ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մարտի 7-ին
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 2. |
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ |
Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է:
Հոդված 3. |
Հայաստանի Հանրապետության ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ |
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։
2. Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.
բ) ջերմամատակարարման համակարգերը.
գ) գազամատակարարման համակարգը:
(3-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 4. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքներ, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեության, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգության, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.
2) բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող և շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին.
3) գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները.
4) ենթասպառող` սպառող, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.
5) էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առք ու վաճառքի, հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների համակարգ, որը բաղկացած է մեծածախ և մանրածախ շուկաներից.
6) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան մեծածախ կամ մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, մեծածախ առևտրի, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սպառողները (ներառյալ՝ որակավորված սպառողները).
7) էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում և ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) պարտադիր գնման իրավունք, որը պաշտպանվում է սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով՝ լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը լիցենզիա ունեցող անձի կողմից փաստացի արտադրվել և առաքվել է, ինչպես նաև որը նա պատրաստ էր արտադրել և առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելու պատրաստ չլինելու պատճառով, և այդ դեպքերը, որպես բացառություն, սահմանված չեն շուկայի կանոններով.
8) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում.
9) էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարում` սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով և սակագներով սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) երաշխավորված մատակարարում.
10) էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է շուկայի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա.
11) էլեկտրաէներգիայի օր-առաջ շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվան նախորդող օրը.
12) էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում իրականացվում է հաշվեկշռող էլեկտրաէներգիայի առևտուրը.
13) ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների՝ էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն).
13.1) ինքնավար խումբ՝ ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) և սպառողի (սպառողների) խումբ.
14) լիցենզիա` հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով և լիցենզիայով նախատեսված դեպքերում՝ նաև պարտականությունը.
15) լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
16) խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.
17) կարգավարում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որը կապահովի սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.
18) հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) են բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում են երրորդ երկիր.
19) համակարգային ծառայություններ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռք բերվող ծառայություններ.
20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունն իրական ժամանակում՝ միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով.
20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն.
21) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
22) մատակարարման և օգտագործման կանոններ` հանձնաժողովի հաստատած կարգավորման փաստաթղթեր, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու սպառողների կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.
23) միացում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի և հանձնաժողովի սահմանած միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին.
23.1) միկրոէներգաարտադրող՝ մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
24) շուկայի կանոններ` հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները.
25) որակավորված սպառող՝ սեփական դիմումի հիման վրա հանձնաժողովի հաստատած՝ շուկայի կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող (ենթասպառող)՝ շուկայի կանոններով սահմանված առանձնահատկություններով.
26) սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար.
27) սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.
28) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
29) տարանցում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին:
(4-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն, 19.06.13 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-98-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 17.01.23 ՀՕ-6-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ) էներգետիկայի բնագավառի գործունեության կարգավորումը.
գ) տնտեսական գործունեության, պետական կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը.
դ) սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.
ե) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը.
զ) էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.
է) էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.
ը) էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.
թ) հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը.
ժ) շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.
ժա) գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.
ժբ) էներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման խթանումը.
ժգ) խոցելի սպառողների շահերի պաշտպանությունը.
ժդ) հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի և միացման երաշխավորումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական կառավարման և կարգավորող մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում պետական քաղաքականություն իրականացնելիս ղեկավարվում են սույն հոդվածով սահմանված սկզբունքներով:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 5.1. | Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը |
1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում է էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն էներգետիկայի բնագավառում՝
ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններն ու պահանջները.
գ) համագործակցում է հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
դ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
ե) համաձայնություն է տալիս հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
զ) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին.
է) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.
ը) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.
թ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:
(5.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 6. |
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ |
1. Միջուկային տեղակայանքները և միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը և նոր կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո: Ատոմային էլեկտրակայանները և ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:
Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և մասնավորեցման ենթակա չեն:
2. Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման կազմակերպական, իրավական և տեխնիկական համակարգերի ձևավորումն ու դրանց գործունեության վերահսկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինները: Միջուկային էներգետիկայի, շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության և անվտանգության հարցերը կարգավորվում են միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Միջուկային էլեկտրակայանների կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի արտադրության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով:
(6-րդ հոդվածը խմբ. 31.05.06 ՀՕ-118-Ն)
Հոդված 7. |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Նոր արտադրական հզորությունների, հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերի և տեղակայանքների կառուցման կամ գործող տեղակայանքների վերակառուցման (ընդլայնման) համար պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները տրամադրվում են առաջնահերթության իրավունքով և օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հասարակական ծառայությունների մատուցման համար դրանց կառուցումը (վերականգնումը) նվազագույն ծախսումներով իրականացնելու հիմնավորումը: Օդային և մալուխային գծերի, բնական գազի և ջերմային ցանցերի կառուցման համար տրամադրված ուղիները և դրանց անվտանգության գոտիները պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջները:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված անձանց առկա էներգատեղակայանքների (արտադրող կայաններ, մալուխներ, օդային գծեր, ենթակայաններ, գազակարգավորիչ հանգույցներ, գազատարներ և ջերմատարներ և այլն) անվտանգության գոտիների և կառույցների համար օգտագործված պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ սահմանվում է անվճար հարկադիր սերվիտուտ:
3. Էներգատեղակայանքի վերացման դեպքում նրա սեփականատերը պարտավոր է վերականգնել կամ բարեկարգել զբաղեցրած տարածքը` օրենքով սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ. 10.12.21 ՀՕ-382-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 8. |
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և լիցենզիա ունեցող անձանց շահերը, լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը՝ երաշխավորելով սպառողների իրավունքները:
(8-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 9. |
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 10. |
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Կարգավորման հիմնական միջոցներն են`
ա) գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների սահմանումը և դրանց վերահսկումը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
գ) սակագների սահմանումը.
դ) լիցենզիա ունեցող անձանց միջև, ինչպես նաև սպառողների հետ կնքվող էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը.
ե) շուկայի կանոնների և կարգերի սահմանումը.
զ) կարգավորող մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում իրավական ակտերի սահմանումը, կատարման վերահսկողությունը.
է) սպասարկման որակի նկատմամբ պահանջների սահմանումը.
ը) համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
թ) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացումը:
(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 11. |
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 12. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 13. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 14. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 15. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 16. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հանձնաժողովն իրավասու է`
ա) սահմանելու էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.
բ) սահմանելու սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի, երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագները, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները.
գ) իր սահմանած կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնելու լիցենզավորում՝ տրամադրելու լիցենզիաներ, երկարաձգելու դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպելու, կասեցնելու և դադարեցնելու դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանելու լիցենզիաների պայմանները, վերահսկելու դրանց կատարումը և կիրառելու սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.
դ) հաստատելու լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը.
ե) սահմանելու ջերմային էներգիայի, ինչպես նաև բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները.
զ) հաստատելու շուկայի կանոնները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ.
է) սահմանելու լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր սահմանած կարգով գրանցելու էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև ներկրման և արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 17.1-ին հոդվածի համաձայն.
ը) սահմանելու լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող՝ էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովելու դրանց ներդրումը.
թ) կազմակերպելու քննարկումներ՝ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ և (կամ) տալու պարզաբանումներ.
ժ) սույն օրենքի, հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր սահմանած կարգով իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում).
ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջելու բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.
ժբ) սահմանելու լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները.
ժգ) սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունները ներկայացնելու համար.
ժդ) համաձայնություն տալու լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
ժե) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը և մեկնաբանումը.
ժզ) համագործակցելու էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
ժէ) հաստատելու լիցենզիա ունեցող անձանց մշակած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ.
ժը) հաստատելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ.
ժթ) սահմանելու լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ.
ի) հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք և պարտավորություն տալու էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.06.14 ՀՕ-98-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 18.11.21 ՀՕ-365-Ն, լրաց. 17.01.23 ՀՕ-6-Ն)
Հոդված 17.1 | Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը) |
1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. (մասը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործել է մինչև սույն Օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը)
3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքվող պայմանագրերը ներկայացվում են էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին և հաշվառվում նրա կողմից՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
(17.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
(07.02.18 ՀՕ-100-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18. |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 19. |
ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 20. |
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»:
2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ` «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը:
3. Հանձնաժողովի անդամներն ու աշխատողները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:
4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:
5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտելու սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունները՝
ա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում.
բ) հանձնաժողովի պահանջով՝ հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման շրջանակում.
գ) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որ բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով.
դ) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:
6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:
(20-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-55-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 21. |
Սակագների ՁևԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Սակագների ձևավորման սկզբունքներն են`
ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.
բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
դ) սպառման ծավալով, պատվիրված հզորությամբ, տարվա եղանակով, օրվա ժամերով, միացման պայմաններով, ծառայությունների տեսակներով, ինչպես նաև խոցելի սպառողներ լինելու հանգամանքով պայմանավորված սակագների տարբերակումը.
ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ` հիմնավորված ծախսերի ներառումը.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.
ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը.
թ) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.
ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած հիմնավորված լրացուցիչ ծախսերի կամ ստացած լրացուցիչ օգուտների ներառումը սակագնում.
ժբ) լիցենզավորված գործունեության համար սահմանվող սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսերը չներառելը:
2. Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանելու, պետություն-մասնավոր գործընկերության գործարքները խրախուսելու և սպառողների սակագների վրա հնարավոր բացասական ազդեցություններն էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերին համահունչ մեղմելու նպատակով լիցենզավորված անձանց համար հանձնաժողովը կարող է կիրառել հաստատուն սակագներ կամ սակագնային կարգավորման այլ ձևեր ու մեխանիզմներ:
(21-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-365-Ն)
Սակագների ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է հանձնաժողովը:
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները.
բ) սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխելու լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը:
3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր:
3.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված գնման երաշխիքի ժամկետը լրացած, ինչպես նաև նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գնման երաշխիք չունեցող կայանների համար հանձնաժողովը սակագին չի սահմանում:
4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի սահմանման (վերանայման) հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):
6. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Երաշխավորված մատակարարի կողմից ավելի ցածր սակագին կիրառվելու դեպքում այն ենթակա է կիրառման տվյալ սպառողական խմբի բոլոր սպառողների նկատմամբ: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:
8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը` հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:
(22-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-92-Ն, 19.06.13 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 23. |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ |
1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝
ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.
բ) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը կամ բնական գազի փոխադրումը.
գ) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը.
դ) էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը.
ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը.
զ) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունը.
է) Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուրը.
ը) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը:
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի տված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, սույն օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը:
2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:
Կարգավորման ենթակա չեն՝
ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.
գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) միկրոէներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում.
ե) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:
(23-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ. 12.05.16 ՀՕ-68-Ն, խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն, խմբ. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Գործունեության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է հանձնաժողովը:
2. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
2.1. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-248-Ն)
3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է հանձնաժողովը:
4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու պահից` հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրը), քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:
5. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
(24-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-233-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-248-Ն)
(17.04.20 ՀՕ-233-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.06.21 ՀՕ-248-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 25. |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Գործունեության լիցենզիայի պայմանները սահմանում է հանձնաժողովը:
Հոդված 26. |
Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք հանձնաժողով են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցվելու, լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքում երաշխիքային գումարը հանձնաժողովի սահմանած կարգով և չափով ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձը նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացրել, ներկայացրած երաշխիքի գործողության ժամկետը լրացել է, և (կամ) դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-365-Ն)
Հոդված 27. |
Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
2. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
3. Սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում է կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, ինչպես նաև համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում հանձնաժողովի սահմանած կարգի պահանջներին, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների դեպքում նաև, եթե դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում են կամ կարող են վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը:
4. Սույն հոդվածի 1-2-րդ կետերի դրույթները չեն տարածվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե նրանք չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում:
5. Առանց սույն հոդվածում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է։
(27-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ., լրաց. 18.11.21 ՀՕ-365-Ն)
Հոդված 28. |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է`
ա) իր գործունեությունն իրականացնել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերին ու գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին համապատասխան.
ա1) արտադրության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, իսկ այդ մասին իրեն հայտնի չլինելու դեպքում այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տեղեկացնել հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը.
ա2) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տեղեկացնել հանձնաժողովին.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
ե) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների էներգատեղակայանքների և գծերի մատչելիությունը հանձնաժողովի և օրենքով սահմանված այլ մարմինների ներկայացուցիչների համար.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
է) լիցենզիայի պայմաններին համապատասխան իրականացնել տեխնիկական (ներառյալ` տեխնոլոգիական կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի, սեփական կարիքների համար անհրաժեշտ էներգիայի կամ բնական գազի ծախսի և այլն) և (կամ) ֆինանսական աուդիտ` անկախ փորձագետների ներգրավմամբ.
ը) սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրերը` ապագա սակագներում ներդրումների ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
թ) հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, վառելիքի տեսակարար ծախսերի, սեփական կարիքների համար օգտագործվող էներգիայի, բնական գազի և սակագնի տարր կազմող այլ մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.
ժ) իրականացնել սույն օրենքով ամրագրված մյուս պարտավորությունները:
2. Լիցենզավորված անձի կողմից իրականացվող տնտեսական այլ գործունեությունը պետք է վարվի լիցենզավորված գործունեությունից առանձին՝ առանձնացված հաշվառմամբ, և չպետք է վտանգի լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-365-Ն)
Հոդված 28․1․ | Լիցենզավորված անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք ներկայացնելը |
(28.1-ին հոդվածն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-248-Ն)
(03.06.21 ՀՕ-248-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողով` վերջինիս կողմից սահմանված ձևերով և կարգով: Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտավոր է վարել առանձնացված հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
(29-րդ հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 30. |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լիցենզիա ունեցող անձի դիմումի ընդունումը և քննարկումը կատարվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիայի փոփոխությունները կատարվում են գործունեության լիցենզիա ունեցող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:
3. (կետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 30.1 | Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը |
1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում, ինչպես նաև հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան երաշխիք չներկայացնելու դեպքում:
2. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում.
ա) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար, կամ հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
բ) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել.
դ) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա.
ե) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում)՝ պետական իրավասու մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ համապատասխան պայմանագրի գործողության դադարեցման հիմքով:
(30.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.11.21 ՀՕ-365-Ն)
Հոդված 31. |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 32. |
Բնական գազի արտահանման և ներկրման լիցենզիաները |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն հանձնաժողովի սահմանած կարգի:
2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին այն վաճառելու իրավունք` համաձայն հանձնաժողովի սահմանած կարգի:
(32-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 33. |
Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիան |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու և արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիան կարող է արտահանվել միայն ներքին սպառման պահանջարկի բավարարումից հետո, որը հաստատում է էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
2. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:
(33-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-98-Ն, 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 34. |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-86-Ն)
Հոդված 35. |
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ |
1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ այդ կամ սեփական կարիքի բավարարման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:
1.1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել երաշխավորված մատակարարին, այլ մատակարարներին և որակավորված սպառողներին՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել չկարգավորվող գներով:
1.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի շրջանակում փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում տասնհինգ տարվա ընթացքում, իսկ էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրակայանների դեպքում քսան տարվա ընթացքում տվյալ կայանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է գնման (օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիք), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքի: Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվելու դեպքում լիցենզավորված անձն իրավունք չունի հետագայում հրաժարվելու դրանից: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
1.3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձը և բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող անձն ունեն էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու իրավունք՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում:
1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետևյալ գործառույթներով.
1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուր,
2) շուկայի կանոնների համաձայն՝ գնել էլեկտրական էներգիա (հզորություն) և վաճառել էլեկտրական էներգիա էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,
3) շուկայի կանոնների համաձայն՝ արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,
4) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:
1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:
2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու), ջերմային էներգիա արտադրելու և հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:
3. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են՝ հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝
ա) մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի.
բ) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:
5. Վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք կարող է տրվել նաև, երբ, անկախ այդ կայանի համար սույն հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը կամ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվում է սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող:
(35-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն, 17.01.23 ՀՕ-6-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 36. |
ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ |
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու), ինչպես նաև կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:
2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է հանձնաժողովի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) կամ ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:
4. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է հանձնաժողովի սահմանած կարգով լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), արտադրողից ջերմային էներգիա ստանալու կամ գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը, պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին միևնույն լիցենզիայով:
(36-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 37. |
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ |
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետևյալ բացառիկ գործառույթներով.
ա) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում և կարգավարում.
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.
գ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.
դ) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, համագործակցելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները և ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը։
3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները:
3.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
4. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:
5. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապահովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման հուսալիությունն ու անվտանգությունը:
(37-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 38. |
ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ |
1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու), կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք: Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման):
2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, համագործակցելով լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը:
3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
(38-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 38.1 | Մատակարարման լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) մեծածախ շուկայում գնելու և (կամ) ներկրելու իրավունք, և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան՝ այն վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին, իսկ ավելցուկը՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
2. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:
(38.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 38.2 | Երաշխավորված մատակարարը |
1. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:
2. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, իսկ ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
3. Երաշխավորված մատակարարի և սպառողների միջև կնքվող մատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեն հանձնաժողովի սահմանած պարտադիր պայմաններին (օրինակելի ձևերին):
4. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:
(38.2-րդ հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 39. |
Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիան |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն հետևյալ բացառիկ գործառույթներով.
ա) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում.
բ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում.
գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում.
դ) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում.
ե) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունք:
2. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, համագործակցելով այլ լիցենզավորված անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային (մեծածախ և մանրածախ) կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը:
3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում:
(39-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.1
(գլուխը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Հոդված 39.1. | Ընդհանուր սկզբունքները |
1. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաներում՝ կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրի մասնակիցներին ծառայություններ են մատուցում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, ինչպես նաև հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը:
3. Էլեկտրաէներգետիկական շուկայում չեն կարգավորվում՝
ա) մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները (բացառությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության).
բ) մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնվող և վաճառվող (ներառյալ՝ ներկրվող և արտահանվող) էլեկտրական էներգիայի գները.
գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը:
(39.1-ին հոդվածը փոփ. 17.01.23 ՀՕ-6-Ն)
Հոդված 39.2. | Էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրի մասնակիցները |
1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մեծածախ առևտրի, մատակարարման, երաշխավորված մատակարարման, հաղորդման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև միկրոէներգաարտադրողները և որակավորված սպառողները:
2. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինքնավար էներգաարտադրողները և սպառողները (բացառությամբ որակավորված սպառողների):
3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և շուկայի առևտրի մասնակիցների փոխհարաբերությունները սահմանվում են շուկայի կանոններով:
(39.2-րդ հոդվածը խմբ. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 39.3. | Որակավորված սպառողները |
1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և (կամ) ներկրելու և դրա ավելցուկը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք:
2. Որակավորված սպառողը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Սպառողների որակավորման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա նրանց պարտադիր մուտքի պայմանները սահմանում է հանձնաժողովը՝ շուկայի կանոններով:
Հոդված 39.4. | Մեծածախ շուկան |
1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքի պահանջներին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա վաճառելու և գնելու, ինչպես նաև էլեկտրական էներգիա ներկրելու:
2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքի պահանջներին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի արտահանելու էլեկտրական էներգիա՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո:
3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան ներառում է էլեկտրական էներգիայի և հզորության շուկաները:
4. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հզորությունների առևտուրն իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով և ներառում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պատվիրած հզորությունները:
5. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի, իսկ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում՝ նաև էլեկտրաէներգիայի օր-առաջ և էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկաներում:
6. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում շուկայի մասնակիցների միջև առևտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
Հոդված 39.5. | Մանրածախ շուկան |
1. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկան ներառում է մատակարարների և (կամ) երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին (բացառությամբ որակավորված սպառողների) էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ հանձնաժողովի սահմանած կանոնների համաձայն:
2. Սպառողն իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրելու մատակարար և շուկայի կանոնների համաձայն՝ փոխարինելու վերջինիս:
Հոդված 39.6. | Շուկայի առևտրային և ցանցային կանոնները |
1. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնները բաղկացած են մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններից:
2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանվում են՝
ա) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառուցվածքը.
բ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության սկզբունքները.
գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների գրանցման կարգը.
դ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները.
ե) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կանոնները.
զ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հայտերի և առաջարկների ներկայացման կանոնները.
է) ուղիղ պայմանագրերի, օր-առաջ և հաշվեկշռման շուկաների գործունեության կարգը.
ը) էլեկտրաէներգիայի, հզորության, համակարգային ծառայությունների հաշվառման ու վճարման կարգը.
թ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները.
ժ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
3. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանվում են՝
ա) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության սկզբունքները.
բ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները.
գ) էլեկտրաէներգիայի մատակարարման և մատակարարման երաշխավորված ծառայություններին ներկայացվող պահանջները.
դ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին ներկայացվող պահանջները.
ե) սպառողների կողմից մատակարարներին փոփոխելու կարգը.
զ) սպառած էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ու վճարման կարգը.
է) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման ու անճշտության հայտնաբերման դեպքում՝ մատակարարի ու սպառողի փոխհարաբերությունները.
ը) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները.
թ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից:
5. Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են՝
ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորումը.
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը.
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը.
դ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը.
ե) էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.
զ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
6. Էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով սահմանվում են՝
ա) բաշխման ցանցի զարգացման պլանավորումը.
բ) բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը.
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը.
դ) բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաև նոր հզորությունների միացումը.
ե) բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.
զ) բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:
Գ Լ ՈՒ Խ 6.
(գլուխը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 40. |
Էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի կազմակերպումը |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը և հանձնաժողովը էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման և տարանցման ապահովման նպատակով մշտապես կատարելագործում են էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքն ու կանոնները և համագործակցում այլ երկրների հետ:
2. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը և տարանցումը պետք է իրականացվեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով՝ նպատակ ունենալով բարձրացնել էլեկտրաէներգետիկական շուկայի արդյունավետությունը:
3. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրն իրականացվում է սույն օրենքի համաձայն՝ էլեկտրաէներգիայի ներկրման և (կամ) արտահանման իրավունք ունեցող անձանց կողմից: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը սույն օրենքով և շուկայի կանոններով սահմանված կարգով համակարգում են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը, ինչպես նաև տարանցումը:
4. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը կարող է իրականացվել ինչպես օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի կնքման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այլ երկրների էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկաների հետ զուգակցելու միջոցով: Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այլ երկրների հետ զուգակցելու պայմանները և առք ու վաճառքի կանոնները որոշվում են համապատասխան պայմանագրերով:
5. Շուկայի կանոններով սահմանված կարգով օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիա տարանցելու իրավունք ունեն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, հաղորդման, ինչպես նաև բաշխման (եթե տարանցվող էլեկտրական էներգիան անցնում է նաև բաշխման ցանցով) լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Հոդված 41. |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 42. |
Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը |
(վերնագիրը խմբ. 18.11.21 ՀՕ-365-Ն)
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։
2. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացում:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից քառասուն միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում:
5. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ հինգ միլիոն դրամից տասը միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
6. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանն առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
7. Կայանի կառուցման ժամանակահատվածում էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի), գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի հաղորդման կամ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի, մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող կայաններում էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելն առաջացնում է նախազգուշացում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամից երկու միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտի պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված այլ վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում:
10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
11. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից մեկուկես միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
12. Եթե գործունեության լիցենզիա ունեցող անձի չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պահանջը միաժամանակ սահմանված է և՛ սույն օրենքում, և՛ հանձնաժողովի իրավական ակտում, ապա գործունեության լիցենզիա ունեցող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։
(42-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-129-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, խմբ., լրաց. 18.11.21 ՀՕ-365-Ն)
Հոդված 43. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-92-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 44. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 45. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Հոդված 46. |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 47. |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ |
1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը կամ երաշխավորված մատակարարը պարտավորվում է մատակարարել էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար՝ այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցում է խախտողը` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:
3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:
4. Եթե էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազն սպառվում է առանց մատակարարման պայմանագրի (ապօրինի սպառում), ապա բաշխման լիցենզիա ունեցող անձն անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Մատակարարված էներգիան և բնական գազը խոցելի սպառողներն իրավունք ունեն օգտագործելու բացառապես կենցաղային կարիքները բավարարելու նպատակով:
6. Էլեկտրաէներգետիկայի բնագավառում խոցելի սպառողների էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացնում է միայն երաշխավորված մատակարարը:
7. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն է տրամադրում հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի և բնական գազի մատակարարման հատուկ սակագներ և պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաև խոցելի սպառողներին էներգիա և բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ նրանց հաշվառելու նպատակով:
(47-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան և բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումն սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում):
(48-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 17.01.23 ՀՕ-6-Ն)
Հոդված 49. |
ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ |
1. Լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մշակում են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրեր, որոնք պետք է արտացոլեն նաև որոշակի սպառողների էներգամատակարարման առաջնահերթության պայմանները: Նման սպառողների ցանկը ամեն տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր ցանկը չսահմանվելու դեպքում կիրառվում է նախորդ տարվա ցանկը: Այդ ծրագրերը քննարկվում և հաստատվում են համատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից:
2. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի, հանձնաժողովի և կառավարման ու ինքնակառավարման տեղական մարմինների հետ` բոլոր սպառողներին տեղեկացնելով էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին:
Հոդված 50. |
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել էներգետիկայի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար:
Հոդված 51. |
Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքը |
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Ցանկացած անձ իրավունք ունի իր նոր կամ վերակառուցված սպառման համակարգը կամ կայանը ոչ խտրական պայմաններով միացնել էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ընդունված տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի և հանձնաժողովի սահմանած միացման կանոնների:
2. Անձն իր սպառման համակարգը կամ կայանն էլեկտրական, ջերմային կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին միացնելու համար հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով վճարում է միացման վճար: Միացման վճարը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև կամ որոշվել անհատական կարգով՝ յուրաքանչյուր նոր միացվող սպառման համակարգի կամ կայանի համար:
3. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգի կամ կայանի միացումն էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին կարող է ազդել նշված համակարգի հուսալիության և անվտանգության վրա, ապա այդպիսի միացումներն իրականացվում են էլեկտրաէներգետիկական կամ գազամատակարարման համակարգի օպերատորի համաձայնությամբ՝ հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով:
4. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգը կառուցվել է գործող էներգակայանքների անվտանգության գոտիներում, ապա այդ էներգակայանքների տեղափոխման ծախսերը կրում է տվյալ տարածքի սեփականատերը:
5. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) կամ բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են շուկայի կանոնների և պայմանագրերի հիման վրա ապահովել համապատասխանաբար իրենց հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերին ցանկացած անձի ոչ խտրական մուտքի իրավունքը, ինչպես նաև իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել) կամ բաշխել սպառողի կամ այլ անձանց էլեկտրական էներգիան կամ բնական գազը` հանձնաժողովի սահմանած սակագնով:
(51-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-382-Ն)
Հոդված 52. |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու կամ անձին լիցենզիայից զրկելու դեպքերում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը, մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան: Այդ որոշումը չկատարելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները:
2. Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար: Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել հանձնաժողով` նոր լիցենզիա ստանալու համար:
3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում գործունեության նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա օտարում է լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործունեության լիցենզիայից զրկված անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը: Լիցենզիայից զրկված անձի` գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված կարգով` օրենքի հիման վրա, օտարվել պետության և հասարակության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Գույքի օտարման ընթացքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով հանձնաժողովը նշանակում է գործունեության լիցենզիայից զրկված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ:
Հոդված 53. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ և (ԿԱՄ) ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 54. |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ և ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
Հոդված 55. |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Լիցենզավորված անձանց միջև ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
2. Սույն հոդվածը չի սահմանափակում վեճերը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:
Հոդված 56. |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ |
1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտներն ապահովվում են անվտանգության գոտիներով:
2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:
3. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալ օբյեկտների բնականոն աշխատանքին, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքին ու առողջությանը, գույքի պահպանությանը` ըստ տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի:
4. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում արգելվում է`
ա) կատարել հողային աշխատանքներ` առանց էներգատեղակայանքների սեփականատիրոջ կամ տնօրինող անձի թույլտվության.
բ) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում է էներգատեղակայանքների սպասարկումը կամ սպառնում է դրանց անվտանգությանն ու հուսալիությանը:
5. Էներգետիկայի և այլ բնագավառների համակարգերի փոխհատվող սարքավորումների (ինժեներական կառույցներ, հաղորդագծեր) սեփականատերերը պարտավոր են համագործակցել` դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու համար:
(56-րդ հոդվածը փոփ. 10.12.21 ՀՕ-382-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.1.
ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԿՐՈԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխը լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 56.1. | Ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը |
1. Ցանկացած սպառող, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:
2. Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք:
3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող սպառողի դիմումի հիման վրա ապահովել վերջինիս արտադրող տեղակայանքի միացումը բաշխման ցանցին՝ շուկայի կանոններով սահմանված կարգով, իսկ երաշխավորված մատակարարը՝ կնքել փոխհոսքերի պայմանագիր՝ հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան:
4. Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում դրա մասնակիցները մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության համար վճարում են հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում: Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները սույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման:
5. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:
6. Ինքնավար էներգաարտադրողը կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով: Սույն մասով նախատեսված դեպքում ինքնավար էներգաարտադրողն օրենքի ուժով ստանում է միկրոէներգաարտադրողի կարգավիճակ՝ առանց տվյալ էներգաարտադրության տեղակայանքի մասով ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը հետագայում վերականգնելու իրավունքի:
7. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքը բաշխման ցանցին միացման, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների համար վճարումների, ինքնավար խմբի ստեղծման և գործունեության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով:
Հոդված 56.2. | Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները |
1. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների) սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվանցվում են անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից:
2. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների դրական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան գումարվում է հաջորդող ամսում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբում ներառված ինքնավար էներգաարտադրողների մատակարարած էլեկտրական էներգիայի քանակին, իսկ հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար երաշխավորված մատակարարը ինքնավար էներգաարտադրողին, իսկ ինքնավար խմբի դեպքում խումբն ստեղծած ինքնավար էներգաարտադրողին վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով: Սույն կետի իմաստով՝ հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
3. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում ինքնավար խմբի մասնակիցը վճարում է երաշխավորված մատակարարին հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնով:
4. Ինքնավար խմբի մասնակիցների միջև ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և ինքնավար խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջև բաշխվում է ամսական կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
Հոդված 56.3. | Միկրոէներգաարտադրողը |
1. Միկրոէներգաարտադրողին տրվում է էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 10.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 57. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 11.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 58. |
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿԱՄ ՀԱԿԱՍՈՂ ԱԿՏԵՐԸ |
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված, օրենքի ուժ չունեցող այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրաէներգետիկական համակարգում գործում են հետևյալ սահմանափակումները.
ա) երեք տարվա ընթացքում հանձնաժողովն իրավունք ունի սահմանել ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և ներքին շուկայի համար գնման պարտադիր տարեկան քվոտաներ, որոնցով սահմանափակվում (արգելվում) է արտադրության առավել ցածր սակագին ունեցող արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի արտահանումը տարածաշրջանային շուկա.
բ) բաշխման լիցենզիա ունեցող անձին հինգ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունք (բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը).
գ) (կետն ուժը կորցրել է 04.06.21 ՀՕ-261-Ն)
Սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններից և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը:
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
1.1. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունքը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է որպես բացառիկ իրավունք և պարտականություն՝ սույն մասում նշված ամսաթիվը չգերազանցող ժամկետով։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) (կետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)
բ) մեկ տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծ:
3. (մասն ուժը կորցրել է 10.12.21 ՀՕ-382-Ն)
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերը հանձնաժողովի կողմից մշակվում և ներդրվում են սույն օրենքի ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավունք ունի երեք տարվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկին օրենքի համաձայն տրված գործունեության լիցենզիաներում:
6. (մասն ուժը կորցրել է 04.06.21 ՀՕ-261-Ն)
7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թվականի հունիսի 9-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
8. Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող՝ 150 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:
9. Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը մինչև 150 կՎտ տեղակայված հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստացած անձանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 56.3-րդ հոդվածով միկրոէներգաարտադրողի համար սահմանված կարգավորումը:
(59-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-117-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-98-Ն, 21.12.17 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-382-Ն, փոփ., լրաց. 04.06.21 ՀՕ-261-Ն, լրաց. 17.01.23 ՀՕ-6-Ն)
(04.06.21 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|