ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150.3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով.
2) 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը «մեկ սռնու» բառերից հետո լրացնել «(սռնիների)» բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.16-րդ հոդվածով.
«Հոդված 150.16.
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացման գործառույթի) իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացման գործառույթի) իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածը «150.15-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «, 150.16-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-539-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: