Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-6-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունն իրական ժամանակում՝ միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.

«20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն.».

3) 25-րդ կետը «ճանաչված սպառող» բառերից հետո լրացնել «(ենթասպառող)՝ շուկայի կանոններով սահմանված առանձնահատկություններով» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետով.

«ի) հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք և պարտավորություն տալու էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն:»:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «այդ» բառից հետո լրացնել «կամ սեփական կարիքի բավարարման» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ և 1.5-րդ մասերով.

«1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետևյալ գործառույթներով.

1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուր,

2) շուկայի կանոնների համաձայն՝ գնել էլեկտրական էներգիա (հզորություն) և վաճառել էլեկտրական էներգիա էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,

3) շուկայի կանոնների համաձայն՝ արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,

4) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:

1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:

 

Հոդված 4. Օրենքի 39.1-ին հոդվածի 2-րդ մասում «ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, ինչպես նաև հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը «կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունքը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է որպես բացառիկ իրավունք և պարտականություն՝ սույն մասում նշված ամսաթիվը չգերազանցող ժամկետով։»։

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 8

Երևան

ՀՕ-6-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան