Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-8-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին

 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության «կառավարությունը» բառը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական և ոչ պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները, որոշում է պետական մասնակցությամբ կամ մասնավոր հատվածի հետ համատեղ ուսումնական հաստատություն ստեղծելու հարցը.

2) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.

3) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

4) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը.

5) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը՝ ըստ կրթական ծրագրերի, ոլորտների, ուսուցման հիմքի և որակավորումների.

6) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների.

7) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների նպատակային ուսուցման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու նրանց գործուղման կարգը.

8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը.

9) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը.

10) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության, այդ թվում՝ որակի ապահովման ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

11) hաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը.

12) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը.

13) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համալրման կարգը.

14) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը.

15) հաստատում է արհեստագործական կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման կարգը.

16) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը.

17) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի դրսեկության (էքստեռն) ձևով ուսուցման կարգը.

18) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը.

19) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը.

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը՝

1) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները և որակավորումների բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների.

2) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը.

3) հաստատում է ուսանողների՝ մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը.

4) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի և ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգը.

5) իրականացնում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորումը և տալիս թույլտվություն յուրաքանչյուր որակավորման ծրագրի կազմակերպման համար.

6) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման կարգը.

7) հաստատում է մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը.

8) սահմանում է արհեստագործական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհուրդների (այսուհետ` խորհուրդ) ձևավորման և հաստատման կարգը.

9) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.

10) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձի վերապատրաստման կարգը.

11) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը և ժամկետները.

12) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը.

13) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը.

14) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը.

15) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի բնութագրիչները և տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

16) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, երաշխավորում և հրապարակում է կազմակերպությունների ցանկը.

17) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման ծրագրի ուղղությունները.

18) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները.

19) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևաչափերը.

20) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների նախագիծ մշակող աշխատանքային խմբի ձևավորման կարգը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառի ոլորտային հանձնաժողովների ձևավորման ու գործունեության կարգը և փորձագիտական եզրակացությունների ձևաչափերը.

21) հաստատում է հիմնական կրթության հիմքով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերում միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկն ու ծավալը.

22) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը.

23) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների փորձարկման և ներդրման կարգը.

24) սահմանված կարգով և ձևով տրամադրում է վերակազմակերպված կամ լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում.

25) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.

26) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները և անցկացման կարգերը.

27) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Լավագույն ուսանողներ» անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը.

28) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու կարգը.

29) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը.

30) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.

31) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները.

32) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները, արդյունավետության գնահատման ցուցանիշները, այդ ծրագրի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու կարգը.

33) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը.

34) իր իրավասությունների շրջանակում մշակում և հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր.

35) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)» բառերը փոխարինել «խորհուրդը» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 18.1-ին հոդվածի 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուին խորհուրդը կարող է տալ հարցեր՝ թեկնածուի կողմից խորհուրդ ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:»:

 

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 8-րդ կետի «բարձրագույն» բառը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:»:

 

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-25-րդ մասերով.

«5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի մանկավարժական աշխատողներն իրավունք ունեն սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:

6. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով իրականացվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորում:

7. Մանկավարժական աշխատողը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:

8. Յուրաքանչյուր տարի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմին:

9. Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով նախապես անցնում է վերապատրաստման դասընթաց՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան:

10. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրով սահմանված առարկայական ծրագիր դասավանդող դասախոսի ատեստավորումը և տարակարգի շնորհումն իրականացվում են «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված՝ ուսուցչի ատեստավորման և տարակարգի շնորհման ընթացակարգով:

11. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

12. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

13. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

14. Ատեստավորման գործընթացում մանկավարժական աշխատողների՝ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման համար:

15. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

16. Ատեստավորված մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացին՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած կարգին համապատասխան:

17. Մանկավարժական աշխատողների տարակարգերը համապատասխանում են մանկավարժական աշխատողների մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

18. Մանկավարժական աշխատողների կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

19. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

20. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմին կամ դատական կարգով:

21. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից մանկավարժական աշխատողին համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար:

22. Արհեստագործական և միջին մասնագիտական ծրագիր իրականացնող հաստատության տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար՝ կառավարության սահմանած կարգով:

23. Բողոքի առկայության դեպքում մանկավարժական աշխատողի տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:

24. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:

25. Մեկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունից այլ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է:»:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր կարգերի հաստատումը գործում են նախկին հաստատված կարգերը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 8

Երևան

ՀՕ-8-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: