Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-568-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաև Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

- Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող՝ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար՝ տասնհինգ հազար դրամի և կառուցվող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող՝ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար՝ տասնհինգ հազար դրամ,

- մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

Սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

գ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ,

դ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամի և սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաև Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար (եթե սույն հոդվածի 4.1-ին մասով այլ բան սահմանված չէ)՝

ա. Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող՝ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝ երեսուն հազար դրամի և կառուցվող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող՝ 300 քառակուսի մետրից ավել ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի տան) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների կամ 300-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող՝ Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող անհատական բնակելի տների համար` վաթսուն հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների և Երևան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար` 200 հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների և Երևան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ 400 հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների և Երևան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:»․

2) 3-րդ և 4-րդ մասերի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին, 2-րդ և 3-րդ» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով․

«4.1. Անկախ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված դրույքաչափերով։»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-568-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան