Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-572-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.14-րդ հոդվածով.

 

«Հոդված 19.14. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից
յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք
ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝

բազային տուրքի
175 000-ապատիկի չափով

Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի
կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք
ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝

բազային տուրքի
50 000-ապատիկի չափով

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերության «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված՝ խաղադրույք ընդունելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-572-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: