտեսությամբ Պայմանավորվող կողմերի՝ սույն Պայմանագրով սահմանված պարտավորություններն արդյունավետ կատարելու ունակությունը կախված կլինի սույն հոդվածում հիշատակված միջոցների բաշխման արդյունավետությունից, հատկապես զարգացած երկրներ հանդիսացող կողմերի ռեսուրսներից: Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերը իրենց նախագծերում և ծրագրերում առաջնայնություն են տալիս պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ասպարեզում հնարավորություններ ստեղծելուն:

գ) Զարգացած երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերը նույնպես տրամադրում են, իսկ զարգացող երկրները և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրի իրականացման համար օգտվում են ֆինանսական ռեսուրսներից տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ խողովակներով: Նման խողովակները ներառում են 19-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետում նշված մեխանիզմը:

դ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, իր ազգային հնարավորություններին ու ֆինանսական ռեսուրսներին համապատասխան, ընդունել պարտավորություններ և հատկացնում է ֆինանսական ռեսուրսներ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման ու կայուն օգտագործման ուղղությամբ` ազգային գործունեություն ծավալելու նպատակով: Հատկացվող ֆինանսական ռեսուրսները չեն օգտագործվում սույն Պայմանագրին չհամապատասխանող նպատակներով, մասնավորապես այն ոլորտում, որը կապված է հումքային ապրանքների միջազգային առևտրի հետ:

ե) Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի իրականացման արդյունքում ստացված շահույթները հանդիսանում են ֆինանսավորման ռազմավարության մի մասը:

զ) Կամավոր մուծումներ կարող են ստացվել նաև Պայմանավորվող կողմերից, մասնավոր հատվածից, 13-րդ հոդվածի դրույթները հաշվի առնելով, ոչ կառավարական կազմակերպություններից և այլ աղբյուրներից: Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ Ղեկավար մարմինը սահմանում է նման մուծումներին աջակցելու նպատակով ռազմավարության իրականացման ձևերը:

18.5. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ առաջնայնությունը տրվում է ագարակատերերի համար համաձայնեցված նախագծերի ու ծրագրերի իրականացմանը զարգացող, հատկապես առավել թույլ զարգացած, ինչպես նաև անցումային տնտեսությամբ երկրներում, որոնք պահպանում ու կայուն օգտագործում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները:

 

Մ Ա Ս  VII

 

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19. Ղեկավար մարմին

 

19.1. Սույնով հաստատվում է սույն Պայմանագրի Ղեկավար մարմին, որի կազմի մեջ մտնում են բոլոր Պայմանավորվող կողմերը:

19.2. Ղեկավար մարմնի բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եթե միայն կոնսենսուսով նախատեսված չէ որոշումների ընդունման համար այլ մեթոդ, բացառությամբ 23-րդ և 24-րդ հոդվածների, որոնք միշտ պահանջում են կոնսենսուս:

19.3. Ղեկավար մարմնի գործառույթը սույն Պայմանագրի լրիվ իրականացմանն աջակցելն է` պահպանելով նրա նպատակները, մասնավորապես`

ա) ապահովել ռազմավարական ուղղություն և կողմնորոշող ցուցումներ` սույն Պայմանագրի իրականացումը դիտարկելու համար, և ընդունել այնպիսի հանձնարարականներ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի և, մասնավորապես, Բազմակողմ համակարգի գործառության համար,

բ) ընդունել նախագծեր և ծրագրեր սույն Պայմանագրի իրականացման համար,

գ) 18-րդ հոդվածի դրույթների համաձայն` իր առաջին նստաշրջանում ընդունել և պարբերաբար վերանայել սույն Պայմանագրի իրականացման համար ֆինանսավորման ռազմավարությունը,

դ) ընդունել սույն Պայմանագրի բյուջեն,

ե) անհրաժեշտ միջոցների առկայությունից կախված` քննարկել և հաստատել պահանջվող օժանդակող մարմինները, ինչպես նաև` նրանց համապատասխան մանդատներն ու կազմը,

զ) անհրաժեշտության դեպքում ստեղծել համապատասխան մեխանիզմ, ինչպիսին է Նպատակային հաշիվը, որի միջոցով ստացվում և օգտագործվում են ֆինանսական ռեսուրսները, որոնք կուտակվում են այդ հաշվի վրա` սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելու համար,

է) միջազգային այլ համապատասխան կազմակերպությունների և պայմանագրային մարմինների, ներառյալ, մասնավորապես, Կենսաբանական բազմազանության Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովի հետ հաստատել և զարգացնել համագործակցություն այն հարցերի շուրջ, որոնց վրա տարածվում է սույն Պայմանագիրը, ներառյալ նրանց մասնակցությունը ֆինանսավորման ռազմավարությանը,

ը) քննարկել և ընդունել, եթե անհրաժեշտ է, փոփոխություններ սույն Պայմանագրում` 23-րդ հոդվածի դրույթների համաձայն,

թ) քննարկել և ընդունել, եթե անհրաժեշտ է, փոփոխություններ սույն Պայմանագրի Հավելվածներում` համաձայն 24-րդ հոդվածի դրույթների,

ժ) քննարկել ռազմավարության իրականացման ձևերը կամավոր անդամավճարները խթանելու համար, մասնավորապես այն, ինչ վերաբերում է 13-րդ և 18-րդ հոդվածներին,

ժա) տրամադրել այնպիսի այլ գործառույթներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Պայմանագրի նպատակներին հասնելու համար,

ժբ) ի գիտություն ընդունել Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների և պայմանագրային մարմինների համապատասխան որոշումները,

ժգ) ըստ անհրաժեշտության` տեղեկացնել Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովին և այլ միջազգային կազմակերպություններին ու պայմանագրային մարմիններին սույն Պայմանագրի իրականացման հետ կապված հարցերի մասին, և

ժդ) հաստատել ՄԳՀԿ-ի և 15-րդ հոդվածում նշված այլ միջազգային հաստատությունների համաձայնագրերի պայմանները, ինչպես նաև վերանայել և փոփոխություններ կատարել 15-րդ հոդվածում նշված ՆՓՊ-ում:

19.4. Պահպանելով 19-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ունի մեկ ձայն և կարող է ներկայացվել Ղեկավար մարմնի նիստերին մեկ պատվիրակով, որին կարող են ուղեկցել տեղակալը, ինչպես նաև փորձագետները և խորհրդատուները: Տեղակալը, փորձագետները և խորհրդատուները կարող են մասնակցել Ղեկավար մարմնի աշխատանքներին, սակայն չեն կարող քվեարկել` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պատշաճորեն լիազորված են փոխարինելու պատվիրակներին:

19.5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված գործակալությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմ չհանդիսացող ցանկացած պետություն Ղեկավար մարմնի նիստերին կարող է ներկայացված լինել դիտորդի կարգավիճակով: Ցանկացած այլ մարմին կամ գործակալություն, լինի այն կառավարական, թե ոչ կառավարական, որը մասնագիտացած է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման բնագավառում, և որը տեղեկացրել են Քարտուղարին Ղեկավար մարմնի նիստերին դիտորդի կարգավիճակով ներկա գտնվելու ցանկության մասին, կարող են նույնպես մասնակցել դրանց, եթե դրան չի առարկում ներկա Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդի թույլտվությունը և մասնակցությունը ենթակա են Ղեկավար մարմնի կողմից ընդունված կանոնակարգին:

19.6. Պայմանավորվող կողմ հանդիսացող` ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունը և այդ անդամ կազմակերպության մասնակից պետությունները, որոնք հանդիսանում են Պայմանավորվող կողմեր, որը համարվում է և այդ անդամ կազմակերպության անդամ պետությունները, իրականացնում են իրենց անդամության իրավունքները և կատարում են իրենց անդամության պարտականությունները` համաձայն mutatis mutandis, ՊԳԿ-ի կանոնադրության և Ընդհանուր կանոնների:

19.7. Ղեկավար մարմինն ընդունում և, եթե անհրաժեշտ է, փոփոխում է իր իսկ կողմից ընդունված կանոնակարգի կանոնները, ինչպես նաև` ֆինանսավորման կանոնները, որոնք չպետք է հակասեն սույն Պայմանագրին:

19.8. Ղեկավար մարմնի ցանկացած նստաշրջանին քվորումը ապահովելու համար անհրաժեշտ է Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը ներկայացնող պատվիրակների ներկայությունը:

19.9. Ղեկավար մարմինը առնվազն երկու տարին մեկ անգամ գումարում է կանոնավոր նստաշրջաններ: Այդ նստաշրջանները, որքանով հնարավոր է, անցկացվում են Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հանձնաժողովի կանոնավոր նստաշրջաններից առաջ կամ հետո:

19.10. Ղեկավար մարմնի հատուկ նստաշրջանները գումարվում են այն դեպքում, երբ դա նպատակահարմար է գտնում Ղեկավար մարմինը, կամ` Պայմանավորվող կողմի գրավոր խնդրանքով` պայմանով, որ այդ խնդրանքին կսատարի Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը:

19.11. Ղեկավար մարմինն ընտրում է իր Նախագահին և Փոխնախագահներին (որոնք միասին կազմում են Բյուրոն)` համաձայն իր կանոնակարգի կանոնների:

 

Հոդված 20. Քարտուղար

 

20.1. Ղեկավար մարմնի Քարտուղարը նշանակվում է ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենի կողմից` Ղեկավար մարմնի հավանությամբ: Քարտուղարին օգնում է այնպիսի աշխատակազմ, որն անհրաժեշտ է:

20.2. Քարտուղարը կատարում է հետևյալ գործառույթները`

ա) կազմակերպում և վարչական օժանդակություն է ցուցաբերում Ղեկավար մարմնի և ցանկացած օժանդակող մարմինների նստաշրջաններին, որոնք կարող են ստեղծվել,

բ) օգնություն է ցուցաբերում Ղեկավար մարմնին նրա գործառույթների կատարման գործում, ներառյալ կոնկրետ խնդիրների կատարումը, որոնք կարող են նրա վրա դրված լինել Ղեկավար մարմնի որոշմամբ,

գ) Ղեկավար մարմնին զեկուցում է իր գործունեության մասին:

20.3. Քարտուղարը տեղյակ է պահում բոլոր Պայմանավորվող կողմերին և Գլխավոր տնօրենին`

ա) Ղեկավար մարմնի ընդունած որոշումների մասին` ընդունման պահից սկսած` վաթսուն օրվա ընթացքում,

բ) սույն Պայմանագրի դրույթների համաձայն Պայմանավորվող կողմերից ստացված տեղեկատվության մասին:

20.4. Քարտուղարը ապահովում է Ղեկավար մարմնի նստաշրջանների փաստաթղթաբանությունը Միավորված ազգերի կազմակերպության վեց լեզուներով:

20.5. Քարտուղարը համագործակցում է այլ կազմակերպությունների և պայմանագրային մարմինների հետ, ներառյալ, մասնավորապես, Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի քարտուղարությունը, սույն Պայմանագրի նպատակներին հասնելու համար:

 

Հոդված 21. Համապատասխանություն

 

Ղեկավար մարմինն իր առաջին նիստին քննարկում և հաստատում է համագործակցության վրա հիմնված արդյունավետ ընթացակարգը և գործնական մեխանիզմները, որոնք պետք է նպաստեն սույն Պայմանագրի դրույթների համապատասխանեցմանը, իսկ անհամապատասխանության դեպքում` հարցերի քննարկմանը: Այդ ընթացակարգերը և մեխանիզմները ներառում են դիտարկում և առաջարկում են խորհրդատվություններ կամ աջակցություն, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական խորհրդատվությունները կամ իրավական աջակցությունը, մասնավորապես զարգացող երկրներին և անցումային տնտեսությամբ երկրներին:

 

Հոդված 22. Վեճերի կարգավորումը

 

22.1. Սույն Պայմանագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև վեճեր առաջանալու դեպքում շահագրգիռ Կողմերը ձգտում են վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով:

22.2. Եթե շահագրգիռ Կողմերը չեն կարող համաձայնության հասնել բանակցությունների միջոցով, նրանք կարող են համատեղ ապավինել երրորդ Կողմի բարի ծառայություններին կամ դիմել նրան` որպես միջնորդ հանդես գալու խնդրանքով:

22.3. Սույն Պայմանագրի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, Պայմանավորվող կողմը կարող է ավանդապահին ուղղել գրավոր դիմում այն մասին, որ 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն չլուծված վեճերի դեպքում, ինքը որպես վեճերի լուծման պարտադիր միջոց է համարում ներքոհիշյալ ձևերից մեկը կամ երկուսը`

ա) արբիտրաժային քննություն` համաձայն սույն Պայմանագրի 2-րդ Հավելվածի 1-ին մասում ամրագրված ընթացակարգի,

բ) վեճի հանձնում Միջազգային դատարանին:

22.4. Եթե վեճի մասնակից Կողմերը, 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, չեն ընդունել այս կամ այն ընթացակարգերից որևէ մեկը, ապա վեճը քննարկվում է համաձայնեցված ընթացակարգի հիման վրա, համաձայն սույն Պայմանագրի 2-րդ Հավելվածի 2-րդ մասի, եթե Կողմերը այլ համաձայնության չեն եկել:

 

Հոդված 23. Պայմանագրի փոփոխությունները

 

23.1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Պայմանագրում առաջարկել փոփոխություններ:

23.2. Սույն Պայմանագրին առնչվող փոփոխություններն ընդունվում են Ղեկավար մարմնի նստաշրջանի ժամանակ: Քարտուղարն առաջարկված փոփոխությունների տեքստն ուղարկում է Պայմանավորվող կողմերին դրա հնարավոր ընդունման նստաշրջանի սկզբից ոչ ուշ, քան վեց ամիս ժամանակահատվածում:

23.3. Սույն Պայմանագրի բոլոր փոփոխություններն ընդունվում են Ղեկավար մարմնի նստաշրջանին մասնակցող Պայմանավորվող կողմերի կոնսենսուսի հիման վրա:

23.4. Ղեկավար մարմնի կողմից ընդունված ցանկացած փոփոխություն Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում վավերագրերը կամ Պայմանավորվող կողմերի երկու երրորդով վավերացված, ընդունված կամ հավանություն ստացած փաստաթղթերը ի պահ հանձնելուց իննսուն օր հետո: Այնուհետև փոփոխություններն ուժի մեջ են մտնում ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար` վավերագրերն ու հավաստագրերը ի պահ հանձնելուց հետո` իննսուներորդ օրը:

23.5. Սույն հոդվածի նպատակների համար ՊԳԿ-ի անդամ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը լրացուցիչ չի համարվում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվում այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից:

 

Հոդված 24. Հավելվածներ

 

24.1. Սույն Պայմանագրի Հավելվածները համարվում են նրա անբաժանելի մասը, և սույն Պայմանագրի վրա կատարված հղումները իրենցից միաժամանակ ներկայացնում են հղում նրա ցանկացած Հավելվածին:

24.2. Սույն Պայմանագրի փոփոխություններին վերաբերող 23-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև Հավելվածների վրա կատարված փոփոխությունների վրա:

 

Հոդված 25. Ստորագրում

 

Սույն Պայմանագիրը ստորագրման համար բաց է ՊԳԿ-ի բոլոր անդամների և ցանկացած պետության համար, որը չի համարվում ՊԳԿ-ի անդամ, սակայն համարվում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ կամ ցանկացած մասնագիտացված հիմնարկի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ` 2001 թ. նոյեմբերի 3-ից մինչև 2002 թ. նոյեմբերի 4-ը` ՊԳԿ-ի գրասենյակում:

 

Հոդված 26. Վավերացում, ընդունում կամ հավանություն

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման ՊԳԿ-ի անդամների և ՊԳԿ-ի անդամներ չհանդիսացող կողմերի կողմից, որոնք նշված են 25-րդ հոդվածում: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հոդված 27. Միացում

 

Սույն Պայմանագիրը միանալու համար բաց է ՊԳԿ-ի բոլոր անդամների և ցանկացած պետության համար, որը չի համարվում ՊԳԿ-ի անդամ, սակայն համարվում է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա ցանկացած մասնագիտացված հիմնարկի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ` այն օրվանից, երբ Պայմանագիրը փակված է ստորագրելու համար: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հոդված 28. Ուժի մեջ մտնելը

 

28.1. 29-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն` Պայմանագիրն ուժի մեջ է մտնում քառասուներորդ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնելուց հետո` իննսուներորդ օրը, պայմանով, որ առնվազն քսան վավերագրեր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթեր ի պահ են հանձնվել ՊԳԿ-ի անդամների կողմից:

28.2. ՊԳԿ-ի յուրաքանչյուր անդամի և ցանկացած պետության համար, որը չի համարվում ՊԳԿ-ի անդամ, սակայն համարվում է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա ցանկացած մասնագիտացված հիմնարկի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, և որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում են դրան, 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, քառասուներորդ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քառասուներորդ փաստաթղթի ի պահ հանձնումից հետո, Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո` իննսուներորդ օրը:

 

Հոդված 29. ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունները

 

29.1. Երբ ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունն ի պահ է հանձնում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ սույն Պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը, անդամ կազմակերպությունը պետք է, ՊԳԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, ծանուցի ՊԳԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ներկայացված իր իրավասության վերաբերյալ հայտարարությունում տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին, որը կարող է պահանջվել սույն Պայմանագրին նրա միանալու լույսի ներքո: Սույն Պայմանագրի ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ՊԳԿ-ի անդամ կազմակերպությանը, որը համարվում է սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմերից մեկը, դիմել խնդրանքով` տեղեկատվություն ներկայացնել այն մասին, թե անդամ կազմակերպություններից և նրանց անդամ պետություններից որն է պատասխանատվություն կրում ցանկացած կոնկրետ գործառույթի կատարման համար, որի վրա տարածվում է Պայմանագիրը: Անդամ կազմակերպությունը այդ տեղեկատվությունը ներկայացնում է խելամիտ ժամկետում:

29.2. ՊԳԿ-ի Անդամ կազմակերպության կողմից ի պահ հանձնվող վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը չեն համարում որպես լրացուցիչ փաստաթղթեր այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել նրա անդամ պետությունների կողմից:

 

Հոդված 30. Վերապահումներ

 

Սույն Պայմանագրին որևէ վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 31. Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետություններ

 

Պայմանավորվող կողմերը խրախուսում են ՊԳԿ-ի ցանկացած անդամին կամ այլ պետություններին, որոնք չեն համարվում սույն Պայմանագրի կողմ, ընդունել սույն Պայմանագիրը:

 

Հոդված 32. Դուրս գալը

 

32.1. Ցանկացած Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ սույն Պայմանագրի` իր համար ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի անց գրավոր կարող է ծանուցել ավանդապահին Պայմանագրից իր դուրս գալու մասին: Ավանդապահն իր հերթին անմիջապես տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին:

32.2. Դուրս գալն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 33. Դադարեցումը

 

33.1. Սույն Պայմանագիրն ինքնին դադարեցնում է իր գործողությունը, եթե՝ երբ Պայմանավորվող կողմերի թիվը դուրս գալու արդյունքում նվազում է քառասունից, եթե Պայմանագրի մնացած կողմերը միաձայն այլ որոշում չեն ընդունում:

33.2. Ավանդապահը տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին, երբ Պայմանավորվող կողմերի քանակը նվազում է քառասունից:

33.3. Գործունեությունը դադարեցնելու դեպքում ակտիվների տիրապետումը կանոնակարգվում է ֆինանսական կանոններով, որոնք ընդունվում են Ղեկավար մարմնի կողմից:

 

Հոդված 34. Ավանդապահը

 

Սույն Պայմանագրի ավանդապահ է համարվում ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենը:

 

Հոդված 35. Հավասարազոր տեքստեր

 

Սույն Պայմանագրի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են:

 

Հավելված I

 

Մշակաբույսերի ցանկ, որոնց վրա տարածվում է բազմակողմ համակարգի ազդեցությունը

 

Պարենային մշակաբույսեր

 

Մշակաբույսը

Ցեղը

Ծանոթագրություն

Հացապտուղ

Artocarpus

Միայն հացապտղի

Ծնեբեկ

Asparagus

 

Վարսակ

Avena

 

Ճակնդեղ

Beta

 

Կաղամբ

Brassica և այլն

Տարածվում է հետևյալ ցեղերի վրա՝ Brassica, Armoracia, Barbarea, Camelina, Crambe, Diplotaxis, Eruca,Isatis, Lepidium, Raphanobrassica, Raphanus, Rorippa and Sinapis: Դրանց են պատկանում նաև այնպիսի յուղատու և բանջարեղենային բույսերը, ինչպիսիք են կաղամբը, կաղամբ յուղաբերը, մանանեխը, կոտեմը, ճարճրուկ ցանովի, ամսական բողկը և շաղգամը: Lepidium meyenii (maca) տեսակը չի ներառվել:

Կաժան

Cajanus

 

Սիսեռ

Cicer

 

Ցիտրուսայիններ

Citrus

Poncirus և Fortunella ցեղերը` որպես պատվաստակալ

Արմավենի` կոկոսյան

Cocos

 

Կարևորագույն

Colocasia Xanthosoma

Կարևորագույն նվիկազգիներին
պատկանում են փղականջը, ինչպես
նաև տարո, դաշին և տաննինս

Գազար

Daucus

 

Դիոսկոր

Dioscorea

 

Բաղբուկ

Eleusine

 

Ելակ

Fragaria

 

Արևածաղիկ

Helianthus

 

Գարի

Hordeum

 

Կարտոֆիլ` քաղցր

Ipomoea

 

Տափոլոռ

Lathyrus

 

Ոսպ

Lens

 

Խնձորենի

Malus

 

Մանիհոտ

Manihot

Միայն Manihot esculenta

Ադամաթզենի` դեսերտային

Musa

Բացի Musa textilis

Բրինձ

Oryza

 

Կորեկ` մարգարտյա

Pennisetum

 

Լոբի

Phaseolus

 

Ոլոռ

Pisum

 

Տարեկան

Secale

 

Կարտոֆիլ

Solanum

Այդ թվում` պալարապտուղների խումբ` բացի Solanum phureja

Սմբուկ

Solanum

Այդ թվում` melongena խումբը

Սորգո

Sorghum

 

Ցորենաշորան

Triticosecale

 

Ցորեն

Triticum և այլն

Այդ թվում` Agropyron, Elymus u Secale

Բակլա

Vicia

 

Պորտիկ` չինական

Vigna

 

Եգիպտացորեն

Zea

Բացի Zea perennis, Zea diploperennis u Zea luxurians

 

Կերեր

 

Ցեղը

Տեսակը

Կերային մշակաբույսեր

 

Astragalus

chinensis, cicer, arenarius

Canavalia

Ensiformis

Coronilla

Varia

Hedysarum

Coronarium

Lathyrus

cicera, ciliolatus, hirsutus, ochrus, odoratus, sativus

Lespedeza

cuneata, striata, stipulacea

Lotus

corniculatus, subbiflorus, uliginosus

Lupinus

albus, angustifolius, luteus

Medicago

arborea, falcata, sativa, scutellata, rigidula, truncatula

Melilotus

albus, officinalis

Onobrychis

Viciifolia

Ornithopus

Sativus

Prosopis

affinis, alba, chilensis, nigra, pallida

Pueraria

Phaseoloides

Trifolium

alexandrinum, alpestre, ambiguum, angustifolium, arvense, agrocicerum, hybridum, incarnatum, pratense, repens, resupinatum, rueppellianum, semipilosum, subterraneum, vesiculosum

 Կերային խոտեր

 

 Andropogon

Gayanus

Agropyron

cristatum, desertorum

Agrostis

stolonifera, tenuis

Alopecurus

Pratensis

Arrhenatherum

Elatius

Dactylis

glomerata

Festuca

arundinacea, gigantea, heterophylla, ovina, pratensis, rubra

Lolium

hybridum, multiflorum, perenne, rigidum, temulentum

Phalaris

aquatica, arundinacea

Phleum

pratense

Poa

Alpina, annua, pratensis

Tripsacum

Laxum

 Այլ կերային մշակաբույսեր

 

Atriplex

halimus, nummularia

Salsola

vermiculata

 

Հավելված II

 

Մ Ա Ս  I

 

Արբիտրաժ

 

Հոդված 1

 

Հայցվոր կողմը ծանուցում է Քարտուղարին այն մասին, որ վեճի մասնակից կողմերը փոխանցում են այն արբիտրաժային դատավարության` 22-րդ հոդվածի համաձայն: Ծանուցումը պարունակում է արբիտրաժային դատավարության առարկայի շարադրանքը և, մասնավորապես, սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնց մեկնաբանումը կամ կիրառումը վեճ են առաջացրել: Եթե վեճի կողմերը համաձայնության չեն գալիս վեճի առարկայի շուրջ մինչև դատարանի Նախագահի նշանակումը, ապա առարկան որոշվում է արբիտրաժային տրիբունալով: Քարտուղարը այդ կերպով ստացված տեղեկատվությունը փոխանցում է սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմերին:

 

Հոդված 2

 

1. Վիճաբանող երկու կողմերի միջև առաջացած վեճի դեպքում արբիտրաժային տրիբունալը կազմվում է երեք անդամից: Յուրաքանչյուր վիճող կողմ նշանակում է մեկ արբիտրի, և այդ երկու արբիտրները փոխադարձ համաձայնությամբ նշանակում են երրորդ արբիտրին, որը կատարում է դատարանի Նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող լինել վիճող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացի, չի կարող ունենալ իր բնակության վայրը կողմերից որևէ մեկի տարածքում, չի կարող նրանց մոտ ծառայության մեջ գտնվել կամ ինչ-որ ձևով կապ ունենալ այդ գործի հետ:

2. Երկուսից ավելի վիճաբանող կողմերի դեպքում կողմերը, որոնք ունեն ընդհանուր հետաքրքրություն, փոխադարձ համաձայնությամբ միասին նշանակում են մեկ արբիտր:

3. Ցանկացած թափուր պաշտոն լրացվում է համաձայն ընթացակարգի, որը նախատեսված է նախնական նշանակման համար:

 

Հոդված 3

 

1. Եթե երկրորդ արբիտրի նշանակումից հետո` երկու ամսվա ընթացքում, չի նշանակվում արբիտրաժային դատարանի Նախագահ, ապա, վիճող կողմերից որևէ մեկի խնդրանքով, ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենն ինքն է նշանակում նախագահ հետագա երկու ամիսների ընթացքում:

2. Եթե վիճաբանող կողմերից մեկը չի նշանակում արբիտր խնդրանքը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, մյուս կողմը կարող է այդ մասին տեղեկացնել ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենին, որը կատարում է նշանակումը հետագա երկու ամիսների ընթացքում:

 

Հոդված 4

 

Արբիտրաժային տրիբունալը իր որոշումները կայացնում է միջազգային իրավունքի նորմերին և սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 5

 

Եթե վիճաբանող կողմերը այլ համաձայնության չեն եկել, արբիտրաժային տրիբունալը որոշում է ընթացակարգի իր սեփական կանոնները:

 

Հոդված 6

 

Արբիտրաժային տրիբունալը, վեճի կողմերից մեկի խնդրանքով, կարող է առաջարկել պաշտպանության ժամանակավոր անհրաժեշտ միջոցներ:

 

Հոդված 7

 

Վիճաբանող կողմերը դյուրացնում են արբիտրաժային տրիբունալի աշխատանքը, մասնավորապես, կիրառելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները.

ա) ներկայացնում են գործին առնչվող բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը և օբյեկտները, և

բ) անհրաժեշտության դեպքում հնարավորություն են տալիս հրավիրել վկաներ կամ փորձագետներ և ծանոթանալ նրանց տված ցուցմունքներին:

 

Հոդված 8

 

Վիճաբանող կողմերը և արբիտրները պարտավոր են ապահովել ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը, որը նրանք ստանում են գաղտնի կարգով արբիտրաժային տրիբունալի դատավարության ժամանակ:

 

Հոդված 9

 

Եթե արբիտրաժային տրիբունալը չի ընդունում այլ որոշում՝ ելնելով գործի առանձնահատուկ հանգամանքներից, դատական ծախսերը հավասարապես բաշխվում են վիճող կողմերի միջև: Տրիբունալը գրանցում է իր բոլոր ծախսերը և կողմերին ներկայացնում է վերջնահաշվարկ այդ ծախսերի վերաբերյալ:

 

Հոդված 10

 

Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը վեճի առարկայի նկատմամբ ունի իրավական բնույթի շահ, և որը կարող է ազդել գործի որոշման վրա, իրավունք ունի տրիբունալի համաձայնությամբ միջամտելու գործի դատաքննությանը:  

 

Հոդված 11

 

Տրիբունալը կարող է լսել հակընդդեմ հայցեր, որոնք անմիջականորեն բխում են վեճի առարկայից, և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնել:

 

Հոդված 12

 

Արբիտրաժային տրիբունալի որոշումները, որոնք վերաբերում են ընթացակարգի հարցերին և գործի էությանը, ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 13

 

Եթե վեճի կողմերից մեկը չի ներկայանում արբիտրաժային տրիբունալ կամ չի պաշտպանում իր գործը, ապա մյուս կողմը կարող է խնդրել տրիբունալին շարունակել դատավարությունը և կայացնել որոշում: Վեճի կողմերից մեկի բացակայությունը կամ իր գործը պաշտպանելու նրա անկարողությունը խոչընդոտ չի հանդիսանում դատաքննության համար: Մինչև վերջնական որոշում կայացնելը արբիտրաժային տրիբունալը պետք է համոզված լինի, որ հարցը համարվում է փաստացիորեն և իրավաբանորեն բավականաչափ հիմնավորված:

 

Հոդված 14

 

Տրիբունալի վերջնական որոշումը կայացվում է նրա վերջնական սահմանման օրից հետո` հինգ ամսվա ընթացքում, եթե նա անհրաժեշտ չի համարում երկարացնել այդ ժամկետը ևս մեկ ժամանակաշրջանով, որի տևողությունը չպետք է գերազանցի հինգ ամիսը:

 

Հոդված 15

 

Արբիտրաժային տրիբունալի վերջնական որոշումը սահմանվում է վեճի առարկայով և ուղեկցվում է փաստարկների բացատրությամբ, որոնց վրա այն հիմնված է: Այն ներառում է այն անդամների անունները, որոնք մասնակցել են որոշման կայացմանը, ինչպես նաև նշվում է վերջնական որոշման ընդունման ամսաթիվը: Տրիբունալի ցանկացած անդամ կարող է վերջնական որոշմանը կցել առանձին կամ տարբերվող կարծիք:

 

Հոդված 16

 

Տրիբունալի որոշումը պարտադիր է վեճի կողմերի համար: Այն բողոքարկման ենթակա չէ, եթե վեճի կողմերը նախապես չեն պայմանավորվել բողոքարկման ընթացակարգի մասին:

 

Հոդված 17

 

Ցանկացած տարաձայնություն, որը կարող է առաջանալ վեճի կողմերի միջև, և որը վերաբերում է տրիբունալի վերջնական որոշման կատարման կարգին կամ մեկնաբանությանը, կարող է վիճող կողմերից որևէ մեկի կողմից փոխանցվել արբիտրաժային տրիբունալի քննությանը, որը կայացրել է այդ որոշումը:

 

Մ Ա Ս  II

 

Հաշտեցում

 

Հոդված 1

 

Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվում է վիճաբանող կողմերից մեկի խնդրանքով: Եթե կողմերը այլ համաձայնության չեն գալիս, այդ հանձնաժողովը կազմվում է հինգ անդամներից` յուրաքանչյուր շահագրգիռ կողմերի երկուական անդամից, որոնք միասին ընտրում են Նախագահ:

 

Հոդված 2

 

Եթե վիճաբանող Պայմանավորվող կողմերի թիվն ավելի է երկուսից, վիճաբանող կողմերը, որոնք ունեն ընդհանուր շահեր, փոխադարձ համաձայնությամբ միասին նշանակում են հանձնաժողովի իրենց անդամներին: Եթե վիճաբանող երկու կամ ավելի կողմերն ունեն առանձին հետաքրքրություններ, կամ երբ բացակայում է նույն շահերին վերաբերող համաձայնությունը, ապա անդամները նշանակվում են առանձին:

 

Հոդված 3

 

Եթե վիճաբանող կողմերը որևէ նշանակում չեն կատարում հաշտեցման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ խնդրանքի ներկայացման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, ապա ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենը վիճաբանող կողմերի դիմումի դեպքում կատարում է այդ նշանակումները հետագա երկու ամիսների ընթացքում:

 

Հոդված 4

 

Եթե հաշտեցման հանձնաժողովի Նախագահը չի ընտրվել հանձնաժողովի վերջին անդամի նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում, ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենը վիճող կողմերից մեկի համապատասխան դիմումի առկայության դեպքում նշանակում է Նախագահ հաջորդ երկու ամիսների ընթացքում:

 

Հոդված 5

 

Հաշտեցման հանձնաժողովն իր որոշումները կայացնում է իր անդամների ձայների մեծամասնությամբ: Նա սահմանում է իր սեփական ընթացակարգը, եթե վիաճաբանող կողմերն այլ կերպ չեն որոշում: Նա ընդունում է առաջարկ վեճի լուծման համար, որը կողմերը բարեխղճորեն ուսումնասիրում են:

 

Հոդված 6

 

Հաշտեցման հանձնաժողովի իրավասությունների վերաբերյալ տարաձայնություններ առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության համար Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հունիսի 18-ին: