ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.4-րդ և 110.5-րդ հոդվածներով.
«Հոդված 110.4. | Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը |
1. Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը, իրացումը, տնօրինումը, օգտագործումը, պահպանումը, տեղափոխումը, փորձարկումը, ստացումը կամ այլ կերպ գործածումը, բացառությամբ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակների՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
Հոդված 110.5. | Մեկուսացված համակարգում և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը |
1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները խախտելը կամ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունն առանց լիցենզիայի իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 238.1-ին հոդվածի վերնագրում և հոդվածում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով, «քննում են» բառերը՝ «քննում է» բառերով, «և 110» բառերը՝ «, 110, 110.4 և 110.5» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային մարմնի ղեկավարները» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-12-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|