Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցություն
Ընդունման ամսաթիվ
01.01.1992

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

հելսինկիի բարձր մակարդակի հանդիպման

հ ռ չ ա կ ա գ ի ր ը


Հելսինկի, 1992

Vi. մարդկային չափանիշ

(1) Մասնակից պետությունները մարդկային չափանիշի բնագավառում ԵԱՀԽ-ի պարտավորությունների կատարման օգտակար ընդհանուր քննարկում անցկացրին: Այդ քննարկումներում նրանք ելնում էին իրենց հարաբերություններում գոյացած արժեքների նոր ընդհանրությունից, որոնք շարադրված են Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրում և զարգացվել են ԵԱՀԽ-ի շրջանակներում` վերջին տարիներին նոր ստանդարտների հաստատման շնորհիվ: Նրանք նշեցին մարդկային չափանիշի գծով ստանձնած պարտավորությունների կատարման ասպարեզում ձեռք բերված զգալի առաջընթացը, սակայն խոստովանեցին, որ տեղի են ունեցել լուրջ անհանգստություն հարուցող իրադարձություններ և որ, հետևաբար, անհրաժեշտ է հետագայում բարելավել գործերի վիճակը:

2) Մասնակից պետությունները իրենց հաստատակամ վճռականությունն են հայտնում ապահովելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար հարգումը, գործելու օրինականության հիման վրա, կենսագործելու ժողովրդավարության սկզբունքները և այդ առնչությամբ ստեղծելու, ամրապնդելու և պաշտպանելու ժողովրդավարական հաստատություններ, ինչպես նաև զարգացնելու հանդուրժողական վերաբերմունքի սկզբունքներ ամբողջ հասարակության մասշտաբներով: Դրա համար նրանք կընդլայնեն ԵԱՀԽ-ի օպերատիվ հիմքը, այդ թվում ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի (ԺՀՄԻԲ) հետագա ամրապնդման միջոցով, որպեսզի հնարավորություն ընձեռվի իրականացնելու տեղեկատվության, գաղափարների ու մտահոգությունների ավելի որոշակի և իրական բովանդակությամբ հագեցած փոխանակում, ներառյալ լարվածության ծագման և հնարավոր բախումների մասին վաղօրոք նախազգուշացումը: Ընդ որում` նրանք իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն մարդկային չափանիշի այն հարցերի վրա, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն: Համապատասխանաբար նրանք մշտապես կհետևեն մարդկային չափանիշի ամրապնդմանը, հատկապես` փոփոխությունների ժամանակաշրջանում:

(3) Այդ կապակցությամբ մասնակից պետություններն ընդունում են հետևյալը.

Համադրույթային հիմք

ԵԱՀԽ-ի գծով պարտավորությունների կատարմանը հետևելու
և մարդկային չափանիշի բնագավառում համագործակցությանն
օժանդակելու համար

(4) ԵԱՀԽ-ի գծով պարտավորությունների կատարման գործընթացն ուժեղացնելու և դրանց կատարմանը հետևելու, ինչպես նաև մարդկային չափանիշի բնագավառում առաջընթացը զարգացնելու նպատակով մասնակից պետությունները որոշում են ընդունում ամրապնդել իրենց համագործակցության համադրույթային հիմքը և այդ խնդրի իրականացման համար որոշում են հետևյալը.

ժհմիբ-ի դերի ուժեղացում

(5) գործելով ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի (ԱՊԱԿ) ընդհանուր ղեկավարությամբ և ի լրումն իրենց առկա անելիքների, որոնք շարադրված են Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրում և ԵԱՀԽ-ի հաստատությունների ու կառույցների հետագա զարգացման մասին պրագայի փաստաթղթում, ԺՀՄԻԲ-ը, որպես մարդկային չափանիշի բնագավառի գլխավոր հաստատություն,

(5ա) օգնություն ցույց կտա մարդկային չափանիշի բնագավառի պարտավորությունների կատարման դիտարկմանը հետևյալ կերպ.

. հանդես գալով որպես երկկողմ հարաբերությունների անցկացման վայր`
մարդկային չափանիշի մեխանիզմի վերաբերյալ բաժնի 2 կետին համապատասխան, ինչպես նաև որպես տեղեկությունների փոխանակման միջոց` 3 կետին համապատասխան, ինչպես այն շարադրված է Վիեննայի հանդիպման ամփոփիչ փաստաթղթում.

. բացատրություններ ստանալով այն պետություններից, որոնցում եղել են մարդկային չափանիշի հետ առնչություն ունեցող ԵԱՀԽ-ի բանագնացություններ, որոնք պատվիրակություններ չեն մարդկային չափանիշի մեխանիզմի շրջանակներում, բյուրոն նման բանագնացությունների զեկուցագրերը, ինչպես նաև հնարավոր բացատրությունները կուղարկի մասնակից բոլոր պետություններին, նկատի առնելով, որ դրանք քննարկվելու են կատարման քննարկմանը նվիրված հաջորդ խորհրդակցությունում կամ ընդհանուր ամփոփման հաջորդ խորհրդաժողովում.

. մասնակցելով բանագնացություններին կամ խորհրդի կամ ԱՊԱԿ-ի հանձնարարությամբ ձեռնարկելով դրանք.

(5բ) հանդես կգա որպես տեղեկատվության կենտրոն, որը`

. վերաբերում է արտակարգ դրությանը, ինչպես դա նախատեսված է Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Մոսկվայի խորհրդակցության փաստաթղթի 28.10 կետում.

. վերաբերում է թեկնածուների ցուցակներին և օգնությանը, օրինակ` մարդահամարի բնագավառում, կամ ժողովրդավարությանը` տեղական ու տարածաշրջանային մակարդակներով, ինչպես նաև ազգային սեմինարների անցկացմանը այդ հարցերի շուրջ.

(5գ) օգնություն ցույց կտա մարդկային չափանիշի բնագավառի գործունեության այլ տեսակներում, ներառյալ ժողովրդավարական հաստատությունների ստեղծումը, հետևյալ կերպ`

. կատարելով «վերջերս մասնակից պետությունների ընդունած փոխկապակցված օգնության ծրագրով» սահմանված խնդիրները.

. կազմակերպելով «սեմինարներ ժողովրդավարական գործընթացի հիմնախնդիրների շուրջ»` ի պատասխան մասնակից պետությունների խնդրանքների:

Այդ սեմինարների նկատմամբ կկիրառվեն նույն այն ընթացակարգային դրույթները, որոնք շարադրված են «վերջերս մասնակից պետությունների ընդունած փոխկապակցված օգնության ծրագրում».

. իր տրամադրության տակ ունեցած ռեսուրսների շրջանակներում օժանդակելով սեմինարների նախապատրաստմանը մասնակից մեկ կամ մի քանի պետությունների խնդրանքով.

. անհրաժեշտության դեպքում տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ տրամադրելով ազգային փոքրամասնությունների գործերով գերագույն կոմիսարին.

. անհրաժեշտության դեպքում շփումների մեջ մտնելով համապատասխան միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ.

. խորհրդատվություններ անցկացնելով և համագործակցելով Եվրախորհրդի համապատասխան մարմինների և նրա հետ կապված կազմակերպությունների հետ, ինչպես նաև ուսումնասիրելով այն կարգը, թե նրանք, անհրաժեշտության դեպքում, ինչպես կարող են նպաստել ԺՀՄԻԲ-ի գործունեությանը: ԺՀՄԻԲ-ը մասնակից պետությունների խնդրանքով նրանց նաև տեղեկատվություն կտրամադրի Եվրախորհրդի շրջանակներում իրականացվող այն ծրագրերի մասին, որոնք բաց են մասնակից բոլոր պետությունների համար:

(6) Մարդկային չափանիշի հարցերի առնչությամբ ԺՀՄԻԲ-ի կողմից իրականացվող գործունեությունը մասնավորապես կարող է նպաստել վաղ նախազգուշացմանը բախումների կանխման խնդրում:

                                                                                     Մարդկային չափանիշի մեխանիզմ

(7) Մարդկային չափանիշի մեխանիզմը ԵԱՀԽ-ի գոյություն ունեցող կառույցներին և հաստատություններին համապատասխանեցնելու նպատակով մասնակից պետությունները ընդունում են հետևյալ որոշումը.

Ցանկացած մասնակից պետություն, եթե անհրաժեշտ է համարում, կարող է ԺՀՄԻԲ-ի միջոցով, որը նույնպես կարող է երկկողմ հանդիպումների անցկացման վայր հանդիսանալ 2 կետին համապատասխան, կամ դիվանագիտական ուղիներով մասնակից պետություններին տեղեկատվություն տրամադրել այն իրավիճակների և դեպքերի մասին, որոնք հարցումների առարկա էին դարձել Վիեննայի հանդիպման ամփոփիչ փաստաթղթի «ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշը» վերնագրված գլխի 1 կամ 2 կետերի համաձայն, կամ այդ ընթացակարգերի արդյունքների մասին: Նման տեղեկատվությունը կարող է քննարկվել ԱՊԱԿ-ի հանդիպումներում, կատարման քննարկման խորհրդակցություններում, որոնք նվիրված են մարդկային չափանիշի հարցերին, և ընդհանուր ամփոփման խորհրդակցություններում:

(8) Մարդկային չափանիշի մեխանիզմի շրջանակներում անցկացվող փորձագետների և զեկուցողների բանագնացությունների ծախսերի ծածկմանը վերաբերող ընթացակարգերը կարող են կուտակված փորձի լույսի ներքո քննարկվել ընդհանուր ամփոփմանը նվիրված հաջորդ խորհրդաժողովում:

Կատարում

Կատարման քննարկման խորհրդակցություններ`

նվիրված մարդկային չափանիշի հարցերին

(9) Ամեն տարի, երբ ընդհանուր ամփոփման խորհրդաժողով չի անցկացվի, ԺՀՄԻԲ-ը իր կենտրոնակայանում կկազմակերպի մասնակից բոլոր պետությունների եռշաբաթյա խորհրդակցություն փորձագետների մակարդակով` մարդկային չափանիշի բնագավառում ԵԱՀԽ-ի գծով պարտավորությունների կատարման ընդհանուր ամփոփման համար: Այդ խորհրդակցությունը կատարելու է հետևյալ խնդիրները.

(9ա) Հանգամանորեն կարծիքներ է փոխանակելու մարդկային չափանիշի բնագավառում պարտավորությունների կատարման մասին, ներառյալ մարդկային չափանիշի մեխանիզմին վերաբերող բաժնի չորրորդ կետին համապատասխան ներկայացված տեղեկատվության և ԵԱՀԽ-ի բանագնացությունների զեկուցագրերի այն հայեցակետերի քննարկումը, որոնք վերաբերում են մարդկային չափանիշին, ինչպես նաև քննության առնելու կատարման գործընթացի կատարելագործման ուղիներն ու միջոցները.

(9բ) Գնահատական է տալու պարտավորությունների կատարման նկատմամբ դիտարկման ընթացակարգերին:

(10) Կատարման քննարկման խորհրդակցությունը կարող է ԱՊԱԿ-ի ուշադրության առաջարկել միջոցառումներ, որոնք իր կարծիքով անհրաժեշտ է ձեռնարկել կատարման գործընթացը կատարելագործելու համար:

(11) Կատարման քննարկման խորհրդակցությունում համաձայնեցված փաստաթուղթ չի նախապատրաստվելու:

(12) Գրավոր ներդիրներն ու տեղեկատվական նյութերը կնախատեսվեն ընդհանուր կամ սահմանափակ տարածման համար` դրանք ներկայացրած պետությունների ցուցումներին համապատասխան:

(13) Կատարման քննարկման խորհրդակցությունների նիստերը լինելու են պաշտոնական և ոչ պաշտոնական: Բոլոր պաշտոնական նիստերը կլինեն դռնբաց: Բացի այդ, մասնակից պետությունները, նայած յուրաքանչյուր կոնկրետ դեպքի, որոշում կընդունեն ոչ պաշտոնական նիստերը դռնբաց դարձնելու մասին:

(14) Կատարման քննարկման խորհրդակցություները Եվրախորհրդին, «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» Եվրահանձնաժողովին, վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), ինչպես նաև մյուս համապատասխան միջազգային կազմակերպություններին և հիմնարկներին կառաջարկեն մասնակցել նիստերին և ավանդ ներդնել նրանց աշխատանքում:

(15) Մարդկային չափանիշի բնագավառի համապատասխան փորձ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները հրավիրվում են ԺՀՄԻԲ-ի միջոցով գրավոր դիմումներ ներկայացնել կատարման քննարկման հանձնաժողովին և, հաշվի առնելով նրանց գրավոր դիմումները, կարող են խորհրդակցության կողմից հրավիրվել համապատասխան դեպքերում բանավոր հայտարարություններ անելու կոնկրետ հարցերի առնչությամբ:

(16) Կատարումը քննարկող խորհրդակցության ընթացքում, երբ պաշտոնական նիստեր չեն անցկացվում, երկու աշխատանքային կեսօր կտրամադրվի` ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) հետ հնարավոր շփումների համար լրացուցիչ կարելիություններ ընձեռելու նպատակով: Այդ նպատակով խորհրդակցության անցկացման վայրում դահլիճ կտրամադրվի ոչ կառավարական կազմակերպություններին:

                                                               ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին նվիրված սեմինարներ

(17) ԱՊԱԿ-ի ընդհանուր ղեկավարությամբ ԺՀՄԻԲ-ը կկազմակերպի ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի շուրջ սեմինարներ` նվիրված անմիջականորեն առնչված և քաղաքական առումով հրատապ կոնկրետ հարցերի քննարկմանը: ԱՊԱԿ-ը ընդունելու է սեմինարների աշխատանքի տարեկան ծրագիր, ներառյալ դրանց անվանումներն ու անցկացման ժամկետները: Յուրաքանչյուր սեմինարի օրակարգն ու կազմակերպական պայմանները հաստատվելու են ԱՊԱԿ-ի կողմից ոչ ուշ, քան նրա սկսվելուց երեք ամիս առաջ: Ընդսմին` ԱՊԱԿ-ը ուշադրության է առնելու ԺՀՄԻԲ-ի արտահայտած կարծիքները: Այլ որոշում չլինելու դեպքում սեմինարները անցկացվելու են ԺՀՄԻԲ-ի կենտրոնակայանում և դրանց տևողությունը մեկ շաբաթից ավելի չի լինելու: Աշխատանքի ծրագիրը կազմվելու է` հաշվի առնելով համապատասխան միջազգային կազմակերպությունների և հիմնարկների աշխատանքը:

(18) Այդ սեմինարները կազմակերպվելու են բացահայտության և ճկունության սկզբունքներով: Աշխատանքին մասնակցելու և ներդրում կատարելու համար սեմինարներին կարող են հրավիրվել համապատասխան միջազգային կազմակերպություններ և հաստատություններ, ինչպես նաև ՈԿԿ-ներ, որոնք համապատասխան փորձ ունեն: Որպես ազգային պատվիրակությունների անդամներ սեմինարի աշխատանքին մասնակցող անկախ փորձագետները նույնպես կարող են հնարավորություն ստանալ ելույթ ունենալու անձամբ:

(19) ԵԱՀԽ-ի սեմինարներում նիստերը կլինեն պաշտոնական և ոչ պաշտոնական: Բոլոր պաշտոնական նիստերը կլինեն դռնբաց: Բացի այդ, մասնակից պետությունները կարող են, նայած յուրաքանչյուր կոնկրետ դեպքի, որոշում ընդունել ոչ պաշտոնական նիստերը դարձնելու դռնբաց:

(20) ԵԱՀԽ-ի սեմինարներում համաձայնեցված փաստաթուղթ կամ հետագա գործողությունների ծրագրեր չեն մշակվելու:

(21) Անկախ փորձագետների ներդրումները կնախատեսվեն ընդհանուր տարածման համար:

(22) ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին նվիրված սեմինարների նոր շարքի շուտափույթ ձեռնարկման համար մասնակից պետությունները հետագա քայլերի շրջանակներում անցկացվող Հելսինկիի հանդիպմանը որոշում են ընդունում այն մասին, որ ԺՀՄԻԲ-ը կազմակերպում է հետևյալ չորս սեմինարները`

. գաղթի խնդիրների շուրջ,

. ազգային փոքրամասնությունների կոնկրետ խնդիրների ուսումնասիրման, դրանց լուծման դրական արդյունքների շուրջ,

. հանդուրժողության խնդիրների շուրջ,

. լրատվության ազատ միջոցների շուրջ:

Այդ սեմինարներն անցկացվելու են մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ սեմինարների անցկացման օրակարգն ու պայմանները որոշելու է ԱՊԱԿ-ը: Գաղթյալ բանվորներին և տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված սեմինարները մտցվելու են սեմինարների աշխատանքի առաջին տարեկան ծրագրի մեջ: ԱՊԱԿ-ը տեսադաշտում է պահելու սեմինարների ծրագրի իրականացման ֆինանսական հետևանքների հետ կապված 

                                                             Մարդկային չափանիշի բնագավառում պարտավորությունների

և համագործակցության ուժեղացում

Ազգային փոքրամասնություններ

Մասնակից պետությունները`

(23) ամենայն վճռականությամբ հավաստում են իրենց մտադրությունը` առանց հապաղման և բարեխղճորեն կատարել իրենց բոլոր պարտավորությունները ԵԱՀԽ-ի գծով, ներառյալ Վիեննայի հանդիպման ամփոփիչ փաստաթղթում, Կոպենհագենի փաստաթղթում և Ժնևի խորհրդակցության զեկուցագրում շարադրված պարտավորությունները այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին և դրանց թվին պատկանող անձանց իրավունքներին:

(24) Այդ առնչությամբ նրանք աշխուժացնում են ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց կողմից անհատական հիմքի վրա կամ ուրիշների հետ միասին, իրենց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ներառյալ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան յուրաքանչյուր պետության կողմից իրենց երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքում որոշումների ընդունմանը լիովին մասնակցելու իրավունքը, այդ թվում ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներով ղեկավար և խորհրդակցական մարմինների աշխատանքին ժողովրդավարական մասնակցության հիման վրա, մասնավորապես քաղաքական կուսակցությունների և ընկերակցությունների շրջանակներում:

(25) Կշարունակեն միակողմ, երկկողմ և բազմակողմ կարգով գործադրվող ջանքերի հիման վրա ուսումնասիրել ԵԱՀԽ-ի գծով իրենց համապատասխան պարտավորությունները, ներառյալ ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնատիպությունը խրախուսելու համար պայմանների ստեղծման ու պաշտպանության հետ կապված պարտավորությունները ավելի արդյունավետորեն կատարելու հետագա հնարավորությունները:

(26) Ազգային փոքրամասնությունների խնդիրները կլուծեն կառուցողական ոգով, խաղաղ միջոցներով և բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով` ԵԱՀԽ-ի սկզբունքների ու պարտավորությունների հիման վրա:

(27) Ձեռնպահ կմնան վերաբնակեցման գործելակերպից և կդատապարտեն իրենց տարածքների սահմաններում շրջանների էթնիկական կազմը փոփոխելու նպատակով ուժի սպառնալիքին կամ դրա կիրառմանը դիմելով վերաբնակեցում իրականացնելու բոլոր փորձերը:

(28) ԺՀՄԻԲ-ին հանձնարարում են 1993 թվականի գարնանը կազմակերպել մարդկային չափանիշի բնագավառին նվիրված ԵԱՀԽ-ի սեմինար` «Ազգային փոքրամասնությունների կոնկրետ խնդիրների հետազոտումը. դրանց լուծման դրական արդյունքները» թեմայով:

Բուն բնակչությունը

Մասնակից պետությունները,

(29) Նշելով, որ բուն բնակչության թվին պատկանող անձինք կարող են առանձնահատուկ խնդիրների բախվել իրենց իրավունքներն իրականացնելիս, համաձայնում են, որ ԵԱՀԽ-ի գծով մարդու իրավունքներին և հիմնական ազատություններին վերաբերող իրենց պարտավորությունները լիովին և առանց խտրականության կիրառելի են նման անձանց նկատմամբ:

Հանդուրժողություն և անխտրականություն

Մասնակից պետությունները

(30) Իրենց մտահոգությունն են հայտնում անհանդուրժողության, խտրականության, նախահարձակ ազգայնականության, օտարախորշության, հրեատյացության ու ցեղապաշտության վերջերս տեղի ունեցած աղաղակող դրսևորումների առթիվ և ընդգծում են հանդուրժողության, փոխըմբռնման ու համագործակցության կարևորագույն դերը կայուն ժողովրդավարական հասարակարգեր ստեղծելու և պահպանելու գործում:

(31) ԺՀՄԻԲ-ին հանձնարարում են 1992 թվականի աշնանը կազմակերպել մարդկային չափանիշի բնագավառի ԵԱՀԽ-ի սեմինար` նվիրված հանդուրժողության խնդիրներին:

(32) Կուսումնասիրեն ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիայի կիրառման հնարավորությունները, եթե նրանք դա դեռևս չեն արել:

(33) Կուսումնասիրեն իրենց սահմանադրական համակարգերի շրջանակներում և իրենց միջազգային պարտավորությունների համաձայն միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք իրենց տարածքում գտնվող բոլոր անձանց համար կապահովեն պաշտպանությունը ռասայական, էթնիկական և կրոնական խտրականությունից, ինչպես նաև բոլոր անձանց, ներառյալ օտարերկրացիներին, կպաշտպանեն բռնության ձեռնարկումներից, այդ թվում` նշված հատկանիշներից որևէ մեկի նկատառումով: Բացի այդ, նրանք լիովին կօգտագործեն իրենց ներքին իրավաբանական ընթացակարգերը, ներառյալ այդ առումով գոյություն ունեցող օրենքների կիրառման ապահովումը:

(34) Կուսումնասիրեն տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև անխտրականության սկզբունքների զարգացման և փոխըմբռնման խորացման համար պայմաններ ստեղծելու ծրագրերի մշակման հնարավորությունը, որոնց շրջանակներում շեշտը կդրվի մարդու իրավունքների բնագավառի լուսավորչական գործունեության, դեպի շարքային քաղաքացիները կողմնորոշված միջոցառումների վրա, ինչպես նաև մշակութային բազմազանության հետազոտման և ուսուցման վրա:

(35) Այդ առնչությամբ կրկին հավաստում են ավանդաբար գնչուներ անվանվող ռոմանների համայնքներին և մյուս խմբերին պատկանող իրենց քաղաքացիների խնդիրների կարգավորմանը նպատակամղված համապատասխան ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այնպիսի պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնց դեպքում այդ անձինք կարող են հավասար իրավունքներ ունենալ լիովին մասնակցելու հասարակության կյանքին, և կուսումնասիրեն այդ նպատակին հասնելու համար համագործակցելու միջոցները:

Գաղթյալ բանվորներ

Մասնակից պետությունները

(36) Կրկին հայտարարում են, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները համընդհանուր են, և որ գաղթյալ բանվորները նույնպես օգտվում են այդ իրավունքներից ու ազատություններից` անկախ իրենց բնակության վայրից, ինչպես նաև ընդգծում են օրինականորեն մասնակից պետությունների տարածքում բնակվող գաղթյալ բանվորների և նրանց ընտանիքների նկատմամբ ԵԱՀԽ-ի գծով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման կարևորությունը:

(37) Կնպաստեն պայմանների ստեղծմանը ներգաղթյալ բանվորների և այն մասնակից պետության հասարակության միջև ավելի ներդաշնակ հարաբերություններ զարգացնելու համար, որտեղ նրանք օրինականորեն ապրում են: Այդ նպատակով, մասնավորապես, միջոցներ կձեռնարկեն նպաստելու, որպեսզի գաղթյալ բանվորները և նրանց ընտանիքները տիրապետեն համապատասխան մասնակից պետության լեզուներին և ծանոթանան նրանց հասարակական կյանքին, որտեղ նրանք օրինականորեն ապրում են, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի մասնակցելու ընդունող երկրի հասարակական կյանքին:

(38) Իրենց ներքին քաղաքականության, ներքին օրենքների և միջազգային պարտավորությունների համաձայն կձգտեն համապատասխան դեպքերում օրինականորեն ապրող և աշխատող գաղթյալ բանվորների համար ստեղծել պայմաններ, որոնք նպաստեին հավասար հնարավորությունների ապահովմանը այն բանում, ինչ վերաբերում է աշխատանքի, կրթության, սոցիալական ապահովության ու առողջապահության, բնակարանով ապահովման, արհմիութենական գործունեությանը մասնակցելու հնարավորությանը, ինչպես նաև մշակութային իրավունքներին:

Գաղթականներ և տեղահանված անձինք

Մասնակից պետությունները

(39) Արտահայտում են իրենց մտահոգությունը գաղթականների և տեղահանված անձանց խնդրի առնչությամբ:

(40) Նշում են այնպիսի իրավիճակների կանխման կարևորությունը, որոնք կարող են հանգեցնել գաղթականների ու տեղահանված զանգվածային հոսքերի, և ընդգծում են բնակչության տեղահանման և հարկադիր գաղթի բուն պատճառներն ի հայտ բերելու և քննարկելու անհրաժեշտությունը:

(41) Ճանաչում են գաղթականների և տեղահանված անձանց զանգվածային հոսքերի հետ կապված խնդիրների լուծման նպատակով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:

(42) Ընդունում են, որ տեղահանման դեպքերը հաճախ ԵԱՀԽ-ի գծով պարտավորությունների, այդ թվում` մարդկային չափանիշի հետ կապված պարտավորությունների խախտումների հետևանք են:

(43) Կրկին հավաստում են գոյություն ունեցող այն միջազգային ստանդարտների ու փաստաթղթերի կարևորությունը, որոնք վերաբերում են գաղթականների պաշտպանությանը և նրանց օգնություն ցույց տալուն, և քննության կառնեն Գաղթականների կարգավիճակի մասին կոնվենցիային և արձանագրությանը միանալու հարցը, եթե դեռևս չեն արել:

(44) Ճանաչում են Միավորված ազգերի կազմակերպության գաղթականների գործերով գերագույն կոմիսարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև օգնություն ցույց տալով զբաղված ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կարևոր նշանակությունը գաղթականների ու տեղահանված անձանց պաշտպանությունն ապահովելու և նրանց օժանդակություն ցույց տալու համար:

(45) Ողջունում և պաշտպանում են գաղթականների ու տեղահանված անձանց պաշտպանությունն ապահովելու և նրանց օժանդակություն ցույց տալու համար:

(45) Ողջունում և պաշտպանում են գաղթականների ու տեղահանված անձանց պաշտպանությունն ապահովելու և նրանց օգնություն ցույց տալու միակողմ, երկկողմ ու բազմակողմ ջանքերը` ուղղված երկարաժամկետ լուծումների որոնմանը:

(46) ԺՀՄԻԲ-ին հանձնարարում են 1993 թվականի սկզբին կազմակերպել մարդկային չափանիշի բնագավառի ԵԱՀԽ-ի սեմինար` նվիրված բնակչության տեղաշարժման, ներառյալ գաղթականների և տեղահանված անձանց խնդիրները:

Միջազգային մարդասիրական իրավունք

Մասնակից պետությունները

(47) Հիշեցնում են, որ Միջազգային մարդասիրական իրավունքը հիմնվում է մարդկային անհատի անկապտելի արժանապատվության վրա:

(48) Ցանկացած հանգամանքներում կհարգեն և կապահովեն միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

(49) Հիշեցնում են, որ նրանք, ովքեր խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար:

(50) Ճանաչում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի էապես կարևոր դերը միջազգային մարդասիրական իրավունքի իրականացմանն ու զարգացմանը օժանդակելու գործում, ներառյալ Ժնևի կոնվենցիաներն ու դրանց համապատասխան արձանագրությունները:

(51) Կրկին հավաստում են իրենց պարտավորությունը` ըստ ամենայնի աջակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերություններին և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպություններին, հատկապես` զինված հակամարտությունների ընթացքում, հարգելու նրանց պաշտպանական խորհրդանշանները, կանխելու այդ խորհրդանշանների չարաշահումը և, երբ անհրաժեշտ է, ամեն ջանք գործադրելու համապատասխան շրջաններ մուտք գործելն ապահովելու համար:

(52) Հայտարարում են, որ իրենք հավատարիմ են լուսավորչական գործունեություն վարելու և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելու իրենց պարտավորության կատարմանը:

Ժողովրդավարություն տեղական և
տարածաշրջանային մակարդակով

Մասնակից պետությունները

(53) Հաստատությունների ժողովրդավարական մասնակցության ու կայացման գործընթացն ուժեղացնելու նպատակով և միմյանց հետ համագործակցությունը զարգացնելու կարգով կձգտեն տեղական ու տարածաշրջանային մակարդակով ժողովրդապետության գործունեության խնդիրներին վերաբերող իրենց համապատասխան փորձի փոխանակմանը, և այդ կապակցությամբ ողջունում են Եվրախորհրդի լրատվական ու լուսավորչական ցանցի գործունեությունը այդ բնագավառում:

(54) Կօժանդակեն տեղական ու տարածաշրջանային մակարդակներով համապատասխան մարմինների շփումներին և կխրախուսեն նրանց համագործակցության տարբեր ձևերը:

Քաղաքացիություն

Մասնակից պետությունները

(55) Ընդունում են, որ յուրաքանչյուր մարդ քաղաքացիության իրավունք ունի, ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից:

(56) Ընդգծում են, որ քաղաքացիության բոլոր ասպեկտները կարգավորվում են օրենսդրական գործընթացով: Անհրաժեշտության դեպքում նրանք միջոցներ կձեռնարկեն` իրենց երկրների սահմանադրական կառուցվածքին համապատասխան, որպեսզի քաղաքացիություն չունեցող անձանց թիվը չավելանա:

(57) Կշարունակեն այդ հարցերի քննարկումը ԵԱՀԽ-ի շրջանակներում:

Մահապատիժ

Մասնակից պետությունները

(58) Հավաստում են իրենց պարտավորությունները մահապատժի առնչությամբ, որոնք բովանդակում են Կոպենհագենի և Մոսկվայի փաստաթղթերը:

      Լրատվության ազատ միջոցները

Մասնակից պետությունները

(59) ԺՀՄԻԲ-ին հանձնարարում են կազմակերպել Մարդկային չափանիշի բնագավառի ԵԱՀԽ-ի սեմինար, նվիրված զանգվածային լրատվության ազատ միջոցներին, որը տեղի է ունենալու 1993 թվականին: Սեմինարը պետք է նպաստի քննարկումներին, ցուցադրումներին, շփումների հաստատմանն ու լրատվության փոխանակմանը պետական մարմինների ներկայացուցիչների և զանգվածային լրատվության միջոցների աշխատողների միջև:

                                                                                                          կրթություն

Մասնակից պետությունները

(60) Հաշվի առնելով կրթության կարևոր նշանակությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառուցվածքի գաղափարների տարածման համար, հատկապես փոփոխությունների ժամանակաշրջանում, կողջունեն այդ նպատակով Եվրախորհրդի կողմից «Կրթություն. կառուցվածքը, քաղաքականությունն ու ռազմավարությունը» սեմինարի կազմակերպումը, որը բաց է բոլոր մասնակից պետությունների համար:

       Մարդկային չափանիշի բնագավառի

պարտավորությունների

       ժողովածու

Մասնակից պետությունները

(61) ողջունում են մարդկային չափանիշի բնագավառում ԵԱՀԽ-ի գծով գոյություն ունեցող պարտավորությունների ժողովածուների պատրաստումը, ինչը կոչված է նպաստել այդ պարտավորությունների ըմբռնման խորացմանը և այդպիսով` դրանց կատարմանը:

Ազգային օրենսդրության իրականացման

բնագավառի ղեկավար սկզբունքները

Մասնակից պետությունները

(62) Անհրաժեշտության դեպքում կնպաստեն ղեկավար սկզբունքների մշակմանը` օժանդակելու համար ազգային օրենսդրության արդյունավետ իրականացմանը մարդու իրավունքների հարցերում, որոնք վերաբերում են ԵԱՀԽ-ի գծով պարտավորություններին:

 

yii. տնտեսական համագործակցություն

 

(1) Մասնակից պետությունները կաշխուժացնեն իրենց համագործակցությունը տնտեսական կայուն զարգացում ապահովելու նպատակով: Նրանք կշարունակեն համագործակցությունը այն մասնակից պետություններին աջակցելու նպատակով, որոնք շուկայական տնտեսության անցնելու գործընթաց են իրականացնում:

(2) Մասնակից պետությունները ողջունում են այն փաստը, որ, ի պատասխան տնտեսական համագործակցության Բոննի խորհրդաժողովի փաստաթղթի և Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրի բովանդակած առաջարկությունների, Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշել է իր գործունեության առաջնահերթ բնագավառները և աշխատանքի իր ծրագիրը նախապատրաստելիս կարևոր տեղ հատկացնել տնտեսական բարենորոգումների գործընթացի զարգացմանը` անցումային փուլում գտնվող երկրներում: Նրանք նաև ողջունում են Անցումային փուլում գտնվող տնտեսությամբ եվրոպական երկրների հետ համագործակցության կենտրոնի (ԱՏԵԵՀԿ) ստեղծումը տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջանակներում, որի միջոցով այդ երկրները հնարավորություն են ստանում օգտվելու այդ կազմակերպության մասնագիտական փորձից: Նրանք գոհունակություն են հայտնում այն առթիվ, որ վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներկայումս կարող է զգալիորեն օժանդակել անցումային փուլում գտնվող երկրների տնտեսության վերակառուցմանն ու արդիականացմանը:

(3) Մասնակից պետությունները այդ և մյուս միջազգային տնտեսական ու ֆինանսական կազմակերպություններին առաջարկում են շարունակել իրենց աշխատանքը այն նկատառումով, որ նպաստեն անցումային շրջանում գտնվող երկրների տնտեսության ինտեգրացմանը միջազգային տնտեսական և ֆինանսական համակարգի հետ և օժանդակեն տնտեսական համագործակցության զարգացմանը ԵԱՀԽ-ի աշխարհաշրջանում: Նրանք կոչ են անում ուժեղացնել այդ կազմակերպությունների փոխհամաձայնեցումը` ապահովելու համար ձեռնարկումների առավել հետևողականությունն ու արդյունավետությունը և վերացնելու կրկնորդումը:

(4) Մասնակից պետությունները ջանքեր կգործադրեն ապահովելու իրենց ստանձնած պարտավորությունների հետագա կատարումը: Նրանք պայմանավորվել են նոր ազդակ հաղորդել գործունեությանը, մասնավորապես այնպիսի բնագավառներում, ինչպես մարդկային ռեսուրսները, արդյունաբերական համագործակցությունը, առևտուրը, վիճակագրությունը, ենթակառուցվածքը, էներգետիկան, պաշտպանական ճյուղերի փոխարկը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջիկությունը, ինչպես նաև գիտությունն ու տեխնիկան:

(5) Մասնակից պետություններն ընդգծում են մարդկային ռեսուրսների զարգացման բնագավառում մշտապես համագործակցելու և ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը այն խնդիրների լուծման նպատակով, որոնք կապված են շուկայական տնտեսության անցնելու, տեխնոլոգիական արագ փոփոխությունների և հասարակության էվոլյուցիայի հետ: Գիտակցելով կրթության ու կադրերի պատրաստման կարևոր նշանակությունը, ներառյալ կառավարման բնագավառի կադրերի պատրաստումը և մասնագիտական ուսուցումը բոլոր մակարդակներով, նրանք կաշխուժացնեն իրենց երկխոսությունը կրթության ու կադրերի պատրաստման համակարգի հարցերի շուրջ և կօժանդակեն հետագա համագործակցության զարգացմանն այդ ոլորտում:

(6) մասնակից պետությունները կընդլայնեն արդյունաբերական համագործակցության հնարավորությունները` իրավական ու տնտեսական պատշաճ պայմաններ ապահովելու ձեռնարկչության համար, հատկապես մասնավոր հատվածն ամրապնդելու և փոքր ու միջակ ձեռնարկությունները զարգացնելու նպատակով: Նրանք ձեռնարկչության համար նպաստավոր պայմաններ կստեղծեն առևտրի առջև խոչընդոտները հետևողականորեն նվազեցնելու, ձեռնարկությունների ստեղծման ազատություն ընձեռելու միջոցով, ինչպես նաև գործարար շրջանների շփումների համար: Անհրաժեշտության դեպքում նրանք կկատարելագործեն օրենսդրությունը, հատկապես մաքսային վերահսկողության, ստանդարտացման, մրցակցության, սեփականության ու մտավոր սեփականության իրավունքների, բանկային գործի, ընկերությունների ֆինանսական ու հարկային հաշվետվությունը և գործունեությունը կարգավորող իրավական նորմերի, կապիտալների շարժի և տևական կապիտալ ներդրումների պաշտպանության վերաբերմամբ:

(7) Մասնակից պետություններն ընդունում են, որ սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրի (ԳԱՏՏ) կանոնների վրա հիմնված առևտրի բաց, բազմակողմանի համակարգի պահպանումը տնտեսական զարգացումը խթանելու էապես կարևոր տարր է: Նրանք կաշխուժացնեն իրենց ջանքերը, որպեսզի օժանդակեն այն երկրներին, որոնց տնտեսությունը գտնվում է անցումային փուլում, նրանց համար ընդլայնելով մուտքը շուկաներ:

(8) Մասնակից պետություններն ընդգծում են սպառիչ, բացահայտ և հավաստի վիճակագրական տվյալների, առևտրական և վարչական տեղեկությունների կարևորությունը որպես հիմքի` քաղաքականություն մշակելու և, մասնավորապես, տնտեսական որոշումներ կայացնելու, ինչպես նաև շուկայական տնտեսության արդյունավետ գործունեության համար: Նրանք այսուհետև էլ կբարձրացնեն նման տեղեկատվության որակը, օպերատիվությունն ու մատչելիությունը: Նրանք ճանաչում են Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արժեքավոր դերն այդ բնագավառում, ինչպես նաև տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ներդրումը այդ թեմայի շուրջ հիմնարար վերլուծական հետազոտությունների և տեղեկատվության տեսքով:

(9) Մասնակից պետություններն ընդգծում են ենթակառուցվածքի զարգացման կարևորությունը, հատկապես տրանսպորտի և հեռուստահաղորդակցությունների հատվածում, անցումային շրջանի հաջողությունն ապահովելու և համաշխարհային առևտրում մասնակցության բաժինը մեծացնելու համար:

(10) Հաշվի առնելով տրանսպորտային հոսքերի մեծանալու հետևանքները փոխադրական կարողության, շրջակա միջավայրի և անվտանգության համար, նրանք կհամագործակցեն ցամաքային, ջրային և օդային տրանսպորտի արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով: Նրանք նաև կհամագործակցեն ի զարգացումն ԵԱՀԽ-ի աշխարհաշրջանի արդյունավետ տրանսպորտային համակարգի` շուկայական տնտեսության, անվտանգության, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունների և տրանսպորտի տարբեր տեսակների մատչելիության և ազատ մրցակցության սկզբունքների հիման վրա, պատշաճ կերպով հաշվի առնելով բնապահպանական ու սոցիալական հանգամանքները: Նրանք ընդգծում են ավտոճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման բնագավառի համատեղ նախագծերի, այդ թվում` ԵՏՀ-ի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԿՁԾ) կողմից իրականացվող նախագծերի մշակումը շարունակելու և շուտափույթ ավարտելու կարևորությունը:

(11) Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրը, նրանք առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն արտանետումների ցածր մակարդակով տրանսպորտային համակարգերի, նախ և առաջ երկաթուղիների և ներքին ջրուղիների, ինչպես նաև համակցված փոխադրումների զարգացմանը:

(12) Նրանք կհամագործակցեն հեռուստահաղորդակցությունների ինտեգրացված շուկայի ստեղծման գործում, առանձնակի ուշադրություն դարձնելով հեռուստահաղորդակցությունների ժամանակակից ենթակառուցվածքի և դրա հետ կապված սպասարկումների համակարգի զարգացմանը, հեռուստահաղորդակցությունների ցանցերի ստեղծմանն ու ընդարձակմանը ԵԱՀԽ-ի ողջ աշխարհաշրջանում, տեխնիկական համագործակցությանն ու լրատվության ազատ հոսքի ապահովմանը:

(13) Մասնակից պետությունները լիովին պաշտպանում են Եվրոպայի էներգետիկ խարտիայի հետագա զարգացումը և ընդգծում բազային համաձայնագրի և արձանագրությունների մշակումն ավարտելու և իրականացնելու կարևորությունը: Նրանք այն կարծիքին են, որ այդ փաստաթղթերն առանձնապես կարևոր են անցումային շրջանում և, ճանաչելով շահերի ընդհանրությունն այդ բնագավառում, նրանք կհամագործակցեն, որպեսզի օգտագործեն առկա հնարավորությունները:

(14) Նրանք ընդգծում են էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը` էներգամատակարարման հուսալիությունը բարձրացնելու, էներգիայի արտադրման, վերափոխման, հաղորդման, բաշխման և օգտագործման առավելագույն արդյունավետության հասնելու, անվտանգությունը բարձրացնելու և տնտեսական ընդունելի հիման վրա բնապահպանական խնդիրները նվազագույնի հանգեցնելու նպատակով:

Այս համատեքստում նրանք նաև ընդունում են գոյություն ունեցող միջազգային այնպիսի ծրագրերի կարևորությունը, ինչպես «2000-ի էներգետիկայի արդյունավետությունը» ծրագիրը` ԵՏՀ-ի հովանու ներքո: Մասնակից պետություններն ընդգծել են այնպիսի հարակից բնագավառներում սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են էներգիայի վերականգնվող աղբյուրներ առևտրական յուրացումն ու հետազոտումը, ինչպես նաև էներգետիկ արտադրանքի ազատ տեղափոխումը:

(15) Մասնակից պետություններն ընդգծում են ռազմական արտադրության փոխարկի սոցիալական ու տնտեսական կարևորությունը քաղաքացիական նպատակների համար: Նրանք պաշտպանում են ռազմական արտադրության փոխարկի բնագավառում համագործակցությունը շահագրգիռ մասնակից պետությունների հետ` երկկողմ հիման վրա, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

(16) Մասնակից պետություններն ընդգծում են որոշ երկրներում, որոնց տնտեսությունը գտնվում է անցումային փուլում, անցկացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Նրանք կընդլայնեն համագործակցությունը գյուղատնտեսական արտադրության և սննդարդյունաբերության փորձի փոխանակման բնագավառում:

(17) Սահմանների բացումից հետո զբոսաշրջության համար ի հայտ եկած ավելի լայն հնարավորություններն օգտագործելու նպատակով մասնակից պետությունները կհամագործակցեն մասնավորապես ենթակառուցվածքի և սպասարկումների բնագավառում, ինչպես նաև համապատասխան սահմանումների և ցուցանիշների համաձայնեցման գործում, ընդսմին պատշաճ ուշադրություն դարձնելով զբոսաշրջության ազդեցությանը շրջակա միջավայրի վրա: նրանք կուժեղացնեն համագործակցությունը այդ ոլորտի կադրերի պատրաստման և ուսուցման բնագավառում և կխրախուսեն նորամուծությունների և համապատասխան տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

(18) Վերստին հավաստելով գիտության ու տեխնիկայի էապես կարևոր դերը տնտեսական ու սոցիալական կայուն զարգացման գործընթացում, մասնակից պետությունները կուժեղացնեն համագործակցությունն այդ բնագավառում` շեշտը դնելով այն ուղղությունների վրա, որոնք անմիջական հետաքրքրություն են ներկայացնում իրենց բնակչության և արտադրության համակարգերի համար: Այդ համագործակցությունը կընդգրկի այնպիսի ասպարեզներ, ինչպես բնապահպանական հետազոտությունները, կենսաբժշկագիտության և առողջության պահպանման բնագավառի հետազոտությունները, միջուկային անվտանգությունը, էներգիայի և հումքի տնտեսման եղանակները, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաները, ինչպես նաև չափման և փորձարկումների եղանակները` այն նկատառումով, որպեսզի նպաստեն միջազգային ստանդարտների և լավ գործելակերպի կանոնագրքերի հետևողական ներդրմանը` ի պաշտպանություն առևտրի զարգացման:

(19) Նրանք, որտեղ անհրաժեշտ է, քայլեր կձեռնարկեն գիտատեխնիկական տեղեկատվություն ու գիտելիքներ փոխանակելու ասպարեզում` հաղթահարելու համար տեխնոլոգիական խզումը, և ընդունում են, որ արդիական նորամուծությունների տեխնոլոգիայի հանձնումն ու փոխանակությունը չպետք է հակասեն չտարածման բնագավառի պարտավորություններին և մտավոր սեփականության իրավունքների պահպանման մասին դրույթներին:

(20) Ընդունելով գիտության ու տեխնիկայի բնագավառում մարդկային ռեսուրսները զարգացնելու անհրաժեշտությունը, նրանք ողջունում են հետագա համագործակցության հնարավորությունը համապատասխան միջազգային կազմակերպությունների և հետազոտական այնպիսի ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են ԿօՍՏ-ը և Էվրիկա-ն, ինչպես նաև վերջերս Գիտության ու տեխնիկայի միջազգային կենտրոնի ստեղծումը` համապատասխան բաժանմունքներ բացելով Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում: Նրանք ջանքերը կնպատակամղեն գիտական ցանցերի ստեղծմանը և համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը:

Տնտեսագիտական համաժողով

Մանդատը

(21) Խորհրդի Պրագայում կայացած հանդիպման ժամանակ (1952 թվականի հունվարի 30-ին, ԵԱՀԽ-ի նախարարները պայմանավորվեցին տնտեսագիտական համաժողով ստեղծել Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի (ԱՊԱԿ) շրջանակներում:

(22) ԱՊԱԿ-ը պետք է գումարվի որպես տնտեսագիտական համաժողով, որպեսզի քաղաքական ազդակ հաղորդվի ազատ շուկայական տնտեսության անցնելու և այն զարգացնելու հարցերի շուրջ երկխոսությանը` որպես կարևոր ավանդ ժողովրդավարության կայացման գործընթացում, գործնական քայլեր առաջարկվեն` ի զարգացումն ազատ շուկայի և Տնտեսական համագործակցության համակարգերի, ինչպես նաև նպաստեն այն գործունեությանը, որն արդեն իրականացվում է այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպես տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը, Եվրոպայի տևական կապիտալ ներդրումների (ինվեստիցիոն) բանկը (ԵԻԲ), վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ԵՏՀ-ն:

Կազմակերպումը

(23) ԱՊԱԿ-ը գումարվելու է որպես տնտեսագիտական համաժողով: Այդպիսով, տնտեսագիտական համաժողովի անցկացումը կկարգավորվի այն նույն ընթացակարգերով, որոնք կիրառվում են ԱՊԱԿ-ի բոլոր սովորական հանդիպումների նկատմամբ:

(24) Համաժողովը իր աշխատանքում ավանդ ներդնելու կոչով կարող է դիմել եվրոպական և անդրատլանտյան այն կազմակերպություններին, որոնք առնչություն ունեն քննարկվող հարցերի հետ:

(25) Համաժողովի աշխատանքը պետք է այնպես կառուցվի, որպեսզի բացառվի միջազգային կազմակերպությունների գործունեության կրկնորդումը և առանց այդ էլ սուղ ռեսուրսների չափից ավելի հատկացումը:

(26) Տնտեսագիտական համաժողովը, որպես կանոն, գումարվելու է ամենամյա հիմքի վրա: Հանդիպումը տևելու է երկու-երեք օր, իսկ քննարկումը կենտրոնացվելու է երկու-երեք կոնկրետ հարցերի վրա:

(27) Տնտեսագիտական համաժողովը քննարկելու է թեմաներ ու հարցեր, որոնք կարող են փորձագետների կողմից լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջել: Դա կիրականացվի տարվա ընթացքում, դռնբաց սեմինարների ձևով, որոնք նվիրված կլինեն կոնկրետ հարցերի: Համաժողովի համաձայնությամբ փորձագետների այդ խորհրդակցությունները կարող են կազմակերպվել և ֆինանսավորվել ԵԱՀԽ-ի մեկ կամ մի քանի մասնակից պետությունների և (կամ միջազգային կազմակերպությունների կողմից` մասնավոր կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցությամբ հանդերձ:

(28) Փորձագետների այդ խորհրդակցությունները կարող են հավաքել տնտեսական քաղաքականության մշակման համար պատասխանատու անձանց, խորհրդարանների ղեկավարների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների` համագործակցության և շուկայական տնտեսության անցնելու հարցերի շուրջ դրական երկխոսության շրջանակներում:

(29) Համաժողովը գոհունակությամբ կընդունի փորձագետների խմբերի խորհրդակցությունների զեկուցագրերը և կօժանդակի դրանց տարածմանը ԵԱՀԽ-ի մասնակից բոլոր պետությունների շրջանում: Փորձագետների այդ խմբերը, սակայն, չեն մշակելու այնպիսի փաստաթղթեր, որոնց պարունակած դրույթները պարտադիր լինեն ԵԱՀԽ-ի մասնակից պետությունների կողմից կատարելու համար:

Գործառույթները

(30) Տնտեսագիտական համաժողովը հնարավորություն կընձեռի կարծիքների և փորձի փոխանակում իրականացնել անցումային գործընթացի հանգուցային հարցերի,ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների աշխատանքի շուրջ:

(31) Տնտեսագիտական համաժողովը պետք է, որպես կարևոր մեխանիզմ, ծառայի տնտեսության, շրջակա միջավայրի, ինչպես նաև գիտության ու տեխնիկայի բնագավառում ԵԱՀԽ-ի գծով ստանձնած պարտավորությունները կատարելու ընդհանուր ամփոփման համար: Համաժողովը պետք է տեղեկատվություն տարածի, նպաստի կառուցվածքային խնդիրների ի հայտ բերմանը և գործնական քայլեր առաջարկի` անցումային շրջանում այդ բնագավառներում տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով:

(32) Այն քաղաքական ազդակները, որոնք Տնտեսագիտական համաժողովը լիազորված է հաղորդել անցումային գործընթացի Տնտեսագիտական բնապահպանական և գիտատեխնիկական հայեցակետերի քննարկմանը, կլրացնեն ու կօժանդակեն միջազգային տնտեսագիտական ու բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը, որոնք այդ հարցերով զբաղվում են օպերատիվ մակարդակով:

Տնտեսագիտական համաժողովի առաջին

հանդիպման օրինակելի օրակարգ

Պրագա

6-18 մարտի 1993 թվականի

1. Բացումը

2. Հարցեր քննարկման համար

Կարծիքների ու փորձի փոխանակում անցումային գործընթացի հանգուցային հարցերի շուրջ և այդ առնչությամբ կատարման ընդհանուր ամփոփում` առանձնապես շեշտը դնելով հետևյալ երեք բնագավառների վրա, նկատի ունենալով հետագա համագործակցության հնարավորությունները.

. նպաստավոր գործարար կլիմայի հանգուցային տարրերը Բոննի խորհրդաժողովի փաստաթղթի դրույթների լույսի ներքո, ներառյալ սեփականության բոլոր ձևերի պահպանությունը, ընդսմին հատուկ ուշադրություն դարձնելով պետական քաղաքականության տեղին ու դերին.

. տնտեսական անցումային գործընթացի մարդկային գործոնները` շեշտը դնելով մարդկային ռեսուրսների զարգացման վրա, ներառյալ արհեստակցական, մասնագիտական ու տեխնիկական պատրաստությունը, կառավարման հմտությունների զարգացումը, ձեռնարկչական ոգու դաստիարակումը, ինչպես նաև աշխատապայմանները.

. տնտեսական ու բնապահպանական գործոնների միասնացումը շուկայական տնտեսության անցնելու շրջանում:

3. 1993 թվականի սեմինարների թեմաների վերաբերյալ առաջարկությունների քննարկում:

4. Տնտեսագիտական համաժողովի հաջորդ հանդիպման ժամկետն ու օրակարգը:

 

Viii. շրջակա միջավայր

 

(1) Մասնակից պետությունները կաշխուժացնեն իրենց հարաճուն համագործակցությունը օդի, ջրի ու հողի միջավայրի բնապահպանական կայուն հաշվեկշռի վերականգնման ու պահպանման նպատակով և գիտակցում են իրենց անհատական ու ընդհանուր հավատարմությունը այդ նպատակների իրականացմանը:

(2) Մասնակից պետություններն ընդգծում են բնապահպանական բնագավառում գոյություն ունեցող պարտավորությունների կատարմանը հետևելու և այն գնահատելու արդյունավետ համակարգերի մշակման անհրաժեշտությունը համապատասխան համաժողովներում: Նրանք հետաքրքրությամբ են սպասում բնապահպանական քաղաքականության իրականացման ընդհանուր ամփոփումների արդյունքներին, որ համատեղ կատարում են Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը և ԵՏՀ-ն: Նրանք ԵՏՀ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հանձնարարում են քննարկել համապատասխան կոնվենցիաներին ԵԱՀԽ-ի մասնակից բոլոր պետությունների միանալու հնարավոր ուղիները:

(3) Մասնակից պետություններն ընդգծում են, որ այլ բնագավառների քաղաքականության և տնտեսական հարցերով որոշումների ընդունման գործընթացի հետ բնապահպանական բնույթի ինտեգրացումը անհրաժեշտ պայման է ինչպես տնտեսական կայուն զարգացում ապահովելու, այնպես էլ բնապաշարները խելամտորեն օգտագործելու համար: Այս առումով, ազգային մակարդակով «վճարում է աղտոտողը» սկզբունքի, ինչպես նաև նախազգուշական միջոցների վրա հիմնված մոտեցման իրականացման համար կարևոր նշանակություն ունի կարգավորողների հետ մեկտեղ տնտեսական ու հարկային մեխանիզմների կիրառումը:

(4) Նրանք ընդգծում են, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի իրենց միջև միջազգային համագործակցության գլխավոր գործոններից մեկը: Նրանք պաշտպանում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար գործողությունների ծրագիր, ինչպես նաև ամբողջ եվրոպայի համար բնապահպանական ծրագրի տարրեր մշակելու ջանքերը` նախարարների 1991 թվականի «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» խորհրդակցությունից հետո ձեռնարկվելիք քայլերի շրջանակներում:

(5) Մասնակից պետությունները, համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում, կնպաստեն աշխատանքի աշխուժացմանը այն նկատառումով, որ միջազգային առևտրի ազատականացումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը լրացնեն և օժանդակեն միմյանց:

(6) Մասնակից պետություններն ընդգծում են բոլոր միջուկային կայանքների անվտանգության արդյունավետ ապահովման անհրաժեշտությունը բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար: Միջուկային անվտանգության բնագավառի խնդիրները պարզելու և սահմանելու նպատակով նրանք կհամագործակցեն համապատասխան միջազգային համաժողովների շրջանակներում:

(7) Նրանք հանձնարարում են առավելագույնս հնարավոր չափով հավատարիմ մնալ միջուկային վթարի մասին օպերատիվ իրազեկման և միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի դեպքում օգնության մասին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կոնվենցիաներին և պաշտպանում են այդ կազմակերպության շրջանակներում միջուկային անվտանգության միջազգային կոնվենցիայի շուտափույթ նախապատրաստման եռանդուն աշխատանքը: Մասնակից պետությունները ողջունում են միջուկային դեպքերի միջազգային սանդղակի (ՄԴՄՍ) և արտակարգ պատահարների իրազեկման համակարգի ստեղծումը:

(8) Նրանք ջանքեր կգործադրեն` ի պաշտպանություն Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրերի, որոնք նպատակամղված են միջուկային անվտանգության բարձրացմանը: Նրանք կպաշտպանեն մյուս միջազգային ջանքերն այդ բնագավառում, որոնք կնպատակամղվեն մասնավորապես միջուկային կայանքների անվտանգության բարձրացմանն այնտեղ, որտեղ դա տեխնիկապես իրագործելի է, իսկ այնտեղ, որտեղ դա անիրագործելի է, այդ առումով օգնություն ցույց կտան համապատասխան պլանների մշակման հիման վրա և, հենց որ դա գործնականորեն հնարավոր լինի, այդ կայանքները էներգիայի բնապահպանորեն մաքուր արտադրաեղանակներ օգտագործող կայանքներով փոխարինելու կամ էներգասպառման առավել արդյունավետ եղանակներ ներդնելու հիման վրա:

(9) Մասնակից պետությունները պետք է ապահովեն իրենց ռազմական օբյեկտների համապատասխանությունը իրենց երկրներում կիրառվող բնապահպանական նորմերին` վտանգավոր թափոնների մշակման ու հեռացման բնագավառում:

(10) Մասնակից պետությունները մտահոգություն են հայտնում թունավոր ու վտանգավոր թափոնների անօրինական միջազգային տեղափոխման ու հեռացման առթիվ: Նրանք կհամագործակցեն նման թափոնների ապօրինի փոխադրումն ու հեռացումը կանխելու և դրանց արտահանումը այն երկրներ, հավասարապես նաև այն երկրների կողմից ներմուծումն արգելելու նպատակով, որոնք տեխնիկական միջոցներ չունեն այդ թափոնները բնապահպանորեն անվտանգ եղանակներով մշակելու և հեռացնելու համար, գործելով վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների և դրանց հեռացման նկատմամբ վերահսկողության մասին Բազելի կոնվենցիայի համատեքստում: Ճառագայթաակտիվ թափոնների միջազգային փոխադրման խնդրում նրանք հաշվի կառնեն Ատոմային Էներգիայի միջազգային Գործակալության գործունեության կանոնագիրքը` ճառագայթաակտիվ թափոնների միջազգային անդրսահմանային փոխադրման նկատմամբ:

(11) Մասնակից պետությունները ջանքեր կգործադրեն մշակելու այնպիսի քաղաքականություն, որը նպատակամղված լինի քաղաքացիների բնապահպանական գիտակցության բարձրացմանն ու լուսավորմանը` տարերային աղետների ու տեխնոլոգիաների վտանգը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև համապատասխան միջոցների նախապատրաստմանը` նման պատահարների դեպքում: Այդ առնչությամբ մասնակից պետություններն ընդունում են այն աշխատանքի կարևորությունը, որն իրականացվում է միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի վերաբերյալ ծրագրի շրջանակներում` իրազեկությունն ընդլայնելու և տեղական մակարդակով արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելն ապահովելու ծրագրի մասով: Մասնակից պետությունները անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն բնապահպանության բնագավառի պլանավորմանն ու որոշումների ընդունմանը հասարակայնության մասնակցությունն աշխուժացնելու համար:

(12) Մասնակից պետությունները հաստատակամորեն կոչ են անում իրականացնել շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության փոխանակմանը, խորհրդատվություններին, արտակարգ բնապահպանական իրավիճակների դեպքում օպերատիվ իրազեկմանն ու օգնությանը վերաբերող սկզբունքները, որոնք շարադրված են Տնտեսական համագործակցության ու զարգացման «Քիմիական վթարների դեպքում նախազգուշացման, դրանց պատրաստ լինելու և համապատասխան միջոցառումներին վերաբերող ղեկավար սկզբունքները» փաստաթղթում, ինչպես նաև ԵՏՀ-ի Արդյունաբերական վթարների անդրսահմանային հետևանքների մասին կոնվենցիայում:

(13) Նրանք հանձնարարում են ազգային մակարդակով ձեռնարկել այնպիսի բնապահպան միջոցներ, ինչպես նպատակային խմբերի ստեղծումը, որոնք կարող են փոխհամակցել մասնագիտական գիտելիքների, փորձի ու սարքավորումների մասին համապատասխան տեղեկության հանձնումը այն երկրներին, որտեղ արտակարգ իրավիճակ է առաջացել, Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական շտապ օգնության կենտրոնին և մյուս համապատասխան միջազգային կազմակերպություններին: Այդ միջոցները ձեռնարկելիս հաշվի կառնվեն ԵՏՀ-ի կոնվենցիաները` արդյունաբերական վթարների անդրսահմանային հետևանքների մասին և անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, ինչպես նաև մյուս համապատասխան համաձայնագրերը:

(14) Նրանք կողջունեն Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական շտապ օգնության կենտրոնի կողմից իր աշխատակիցների թվից ԵԱՀԽ-ի աշխարհաշրջանում կապի համար պատասխանատուի նշանակումը և հանձնարարում են կենտրոնը միացնել ԵԱՀԽ-ի կապի ցանցին, ինչը հնարավորություն կընձեռեր արտակարգ իրավիճակներում ապահովել լրացուցիչ իրազեկման համակարգ, նկատի ունենալով, որ 1993 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի կառավարիչների խորհուրդը գնահատելու է Կենտրոնի գործունեությունը:

(15) Մասնակից պետությունները համապատասխան համաժողովներում կխրախուսեն ԵԱՀԽ-ի աշխարհաշրջանում արգելագոտիների ցանցի մշակումը` պահպանելու և պաշտպանելու համար գոյություն ունեցող խոշոր անմշակ կամ մասամբ մշակված կենսավայրերը և բնապահպան համակարգերը` որպես դրանց բնական ժառանգության մաս, ինչպես նաև կենդանական աշխարհի պաշտպանության ու պահպանման միջոցառումների հետագա մշակումը:

(16) մակ-ում ընդունված սկզբունքների շուտափույթ իրականացմանը օժանդակելու նպատակով, որոնք վերաբերում են անտառների պահպանությանը, և ճանաչելով ԵԱՀԽ-ի աշխարհաշրջանում անտառային բնապահպան համակարգերը պահպանելու կարևորությունը, մասնակից պետությունները որոշում են ընդունում նոր ազդակ հաղորդել այդ խնդրի լուծմանը գործնական քննարկումների հիման վրա: Այդ կապակցությամբ 1993 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Մոնրեալում տեղի կունենա ԵԱՀԽ-ի փորձագետների «Արկտիկական և չափավոր գոտու անտառների խելամիտ յուրացումը» սեմինարը: Կանադան այդ սեմինարի անցկացման բյուջեի, օրակարգի և կազմակերպական պայմանների մասին առաջարկություն կներկայացնի ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի հաստատմանը, մինչև 1992 թվականի վերջը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան