Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.1985-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Մերձավանի գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
06.09.1985

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ

Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը

ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԿ-Ի ՅՈԹԵՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ
ՄԻԼԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ - 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1985 ԹՎԱԿԱՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի 40/32 ԵՎ 1985 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի 40/146 ԲԱՆԱՁԵՎԵՐՈՎ

 

Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսը`

 վկայակոչելով Կարակասի հռչակագիրը, որը միաձայն ընդունվել է Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ կոնգրեսի կողմից և Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացել նրա 1980 թվականի դեկտեմբերի 15-ի 35/171 բանաձևով,

 վկայակոչելով նաև Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ կոնգրեսի ընդունած 16 բանաձևը, որով կոնգրեսը դիմել էր Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին` խնդրելով առաջնահերթ հարցերի թվում մտցնել դատավորների անկախությանը վերաբերող ղեկավար սկզբունքների մշակումը,

այնուհետև վկայակոչելով Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1984 թվականի մայիսի 25-ի 1984/153 որոշումը, որով Խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության քրեական արդարադատության ոլորտի ստանդարտների և նորմերի մշակման ու կիրառման միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցությանն առաջարկել էր ավարտել դատական մարմինների անկախությանը վերաբերող ղեկավար սկզբունքների նախագծի մշակումը, որը ձևակերպվել է Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեի կողմից նրա ութերորդ նստաշրջանում, և Գլխավոր քարտուղարին խնդրել էր վերջնական տեքստը ներկայացնել յոթերորդ կոնգրեսին` ընդունման համար,

գոհունակությամբ ի գիտություն ընդունելով այն աշխատանքը, որ ի կատարումն վերոհիշյալ մանդատների իրականացրել են Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեն և միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցությունը Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսի համար, որը տեղի է ունեցել 1984 թվականի սեպտեմբերի 24-28-ը Վարնայում, Իտալիա,

այնուհետև գոհունակությամբ ի գիտություն ընդունելով դատական մարմինների անկախության ղեկավար սկզբունքների նախագծի հարցի քննարկումը հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսում, որի հետևանքով ձևակերպվեցին դատական մարմինների անկախությանը վերաբերող հիմնարար սկզբունքները,

1. ընդունում է Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները, որոնք շարադրված են սույն բանաձևում.

2. հանձնարարում է Հիմնարար սկզբունքները իրականացնելու և միջոցներ ձեռնարկելու համար ազգային, տարածաշրջանային և միջտարածաշրջանային մակարդակներով` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային պայմաններն ու ավանդույթները.

3. կոչ է անում կառավարություններին իրենց ազգային օրենսդրության ու գործելակերպի շրջանակներում ուշադրության առնել և հարգել Հիմնարար սկզբունքները.

4. նաև կոչ է անում անդամ պետություններին Հիմնարար սկզբունքները հասցնել ի գիտություն դատավորների, իրավաբանների, գործադիր և օրենսդիր մարմինների աշխատակիցների, ինչպես նաև լայն հասարակայնության.

5. համառորեն կոչ է անում հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվելաձևի հարցերով զբաղվող տարածաշրջանային հանձնաժողովներին, տարածաշրջանային ու միջտարածաշրջանային հիմնարկներին, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկներին ու մյուս մարմիններին, Տնտեսական ու սոցիալական խորհրդին առընթեր խորհրդակցական կարգավիճակ ունեցող մյուս համապատասխան միջկառավարական կազմակերպություններին ու ոչ կառավարական կազմակերպություններին` եռանդագին մասնակցել սույն Հիմնարար սկզբունքների իրականացմանը.

6. կոչ է անում Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին առաջնահերթ կարգով քննարկել սույն բանաձևի արդյունավետ իրականացման հարցը.

 7. խնդրում է Գլխավոր քարտուղարին պատշաճ միջոցներ ձեռնարկել ապահովելու Հիմնարար սկզբունքների առավել լայն տարածումը.

 8. նաև խնդրում է Գլխավոր քարտուղարին զեկուցագիր պատրաստել Հիմնարար սկզբունքների իրականացման մասին.

 9. այնուհետև խնդրում է Գլխավոր քարտուղարին անդամ պետություններին նրանց խնդրանքով օգնություն ցույց տալ` իրականացնելու Հիմնարար սկզբունքները և կանոնավոր կերպով այդ հարցի առթիվ զեկուցագիր ներկայացնել Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին.

10. խնդրում է սույն բանաձևը հասցնել ի գիտություն Միավորված ազգերի կազմակերպության բոլոր համապատասխան մարմինների:

Հ ա վ ե լ վ ա ծ

 

Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները

 

Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ աշխարհի ժողովուրդները հայտարարում են իրենց վճռականությունը, մասնավորապես` ստեղծելու պայմաններ, որոնց առկայությամբ կարող է պահպանվել արդարությունը, նպատակ ունենալով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների քաջալերման ու զարգացման մեջ միջազգային համագործակցության անխտիր պահպանումը,

հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում մարմնավորված են մասնավորապես օրենքի առջև հավասարության սկզբունքը, անմեղության կանխավարկածը և համապատասխան օրենքով հիմնադրված հեղինակավոր, անկախ, անաչառ դատարանի արդարացի և դռնբաց դատական քննարկումների իրավունքը,

հաշվի առնելով, որ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերը երաշխավորում են այդ իրավունքների իրագործումը, բացի դրանից` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիրը երաշխավորում է նաև առանց չարդարացված կասեցման դատվելու իրավունքը,

հաշվի առնելով, որ դեռ հաճախակի են անհամապատասխանությունները այդ սկզբունքների մասին պատկերացման և փաստական դրության միջև,

հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկրում արդարադատությունը կազմակերպելիս և կիրառելիս պետք է ղեկավարվել այդ սկզբունքներով և ջանքեր ձեռնարկել դրանք կյանքում լիովին կիրառելու նպատակով,

հաշվի առնելով, որ դատավորների պարտականություններն իրագործելու վերաբերյալ նորմերը պետք է նպատակաուղղված լինեն դատավորներին այդ սկզբունքների համապատասխան գործելու հնարավորություն տալուն,

հաշվի առնելով, որ քաղաքացիների կյանքի և մահվան, ազատության, իրավունքի, պարտականությունների, սեփականության հարցերի մասին վերջնական վճիռ ընդունելու պարտականությունը դրվում է դատավորների վրա,

 հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի` Հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվելաձևի 6-րդ Կոնգրեսը իր 16 բանաձևում Հանցագործությունների կանխման և նրանց դեմ պայքարի կոմիտեին խնդրել է առաջնահերթ խնդիրների թվում ներառել դատավորների անկախության և ընտրության, դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստության և կարգավիճակի վերաբերյալ ղեկավար սկզբունքների մշակումը,

 այդ կապակցությամբ հաշվի առնելով, որ առաջին հերթին պետք է քննել արդարադատության համակարգում դատավորների դերի, նրանց ընտրության, պատրաստության և վարքագծի կարևորության հարցը,

կառավարություններին հարկ է ազգային օրենսդրության և փորձի շրջանակներում նկատի առնել և հարգել, իսկ դատավորներին, դատապաշտպաններին, գործադիր և օրենսդիր մարմիններին ու լայն հասարակայնությանը` տեղեկացնել անդամ պետությունների դատական մարմինների անկախության ապահովման և ամրապնդման խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետևյալ հիմնարար սկզբունքներին: Սկզբունքները ձևակերպվել են գլխավորապես պրոֆեսիոնալ դատավորների համար, սակայն, անհրաժեշտության դեպքում, դրանք հավասարապես կիրառելի են ոչ պրոֆեսիոնալ դատավորների համար, եթե այդպիսիք առկա են:

 

Դատական մարմինների անկախությունը

 

1. Դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը:

2. Դատական մարմինները իրենց հանձնված գործերը վճռում են անաչառ կերպով հիմնվելով փաստերին և առաջնորդվելով օրենքով, հաշվի չառնելով որևէ ուղիղ կամ անուղղակի սպառնալիք կամ միջամտություն, ում կողմից և ինչ պատճառներով էլ այն կատարվի:

3. Դատական մարմինները տիրապետում են դատական բնույթի բոլոր հարցերի իրավասությանը և բացառիկ իրավունք ունեն որոշելու, թե իրենց հանձնված գործը մտնում է արդյոք իրենց` օրենքով սահմանված իրավասության մեջ:

4. Արդարադատության իրականացման ընթացքում ապօրինի կամ չարտոնված միջամտություններ տեղ չպետք է գտնեն, և դատարանների կայացրած դատական որոշումները վերանայման ենթակա չեն: Այդ սկզբունքը չի խանգարում դատական մարմինների կայացրած որոշումների դատական վերանայումը կամ դատավճռի մեղմացումը օրենքին համապատասխան իրականացնելուն:

5. Յուրաքանչյուր մարդ սովորական դատարաններում կամ տրիբունալներում կիրառվող հաստատված իրավաբանական ընթացակարգերով դատական քննության իրավունք ունի: Սովորական դատարանների կամ դատական մարմինների իրավասությունը նենգափոխելու նպատակով հաստատված իրավաբանական ընթացակարգը պատշաճ ձևով չկիրառող տրիբունալներ չպետք է ստեղծվեն:

6. Դատական մարմինների անկախության սկզբունքը դատական մարմիններին իրավունք է տալիս և պահանջում է նրանցից արդարացի վարել դատական քննությունները ու ապահովել կողմերի իրավունքները:

7. Յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:

 

Խոսքի և միավորումների ստեղծման ազատություն

 

8. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան դատական մարմինների անդամները, այլ քաղաքացիների նման, օգտվում են խոսքի, կրոնական հավատալիքների, միավորումների և ժողովների ազատությունից, սակայն օգտվելով այդպիսի իրավունքներից, դատավորները պետք է իրենց միշտ պահեն այնպես, որպեսզի հարգանք ապահովեն իրենց պաշտոնի հանդեպ, պահպանել անկողմնակալություն և դատական մարմինների անկախություն:

9. Դատավորներն իրավունք ունեն ստեղծելու դատավորների միավորումներ և այլ կազմակերպություններ, մտնելու դրանց մեջ` իրենց շահերի պաշտպանության, մասնագիտական պատրաստականության կատարելագործման և անձնական անկախությունը ապահովելու նպատակով:

 

Որակավորում, ընտրություն և պատրաստվածություն

 

10. Դատական պաշտոնում ընտրված անձինք պետք է ունենան բարոյական բարձր հատկանիշներ և ընդունակություններ, նաև համապատասխան պատրաստվածություն և որակավորում` իրավունքի բնագավառում: Դատավորների ընտրության ցանկացած ձև պետք է երաշխավորի դատավորների նշանակման անօրինական շարժառիթներից: Դատավորների ընտրության ժամանակ տվյալ անձի նկատմամբ չպետք է լինի խտրականություն ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային կամ այլ դրության պատճառով, սակայն իրավաբանական պաշտոնում համապատասխան երկրի քաղաքացի ընտրվելու պահանջը չպետք է դիտվի որպես խտրականության հատկանիշ:

 

Ծառայության պայմանները և լիազորությունների ժամկետը

11. Դատավորների լիազորությունների ժամկետը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով:

12. Նշանակված կամ ընտրված դատավորները լիազորությունների երաշխավորված ժամկետ ունեն մինչև պարտադիր թոշակի գնալը կամ լիազորությունների ժամկետի ավարտը, որտեղ այդպիսին հաստատված է:

13. Այնտեղ, որտեղ գոյություն ունի նման համակարգ, դատավորների պաշտոնի բարձրացումը պետք է իրագործել օբյեկտիվ գործոնների, մասնավորապես, ընդունակությունների, բարոյական հատկանիշների և փորձի հիման վրա:

14. Դատավորների միջև գործի բաժանումը այն դատարաններում, որոնց նրանք պատկանում են, տվյալ դատական վարչության ներքին գործն է:

 

Պրոֆեսիոնալ գաղտնիք և անձեռնմխելիություն

 

15. Դատավորները պարտավոր են պրոֆեսիոնալ գաղտնիք պահպանել իրենց աշխատանքի և իրենց պարտականությունները կատարելու ընթացքում ստացված խորհրդապահական տեղեկատվության վերաբերյալ և չպետք է հարկադրվեն այդպիսի հարցերի մասին ցուցմունքներ տալ:

16. Ազգային օրենքներին համապատասխան` դատավորները իրենց դատական պարտականությունները կատարելու ժամանակ թույլ տված սխալ գործողության կամ բացթողումների հետևանքով տեղ գտած ֆինանսական վնասի համար պետք է օգտվեն դատական հետապնդման անձնական անձեռնմխելիությունից, առանց որևէ կարգապահական ընթացակարգի կամ պետության կողմից վերանայման կամ փոխհատուցման իրավունքի համար որևէ վնասի:

 

Պատիժը, պաշտոնից ազատումը և հեռացումը

 

 

17. Իր պարտականությունները կատարելու ընթացքում դատավորի հասցեով ստացված մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պետք է անհապաղ և անաչառ քննարկվի: Դատավորը ունի պատասխանի և արդարացի քննարկման իրավունք: Դժգոհությունների քննարկումը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում, պետք է անցկացվի գաղտնի:

18. Դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով:

19. Պատժի, պաշտոնից ազատելու և հեռացնելու բոլոր ընթացակարգերը պետք է որոշվեն սահմանված դատական վարքագծի կանոններին համապատասխան:

20. Կարգապահական պատիժների, պաշտոնից ազատելու կամ հեռացնելու որոշումները պետք է դառնան անկախ ստուգումների առարկա: Այդ սկզբունքը կարող է չկիրառվել Գերագույն դատարանի կամ օրենսդրական մարմինների կողմից իմպիչմենտի կարգով գործերի քննության կամ նմանօրինակ ընթացակարգի պահպանմամբ ընդունված որոշումների նկատմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան