ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «վկայագրման նպատակով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ, և համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:»։
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.2) հաստատում է պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգը.»․
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը.»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6.1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին և նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։» բառերով․
2) 26.11-րդ կետից հանել «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը:
Հոդված 6․ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին և նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։» բառերով:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 3.1-ին կետի «պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։» բառերը փոխարինել «պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաև տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով։» բառերով․
2) 3.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 3 Երևան ՀՕ-3-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2023 թվական: