Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-60-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.02/24(758) Հոդ.584
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 29-ին

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1.

Օրենքի նպատակները և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն օրենքով նախատեսված իրավական պահպանության իրավունքը տարածվում է միայն գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի նկատմամբ, բացառությամբ բնական և հանքային ջրերի:

 

 Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում.

ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ` բնական և մարդկային գործոնները, և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.

երաշխավորված ավանդական արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է սույն օրենքի համաձայն.

համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝ արտադրանքի անվանում, որը թեև պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առևտրային շրջանառության մեջ է դրվել, սակայն տևական ժամանակ համընդհանուր օգտագործման շնորհիվ դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում, և չի նույնականացվում տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ բացառիկ դեպքերում երկրից ծագած արտադրանքի հետ.

արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք.

յուրահատկություն՝ բնութագիր կամ բնութագրերի համախմբություն, որով արտադրանքը հստակ տարբերվում է նույն կատեգորիային պատկանող այլ նույնատիպ արտադրանքից.

ավանդական՝ շուկայում տևական ժամանակահատվածում օգտագործում, որը ցույց է տալիս սերնդից սերունդ փոխանցելու հանգամանքը (այդ ժամկետը պետք է համապատասխանի մարդկային սերնդի համընդհանուր ընդունված տևողությանը և կազմի առնվազն 25 տարի).

աշխարհագրական անվանում՝ տարածքի, տեղանքի կամ երկրի անվանում.

պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի՝ մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը.

բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը.

 խումբ` արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում, անկախ կազմակերպական-իրավական ձևից և կազմից, որը գործում է իր կանոնադրության հիման վրա և արտադրական գործունեություն է իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ.

թվական՝ օր, ամիս, տարի.

մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով):

(2-րդ հոդվածը խմբ. 18.06.20 ՀՕ-327-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

 

 Հոդված 3.

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի մասին օրենսդրությունը

 

1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

 Հոդված 4.

Օտարերկրյա անձանց իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար։

2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը։

 

 Հոդված 5.

Պետական լիազոր մարմինը

 

1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի ընդունումը, քննարկումը, փորձաքննության անցկացումը և գրանցումը.

2) պետության անունից աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերի հանձնումը.

3) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցամատյանների, ինչպես նաև աշխարհագրական նշումներ օգտագործողների և ծագման տեղանուններ օգտագործողների ցանկի վարումը.

4) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը.

5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

6) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը։

2. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ գրանցված աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

3. Պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։ Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը:

 

Հոդված 5.1. Ծանուցման ժամկետները

 

1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից՝ հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ծանուցումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով:

(5.1-ին հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-147-Ն)

 

 Հոդված 6.

Պետական տուրքերը

 

1. Սույն օրենքի համաձայն` իրավունքների ձեռքբերման և պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր։ Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով։

 

 Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 7.

Իրավական պահպանության հիմնական դրույթները

 

1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ուժով։

(7-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

 

 Հոդված 8.

Աշխարհագրական նշման և ծագման տեղանվան պահպանության պայմանները

 

1. Որպես աշխարհագրական նշում` պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի կամ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝

1) ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից.

2) յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ.

3) արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում։

2. Որպես ծագման տեղանուն` պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝

1) ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից.

2) յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ` բնական և մարդկային գործոնները.

3) արտադրվել, վերամշակվել և պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում։

3. Որպես աշխարհագրական նշումներ կամ ծագման տեղանուններ` պահպանվում են նաև արտադրանքի ավանդական աշխարհագրական կամ ոչ աշխարհագրական անվանումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին:

4. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից` ծագման տեղանուններին հավասարեցվում են որոշ աշխարհագրական անվանումներ, եթե դրանցով նշվող ապրանքների արտադրության համար օգտագործվող սկզբնական հումքը ծագում է ավելի լայն աշխարհագրական տեղանքից կամ այլ տարածքից, որը տարբերվում է նրանից, որտեղ տեղի է ունենում դրա վերամշակումը, պայմանով, որ՝

1) որոշված են սկզբնական հումքի արտադրության տարածքի սահմանները.

2) ստեղծված են սկզբնական հումքի արտադրության հատուկ պայմաններ.

3) կազմակերպված է հսկողություն, որն ապահովում է սույն մասի 2-րդ կետում նշված պայմանների կատարումը։

5. Սույն հոդվածի 4-րդ մասի իմաստով հումք են համարվում միայն կենդանի կենդանիները, միսը և կաթը։

6. Գինիների համար որպես աշխարհագրական նշում պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի կամ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝

1) գինու յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ.

2) գինու արտադրության համար օգտագործված խաղողի առնվազն 85 տոկոսն աճում է բացառապես տվյալ աշխարհագրական վայրում.

3) գինին արտադրվել է տվյալ աշխարհագրական վայրում.

4) գինին ստացվել է Վիտիս վինիֆերա (Vitis vinifera) խաղողի տեսակի սորտերից կամ Վիտիս վինիֆերա (Vitis vinifera) և Վիտիս (Vitis) խաղողի տեսակների խաչասերված սորտերից:

7. Գինիների համար որպես ծագման տեղանուն պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, որը ծառայում է հետևյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝

1) գինու յուրահատուկ որակը և բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են այդ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ` բնական և մարդկային գործոնները.

2) գինու արտադրության համար օգտագործված խաղողը աճում է բացառապես տվյալ աշխարհագրական տարածքում.

3) գինին արտադրվել է տվյալ աշխարհագրական տարածքում.

4) գինին ստացվել է Վիտիս վինիֆերա (Vitis vinifera) տեսակի խաղողի սորտերից:

8. Գինիների համար որպես ծագման տեղանուն պահպանվում են նաև ավանդաբար օգտագործվող որոշ անվանումներ, որոնք բավարարում են հետևյալ պայմանները՝

1) նշում են գինիներ.

2) վերաբերում են աշխարհագրական անվանումներին.

3) բավարարում են սույն հոդվածի 7-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված պայմանները.

4) անցել են ծագման տեղանունների համար սույն օրենքով նախատեսված գրանցման ընթացակարգը:

9. Սպիրտային խմիչքների համար որպես աշխարհագրական նշում պահպանվում է տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանումը, եթե այդ սպիրտային խմիչքի որոշակի որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները պայմանավորված են դրա աշխարհագրական ծագմամբ։

(8-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

 

 Հոդված 9.

Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը

 

1. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` կարող է պահպանվել այն արտադրանքը, որը բավարարում է հետևյալ պայմաններից մեկը՝

1) ստացվում է ավանդական սկզբնական հումքից.

2) բնութագրվում է ավանդական բաղադրությամբ.

3) բնութագրվում է արտադրության և (կամ) վերամշակման եղանակով, որը համապատասխանում է արտադրության և (կամ) վերամշակման ավանդական եղանակին։

2. Բնութագիրը կամ բնութագրերի համախմբությունը, որը պայմանավորում է արտադրանքի յուրահատկությունը, պետք է կապված լինի այդ արտադրանքին բնորոշ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ օրգանոլեպտիկ (զգայորոշման) հատկությունների հետ, արտադրության եղանակի կամ առանձնահատուկ պայմանների հետ։ Արտադրանքի արտաքին տեսքը չի համարվում դրա յուրահատկության բնութագիր։

3. Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել, եթե նրա անվանումն ըստ էության յուրահատուկ է կամ արտահայտում է արտադրանքի յուրահատկությունը։

4. Յուրահատուկ անվանումը պետք է լինի ավանդական և համապատասխանի կայացած սովորույթներին։

5. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է պարունակել աշխարհագրական վայրի անվանում, եթե այն չի վնասում պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքին։

6. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը չպետք է վնասի ապրանքային նշանի իրավունքին կամ մտավոր սեփականության այլ իրավունքներին։

7. Բույսի տեսակի և կենդանու ցեղատեսակի անվանումը կարող է օգտագործվել ավանդական երաշխավորված արտադրանքի անվանման մեջ, եթե սպառողը մոլորության մեջ չի ընկնի արտադրանքի բնույթի հարցում:

 

 Հոդված 10.

Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը մերժելու հիմքերը

 

1. Որպես աշխարհագրական նշում` չեն գրանցվում և չեն պահպանվում այն անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները կամ համապատասխան դեպքերում՝ նույն հոդվածի 3-րդ մասի պայմանները։

2. Որպես ծագման տեղանուն` չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանները, կամ համապատասխան դեպքերում՝ նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պայմանները։

3. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն արտադրանքի անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պայմանները։

4. Որպես աշխարհագրական նշում` ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանք չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն անվանումները, որոնք՝

1) դարձել են ապրանքի համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում.

2) հակասում են հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր են ազգային կամ հոգևոր արժեքներին։

5. Անվանումը չի կարող գրանցվել որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, եթե՝

1) որևէ ապրանքային նշանի համբավի ու ճանաչված լինելու, ինչպես նաև դրա տևական օգտագործման պատճառով գրանցումը կարող է մոլորության մեջ գցել սպառողին ապրանքի իսկության հարցում.

2) շփոթություն է առաջացնում բույսի տեսակի, սորտի կամ կենդանու ցեղատեսակի օմոնիմիկ (նույնանուն, համանուն) անվանման հետ համադրելի արտադրանքի հարցում, եթե աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտի ներկայացման թվականի դրությամբ բույսի տեսակը կամ կենդանու ցեղատեսակը եղել է առևտրային արտադրության առարկա, որի հետևանքով վտանգ է առաջանում, որ սպառողը կարող է գրանցված անվանումը կրող արտադրանքը շփոթել բույսի տեսակի կամ կենդանու ցեղատեսակի հետ։

6. Պահպանվող անվանմանն օմոնիմիկ կամ մասնակի օմոնիմիկ անվանման գրանցումը մերժվում է, եթե հաշվի առնելով տեղական և ավանդական կիրառումը, ինչպես նաև շփոթելու փաստացի վտանգը, սպառողի մոտ թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ ապրանքը ծագում է այլ տարածքից, եթե նույնիսկ տվյալ անվանումը ճիշտ է այն տարածքի, տեղանքի կամ բնակավայրի համար, որտեղից ծագում է տվյալ անվանմամբ պահպանվող արտադրանքը։

7. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` չի կարող գրանցվել արտադրանքը, որի յուրահատկությունը պայմանավորված է իր ծագմամբ կամ աշխարհագրական վայրով։ Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման մեջ աշխարհագրական վայրերի անվանումներ կարող են օգտագործվել, եթե դա չի վնասում մտավոր սեփականության ավելի վաղ այլ իրավունքներին, մասնավորապես ապրանքային նշանների, պահպանվող աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների նկատմամբ իրավունքներին։

 

 Հոդված 11.

Արտադրանքի տեխնիկական հատկորոշումները

 

1. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան նկատմամբ իրավունքի ձեռքբերման կամ որպես երաշխավորված ավանդական արտադրանք ճանաչվելու համար արտադրանքը պետք է համապատասխանի, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավասու մարմնի հաստատած արտադրանքի տեխնիկական հատկորոշումներին։

2. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝

1) աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, որի համար հայտարկվում է պահպանությունը.

2) արտադրանքի (անհրաժեշտության դեպքում նաև՝ հումքի) անվանումը և նկարագրությունը, ինչպես նաև արտադրանքի ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և (կամ) օրգանոլեպտիկ հիմնական բնութագրերը.

3) աշխարհագրական գոտու սահմանների նշումը և անհրաժեշտության դեպքում նշումները, որոնք հավաստում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանների պահպանված լինելը.

4) նշումներ, որոնք ապացուցում են ապրանքի ծագումը տվյալ աշխարհագրական գոտուց սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կամ, ըստ անհրաժեշտության, 2-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ մասին համապատասխան.

5) արտադրանքի ստացման եղանակի և անհրաժեշտության դեպքում արտադրանքի ստացման համար տեղական բարեխիղճ և մշտապես օգտագործվող եղանակների նկարագրությունը, ինչպես նաև փաթեթավորմանը վերաբերող պահանջների նկարագրությունը, եթե հայտատուն նշում և հիմնավորում է արտադրանքը տվյալ աշխարհագրական գոտում փաթեթավորելու անհրաժեշտությունը` որակի պահպանման կամ ծագման երաշխավորման կամ հսկողության ապահովման նպատակով.

6) նշումներ, որոնք հիմնավորում են արտադրանքի բնութագրերի և որակի կապը աշխարհագրական միջավայրի հետ կամ անհրաժեշտության դեպքում արտադրանքի բնորոշ հատկությունների, համբավի կամ այլ առանձնահատկությունների կապը դրա աշխարհագրական ծագման հետ.

7) տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների անվանումները, հասցեները, ինչպես նաև դրանց պարտավորությունների ճշգրտումը.

8) տվյալ արտադրանքի մակնշման հատուկ պահանջները.

9) այլ հնարավոր հատկորոշումներ, որոնք, գործող օրենսդրության համաձայն, պետք է պահպանվեն։

3. Երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝

1) երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը.

2) արտադրանքի նկարագրությունը՝ դրա ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ օրգանոլեպտիկ հատկությունների նշմամբ.

3) արտադրության եղանակի նկարագրությունը, որը կիրառվում է արտադրողների կողմից, ներառյալ` անհրաժեշտության դեպքում արտադրանքի սկզբնական հումքի բնույթի և բնութագրերի կամ օգտագործվող բաղադրամասերի և պատրաստման մեթոդների նկարագրությունը.

4) արտադրանքի յուրահատկությունը որոշող հիմնական տարրերը.

5) էական տարրերը, որոնք պայմանավորում են արտադրանքի ավանդական լինելը.

6) արտադրանքի յուրահատկության նվազագույն պահանջները և գնահատման գործընթացի նկարագրությունը։

(11-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

 

 Հոդված 12.

Պահպանության իրավունքը

 

1. Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը կարող են գրանցվել, եթե՝

1) դրանք համապատասխանում են սույն օրենքի 8-րդ հոդվածի կամ համապատասխան դեպքում՝ 9-րդ հոդվածի, ինչպես նաև 11-րդ հոդվածի դրույթներին, և պահպանության տրամադրումը ենթակա չէ մերժման 10-րդ հոդվածի դրույթների համաձայն.

2) գրանցման ներկայացված հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին։

2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի միայն խումբը, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեություն, և այդ գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքը համապատասխանում է սույն օրենքի 8-րդ կամ 9-րդ հոդվածների պահանջներին։

3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին՝

1) կարող է հավասարեցվել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե հայտ ներկայացնելու թվականի դրությամբ նա միակ անձն է, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեությունը.

1.1) կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինն այն դեպքում, երբ արտադրողները, բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված, չեն կարողանում ձևավորել խումբ.

2) կարող են միանալ նաև այլ շահագրգիռ անձինք։

4. Խումբը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցման հայտ ներկայացնել միայն այն ապրանքների համար, որոնք արտադրում, վերամշակում կամ արդյունահանում են խմբի անդամները։

5. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքը համատեղ պատկանում է այն անձանց, որոնք տվյալ ապրանքներն արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պատրաստում են համապատասխան աշխարհագրական գոտում՝ պահպանելով տեխնիկական հատկորոշումների դրույթները։

6. Համապատասխան աշխարհագրական գոտում գտնվող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների դրույթների համաձայն արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պատրաստում է ապրանք, կարող է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ դրա օգտագործման իրավունքն ստանալու համար։

7. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն առաջին անգամ է առևտրային շրջանառության մեջ դնում երաշխավորված ավանդական արտադրանք, նույնիսկ եթե խմբի անդամ է, պարտավոր է այդ մասին նախապես գրավոր ծանուցել սույն օրենքի 37-րդ հոդվածում նշված իրավասու մարմիններին:

(12-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

 

 Հոդված 13.

Պահպանության գործողության ժամկետը և օգտագործման իրավունքի երկարաձգումը

 

1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանությունը գործում է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից` առանց ժամկետային սահմանափակման։

2. Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը տրվում է տասը տարի ժամկետով։ Ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան տասը տարի ժամկետով, եթե պահպանվում են տվյալ արտադրանքի տեխնիկական հատկորոշումները։

3. Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձինք մինչև յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալը կարող են դիմել պետական լիազոր մարմին՝ օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար։ Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է պետական լիազոր մարմին արտադրանքի բնորոշ հատկանիշների պահպանվածության մասին իրավասու մարմնի տված հավաստագրի, ինչպես նաև օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին։

4. Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման դիմումի ձևը, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։

5. Պահպանվող ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման իրավունքի երկարաձգման դիմումը ներկայացվում է այդ իրավունքն ունեցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից։

6. Օգտագործման իրավունքի երկարաձգման դիմումը ներկայացվում է գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում։ Դիմումը կարող է ներկայացվել նաև գրանցման գործողության տասնամյա ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, լրացուցիչ պետական տուրքի վճարման պայմանով:

7. Օգտագործման իրավունքի երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։ Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին տվյալները մուտքագրվում են պետական լիազոր մարմնի աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների գրանցամատյանում և հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

(13-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 Հոդված 14.

Աշխարհագրական նշման և ծագման տեղանվան պաշտպանությունը

 

1. Գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները պաշտպանվում են՝

1) գրանցված անվանման ուղղակի կամ անուղղակի ցանկացած առևտրային օգտագործումից՝ գրանցումով չներառված արտադրանքի համար այնքանով, որքանով այդ ապրանքները համեմատելի են տվյալ անվանմամբ գրանցված արտադրանքի հետ, կամ այնքանով, որքանով այդպիսի օգտագործումը թույլ է տալիս օգտվել պահպանվող անվանման համբավից.

2) ցանկացած ապօրինի յուրացումից, վերարտադրումից, նմանակումից կամ դրանց հիշեցնող (մտաբերող) ցանկացած օգտագործումից (եթե նույնիսկ նշված է ապրանքի իրական ծագումը) կամ պահպանվող անվանման թարգմանաբար օգտագործումից կամ այնպիսի օգտագործումից, երբ պահպանվող անվանումն ուղեկցվում է «սեռ», «տեսակ», «տիպ» «ոճ», «նմանակում» կամ նմանատիպ այլ արտահայտություններով.

3) ցանկացած կեղծ կամ շփոթություն առաջացնող նշումից, որը վերաբերում է ապրանքի ծագմանը, աշխարհագրական վայրին, բնապայմաններին կամ էական որակական հատկություններին, որոնք առկա են ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա, գովազդում, տվյալ ապրանքին վերաբերող փաստաթղթերում կամ փաթեթավորման համար նախատեսված կոնտեյներների վրա, որոնք կարող են մոլորեցնել ապրանքի աշխարհագրական ծագման հարցում.

4) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել ապրանքի իրական աշխարհագրական ծագման վերաբերյալ։

2. Պահպանվող անվանումները չեն կարող դառնալ համընդհանուր օգտագործման (ջեներիկ)։

3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումից ծագում է դրանց օգտագործման իրավունքը։ Գրանցված աշխարհագրական նշումը կամ գրանցված ծագման տեղանունը չի կարող դառնալ փոխանցման կամ լիցենզիայի կամ այլ գույքային իրավունքի առարկա։

4. Արգելվում է «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների կամ դրանց համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։

 

 Հոդված 15.

Երաշխավորված ավանդական արտադրանքի պաշտպանությունը 

 

1. Սույն օրենքի համաձայն` գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքը պաշտպանվում է՝

1) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել, հատկապես այնպիսի գործողություններից, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանք է.

2) գրանցված անվանման ցանկացած նմանակումից, որը վերապահված է սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

2. Արգելվում է առևտրում օգտագործել ապրանքների անվանումներ, որոնք կարելի է շփոթել սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գրանցված անվանումների հետ։

3. Արգելվում է «Երաշխավորված ավանդական արտադրանք» կամ դրան համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։

 

 Հոդված 16.

Պահպանության դադարեցումը և իրավունքներից զրկումը

 

1. Գրանցման հիման վրա ստացված իրավունքները դադարեցվում են՝

1) գրանցման հայտ ներկայացնելու թվականից, եթե գրանցումն անվավեր է ճանաչվում.

2) պահպանության դադարեցման գործընթացն սկսելու թվականից, եթե պահպանությունը դադարեցվում է:

2. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե այն կատարվել է սույն օրենքի դրույթների խախտմամբ։

3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը դադարեցվում է, եթե՝

1) սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, նշված աշխարհագրական գոտուն բնորոշ յուրահատուկ բնական պայմանների և (կամ) մարդկային գործոնների փոփոխության կամ վերացման հետևանքով այլևս անհնարին է ստանալ տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանք.

2) տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն այլևս չի պահպանվում ծագման երկրում, եթե աշխարհագրական գոտին պատկանում է այլ երկրի։

4. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան պահպանությունը դադարեցվում է, եթե սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմինը անհամապատասխանություն է գտնում արտադրանքի իրական բնութագրերի և տեխնիկական հատկորոշումների միջև, եթե դրանք որևէ ձևով վերացնել հնարավոր չէ։

5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողությունը պետական լիազոր մարմինը դադարեցնում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան.

2) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձ հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում.

3) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա.

4) սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն նշանակված գնահատման մարմնի միջնորդության հիման վրա, եթե նա համարում է, որ տեխնիկական հատկորոշումները չեն պահպանվում։

(16-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

 Հոդված 17.

Գրանցման հայտը

 

1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը (այսուհետ նաև՝ հայտ) ներկայացվում է այն խմբի կողմից, որը համապատասխանում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին։

2. Հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Կցվող փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում հայտը ներկայացնելու թվականից երկու ամսվա ընթացքում ներկայացվում է դրանց հայերեն թարգմանությունը։

3. Հայտի ձևը, դրա ձևակերպման, ներկայացման (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:

 

 Հոդված 18.

Հայտին ներկայացվող պահանջները

 

1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան հայտին կցվում են՝

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.

2) միասնական փաստաթուղթը, որը պարունակում է տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը՝ անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը, արտադրանքի նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում նաև՝ փաթեթավորման կամ արտադրանքի պիտակավորման նկատմամբ կիրառվող հատուկ պահանջները, նշված աշխարհագրական գոտու սահմանների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև արտադրանքի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 2-րդ կետերի համաձայն աշխարհագրական միջավայրի կամ աշխարհագրական ծագման միջև եղած կապի նկարագրությունը, ներառյալ` անհրաժեշտության դեպքում արտադրանքի նկարագրության հատուկ տարրերը կամ դրա արտադրության մեթոդը, որոնք հաստատում են այդ կապը։

2. Գինիների համար աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝

1) անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը.

2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.

3) գինու անալիտիկ և օրգանոլեպտիկ հիմնական հատկանիշները, իսկ աշխարհագրական նշման դեպքում՝ նաև օրգանոլեպտիկ հատկանիշների գնահատումը.

4) գինեգործական հատուկ եղանակների կիրառման դեպքում՝ գինու պատրաստման համապատասխան առանձնահատկությունները.

5) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.

6) յուրաքանչյուր հեկտարից ստացված բերքի առավելագույն չափը.

7) խաղողի տեսակի կամ տեսակների նշումը, որից պատրաստվել է գինին.

8) սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին կամ համապատասխան դեպքում՝ 8-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին վերաբերող մանրամասներ:

3. Սպիրտային խմիչքների համար աշխարհագրական նշում գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝

1) սպիրտային խմիչքի անվանումը և կատեգորիան, որի համար հայտարկվում է գրանցումը.

2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.

3) սպիրտային խմիչքի նկարագրությունը, ներառյալ` դրա հիմնական ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկանիշները, ինչպես նաև համապատասխան կատեգորիային պատկանող սպիրտային խմիչքների յուրահատուկ հատկանիշները.

4) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.

5) սպիրտային խմիչքի պատրաստման եղանակի նկարագրությունը. համապատասխան դեպքերում՝ տվյալ տեղանքին հատուկ և անփոփոխ եղանակը.

6) աշխարհագրական բնապայմաններին կամ աշխարհագրական ծագմանն առնչվող ցանկացած մանրամասն.

7) ցանկացած պահանջ, որ սահմանված է տվյալ երկրի և (կամ) ազգային և (կամ) տարածաշրջանային օրենսդրությամբ.

8) աշխարհագրական նշման ցանկացած լրացում և (կամ) տեխնիկական հատկորոշումներով նախատեսված արտադրանքի պիտակավորման ցանկացած հատուկ պահանջ:

4. Երաշխավորված ավանդական արտադրանքի հայտին պետք է կցվեն՝

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.

2) տեխնիկական հատկորոշումների նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների անվանումները, դրանց գտնվելու վայրը (հասցեները) և գործառույթները.

3) փաստաթղթեր, որոնք ապացուցում են արտադրանքի յուրահատուկ և ավանդական բնույթը։

5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աշխարհագրական գոտուն վերաբերող հայտին կից, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրերից, պետք է ներկայացվի ծագման երկրում տվյալ անվանման գրանցումը հավաստող փաստաթուղթ։

6. Հայտին կից պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

7. Ներկայացուցչի միջոցով ներկայացված հայտին կցվում է լիազորագիր։

(18-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 Հոդված 19.

Ներկայացուցչությունը

 

1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում ունեն գտնվելու կամ բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքին համապատասխան իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ կարող են վարել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց տված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձևով։

2. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքի համաձայն, իրենց իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ վարում են արտոնագրային կամ ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

 Հոդված 20.

Հայտի ներկայացման թվականը

 

1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի ներկայացման թվականը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու թվականով, պայմանով, որ այն ներառում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին (հաշվի առնելով 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները) կամ համապատասխան դեպքում՝ 4-րդ մասով, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված բոլոր տարրերը։

 

 Հոդված 21.

Հայտի հետկանչը և փոփոխությունը

 

1. Մինչև աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման ընդունումը հայտատուն կարող է դիմել պետական լիազոր մարմին՝

1) հայտը հետ կանչելու համար.

2) հայտի փաստաթղթերում լրացումներ, փոփոխություններ և (կամ) ճշգրտումներ կատարելու համար, պայմանով, որ այդ գործողություններն էականորեն չեն ազդում գրանցման ներկայացված անվանման վրա և չեն ընդլայնում այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը։

2. Լրացումները, փոփոխությունները և (կամ) ճշգրտումները, որոնք էականորեն փոխում են գրանցման ներկայացված անվանումը կամ ընդլայնում են ապրանքների ցանկը, հաշվի չեն առնվում։ Դրանք կարող են դառնալ նոր հայտի առարկա։

3. Եթե հայտն արդեն հրապարակվել է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, ապա դրա հետկանչի կամ դրա փաստաթղթերում կատարված լրացումների, փոփոխությունների և (կամ) ճշգրտումների մասին տեղեկությունները նույնպես հրապարակվում են։

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարվում են օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով։

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ձևը, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։

 

 Հոդված 22.

Հայտի փորձաքննությունը

 

1. Պետական լիազոր մարմինն ստացված հայտով անցկացնում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի համապատասխանությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին և սույն օրենքով սահմանված պահպանության պահանջներին։ Փորձաքննության տևողությունը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փորձաքննության գործընթացը ներառում է հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննություն և ըստ էության փորձաքննություն։

3. Փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինը կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հարցում ուղարկել հայտատուին։ Այս դեպքում ծանուցումն ուղարկելու թվականի և պետական լիազոր մարմնի կողմից դրա պատասխանն ստանալու թվականի միջև ընկած ժամանակահատվածը հաշվի չի առնվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկման ժամանակ։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջված նյութերը ներկայացվում են ծանուցումն ստանալու թվականից հետո՝ երկու ամսվա ընթացքում։

5. Եթե հայտատուն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ սահմանված ժամկետի երկարաձգման մասին դիմում չի ներկայացնում, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Ժամկետի երկարաձգման մասին դիմումին կցվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ժամկետի երկարաձգման պայմանները սահմանում է կառավարությունը։

(22-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 Հոդված 23.

Հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննությունը

 

1. Հայտն ստանալու թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն անցկացնում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության փորձաքննություն՝ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար։

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայտի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) հայտը համապատասխանում է ներկայացման թվականի դրությամբ սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը, սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, սահմանում է հայտի ներկայացման թվականը.

2) հայտը չի համապատասխանում ներկայացման թվականի դրությամբ սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին և նրան առաջարկում է ծանուցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կատարել պահանջվող ուղղումները։

3. Եթե հայտատուն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝

1) սահմանված ժամկետում ուղղում է հայտնաբերված անճշտությունները, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է անճշտությունների ուղղման թվականով.

2) սահմանված ժամկետում չի ուղղում հայտնաբերված անճշտությունները, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին տասնօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն։

4. Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտի տվյալները մուտքագրում է համապատասխանաբար աշխարհագրական նշումների հայտերի հիմնապաշար կամ ծագման տեղանունների հայտերի հիմնապաշար կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի հիմնապաշար:

5. Հայտի ներկայացման թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը փորձաքննություն է անցկացնում հետևյալ հիմքերով՝

1) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տեխնիկական հատկորոշումներին հայտի համապատասխանության.

3) սույն օրենքով և կառավարության սահմանած պահանջներին հայտին կցված փաստաթղթերի համապատասխանության.

4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության։

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը՝

1) համապատասխանում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ըստ էության փորձաքննության անցկացման մասին և այդ մասին ծանուցում է հայտատուին՝ նշելով նաև հայտի ներկայացման թվականը.

2) չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին և առաջարկում եռամսյա ժամկետում ուղղել դրանք։

7. Եթե սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն ծանուցման արդյունքում հայտատուն սահմանված ժամկետում չի ուղղում անճշտությունները կամ դիմում չի ներկայացնում սահմանված ժամկետի երկարաձգման մասին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։

(23-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)

 

 Հոդված 24.

Հայտի հրապարակումը

 

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան` որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը աշխարհագրական նշման, ծագման տեղանվան գրանցման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի տվյալները 15 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։ Հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը։

(24-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)

 

 Հոդված 25.

Առարկությունները

 

1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ ավանդական երաշխավորված արտադրանքի գրանցման հայտի հրապարակումից հետո` երեք ամսվա ընթացքում, ցանկացած շահագրգիռ անձ, պետական մարմիններ և կազմակերպություններ, այդ թվում՝ այլ երկրների, իրավունք ունեն գրանցման դեմ առարկություն ներկայացնելու։

2. Առարկությունը պետական լիազոր մարմին է ներկայացվում գրավոր և պետք է լինի հիմնավորված։ Առարկության հետ պետք է ներկայացվի օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Առարկությունը համարվում է չներկայացված, եթե դրան կից չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3. Առարկություն ներկայացնող անձը ներկայացման թվականից հետո` մեկ ամսվա ընթացքում, կարող է լրացուցիչ փաստարկներ և հիմնավորումներ ներկայացնել։

4. Փորձաքննության են ենթարկվում միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում պետական լիազոր մարմին ներկայացված առարկությունները։

5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման դեմ ներկայացված առարկությունները կարող են բավարարվել, եթե դրանք ապացուցում են, որ հայտարկված անվանումը՝

1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջներին կամ

2) հակասում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին, 5-րդ կամ 6-րդ մասերին կամ

3) գրանցման դեպքում վնաս կհասցնի ավելի վաղ գրանցված աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ օմոնիմիկ են այն ապրանքային նշաններին կամ ապրանքներին, որոնք հայտի հրապարակման թվականին նախորդող առնվազն հինգ տարվա ընթացքում օրինական ձևով գտնվել են առևտրային շրջանառության մեջ կամ

4) սույն օրենքի իմաստով համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում է։

6. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ ներկայացված առարկությունները կարող են բավարարվել, եթե դրանք ապացուցում են, որ՝

1) պահպանված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, կամ

2) սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում նույնատիպ արտադրանքի համար հայտարկված անվանումը հայտնի է, օգտագործվում է օրինաչափ և տնտեսապես զգալի ծավալով:

(25-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 Հոդված 26.

Ըստ էության փորձաքննությունը

 

1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է՝

1) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերի առկայությունը.

2) գրանցման դեմ ներկայացված առարկությունները։

2. Ելնելով փորձաքննության արդյունքներից՝ պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ հայտի մերժման մասին։ Որոշման մասին ծանուցվում է հայտատուն։

3. Հայտի փորձաքննությունն անցկացվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում։

(26-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)

 

 Հոդված 27.

Առարկության քննարկումը

 

1. Եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված առարկությունը քննության է առնվում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին, որը ծանուցումն ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, կարող է ներկայացնել իր տեսակետը, որից հետո պետական լիազոր մարմինը կողմերին առաջարկում է վեճը լուծել բանակցությունների միջոցով։

2. Եթե առարկող կողմը և հայտատու խումբը համաձայնության են եկել, ապա այդ համաձայնությունը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Եթե համաձայնության արդյունքում սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն հրապարակված տվյալներում փոփոխություններ չեն կատարվում, կամ փոփոխություններն էական չեն, ապա պետական լիազոր մարմինը գործում է սույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն։ Հակառակ դեպքում պետական լիազոր մարմինը նոր փորձաքննություն է անցկացնում՝ համաձայն սույն օրենքի 22-րդ հոդվածի։

3. Եթե կողմերը համաձայնության չեն եկել, ապա պետական լիազոր մարմինը, սույն հոդվածի 4-7-րդ մասերի համաձայն, քննարկում է ներկայացված առարկությունը և որոշում է ընդունում՝ հաշվի առնելով տեղական սովորույթներն ու ավանդույթները և շփոթության առկա վտանգը։

4. Պետական լիազոր մարմինը քննարկում է առարկության բավարարման հնարավորությունը և կողմերի փաստարկները։ Սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 2-4-րդ կետերով կամ համապատասխան դեպքում 6-րդ մասով նախատեսված չափանիշները քննության են առնվում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ մտավոր սեփականության իրավունքների առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այդ իրավունքների նկատմամբ։

5. Հայտատուի հարցման հիման վրա առարկության հիմք հանդիսացած ավելի վաղ գրանցված ապրանքային նշանի իրավատերը պետք է ապացույցներ ներկայացնի, որ հայտի հրապարակման թվականին նախորդող 5 տարվա ընթացքում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել է այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ գրանցված է, և որոնց վրա հիմնվում է առարկությունը, կամ որ գոյություն ունեն չօգտագործելու համար պատճառաբանված հիմքեր, պայմանով, որ այդ պահի դրությամբ ապրանքային նշանը գրանցված լինի առնվազն 5 տարի։ Այդպիսի ապացույցներ չներկայացնելու դեպքում առարկությունը մերժվում է։

6. Առարկության քննարկումը կողմերից մեկի հիմնավորված դիմումի հիման վրա կարող է կասեցվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով։

7. Եթե քննության արդյունքում առարկությունը բավարարվում է, ապա պետական լիազոր մարմինը մերժում է հայտը, իսկ հակառակ դեպքում մերժում է առարկությունը՝ այդ մասին ծանուցելով կողմերին։

 

 Հոդված 28.

Հայտի մերժումը

 

1. Պետական լիազոր մարմինը հայտը մերժելու մասին որոշում է կայացնում, եթե՝

1) սույն օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների համաձայն կատարված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված անվանումը սույն օրենքի դրույթների համաձայն չի կարող գրանցվել համապատասխանաբար որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, կամ հայտարկված արտադրանքը չի համապատասխանում երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար սույն օրենքով նախատեսված պայմաններին.

2) ներկայացված առարկությունը, սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, բավարարվել է։

2. Եթե գրանցման ներկայացված աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը պարունակում է մեկ կամ ավելի համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում, և եթե դրանց ներառումն անվանման մեջ կարող է կասկած առաջացնել այդ անվանման պահպանության ծավալների նկատմամբ, ապա պետական լիազոր մարմինը որպես գրանցման պայման պահանջում է, որ հայտատուն հայտարարություն ներկայացնի՝ նշելով, թե որ տարրերը համընդհանուր օգտագործման (ջեներիկ) և ինքնուրույն պահպանության ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հրապարակվում է գրանցման մասին տվյալների հետ միաժամանակ։

3. Եթե օրենքով սահմանված գործընթացի համաձայն հայտը մերժվել է այն հիմքով, որ որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն հայտարկվել է համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում, ապա պետական լիազոր մարմինը տվյալ որոշումը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

4. Մերժման մասին որոշումը չի ընդունվում, քանի դեռ հայտատուին չի տրվել հայտը հետ կանչելու, փոփոխելու կամ մերժման հիմքերի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելու հնարավորություն։

(28-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 Հոդված 29.

Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը և օգտագործման իրավունքների տրամադրումը

 

1. Եթե սույն օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների համաձայն` հայտի քննարկման արդյունքում պարզվում է, որ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար բոլոր պայմանները բավարարված են, և որ գրանցման դեմ որևէ առարկություն չի ներկայացվել, կամ ներկայացված առարկությունները մերժվել են, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում համապատասխանաբար՝

1) աշխարհագրական նշումը աշխարհագրական նշումների պետական գրանցամատյանում գրանցելու և հայտատուին աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք տրամադրելու մասին.

2) ծագման տեղանունը ծագման տեղանունների պետական գրանցամատյանում գրանցելու և հայտատուին ծագման տեղանվան օգտագործման իրավունք տրամադրելու մասին.

3) երաշխավորված ավանդական արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանում գրանցելու մասին։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման ընդունման մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ: Նշված անդորրագիրն ստանալու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտատուին է հանձնում պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր։ Վկայագրի ձևը և դրա մեջ պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը։

3. Եթե հայտատուն կամ նրա ներկայացուցիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում օգտագործման իրավունքի վկայագիրը չի ստանում, ապա պետական լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն առաքում է փոստով։

4. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին տվյալները, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ստացած անձանց մասին տվյալները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը հայտի հիման վրա կարող է տրամադրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի պայմաններին համապատասխանող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի։

6. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնակն ստանալու համար աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին` կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(29-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն, 26.10.22 ՀՕ-398-Ն)

 

 Հոդված 30.

Պետական գրանցամատյանները

 

1. Պետական լիազոր մարմինը վարում է պահպանվող աշխարհագրական նշումների, պահպանվող ծագման տեղանունների և պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանները։

2. Պետական գրանցամատյաններում մուտքագրվում են այն տվյալները, որոնք նախատեսված են սույն օրենքով և կառավարության կողմից։ Պետական գրանցամատյանում մուտքագրված ցանկացած գրառում կամ փոփոխություն հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

3. Պետական գրանցամատյանները բաց են հանրության համար։

4. Պետական լիազոր մարմինը ցանկացած անձի դիմումի հիման վրա և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով կառավարության սահմանած կարգով երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղվածքներ է տրամադրում պետական գրանցամատյաններից։

(30-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-147-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը լրաց. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 Հոդված 31.

Հայտերի վերաբերյալ որոշումների բողոքարկումը

 

1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ ցանկացած որոշում կողմերը կարող են վիճարկել դրա ստացման օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, կամ դրանց գրանցման մասին տեղեկություն ունեցող երրորդ անձանց կողմից՝ որոշումն ընդունելու թվականի և գրանցելու թվականի միջև ընկած ժամանակահատվածում։

2. Բողոքը ներկայացվում է բողոքարկման խորհուրդ գրավոր և պետք է լինի հիմնավորված։ Այն համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում։

 

 Հոդված 32.

Բողոքի քննարկումը

 

1. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկելու ընթացքում կողմերին հնարավորություն է տալիս մյուս կողմի փաստարկների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու։

2. Բողոքարկման խորհուրդը քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) բողոքարկվող որոշումն ուժի մեջ թողնելու մասին.

2) բողոքարկվող որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին։

3. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

4. Բողոքարկման խորհուրդը յոթ աշխատանքային օրվա ընթացքում կողմերին տեղեկացնում է ընդունված որոշման մասին, որը կարող է վիճարկվել դատարանում՝ ընդունման օրվանից հետո` եռամսյա ժամկետում։

(32-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)

 

 Հոդված 33. Օմոնիմիկ անվանումների օգտագործումը

 

1. Ամբողջությամբ կամ մասնակի օմոնիմիկ անվանումներով գրանցված աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների օգտագործումը թույլատրվում է, եթե հաջորդ գրանցված օմոնիմիկ անվանումը բավարար չափով տարբերվում է նախորդ գրանցված անվանումից` հաշվի առնելով, որ ապահովված է արտադրողի նկատմամբ արդար վերաբերմունքը և բացառված է սպառողին մոլորության մեջ գցելու հնարավորությունը։

 

 Հոդված 34. Ապրանքային նշանների հետ հակասությունը

 

1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը սույն օրենքի համաձայն արդեն գրանցվել է, ապա նույնատիպ ապրանքների համար ներկայացված ապրանքային նշանի գրանցման հայտը, որը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին, ենթակա է մերժման (եթե ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվել է համապատասխանաբար աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո)։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջի խախտմամբ գրանցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման։

3. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող ապրանքային նշանի օգտագործումը, որը գրանցման է ներկայացվել կամ բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։

 

 Հոդված 35. Ֆիրմային անվանումների հետ հակասությունը

 

1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա նույնատիպ ապրանքների համար ֆիրմային անվանման գրանցման հայտը, որը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից մեկին, ենթակա է մերժման (եթե այդ ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվել է աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո)։

2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող ֆիրմային անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ֆիրմային անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։

 

 Հոդված 36. Դոմեն անվանման հետ հակասությունը

 

1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա ցանկացած դոմեն անվանման գրանցումը, որի օգտագործումը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին, ենթակա է չեղյալ ճանաչման (եթե դոմեն անվանման գրանցումն իրականացվել է աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո)։

2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող դոմեն անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան դոմեն անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։

 

Հոդված 37.   Պետական վերահսկողությունը

(վերնագիրը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաև այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը։

3. Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը և ներմուծումը:

4. Պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին և մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաև սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո՝ եռօրյա ժամկետում, տրամադրում է փոփոխված ցանկերը։

(37-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

Հոդված 38.  Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

(վերնագիրը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

 1. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինները։

2. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։

3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում և պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներով հավատարմագրված՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները։

4. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմիններին ընտրում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից։

5. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարում են արտադրողները։

(38-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

Հոդված 38.1. Տեխնիկական հատկորոշումների հաստատումը, մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, մեթոդները և ընթացակարգերը

 

1. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։

(38.1-ին հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

Հոդված 39.  Նշումների, նշանների և խորհրդանշանների կիրառումը

 

1. Սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կարող է օգտագործվել միայն տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց կողմից։

2. Հայաստանի Հանրապետությունից ծագած և սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումով և ծագման տեղանունով ապրանքները կարող են շուկայահանվել «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ համապատասխան դեպքում «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների և (կամ) կառավարության հաստատած ազգային խորհրդանշանների կիրառմամբ։

3. Այլ երկրներում արտադրված և սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումով և ծագման տեղանունով ապրանքները նույնպես կարող են շուկայահանվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշումների կիրառմամբ։

4. Արտադրանքի պիտակների վրա, ուղեկցող փաստաթղթերում կամ գովազդում երաշխավորված ավանդական արտադրանքին հղում կատարելու իրավունք ունեն միայն այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական հատկորոշումները:

5. Եթե հղում է կատարվում երաշխավորված ավանդական արտադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքի պիտակի վրա կարող է դրվել «Պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանք» նշումը և (կամ) կառավարության հաստատած ազգային խորհրդանշանը։

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նշումները համապատասխանաբար կիրառելի են նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս արտադրված երաշխավորված ավանդական արտադրանքի համար:

(39-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

Հոդված 40.  Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների օգտագործման պայմանները

 

1. Երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի հրապարակման թվականից սկսած` դրա անվանումը չի կարող օգտագործվել այն արտադրանքի մակնշման համար, որի տեխնիկական հատկորոշումները համապատասխանում են միայն սույն օրենքի 39-րդ հոդվածի 4-6-րդ մասերի պայմաններին։ Սակայն գրանցված տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների օգտագործումն ապրանքների պիտակների վրա կարող է շարունակվել առանց «Պահպանվող ավանդական երաշխավորված արտադրանք» գրառման կամ համապատասխան ազգային խորհրդանշանի կիրառման։

2. Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել՝ վերապահելով հրապարակված տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանքի անվանումը, եթե խումբը դա խնդրարկել է գրանցման հայտում, և եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարված ըստ էության փորձաքննության արդյունքում չի պարզվել, որ նույնատիպ արտադրանքի համար տվյալ անվանումը հայտնի է, օգտագործվում է օրինաչափ և տնտեսապես զգալի ծավալներով: Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի հրապարակման թվականից սկսած` տվյալ անվանումը չի կարող օգտագործվել տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող նույնատիպ ապրանքների պիտակների վրա՝ նույնիսկ առանց «Պահպանվող ավանդական երաշխավորված արտադրանք» գրառման կամ համապատասխան ազգային խորհրդանշանի կիրառման։

3. Եթե երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցվել է միայն մեկ լեզվով, ապա հայտարկող խումբը տեխնիկական հատկորոշումներում կարող է նախատեսել, որ ապրանքի առևտրայնացման ժամանակ արտադրանքի անվանման բնագրի հետ պիտակի վրա լինեն այլ լեզուներով նշումներ, որոնք մատնանշում են, որ ապրանքն ստացված (պատրաստված, արտադրված) է այն տարածաշրջանի կամ երկրի ավանդույթների համաձայն, որտեղից ներկայացվել է հայտը (եթե ապրանքի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունը չէ)։

 

 Հոդված 41. Տեխնիկական պահանջներում փոփոխություններ կատարելը

 

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանող և օրինական շահ ունեցող խումբը կարող է խնդրարկել աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների փոփոխություններ` հատկապես հաշվի առնելով գիտական և տեխնիկական գիտելիքների զարգացումը։ Փոփոխությունները կարող են խնդրարկվել նաև տարածքային սահմանների վերանայման համար։ Համապատասխան դիմումում նկարագրվում են խնդրարկվող փոփոխությունները և դրանց հիմնավորումները։

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող փոփոխությունները ենթադրում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նկարագրված միասնական փաստաթղթի մեկ կամ ավելի փոփոխություն, ապա փոփոխությունների համար ներկայացված դիմումը ենթարկվում է սույն օրենքի 22-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերին։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող փոփոխությունները չեն ենթադրում միասնական փաստաթղթի փոփոխություն, ապա կիրառվում են հետևյալ կանոնները՝

1) եթե աշխարհագրական գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա դիմումատուն պետք է ներկայացնի իրավասու մարմնի որոշումը՝ փոփոխությունները հաստատելու մասին.

2) եթե աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հայտատուն պետք է ապացույցներ ներկայացնի ծագման երկրում փոփոխությունների ընդունման մասին։

4. Պետական լիազոր մարմինը փոփոխությունները մուտքագրում է պահպանվող աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան կամ պահպանվող ծագման տեղանունների պետական գրանցամատյան և փոփոխություններն ու դրանց հիմնավորումները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

5. Երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու դիմումը կարող է ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանող խումբը։ Փոփոխություններ կատարելու դիմումը պետք է ցույց տա օրինական տնտեսական շահի առկայությունը, պարունակի խնդրարկվող փոփոխությունների նկարագրությունը և հիմնավորումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխություններ կատարելու դիմումը ենթարկվում է սույն օրենքի 22-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերին։

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխությունները էական չեն, ապա պետական լիազոր մարմինը դրանց ընդունման կամ մերժման մասին որոշումը կարող է կայացնել առանց սույն օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերի կիրառման։ Ընդունված փոփոխությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

8. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխությունները քննարկելիս, բացի սույն օրենքով նախատեսված առարկություններից, հաշվի են առնվում նաև առարկություններ, որոնք պայմանավորված են երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրության տնտեսական շահի առկայությամբ։

9. Եթե պետական մարմինների կողմից սանիտարական կամ ֆիտոսանիտարական պարտադիր միջոցների ընդունման արդյունքում խնդրարկվում է տեխնիկական հատկորոշումների ժամանակավոր փոփոխություն, ապա՝

1) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան փոփոխություններ կատարելու մասին դիմումը քննարկվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգով.

2) երաշխավորված ավանդական արտադրանքի փոփոխություններ կատարելու մասին դիմումը քննարկվում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ընթացակարգով։

10. Սույն հոդվածի 1-ին կամ համապատասխան դեպքում 5-րդ կամ 9-րդ մասերի համաձայն փոփոխություններ կատարելու մասին դիմումը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու մասին դիմումի ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։

 

 Հոդված 42. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործումն արգելելը

 

1. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հաստատում է, որ այլ անձի կողմից համապատասխան հատկանիշներից զուրկ ապրանքի նկատմամբ սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործումն ուղղակիորեն կան անուղղակիորեն վնաս է հասցնում բնական կամ մշակված ապրանքի նկատմամբ իր իրավունքներին, կարող է դիմել դատարան՝ այդ անվանման կամ նշման օգտագործումն արգելելու հայցով։

 

Հոդված 43.  Գրանցումը չեղյալ ճանաչելը, պահպանությունը դադարեցնելը և օգտագործման իրավունքից զրկելը

 

1. Եթե սույն օրենքի 37-րդ կամ 38-րդ հոդվածների համաձայն իրականացված վերահսկողության կամ հսկողության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական հատկորոշումներն այլևս չեն պահպանվում սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն կրող ապրանքի կամ երաշխավորված ավանդական արտադրանքի համար, ապա գնահատման մարմինն սկսում է պահպանությունը չեղյալ ճանաչելու, դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում անվանման կամ նշման օգտագործման իրավունքից զրկելու գործընթաց։

2. Ցանկացած օրինական շահ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դիմել դատարան՝ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն անվավեր ճանաչելու կամ պահպանությունը դադարեցնելու կամ համապատասխան դեպքերում անվանման կամ նշման օգտագործման իրավունքից զրկելու համար։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis) կիրառվում են սպառողների կամ արտադրողների իրավունքների պաշտպանության միավորումների նկատմամբ, պայմանով, որ դրանք հիմնադրված են առնվազն վեց ամիս առաջ։

(43-րդ հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-398-Ն) 

 

  Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 44.  Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքների ծագման տեղանունների գրանցումները և դրանց օգտագործման իրավունքի վկայագրերը կորցնում են ուժը 2011 թվականի հունվարի 1-ից:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված ապրանքների ծագման տեղանունների գրանցման և (կամ) դրանց օգտագործման իրավունքի այն հայտերով, որոնց քննարկումը չի ավարտվել, փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։

 

Հոդված 45.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-60-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2022, ՀՕ-398-Ն 24.11.2022, ՀՕ-60-Ն
18.06.2020, ՀՕ-327-Ն 09.07.2020, ՀՕ-60-Ն
28.09.2016, ՀՕ-147-Ն 05.11.2016, ՀՕ-60-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան